ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ





ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Պարսից տերության, այսպես ասած, հայակործան քաղաքականության դրսևորումը կարելի է խտացված տեսնել Հայաստանյայց եկեղեցուն ուղղված հետևյալ պահանջի մեջ. "Մի՜ եղիր ինձ թշնամի”: Փոխադարձ անհանդուրժողության ավարտը Հազկերտի անունից արձակված կրոնափոխության հրովարտակն էր, որից հետո սկսվեց բացահայտ բախումը: Մինչ հրովարտակը, Հայոց աշխարհի դիմադրողականությունը թուլացնելու նպատակով, Պարսից արքունիքը նախաձեռնում է մարզպանության մեջ աշխարհագիր կատարել և, որ առավել նենգ քայլ էր, Հայոց այրուձին նախապես հեռացրել էր երկրից: Այսպես ավանդվել է: 

Այն կարծիքն է գերիշխում, թե 447 թվին արտակարգ լիազորություններով Հայաստան ուղարկված Դենշապուհ պաշտոնյան երկրի ներքին անկախության վերացումը նախապատրաստելու առաջադրանք էր ստացել: Առաջին հերթին նշվում է հարկահավաքությունը կարգավորելու պատրվակով անցկացրած աշխարհագիրը: Այն, ըստ էության, մարդահամար և եկամուտների հաշվառում էր, որոնց համեմատ պիտի ավելացվեին գանձվող հարկերի չափերը: Ամենամեծ դժգոհությունը հոգևոր դասի կողմից էր, որովհետև մինչ այդ եկեղեցին միշտ ապահարկ էր: Բայց այդպես կարելի էր խռովել միայն սեփական թագավորից, իսկ չէ՞ որ օտար վերահսկիչն իր պարտականությունն էր կատարում: Նա այդ իրավունքն ուներ: Իհարկե, Տիզբոնի այս գործողության մեջ հակաեկեղեցական շեշտեր կային (եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց, վանքերում բնակվող միայնակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց. Եղիշե), բայց ուշադիր քննելու դեպքում կտեսնենք, որ դրանք ավելի շուտ ուղղված էին եկեղեցական վերնախավին, առաջին հերթին՝ Լուսավորչի տոհմին: 

Թերևս, Պարսից արքունիքն իսկապես քաջատեղյակ էր հայաստանյան իրականությանը և իր գնահատականն ուներ եկեղեցու գրաված հոգևոր ու նյութական դիրքի մասին: Ըստ նրա, Լուսավորչի ժառանգները չափազանց անկուշտ ու չափազանց ինքնավստահ ձևով էին ձգտում դառնալ Հայոց աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ ավատատերերը: Միայն նշենք, որ IV դարի կեսերից սկսած, արդեն Միջնաշխարհի 15 գավառ՝ երկրի այդ հատվածի զգալի մասը, Գրիգոր Լուսավորչի տան ժառանգական սեփականությունն էր: Նրանք մեծամեծ կալվածքներ ունեին նաև Ներքին Հայքում՝ Հայաստանի բյուզանդական կողմում: Չբացառենք, որ Դենշապուհը կարող էր հրահանգ ունենալ անհատապես խրախուսել այն նախարարներին ու սեպուհներին, ովքեր, այսպես ասենք, այնքան էլ եկեղեցասեր չէին: 

Դեպքերի տրամաբանությունը հասկանալու համար ստիպված ենք ուղղորդում տալ, որ հատկապես V դարում Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունների ոչ թե կիզակետում, այլ հենց առանցքում եկեղեցին էր կանգնած: Քրիստոնեականացումից հետո Հայոց պատմությունը հասկանալու մեկ բանալի կա՝ պետք է տեսնել եկեղեցու դիրքորոշումը տվյալ հարցերի վերաբերյալ: 

Եղիշեն գրում է, թե Դենշապուհն ինչպես էր իր կողմը գրավում նախարարներին. "Նրանցից ոմանց որսում էր ոսկով և արծաթով, շատերին առատ պարգևներ էր բաշխում, ոմանց տալիս էր ագարակներ և մեծամեծ գյուղեր, ոմանց մեծամեծ աստիճաններ և իշխանություն էր շնորհում, սնոտի հույս էր ներշնչում նրանց և այսպես մշտապես հրապուրում էր և թելադրում”: Որպեսզի տպավորություն չառաջանա, թե հայեցողությամբ շնորհվող այդ կալվածքները մի նախարարից մեկ ուրիշին տրվող հողատարածքներ էին, նշենք, որ դրանք արքայական տան՝ Արշակունյաց տոհմի "ագարակներն ու մեծամեծ գյուղերն էին”: Իսկ քանի որ Հայոց թագավորության վերացումից հետո մնացած անբավ հարստության միակ ժառանգորդը Պարսից արքունիքն էր, այդ պատճառով էլ ուղղակիորեն Տիզբոնից ուղարկված հատուկ լիազորություններ ունեցող աստիճանավորների միջոցով էին կառավարվում դրանք: Եվ ահա, հայ նախարարներից յուրաքանչյուրի համար հնարավորություն էր ստեղծվում ընդարձակելու իր կալվածքները: Այս ամենը դուր չէր գալիս եկեղեցուն: Նախ, որ իր կարծիքն ընդհանրապես չէին հարցնում, ապա՝ իրեն հակառակ նախարարները այս ձևով կարող էին հզորանալ, և հետո՝ նախադեպ կարող էր ստեղծվել նաև եկեղեցապատկան կալվածքներն այդպես մաս-մաս անելու: Եվ եկեղեցին սկսեց ակտիվորեն աշխատել. նա ջանում էր այս բաժանումներից դժգոհ մնացողներին գրավել իր կողմը: 

Որ "Հայոց Մեծաց” մեջ լուրջ երկպառակություն ու հակասություններ կային դեռ մինչև հրովարտակը, հաղորդում են պատմիչները` պատճառ համարելով Պարսից արքունիքի վարած քաղաքականությունը: Եղիշեն ասում է, թե Դենշապուհը "նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց”, այնուհետև սկսեց "խաղաղասերի կեղծավորությամբ” միջնորդի ու հաշտարարի դեր տանել:
Օտարի քաղաքականության մասին ենք ասում, բայց դժվարությամբ ենք նկատում, որ այլևս անթագավոր, այսպես կոչված, նախարարական Հայաստանում խռովություն ստեղծելու համար պարարտ հող էր ստեղծված: Իսկ խռովվելու երկու շարժառիթ կար՝ կարգի և կալվածքի:
Կալվածքների առումով արդեն ասացինք, իսկ ինչ վերաբերում է կարգին, ապա խոսքը ոչ միայն կրտսեր նախարարներին ավագների դասն անցնելու, պետական տարբեր ծառայողական պաշտոնների հասնելու, այլև հենց մարզպանի, այսինքն՝ փոխարքայի պատիվ ու իրավունք ձեռքբերելու մասին է: Ահա երկիրն անհանգիստ վիճակի մեջ պահելու նաև այս պատճառն էր վերանում, երբ մարզպանի նշանակովի պաշտոնը փոխարինվում էր թագավորի ժառանգական պաշտոնով... 

Նախկինում մեր պատմաբանների ու պատմություն ասացողների կողմից պատմական փաստի հետ ազատ վարվելու, ժամանակի մեջ հետ ու առաջ տանելով, եղելությունը ցանկալի իրավիճակին հարմարեցնելու պրակտիկան տարածված էր: Դրանցից մեկն էլ այն հարցն է, թե երբ է երկրից հանվել Հայոց այրուձին և երբ թույլատրվել նրա վերադարձը: Նախ՝ ինչո՞ւ միայն Հայոց, եթե Հազկերտը քուշանների դեմ պատերազմի հանեց և՜ Վրաց, և՜ Աղվանից, և՜ Լփնաց, և՜ Ծավդեից, և՜ Կորդվաց, և՜ Արաբաց, այսինքն՝ ողջ Աներանի զորքը գումարեց Պարսից բանակին: "Հետո զինվորներին ուղարկեց յուրաքանչյուրին իր տեղը և նրանց փոխարեն ուրիշներին կանչեց իրեն մոտ նույնպիսի պատրաստությամբ: Եվ այսպես տարեցտարի կարգ սահմանեց, և այնտեղ իրեն համար բնակության քաղաք շինեց, իր թագավորության չորրորդ տարվանից սկսած մինչև իր իշխանության տասնմեկերորդ տարին”: Ընդամենը Եղիշեի տողերը կարդացինք, իսկ հիմա պատկերն ավելի պարզ դարձնելու համար մեջբերենք Եղիշեի գործն աշխարհաբար թարգմանող Ե. Տեր–Մինասյանի ծանոթագրությունը. "Հազկերտ II-ի թագավորության չորրորդ տարվանից մինչև 11-րդ տարին կլինի 441/442-448/449, որովհետև Հազկերտի գահակալության առաջին տարին է 438 թվականի օգոստոսի 4-ից մինչև 439 թվականի օգոստոսի 4-ը”: 

Այսինքն, կրոնափոխության առաջարկով նամակը թեև Հայոց ավագներին է ուղարկվել նույն 449-ին, բայց քուշանների դեմ պատերազմած Հայոց այրուձիի հրամանատար Վարդան Մամիկոնյանն այդ ժամանակ արդեն հայրենի երկրում էր և, իհարկե, առանց իր զինակիցների չէր վերադարձել: Դրա ապացույցը տեսնում ենք և Արտաշատի 449 թ. ժողովի մասնակիցների ու Հազկերտի հրովարտակով Ատյան կանչված նախարարների անունների համընկման պարագայում: Իսկ թե ովքե՞ր են Ճորա պահակի կայազորից կամ բանակից գնացել Տիզբոն՝ հստակ չէ: Չմոռանանք, որ կանչվել էին նաև Վրաց ու Աղվանաց աշխարհների մեծամեծերը: Այսպիսով, եթե Հազկերտի մտքինն էր Հայոց այրուձին հեռացնելով անպաշտպան դարձնել ժողովրդին՝ զրադաշտականությունը անարգել տարածելու նպատակով, ապա ի՞նչ կարճամտություն էր հենց հրովարտակի նախօրյակին նրանց վերադարձը թույլատրել: Եվ վերջապես, իսկ ի՞նչ զորքով հայերը մեկ տարի հետո ապստամբեցին... 

Անհասկանալի է, պատմությունն ակնհայտորեն կեղծելով՝ տրվածից ավելի ի՞նչ ծառայություն ենք մատուցում Վարդանանց հիշատակին ու ապստամբության ընդհանուր ընկալմանը, եթե միայն ավելորդ զգացմունքայնություն չենք մտցնում ընդունված վերաբերմունքի մեջ: Եվ քանի որ սարքովի պատմությունը միշտ էլ վատ ծառայություն է մատուցում, ապա արդյո՞ք մեր վնասը չի լինում պատմությունից ոչ ճիշտ դասեր քաղելը: Այդօրինակ խեղաթյուրումների պատճառով չէ՞, որ հիմա ստիպված կամենում ենք նորից ճշտել. իսկ ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ Պարսկաստանը չպիտի օգտագործեր հայերի ռազմական ուժը: Չէ՞ որ այդ շրջանում մենք ենթակա վիճակով մեկ պետության կազմում էինք: Հռետորական հարց տանք ժամանակի միջով. չէի՞ր ուզում զինվոր տալ, պայքարեիր անկախությանդ համար: Եվ կամ՝ ավելի մոտ ժամանակների համեմատություն. Սովետական Հայաստանի հայությունը կարո՞ղ էր չծառայել Կարմիր բանակում... 

Շուրջ երկու հարյուր տարի, իրենց իշխանակալության հենց սկզբից, Սասանյանները կա՜մ հայ-քուշանական դաշինքի, կա՜մ առանձին նրանցից մեկի դեմ պայքար էին մղում, իսկ Հայոց թագավորությունը վերացնելուց հետո արդեն հնարավորություն ունեցան բազմապատկված ուժերով պատերազմելու միայն Քուշանական թագավորության դեմ: Եվ հիմա բնական է, որ այդ ճակատում հերթական հաղթանակը տանելուց հետո, Տիզբոնը կամենում էր նաև հայերին չափի բերել: Իսկ որ հայերը երեկվա իրենց դաշնակիցների դեմ հիմնական կռվողներից էին, և սպարապետ Վարդան Մամիկոնյանն էլ, քաջագործություններ ցուցաբերելով, արժանացել էր արքայից արքայի հատուկ դրվատանքին` Հայաստանի համար դրանից որևէ նպաստավոր վերաբերմունք չձևավորվեց: Պահանջող էլ չեղավ, փորձ անգամ չարվեց օգտվել այդ հանգամանքից: Մենք հավատարմորեն ծառայում էինք՝ ոչինչ չակնկալելով օտարից և անմնացորդ նվիրված էինք միայն մեր եկեղեցուն: Իսկ Տիզբոնը հոգնել էր կրոնաքաղաքական անորոշություններից և Հայոց ավագանուն հավատափոխության առաջարկով նամակ ուղարկեց: Եկեղեցուն չափազանց հարկավոր եղավ այդ հրովարտակը...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3057 reads | 25.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com