ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ




Դժվար է ասել, թե եկեղեցու համար ինչ չափով էր անսպասելի 428 թ. Հայաստանը թագավորազրկելուց բացի, նաև կաթողիկոս Սահակ Պարթևին աստիճանազրկելը, բայց ստացած հարվածը շեշտակի էր և ուժգին: Տիզբոնը Հայոց եկեղեցուց պահանջում էր հիմնովին վերափոխվել և գաղափարապես, և վարչականորեն ու վարած քաղաքականությամբ: Սասանյաններն Իրանում այնքան էին հզորացել, որ այլևս չէին կարող հանդուրժել, ի դեմս Հայաստանյայց եկեղեցու, հինգերորդ շարասյան առկայությունն իրենց երկրում: 

Եկեղեցին առաջին պահին շփոթվեց: Նա կարծում էր, թե Սասանյանների պայքարը միայն Արշակունիների դեմ պիտի լիներ, և ինքը դրանից միայն պիտի օգտվեր: Բայց Սասանյաններն ավելի հեռատես ու խորաթափանց էին. վտանգը նրանք տեսնում էին այնտեղ, որտեղ կար, այն է՝ իր տարածքում գործող, բայց թշնամի երկրից կառավարվող կառույցի մեջ: Հազկերտ Ա.-ն բացահայտ ասում էր. «Նրանք (հայերը.Հ.Դ.) օտար են մեր հավատին, ատում են մեզ և հույների հետ ունեն նույն հավատն ու նույն օրենքները»: Նաև Հայաստանում քրիստոնեական եկեղեցու էությունն ընկալելով, այսինքն՝ նրանում ազգային ոչինչ չտեսնելով էր (եթե լիներ, ապա միջամտության դեպքում կարող էր ընդհանուր դժգոհություն առաջացնել), որ Պարսից արքունիքը կամեցավ եկեղեցու վերնաշենքում շտկումներ անելով վիճակ փոխել: Դա պիտի լիներ քրիստոնեական վարդապետության հունակապադովկիական ուղղության փոխարինում ասորականով, որն ավելի բարեհաճ էր Սասանյանների հանդեպ, սակայն ծրագիրը չհաջողվեց: 

Այնուամենայնիվ, եկեղեցին, իր մեծ հավակնություններով հանդերձ, հետ մղվեց Հայոց երկրի կառավարումից: Տիզբոնը շատ ավելի լուրջ էր մոտենում Հայաստանի իշխանավարման խնդրին, քան մեր մատենագիրները ներկայացնում են: Իբրև պետական կառավարման հատուկ ձև, ընտրվեց մարզպանությունը, որը, ըստ ուսումնասիրողների, գրեթե չէր տարբերվում նախորդից՝ թագավորությունից: Այս էր պատճառը, որ թագավորազրկության առաջին տասնամյակներում հայոց նախարարությունն իրեն ամենևին վատ չէր զգում: 

Եղիշեն գրում է. «Եվ երբ սրան էլ (Արտաշես Գ.Հ.Դ.) զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ Հայոց նախարարներին. որովհետև թեպետև հարկը Պարսից արքունիքն էր գնում, սակայն Հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ: Այս պատճառով էլ աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»: 

Գոհացել էին բոլորը: Հայաստանը երկիր էր առանց թագավորի, բայց թագավորական շուքով: Դա արտահայտվում էր նաև մարզպանի կարգավիճակով (նա փոխարքա էր) ու նրա պալատով (ճոխությամբ զիջում էր միայն արքայից արքայի արքունիքին): Դառնալով 
առանձնահատուկ վարչական միավոր՝ ոչ մի չափով չնվազեց նաև երկրի ռազմական հզորությունը. առաջվա պես Հայաստանը ոչ պատերազմական ժամանակներում արտաքին հարձակումներից պաշտպանվում էր սեփական ուժերով, ինչպես նաև պարտականություն ուներ ապահովել Պարսից տերության հյուսիս–արևմտյան կողմերի անվտանգությունը, ընդհուպ մինչև հարավում մայրաքաղաք Տիզբոնի մատույցները: Հայաստանի տարածքում պարսկական զորագնդեր ընդհանրապես չէին տեղակայվում: 

Տիզբոնը պահպանեց նախարարական տների և ժառանգական իրավունքները, և կառավարման համակարգում գործակալություններ վարելու նրանց արտոնությունները, ինչպես սպարապետությունը մնաց Մամիկոնյանների ձեռքին, հազարապետությունը գլխավորում էին Ամատունիները, մաղխազությունը (թիկնազորի պետի պաշտոնը) կրկին Խորխոռունիներինն էր և այլն: Միայն Մեծ դատավորության գործակալությունը վերցվեց Հայոց կաթողիկոսից: 

Փաստորեն, Մարզպանական Հայաստանը բացարձակ ինքնավարություն ունեցող մի երկիր էր, նորից երկրորդը համաիրանական տերության մեջ, որը ճանաչում էր Սասանյանների գերիշխանությունը երեք հանգամանքներով. 

ա) հարկ էր վճարում Պարսից արքունիքին, 
բ) արքայից արքայի պահանջի դեպքում զորք էր տրամադրում, 
գ) չէր կարող ինքնուրույնաբար արտաքին հարաբերություններ հաստատել (մանավանդ Բյուզանդիայի հետ): 

Այս բոլորը համադրում էր մարզպանը: 

Բնական է, որ նման երկիրը չէր կարող մշտապես ղեկավարվել օտարազգի պաշտոնյայի կողմից: Մի քանի նկատառումներով (սկսած փոխարքայի պալատական ծախսերի կրճատումից մինչև երկրի յուրահատկություններին քաջածանոթ պաշտոնյա ընտրելը) Տիզբոնի համար նույնպես նպատակահարմար էր տեղացի կառավարիչ ունենալ: Առաջին մարզպան Վեհմիհրշապուհից հետո 443 թ. Վասակ Սյունուն նշանակելը բոլոր առումներով արդարացվեց. երկիրն սկսեց շինարարական, առևտրական ու տնտեսական զարգացում ապրել: 

Բայց քանի որ այս համապատկերում Հայաստանյայց եկեղեցուն համեստ տեղ էր հատկացված, ապա խաղաղության երկարատևությունը երաշխավորված չէր, և նա, որպեսզի բացահայտորեն չհակադրվի Տիզբոնին, սկսեց իր ազդեցության համար պայքարել Մամիկոնյանց տան և էլի մի քանի նախարարների միջոցով (իզուր չէր, որ Շապուհ արքայից Սահակ Պարթևի անձնական խնդրանքը եղավ իր փեսա Համազասպին` Վարդան Մամիկոնյանի հորը, Հայոց զորքի սպարապետի պաշտոնը տալ, իսկ Մամիկոնյանց նախարարական տունը հաստատել Գահնամակի հինգերորդ տեղում: Համեմատության համար նշենք, որ, ըստ Խորենացու բերած Հայոց նախարարների տոհմացուցակի, Մամիկոնյանները 52-րդն էին): 
Հայաստանյայց եկեղեցին ծայրահեղ բարդ իրավիճակում հայտնվեց. նա միաժամանակ մի քանի ճակատով պայքար սկսեց՝ Պարսից արքունիքի, աղանդների ու իր ներսում արմատավորված այլասերվածությունների և Հայոց նախարարների դեմ: Հայոց այն նախարարների դեմ, ովքեր չէին ընդունում եկեղեցու ազդեցության անսահման ընդլայնումը և Մամիկոնյանների գահերեցության հավակնությունները: Դրանք բյուզանդասերներին հակառակ գործող պարսկասերների կուսակցության գլխավորներն էին՝ ազգուրաց և դավաճան եսասեր իշխանները: Նրանց գիտենք մեր պատմության գրքերից: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս պարսկասերները նույնպես Հայոց թագավորությունը վերականգնելու ծրագիր ունեին: Նրանք համարում էին, որ... Տիզբոնի օգնությամբ կլրացվի այն բացը, որն Արշակունիներից հետո, այնուամենայնիվ, գոյություն ուներ Հայաստանի կառավարման համակարգում: Անհեթեթություն չէ՞: Արդյոք դա ոխերիմ թշնամու լարած քաղաքական այն ծուղակը չէ՞ր, որի մասին զգուշացնում էին Հայոց եկեղեցու հայրերը: 

Իսկապես, ինչպե՞ս է, որ Պարսկաստանը կարող էր կամենալ այդ թագավորության վերականգնումը, ավելին, դրա համար կարճ ժամանակ անց պատերազմել հենց իրենց՝ հայերի դեմ: Ցավոք, այս պարադոքսը 1500 տարի մեզ թյուրիմացության մեջ պահելու արդյունք է: Եվ դիտմամբ այդ թյուրիմացության մեջ պահելու արդյունք է նաև (հակառակ դեպքում մի ամբողջ գաղափարախոսություն պիտի քանդվեր), որ շատերիս համար դեռ անհասկանալի է մնում, թե ինչպես է, որ հայերը ոչ թե Օսմանյան կամ Ռուսական կայսրությունների կազմում, այլ նորից պարսկական պետության մեջ հետագայում մեկ անգամ էլ, ափսոս՝ կարճատև, ինքնավարության ստացան: Ուրեմն՝ պատահական չէր, ավանդույթ կար, որ հիշվում էր, երբ V դարից 1300 տարի անց Պարսից արքունիքը կրկին Սյունիքի (Կապանի) հայերին ներքին ազատություն շնորհեց, ինչը հաստատվեց 1725թ. շահ Թահմազի կողմից «խոսքով ու գործով ուժեղ» Դավիթ-Բեկին հատուկ հրովարտակով իշխանական նշաններ ու դրամ կտրելու իրավունք տալով, նրան նույնիսկ տեղական թուրք բեկերին ու խաներին հպատակեցնելով: 

Նայենք երկու պետությունների կառուցվածքին, քանի որ այստեղ է հարցի պատասխանը ու շփոթի պարզեցումը: Բյուզանդիան կամ Արևելյան Հռոմեական կայսրությունը արևմտյան տիպի պետություն էր և բաղկացած էր դիոցեզներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում էին պրովինցիաների կամ բանակաթեմերի: Իր կազմի մեջ մտնող ցանկացած վարչատարածքային միավոր չէր կարող այլ կարգավիճակ ունենալ: Եվ եթե Հռոմը կիսաանկախ պետությունների համար ուներ «Հռոմի բարեկամ և դաշնակից» պատվավոր կարգավիճակը, ապա Բյուզանդիան դա էլ չուներ. հետևաբար մի պետության մեջ կայսեր կողքին մեկ ուրիշ թագավոր չէր կարող լինել: 

Պետական այլ կառուցվածք ուներ Պարսկաստանը՝ Աքեմենյանը, Պարթևականը, Սասանյանը: Դա արևելյան տիպի մի համադաշնություն էր, որը ոչ միայն իր կազմում առանձին թագավորություններ էր հանդուրժում, այլև շատ բնական էր համարում, որ ժողովուրդները կարող են իրենց թագավորություններն ունենալ, բայց Պարսից թագավորի գերագահության ներքո լինել: Ահա այս պարզ բացատրությունն ունի Պարսկաստանի թագավորի արքայից արքա տիտղոսը: Թագավորների կողքին պարսկական տերության մեջ կային նաև մարզպաններ, որոնք նույնն էին, ինչ նախկինում սատրապները: 

Այսպիսով, երկրի կառավարման բուրգի գագաթին արքայից արքան էր, նրանից ցած, իբրև կառավարիչներ, իբրև պաշտոնյաներ՝ թագավորներն ու մարզպանները, այնուհետև՝ մնացածները: Այսինքն՝ Սասանյան Պարսկաստանում թագավորը նույնպես պետական պաշտոնյա էր, ինչպես որ մարզպանը: Մի տարբերությամբ՝ թագավոր լինելը գերազանցապես ժառանգական պաշտոն էր, իսկ մարզպանը՝ նշանակովի: 

Այսպիսով, Բյուզանդական կայսրությունը թեև քրիստոնեական պետություն էր, բայց բացառում էր իր կազմում Հայոց թագավորություն ունենալը, իսկ զրադաշտական պետական կրոնով Սասանյան Պարսկաստանը քրիստոնեական Հայոց թագավորություն կարող էր ունենալ իր մեջ: Հետագայում այս թեմայով մտքի և զգացմունքների տարբեր աճպարարությունները միահյուսվեցին ու, այլևայլ նկատառումներից ելնելով, նույնացվեցին անկախություն ստանալու և թագավորությունը վերականգնելու նպատակները: 

Իրականում հայերի կողմից հինգերորդ դարում նման ձգտում անգամ չի եղել և չէր էլ կարող լինել շատ ու շատ պատճառներով: Իսկ Պարսկաստանի կազմում միանգամայն իրատեսական էր Հայոց թագավորության վերականգնումը, որի համար միայն կառավարչաձևի փոփոխություն պիտի կատարվեր: Պարզապես Հայաստանն ամբողջովին վերահսկելի դարձնելու համար Տիզբոնը կարող էր ավելի նպատակահարմար գտնել Հայոց թագավորի պաշտոնը վերականգնել` այն ժառանգական իրավունքներով շնորհելով հայ իշխանական տներից մեկին: Եվ այս նոր թագավորական հարստությունը նույնքան իրավունքներ ու արտոնություններ կունենար, որքան ունեին Մեծ Հայքի Արշակունիները: Միակ տարբերությունը լինելու էր այն, որ Հայոց գահին պիտի նստեին ոչ թե Սասանյանների դինաստիական հակառակորդներ, այլ Տիզբոնին հավատարիմներ: 

Այս հանգամանքն արդեն երկուստեք էր կարևորվում: Հիշենք՝ 428–ին նախարարներն ու Հայոց կաթողիկոսը ներքին մի բավականությամբ գնացին Տիզբոն՝ Հայաստանի վերջին թագավոր Արտաշես Գ.–ին հանձնելու, որովհետև Արշակունիները, պարտվելով, ավելորդ էին դարձել ու սկսել էին խանգարել Հայոց ավագանի-Պարսից արքունիք հարաբերություններին: Եվ հիմա, մարզպանը թեև փոխարքա, բայց ավելի շատ ընկալվում էր իբրև Հայոց թագավորի տեղապահ, մանավանդ որ թագավոր ունենալ՝ չէր նշանակում Պարսկաստանից անկախ լինել: Տիզբոնին նույնպես ձեռնտու էր Հայաստանի պես կարևոր երկրի կառավարչի պաշտոնը ժառանգական դարձնելը, որովհետև փորձը կար. ամեն անգամ նոր մարզպանի նշանակումը սովորաբար դժգոհողների մեծ թիվ էր առաջացնում, ինչը և հաճախ ստիպում էր, որպեսզի հետո նորից վերականգնեն տարածաշրջանի կայունությունը: Ի դեպ, իսկ ինչո՞վ V դարում ստեղծված այս իրավիճակը նման չէր I դարում առաջացած իրադրությանը, եթե հիշենք, որ հռոմեացիների ջանքերով Արտաշեսյանների հայկական հարստության կործանումից հետո Մեծ Հայքում շուրջ 50 տարի տիրող քաղաքական խառնակությունը՝ անտերնչության շրջանը, վերացավ այն ժամանակ միայն, երբ հռոմեացիներին հաղթած պարթևներն իրենց Արշակունիների թագավորական ճյուղն հաստատեցին երկրում: 

Մի՞թե հիմա վիճակն ավելի շահեկան չէր, նաև հնարավորությամբ, որ Հայոց աշխարհում բուն հայկական նախարարական տան իշխանություն կարող էր կարգվել: Բայց այդ մասին քանի՞սն էին մտածում… 

Թվում էր, թե Հայաստանի երկու հատվածներն էլ լայն լիազորություններով նույն կարգավիճակն ունեին՝ պարսկականում մարզպան կառավարիչով, բյուզանդականում՝ Պատրիկ Հայոց իշխանով, ու հայոց կողմնորոշումը նախասիրության հարց էր. Բյուզանդիային հավանել ու հակվել դեպի նա՞, թե՞ գնահատել Պարսկաստանի հետ ունեցած հին ճանաչությունը: Բայց այս քաղցր ու շինծու երկմտանքով անհնար էր ծածկել սրանց միջև եղած մի էական տարբերություն. պատրիկը չէր կարող Հայոց թագավոր դառնալ, իսկ մարզպանը կարող էր: Մնացած ամեն ինչ՝ կողմնորոշումներ, շահեր, բախումներ, ածանցվում էր այս կարելիությունից: 

Եվ հիմա պատմական այնպիսի հնարավորություն կար, երբ կարելի էր ունենալ Հայոց թագավորական նոր հարստություն: 

Բայց ո՞վ պիտի լիներ այն մեկը, առաջին թագակիրը. նա, ում կառաջարկեր Տիզբոնը և կընդուներ Հայոց ավագանի՞ն, թե՞ նա, ում կկամենար Հայաստանյայց եկեղեցին և կհամաձայներ Տիզբոնը (եթե եկեղեցին երկրի կառավարման այս ձևը հաճեր): Հարցի լուծումը հանգեցրեց արյունահեղության՝ քաղաքացիական պատերազմի:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2224 reads | 03.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com