«ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ»՝ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ









Ժամանակակից աշխարհում պետությունների ներքին քաղաքական կյանքը դարձել է բավական խոցելի. Դրան միջամտելու հավանականությունը զգալիորեն մեծացել է շնորհիվ պետությունների միջև գոյություն ունեցող տնտեսական փոխկապակցվածության, իսկ դա իր հերթին այսօր այն կայունացնող և զսպող ուժն է, ինչպիսին էր միջուկային զենքը սառը պատերազմի տարիներին: Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ աշխարհն այսօր գտնվում է մի նոր պատերազմի շեմին, որտեղ կրկին բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը: Մինչդեռ ներկայիս դրությունը սառը պատերազմի զինված հակամարտություններն ու սպառազինությունների մրցավազքը փոխարինել է տնտեսական պատժամիջոցներով և ինֆորմացիոն դիվերիսաներով:

Արևմուտքը, Ռուսաստանին պարտադրելով մի շարք տնտեսական սանկցիաներ, երևի հաշվի չէր առել այն փաստը, որ թերություններն ու սպառնալիքները ցանկացած պահին կարող են վերափոխվել ուժի և հնարավորությունների` կախված նրանից թե ինչպես և ով կպտտի շախմատի տախտակը:
 
…Ակամայից վերհիշեցի Մարգրետ Թետչերի` վերջերս իմ ընթերցած գրառումներից մեկը. «Եթե աշխարհը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, վերջինս մեծ հարվածի կենթարկվի, իսկ հակառակ դեպքում, երբ սանկցիաներ սահմանելու ղեկը ստանձնի Ռուսաստանը` աշխարհը միանշանակ կկործանվի»: Այս կանխագուշակումն ինձ դրդեց անդրադառնալ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և վերջին կին պրեմիեր-մինիստրին, որն իր իշխանության տասնմեկ տարիների ընթացքում դարձավ կոնսերվատիվ հեղափոխության շարժիչ ուժերից մեկը, վերափոխեց Արևմուտքի քաղաքական լանդշաֆտը` ապահովելով ջախջախիչ հաղթանակ կոմունիզմի նկատմամբ, ազատություն ու բարգավաճում միլիոնների համար: Իր անձնական և բարոյակամային հատկանիշներով Մարգրետ Թետչերը իսկապես կարող է համառության ու ամուր կամքի հիանալի օրինակ ծառայել իգական, ես կասեի, նաև արական սեռի համար:

Կարծում եմ` շատերն են ծանոթ Թետչերի կենսագրությանը: Մինչ բուն թեմային անցնելը, վերհիշենք նրա անվանն առնչվող կարևոր փաստեր: Նախ, նա Բրիտանիայի վարչապետի աթոռին մնաց ավելի երկար, քան 20-րդ դարի անգլիական որևէ քաղաքական լիդեր: Եվ ինչ մականունների ասես, որ չարժանացավ. «ատամնափորիչ», «կաթի գող», «երկաթյա լեդի», «Ժաննա Դ’Արկ», «արյունոտ Մարգո», «ՆԱՏՕ-ի և բրիտանական կառավարության հզորագույն տղամարդ», ‹‹խանութպանի աղջիկ›› (վերջին մականվան հեղինակը Ժիսկար դ`Էստենն է): Խորաթափանցությունն ու նպատակասլացությունն օգնեցին Մարգրետին դառնալու անգլիական թորիների առաջնորդ, իսկ փառասիրությունը տվեց իշխանություն: Սակայն Թետչերի քաղաքական կարիերան չէր կայանա առանց նրա ամուսնու` ավելի ճիշտ, վերջինիս փողերի: Դենիս Թետչեր: Սառը, տիպիկ անգլիացի, ում անունն ասոցացվում էր հզոր կնոջ ստվերում կանգնած ճնշված տղամարդու կերպարի հետ: Կարծում եք այդ ամուսնությունը շահադիտական նպատակնե՞ր էր հետապնդում, և Դենիսն իրո՞ք կնոջ ստվերն էր: Դժվար շահադիտական ամուսնության տևողությունը լիներ 52 տարի, իսկ ինչ վերաբերում է Դենիսին, ապա, ըստ իս` նա ոչ թե Մարգրետի ստվերն էր, այլ նրա հենարանն ու թիկունքը:

Որպես հռետոր` Թետչերը չէր փայլում, փոխարենը նա օժտված էր համոզելու կարողությամբ: Նրա՝ միջազգային բանակցություններ վարելու եղանակը սարսափեցնում էր բրիտանական արտգործնախարարությանը: Երկաթե լեդիի սրամտությունը երբեմն ստանում էր սարկազմի սուր երանգներ: Մարգրետի արժեհամակարգը հիմնվում էր այն գաղափարի վրա, որ թե՛ մարդը, թե՛ պետությունը, թե՛ ամբողջ ազգն իրենք են պատասխանատու իրենց վիճակի համար: Այսինքն` ազգի չքավորությունը ոչ բավարար աշխատանքի և վատ ինքնակառավարման հետևանք է (կարծես ասված է հայերիս համար):

Նա կարծում էր, որ Արևելյան Եվրոպայում ամբողջատիրության` տոտալիտարիզմի դրսևորումներն ազատությունը բավարար չգնահատելու արդյունք էին, Չինաստանը ստրուկների ամբոխ էր, իսկ Եվրամիությունը` ձրիակերների հավաքածու: Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա բարոնուհին անընդհատ հետաքրքրվում էր նրա կյանքով:


«Միացյալ Թագավորությանն ու Խորհրդային Միությանը կապում է այն փաստը, որ երկուսն էլ միապետության կարգավիճակը սպառած երկրներ են: Միակ տարբերությունն այն է, որ, եթե մենք արդեն հաղթահարել ենք իմպերիալիստական բարդույթները, ապա Խորհրդային Միությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,-դիպուկ նկատել է նա:

Ահա, քայլ առ քայլ հասանք թեմայի կարևորագույն մասին: 10 տարի առաջ հանրության առջև ելույթներից մեկի ժամանակ, որտեղ խոսվում էր ԱՄՆ-ի քաղաքականության մասին, վարչապետի կողմից արվեց հետևյալ արտահայտությունը. «Միջազգային հանրության գնահատականներով` տնտեսապես նպատակահարմար է, որ Ռուսաստանի տարածքում բնակվի ընդամենը 15 միլիոն մարդ»: Իսկ ի՞նչ էր լինելու մնացած 135 միլիոնի հետ: Ովքե՞ր էին ընդգրկվելու 15 միլիոնի ցուցակի մեջ: Այս հարցերը մնում էին անպատասխան:

Մարգրետը բավական ջերմ հարաբերություններ ուներ Միխայիլ Գորբաչովի հետ: Սակայն, միանշանակ, հավասարազոր գնահատել նրանց հարաբերությունները` այնքան էլ ճիշտ չէր լինի: Թետչերը միշտ էլ վերևից է նայել Գորբաչովին: Եվ դա ուներ իր սկզբնապատճառը: Խնդիրն այն է, որ երբ առաջին հանդիպման ժամանակ Լոնդոնում Թետչերը հարցրեց Գորբաչովին, թե որքան է Մոսկվան պահանջում Գերմանիայի վերամիավորման համար, վերջինս արտասանեց ծիծաղելի մի թիվ` 4 միլիարդ դոլար, որը ծայրաստիճան զարմացրեց Երկաթյա լեդիին: Մինչդեռ Արևմուտքը պատրաստ է եղել վճարել մինչև 100 միլիարդ դոլար: ‹‹Կոմբայնավարը մնում է կոմբայնավար››,- ասել է այդ կապակցությամբ Թետչերը: Այդուհանդերձ, Երկաթե լեդին կարծում էր, որ Միխայիլին կարելի էր համարել անթերի, եթե չլիներ նրա միակ թերությունը… սեփական կինը: Սակայն ներկայիս առաջնորդ Պուտինի նկատմամբ նրա վերաբերմունքը դրական դժվար էր համարել, որը պայմանավորվում էր Երկաթյա լեդիի խորը հակակրանքով դեպի ԿԳԲ-ն:
 
Տարիների ընթացքում երկաթը ևս որակազրկվում է: Ավելի հաճախակի դարձան միկրոինսուլտները, վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգրետ Թետչերը կյանքից հեռացավ 2013 թվականի ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ եղավ:

…Չնայած կառավարման կոշտ եղանակին՝ երկաթյա լեդին համարվում է տաղանադավոր քաղաքական գործիչ, ում հաջողվեց ոտքի կանգնեցնել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը և ապահովել նրա համար համաշխարհային պետության կարգավիճակ: Թետչերի պաշտոնավարման տարիներին անգլիացիները սկսեցին ապրել բարեկեցիկ և ապահով կյանքով:

Մարգրետ Թետչերն այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որի խորաթափանցությունը և գալիքի կանխատեսումը հնչում է որպես քաղաքական պատգամ: Նա ասես ներկայացնում է այսօրվա միջազգային ռեալիան, երբ ասում է.‹‹Սա ռիսկի, կոնֆլիկտների և թաքնված բռնության աշխարհ է: Այնպիսի արժեքներ, ինչպիսիք են դեմոկրատիան, առաջադիմությունը, հանդուրժողականությունը դեռևս չեն դարձել տիրապետող: Մենք հասել ենք ‹‹պատմության վերջին ›› այն իմաստով, որ որոշ գաղափար ենք կազմել Արմագեդոնի մասին››: (Վայր, որտեղ ըստ Նոր կտակարանի Հայտնության գրքի, պետք է տեղի ունենա պատերազմ չարի և բարու միջև` խորհրդանշելով աշխարհի վերջը։ Ունի բազմանշանակ մեկնաբանություն. ներկայացվում է որպես իրական, այնպես էլ՝ խորհդանշական տեղանք)։

…Թետչերիզմի դարաշրջանը չշրջանցեց նաև մեզ՝ հայերիս: 1990 թվականի հունիսին Մարգրետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցը կատարեց Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի), որտեղ մասնակցեց Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը Մեծ Բրիտանիան կառուցեց և նվիրեց 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին:

Մնում է ասել՝
Շնորհակալությու՛ն, լեդի Թետչեր…
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3363 reads | 25.08.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com