ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ





Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՄԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Կարող ենք համառոտ այսպես ձևակերպել. 428–ից մինչև 450 թվականները Հայոց եկեղեցին համառորեն պատերազմ էր րում: Եվ ունեցավ պատերազմ: Բայց ասվածը, ճշմարիտ լինելով հանդերձ, շատ միանշանակ կհնչի, եթե չմանրամասնենք: Շահապիվանի ահասփյուռ որոշումներից հետո Արտաշատի ժողովը, իհարկե, չէր կարող չմերժել Հազկերտի կրոնափոխության առաջարկը: Սակայն, ինչպես Լեոն է ասում, չլիներ հրովարտակը, առճակատումն արդարացնող ուրիշ մի առիթ էր գտնվելու: 

Չես կարող չհամաձայնել այս կարծիքին, առավել ևս, երբ պարզ երևում է, թե ինչպես է Հայաստանյայց եկեղեցին տենդագին պատերազմի պատրաստվում և, իր հերթին, նախապատրաստում մանավանդ Մամիկոնյաններին: Հայտնի փաստ է, որ Լուսավորչի տոհմը, հայ իրականության մեջ սեփական ազդեցության ամրապնդմանը համընթաց, մշտապես բարձր տեղ էր ապահովում նաև Մամիկոնյանների համար: 

Այդ առանձնահատուկ վերաբերմունքի և նրանց միասնաբար հանդես գալու հիմնական պատճառն այն էր, որ երկու տոհմերն էլ բնիկ չէին, Հայաստանում էին ընդամենը երրորդ դարից: Լուսավորչի ժառանգների և Մամիկոնյանների կապը միայն խնամիական չէր, այլև արմատներով էր պայմանավորված: Անակ Պարթևը, ինչպես և Մամիկն ու Կոնակը՝ Մամիկոնյանների նախնիները, Հայաստան էին եկել նույն շրջանում և, որպես Սասանյանների կողմից հալածյալներ, հյուրընկալվել էին Հայոց Տրդատ Բ. – Խոսրով Մեծ թագավորի կողմից: Նրանք աստիճանաբար Հայոց հին տների ոչնչացման հաշվին հզորացող նախարարական տներ դարձան (այդպիսիք էին և Կամսարականները, բայց նրանց միայն օժանդակ դեր հատկացվեց): Ուրիշ նախարարությունների հետ նորեկները դժվար էին հարաբերվում, քանի որ շահերի բախում էր առաջանում: Եվ Հայաստանը նրանց համար յուրացնելու երկիր դարձավ: Արշակունիների թագավորության անկումից հետո այս երկու տոհմերը բացահայտ սկսեցին հավակնել ամբողջ իշխանությանը Հայաստանում: 

Պարսից արքունիքը, անշուշտ, չէր կարող հանգիստ վերաբերվել այդ նկրտումներին, որովհետև տեսնում էր, որ Հայոց եկեղեցին, չնայած հորդորներին ու պահանջներին, պորտալարով կապված է մնում Բյուզանդիային: Իսկ Հայաստանում ոչ միայն հոգևոր մենիշխանություն ունեցող, այլև հզոր աշխարհիկ ուժ դարձած եկեղեցին իր հերթին, չէր կամենում երկրի կառավարման իրավունքը ներսում որևէ մեկին զիջել: Երևում էին նաև Ընդհանրական եկեղեցու շահերը: Հայաստանը մինչքաղկեդոնյան քրիստոնեական աշխարհի մի մասն էր, իսկ քրիստոնեական Եկեղեցու հայրերը դեռևս չէին հրաժարվել բուն Արևելքից: Անհաշտ հակամարտությունը պիտի հանգուցալուծվեր: Պատերազմն անխուսափելի էր դառնում: Կողմերից ոչ մեկը՝ ոչ արքունիքը, ոչ եկեղեցին չէին կամենում զիջել Հայաստանը: 

Հայաստանյայց եկեղեցին ցանկացած գնով կամենում էր կառավարել Հայաստանը: 

Թե ինչ ուժեր ուներ եկեղեցին Հայաստանում, կանդրադառնանք քիչ հետո, երբ խոսենք պատերազմի ընթացքի մասին: Բայց նման մեծ ծրագրեր իրականացնելու համար միշտ էլ ներքին համախոհների ուժերը բավարար չեն լինում, հետևաբար, մենք էլ նայենք այն ուղղությամբ, որտեղից աջակցություն պիտի ստանար Հայաստանյայց եկեղեցին: Իսկ այդ կողմում Բյուզանդիան էր, որը պիտի կատարեր իր պարտավորությունը: Հայ եպիսկոպոսաց դասն այն կարծիքին էր, թե իրենք մեկ ընդհանուր՝ համաքրիստոնեական գործի են լծվել, հետևաբար, Կոստանդնուպոլիսը ոչ թե պիտի սոսկ աջակցի, այլ մասնակցի պայքարին: Պատմական որևէ փաստ չկա այս համոզմունքը հիմնավորելու համար, բացի օգնության այն դիմումներից, որոնք կայսերն էին հղում, այսպես կոչված, բյուզանդասեր կուսակցության գլխավորները: 

Բյուզանդական կայսրությանը, բնականաբար, ձեռնտու էր հայերի պես խոշոր մի ուժ Պարսկաստանի դեմ անհնազանդ պահելը, և նա երբեք առիթը բաց չէր թողնում թեկուզ միայն խոստումներով խրախուսել ապստամբներին: Իսկ եթե օգնություն էլ ցուցաբերվում էր, ապա դա ոչ թե նյութական կամ զինական էր լինում, այլ ապահովական: Այն է՝ կայսրը խոստանում էր անհաջողության դեպքում ապստամբ նախարարներին իրենց ընտանիքների, զինակիցների ու համախոհների հետ ապաստան տալ Հայաստանի բյուզանդական մասում և չհանձնել Տիզբոնին: 

Իհարկե, սա զուտ քաղաքական հովանավորչություն էր, ինչը թեև ոչ մի անգամ Կոստանդնուպոլսի ու Տիզբոնի միջև քննության նյութ չդարձավ՝ չկարևորվեց: 

Կայսերական բարյացակամությունից հիմնականում օգտվում էին մանավանդ Մամիկոնյանները (նաև Կամսարականները), որոնք մեծ կալվածքներ ունեին Հայաստանի արևմտյան հատվածներում՝ Ներքին Հայքում ու Տայքում, և ամեն մի նեղության դեպքում հապճեպ քաշվում էին այդ ապահով կողմերը: Ահա մշտապես այս շարժերի մեջ լինելով հանդերձ էին Հայոց եկեղեցու հայրերն ու նրանց հենարան նախարարական տները պայքարի դրոշ բարձրացրել պարսկական տիրապետության դեմ: Ըստ էության, դա մի պայքար էր, որտեղ եկեղեցին ոչինչ չուներ կորցնելու, իսկ հաջողության դեպքում կարող էր շահել: Այս պարագայում արդեն դժվար է ասել, թե եկեղեցին աննահանջ կռիվ էր գլխավորում: Նա կարող էր կորցնել իր ունեցվածքը և գործելու իրավունքը Հայաստանում, բայց չէր վերանա և էլի որպես Հայաստանյայց եկեղեցի՝ կմնար երկրի բյուզանդական հատվածում: Այլ բան է, որ դեպքերի նման ընթացքը նրան չէր կարող գոհացնել... 

Մանավանդ խորհրդային տարիներին հսկայական քանակությամբ գրականություն ստեղծվեց V դարում պարսկական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պատերազմի մասին: Մեկ դարից ավելի հայ պատմագիտական (նաև գրականագիտական) միտքը այն թեզն էր զարգացնում, թե "օտարերկրյա զավթիչների ու ասիմիլյատորների դեմ ծանր, աննկուն ու հերոսական պայքար” է ընթացել, որ հայ հայրենասերները նպատակ են ունեցել վերականգնել Հայաստանի քաղաքական անկախ իրավունքը, և որ "բյուզանդական օրիենտացիա ունեցողները իրականության մեջ պետական անկախության ձգտող նախարարների խումբն է եղել”: Գեղեցիկ է հնչում և, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ նման բացահայտումներով գրքեր էին գրվում ու դասավանդվում: Թեև հենց նույն գրքերում էլ այսպիսի խճողումներ կան. "Այդ նախարարները Բյուզանդիայի հետ փոխհարաբերության մեջ են մտել ոչ թե նրան ծառայեցնելու, այլ նրա օգնությամբ իրենց ծրագիրն իրականացնելու համար”: 
Մի՞թե: Իսկ Եղիշեն ասում է, որ եղել է այսպես. Եկեղեցու սուրբ ուխտի անունից Ատոմ Գնունին շտապով ուղարկվում է Թեոդորոս Բ. կայսեր մոտ, որպեսզի "նրանից (կայսրից) օգնություն ու օժանդակություն խնդրի, և եթե նա կամենա, նրա ծառայության տակ մտնեն”: 

Վստահ եմ, որ Եղիշեի մատյանը միշտ էլ մատչելի է եղել: Ինչպեսև Ղազար Փարպեցու մատյանը, որտեղ գրված է նաև, որ բյուզանդացիներն իրականում դեմ էին հայերի պայքարին: Արդյոք Թեոդորոս կայսեր փոխարեն գահ բարձրացած Մարկիանոսի մտքինը չէ՞ր արքունի ավագների հայտնած կարծիքը հայոց գործերի մասին, թե "անհաճո է, որ պատերազմով գրգռվում է խաղաղացված վիճակը, և մի աշխարհ հանվում է իրենց թագավորի իշխանությունից: 

Դժվար է ասել, թե ինչ տրամաբանությամբ պիտի Բյուզանդիան շահագրգռված լիներ հայերի անկախությունը վերականգնելու համար, եթե 387 թվականին առաջինն ինքը վերացրեց Հայաստանի իրեն բաժին հասած մասում ազգային պետականությունը: Բայց քանի որ բյուզանդասիրության հենքը պարսկատյացությունն էր, Հայոց եկեղեցին ու նրա համախոհները մոռանում էին այդ "մանրուքը”: Այնուամենայնիվ, ինչո՞վ բացատրել քաղաքական այդ կույր մենասիրությունը: Չէ՞ որ Բյուզանդիան երբեք էլ հայերին տված խոսքի տերը չէր լինում և եթե պատերազմում էր Պարսկաստանի հետ, ապա սոսկ սեփական շահերի համար, որից Հայաստանը միայն տուժում էր: Բացատրությունը, թերևս, համագործակցության փոխշահավետությունն էր: 

Մի պահ ընդունենք, թե իսկապես անկախության համար էր պայքար մղվում և, ըստ այդմ, փորձենք տեսնել համագործակիցների շահերը:

Հաջողության դեպքում՝ 

ա) եկեղեցին կամրապնդեր իր դիրքերը և Հայաստանի փաստական տերը կդառնար,
բ) Մամիկոնյանները թագ կստանային և երկիրը կկառավարեին այն չափով, ինչ չափով եկեղեցին թույլ կտար, և այնպես, ինչպես եկեղեցին կկամենար,
գ) Բյուզանդիային բոլոր առումներով ձեռնտու էր հայերի պայքարը, որովհետև ամեն ինչ կատարվելու էր իր հիմնական հակառակորդի՝ Պարսկաստանի հաշվին: Իհարկե, այդ անկախ Հայաստանը անմիջապես կդառնար Բյուզանդիայի փաստացի պրոտեկտորատը և կլիներ առանց արևմտյան մասի, որը Բյուզանդիան նախապես արդեն համարում էր իր օգնության վարձքը: 

Կարծում ենք, որ այսպես կլիներ, որովհետև Բյուզանդիան ինքը միշտ խորթ է նայել Հայաստանի հզորացմանը: Այսինքն՝ պայմանական անկախություն: Սակայն մեծ զոհողություններ պահանջող այս ծրագիրն անգամ չուներ բյուզանդասերների կուսակցությունը: Վստահաբար չուներ, որովհետև անկախության համար պայքարողը առիթը բաց չի թողնում հռչակելու իր երկրի անկախությունը, իսկ հայ եպիսկոպոսաց դասն ու նրա շուրջ գտնվող նախարարները, երբ պահը գալիս էր, չգիտես ինչու, Հայաստանն ընդամենը Տանուտիրական երկիր էին հայտարարում: Այդպես հայտարարեց 450 թ. Արտաշատի ժողովը, այդպես հայտարարեց և 481 թ. Արտաշատի ժողովը: (Սովորաբար Թովմա Արծրունու մի ակնարկի վրա է հղում արվում, թե Վարդանանք Հայոց թագավորությունը վերականգնելու նպատակ ունեին, կային նաև թագավորի թեկնածուներ՝ Վարդան Մամիկոնյանը և Վահան Ամատունին: Բայց դա պատմական հենք չունի: 

Համաձայնենք, որ առանց անկախության նպատակի՝ ազատագրական պայքար մղելն առնվազն արկածախնդրություն էր: Հինգերորդ դարի հայ իրականության ողբերգականությունն էլ հենց այն էր, որ անկախության համար պայքար կարող էր մղվել միայն Հայաստանի բյուզանդական հատվածում, որպեսզի ինքնավարությունը վերափոխվի ինքնուրույնության, սակայն Հայաստանյայց եկեղեցին չէր կամենում, որովհետև բյուզանդական եկեղեցին և իրենք նույնն էին: Իսկ ահա պարսկական հատվածում հնարավոր էր Հայոց թագավորությունը վերականգնել, որպեսզի երկրի կառավարումը կայունանա, բայց նորից եկեղեցին չէր կամենում, որովհետև դա կարող էր վերածվել ազգային ամուր պետության: Իսկ Հայաստանյայց եկեղեցու հայացքը հեռուներին էր ուղղված... 

Այս պատերազմը միագույն ու միանշանակ ազատագրական համարելը ժամանակին խնդիր է լուծել ու կոնկրետ գաղափարական ծառայություն մատուցել, բայց այժմ առնվազն վերանայման կարիք ունի: Մյուս սահմանումը՝ պարսկական հարստահարիչների դեմ ժողովրդական ապստամբությունն է: Գուցե թե շատ ավելի հարմար ու հերոսական է, երբ կատարվածը ներկայացվում է իբրև համաժողովրդական ապստամբություն, բայց դա նույնպես ճիշտ չէ՝ այդպես չի եղել: Կրկին չափաբաժնի խախտում կա. ժողովուրդը (ռամիկն ու շինականը), իհարկե, մասնակցել է, սակայն այն դեպքում միայն, երբ իր նախարարն է մասնակցել է իրադարձություններին, և ոչ թե շարժումը համաժողովրդական ապստամբություն է եղել, իսկ նախարարներն ու Վարդան Մամիկոնյանը՝ նրա ընտրյալ ղեկավարները: 

XIX դարի վերջում, ազգային ոգին վերակերտելու տարիներին, Վարդանանց համարվող պատերազմի ժողովրդաազատագրական բնութագրումը հավասարապես ձեռնտու էր և՜ եկեղեցուն (լիովին արդարացվում էր իր գլխավոր դերակատարությունը ապստամբության մեջ), և՜ մտավորականությանն ու ազգային գործիչներին (այս կերպ նրանք փորձում էին բարձրացնել ժողովրդի կորսված ոգին): Հետագայում պարզվեց, որ սովետական գաղափարախոսությանը նույնպես հարմար էր ժողովրդաազատագրական ձևակերպումը, որովհետև հաստատվում էր, որ, ինչպես իրենք են իրականացրել հարստահարվածների բաղձանքը, այնպես էլ բոլոր ժամանակներում ապստամբել են միայն շահագործվող ու ճնշվող ժողովուրդները: Ահավասիկ սովետահայ պատմագիտական մտքի գոհարազարդ մի նմուշ. "Մարզպանական Հայաստանում հայ աշխատավորությունն անսահման հարստահարվում էր ո՜չ միայն պարսկական բռնապետության, այլև աշխարհիկ ու հոգևոր ներքին ավատատերերի և իշխանների ձեռքով, սակայն դասակարգային այդ ներհակ պայմաններում էլ, նա այս վերջինների հետ մեկտեղ ուժեղ պայքար էր տանում հազկերտյան նվաճողական քաղաքականության դեմ` երկրի ներքին անկախությունն ու ազատությունը պաշտպանելու և մարդկանց ֆիզիկական բնաջնջումից ազատելու նպատակով”: Սակայն նույն այս ուսումնասիրողը, այսպես ընթանալով, հանկարծ անհարմար վիճակի մեջ է ընկնում` Փարպեցու Պատմության մեջ ժողովրդի մասնակցության ու դերակատարության մասին որևէ լուրջ վկայություն չգտնելով, ինչը ստիպված որպես թերություն վերագրում է պատմիչին: 

Արդարացի և անարդարացի պատերազմների տեսությունը հարմարեցնելու փորձեր նույնպես եղան, թեև առավել շատ, կարծես թե, սազում էր կրոնական պատերազմ բնորոշումը: Բայց այս առճակատումն ինչպե՞ս համարես կրոնական, եթե Տիզբոնը քրիստոնեական վարդապետության դեմ ոչինչ չուներ: Դժգոհությունը եկեղեցու վարած քաղաքականությունից էր (մի քանի տասնամյակ անց կտեսնենք, որ Պարսից արքունիքը պաշտոնապես ճանաչում է Հայոց եկեղեցին, երբ նա պետք է դառնում ընդդեմ Բյուզանդիայի): Ուրեմն, այս պատերազմը չէր կարող կրոնական լինել:
Թե վերջապես ինչ բնույթ ունեին հինգերորդ դարի իրադարձություններն ըստ մեր սահմանողների՝ կարծիքներ չանտեսելու նպատակով կարելի է մեջբերել նաև որոշ նրբերանգներ ունեցող այլ գնահատականներ, բայց ասենք, որ ամենաաներևակայելին մեր պատմության ակադեմիական հատորում է. "Ֆեոդալական հարաբերությունները Հայաստանում ձևավորվել էին ավելի վաղ, քան հին աշխարհի մյուս երկրներում: 

Արևելահռոմեական կայսրությունն ու Սասանյան Իրանի պետությունն իրենց քաղաքական ուժեղ կազմակերպությամբ, բյուրոկրատական ապարատով ու բանակով, նոր ժողովուրդների նվաճման միջոցով կարողացան որոշ ժամանակ երկարաձգել հին հասարակության ճգնաժամը, մինչդեռ Հայաստանն արդեն այդ ժամանակ ֆեոդալական երկիր էր և պայքարում էր նրանց դեմ՝ հանուն հասարակական նոր հարաբերությունների զարգացման: V-VII դդ. Սասանյան Իրանի ու Բյուզանդական կայսրության դեմ հայերի, վրացիների ու աղվանների մղած ժողովրդաազատագրական պատերազմներն այդ ժամանակաշրջանի առաջադիմական դասակարգերի պայքարի արտահայտությունն էին՝ ընդդեմ իրենց դարն ապրած արտադրահարաբերությունների ստրկատիրական սիստեմի”: 

Փաստորեն, հայ ժողովուրդը մարդկության զարգացման նոր ու առաջադիմական հասարակական–տնտեսական ֆորմացիայի համար սկսվող պայքարի առաջամարտիկ էր, այնինչ այդ մասին ոչինչ չկասկածող Հայաստանյայց եկեղեցին պարսիկների դեմ Հայոց ապստամբությունը վերածել էր քաղաքացիական պատերազմի:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
6160 reads | 24.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com