ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ «ԱՆՑՅԱԼԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ»
ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԵՐԵՎԱՆ








Վերջերս Bloomberg գործակալությունը հրապարակել է Թուրքիայում անցյալ տարվա վերջին տեղի ունեցած ամենամեծ կոռուպցիոն սկանդալի որոշ դրվագների սեփական հետաքննության արդյունքները: 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն գործողության շրջանակներում ձերբակալել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, որոնց թվում էին Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի որդին՝ Բարիշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդին՝ Աբդուլլահ Օգյուզ Բայրաքթարը, ինչպես նաև գործարար Ռեզա Զարաբը, ում կալանքից ազատ էին արձակել փետրվարին:

Վարչապետ Թայիփ Էրդողանի արձագանքը չափազանց կոշտ էր: Նա զբաղեցրած պաշտոններից ազատել էր այն գրեթե բոլոր պաշտոնյաներին ու ոստիկաններին, ովքեր ներգրավված էին հակակոռուպցիոն սկանդալում՝ փորձելով մեղադրել նրանց գործող իշխանություններին վարկաբեկելու համար: Ավելին, Էրդողանը հայտարարել էր, որ այս ամենի հետևում կանգնած է «Hizmet» կազմակերպությունը` Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորությամբ:

Այս սկանդալը լրջորեն խաթարեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունը, քանի որ անմիջականորեն անդրադարձավ մի քանի նախարարներին և ստիպեց Էրդողանին կտրուկ փոփոխությունների ենթարկել կառավարության կազմը:

Ուշագրավ է, որ տվյալ հետաքննությունը հրապարակվեց հենց այն պահին, երբ Թուրքիայում գրեթե մոռացել էին կոռուպցիոն սկանդալի մասին: Թուրքիայի վարչապետը կարողացավ մեծապես մեղմացնել քաղաքական հետևանքները՝ մեղադրելով ԱՄՆ-ում ապրող աստվածաբան Աբդուլլահ Գյուլենին Էրդողանին վարկաբեկելու և հեղաշրջում կատարելու փորձերի համար:

Արդյունքում` մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական մարմինների ընտրությունների ընթացքում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 43%-ը, թեև այն կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը: Այժմ Թուրքիան մտնում է հերթական նախընտրական փուլ. վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիմը ողջ ծավալով պատրաստվում է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին, իսկ նախկինում երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերը` Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները որպես միասնական թեկնածու են առաջադրել Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, դիվանագետ, գիտնական Էքմելեդդին Իհսանօղլուին:

Վերլուծենք Bloomberg գործակալության առաջարկած տարբերակը: Գործակալության հաղորդմամբ՝ 2013թ. թուրքական կառավարությունը մշակել է «գաղտնի ծրագիր», որի նպատակն էր առևտրային դիսբալանսի վերացումը թուրքական արտահանման ծավալների (տարեկան առնվազն 1 միլիարդ) ավելացման հաշվին: Դա պետք է տեղի ունենար այն ժամանակ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանին ոսկու վաճառքի միջոցով: Այս ծրագրի իրականացումը հանձնարարված էր ադրբեջանական ծագում ունեցող իրանցի միլիարդատեր Ռեզա Զարաբին:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Զարաբին Գանայից ոսկի էր գնում և Միացյալ Արաբական Էմիրությունների և Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհով տեղափոխում էր Իրան: Շրջանցելով ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռեզա Զարաբին Իրան է տեղափոխել առնվազն 200 տոննա ոսկի: Միաժամանակ նա թուրք նախարարներին և նրանց ընտանիքների որոշ անդամներին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց տասնյակ միլիոնավոր դոլարների չափով կաշառք է տվել:

Փորձենք այս համադրության մեջ առանձնացնել ցորենը որոմից: 2012թ. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պահանջելով Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը, նոր պատժամիջոցներ է կիրառել նավթի վաճառքի հետ կապված ֆինանսական գործարքների նկատմամբ: Իրանի բանկերը մեկուսացվել են համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպության համակարգից (SWIFT):

Այդ ժամանակ Թեհրանը նավթ էր վաճառում այլ պետություններին` ԱՄՆ դոլարի փոխարեն ոսկու դիմաց: ԱՄՆ-ի պատժամիջոցները ուղղված էին վերացնելու «նավթի վաճառման մեխանիզմները, որոնք շրջանցում էին գործող պատժամիջոցները». Իրանական գազի մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր ներմուծման ծավալներում կազմում է 18%, այնպես որ, Անկարան գազի դիմաց վճարում էր ոսկով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: 2012թ. մարտին Թուրքիայի կողմից ոսկու արտահանումը Իրան կրկնապատկվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում՝ 37 անգամ գերազանցելով 2011թ. մարտի ցուցանիշը: ԱՄՆ-ում գիտեին այդ մասին, քանի որ այս փաստը հրապարակավ հաստատեց այն ժամանակվա փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով՝ նման առևտուրը նույնպես չէր խանգարում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման ռեժիմին:

Իրավիճակը սկսվեց փոխվել, երբ 2013թ. հուլիսին ԱՄՆ-ի գանձապետարանը արգելեց Իրանին ոսկի վաճառել: Այդ համատեքստում, թուրքական պետական Halkbank բանկը լիազորված էր ընդունել միայն Թուրքիայի նավթի և գազի գնման վճարները, իսկ Թեհրանին թույլատրվում էր այդ միջոցներով գնել միայն սնունդ, դեղորայք և որոշ արդյունաբերական արտադրանք: Սակայն հետո ԱՄՆ–ի լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Halkbank բանկի հաշիվներում պահված լիրան իրանցիների կողմից օգտագործվում է Թուրքիայից ոսկու ձուլակտորներ գնելու համար և առաքիչներն այդ ոսկու ձուլակտորները տեղափոխում են Դուբայ, որտեղ ոսկին կարող է վաճառվել արտարժույթով կամ ուղարկվել Իրան: Վաշինգտոնը զգուշացրեց Անկարային, սակայն էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը վստահորեն հայտարարեց, որ «ԱՄՆ ճնշումը չի ստիպի Թուրքիային դադարեցնել ոսկու արտահանումն Իրան»:

Փաստն այն է, որ կոռուպցիոն սկանդալը ի հայտ եկավ միջազգային ասպարեզում այն ժամանակ, երբ ԱՄՆ–ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայում դեսպանների և ԵՄ անդամ պետությունների դռնփակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք աշնանը ականատես կդառնան «(Թուրքական) կայսրության անկմանը», և հայտարարեց, որ նա պահանջել է դադարեցնել Halkbank-ի բոլոր բիզնես գործարքները Իրանի հետ:

Էրդողանը կտրուկ է պատասխանել. «Թուրքիայում աշխատող որոշ դեսպաններ զբաղվում են դիվերսիոն գործողություններով և կոպիտ սադրանքներով: Ես խորապես խորհուրդ եմ տալիս չմիջամտել մեր գործերին: Մենք ընդհանրապես պարտավոր չենք մեր երկրում պահել մարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ»:

Հետևաբար` կոռուպցիոն սկանդալի քննչական նյութերի վերաբերյալ Bloomberg-ի հոդվածը պատահական չէ: Ընդդիմության կողմից այդպես նախապատրաստվում է հանրային կարծիքը. չի բացառվում, որ հասարակությունը ականատես կլինի կոռուպցիայի վերաբերյալ նոր սենսացիոն փաստերի` Թուրքիայի իշխանության բարձրագույն օղակներում: Ակնառու է, որ տվյալ հետաքննությունը հրապարակվել է հենց այն պահին, երբ Թուրքիայում գրեթե մոռացել էին կոռուպցիոն սկանդալի մասին, իսկ վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիմը ողջ ծավալով պատրաստվում է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2227 reads | 05.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com