ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ




Եթե հայերի պատմության հնագույն շրջանի վերաբերյալ մասնագետները դեռևս ինչ-ինչ տարաձայնություններ ունեն, ապա պարսիկների պատմական թատերաբեմ իջնելը չափազանց որոշակի է, մինչև անգամ տարեթվով՝ ն.թ.ա. 553-ին: Այդ թվին նրանք Կյուրոս Բ. Մեծի գլխավորությամբ ապստամբեցին մարերի դեմ, հաղթեցին և 550 թվին հիմնեցին Աքեմենյանների պետությունը: Մինչ այդ, պարսիկները պարզապես անասնապահ կամ երկրագործ այն բազմաթիվ ցեղերից ու ժողովուրդներից մեկն էին, որոնք մասնակից էին Իրանական բարձրավանդակում ցեղային միությունների կազմավորմանը և ընդհանրություններ ունեցող մշակույթի ստեղծմանը: Նրանցից վեր, բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում, Ուրմիա լճի շրջակայքում ցեղերի ձուլման երկրորդ խառնարանն էր՝ Միդիան կամ Մարաստանը՝ արիական և ոչ արիական ժողովուրդներով: Մարերի պետության ծնունդն ու վերջն էլ է հայտնի՝ ն.թ.ա. VII դարից մինչև հիշյալ ն.թ.ա. 550 թվականը: Նրանց պատմական մեծագույն առաքելությունը եղավ ահեղ Ասորեստանին կործանելը: Դա ն.թ.ա. 616–605 թվերին էր: 

Մարաստանից էլ կրկին վեր, ավելի հյուսիս մեկ ուրիշ երկրի՝ Հայկական լեռնաշխարհի սահմաններն են ձգվում: Այս ծավալուն տարածքում ցեղային ազատ միությունների (գրեթե համադաշնությունների) մասին վկայություններ կան դեռևս ն.թ.ա. XIV-XIII դարերից: Երբ Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար II-ը ն.թ.ա. 1111 թվին մեծ զորքով ու ռազմակառքերով մտնում է Նաիրի երկիր, արշավանքից հետո պարտքն է համարում այսպես պատվել այդ աշխարհը. «Ընդարձակ, հպատակություն չիմացող և անծանոթ երկիր»: 

Սա այն երկիրն է, որ Մարաստանի բարձրացումից դեռ 200 տարի առաջ աշխարհակալ Ասորեստանին թուլացրեց և Արարատյան թագավորություն կամ Ուրարտու անունով ամենահզոր պետությունն ունեցավ ողջ Առաջավոր Ասիայում: Հենց այդ ժամանակ է, որ Մենուա արքան (ն.թ.ա. 810-786 թթ.) նվաճեց նաև Ասորեստանին ենթակա Պարսուա (Պարսկք) երկիրը: Նույնն արեց և նրա որդին՝ Արգիշտի Iը (ն.թ.ա. 786-764 թթ.), վերանվաճելով, ի թիվս այլոց, իր դեմ ապստամբած Պարսուան: Այսինքն, հայերն այսպես են ծանոթացել պարսիկների հետ՝ նվաճելով: Այնուհետև եղավ պատասխան հարվածը՝ մարերի ռազմական հզոր մեքենան շրջվեց դեպի Ուրարտու: 

Համագործակցելով Արարատյան դաշտում ապրող ցեղերի հետ, նրանք կործանեցին իրենց ախոյանին, թեև հետո վարձահատույց եղան և օգնեցին Երվանդունիների հայկական թագավորական հարստության հիմնադրմանը: 

Հիշատակության արժանի ևս մեկ փաստ: Երբ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական անպարտելի այրուձին, ինչի շնորհիվ նվաճեց Հնդկաստանից մինչև Միջերկրականի ափերը, նա արդեն ուներ այդ հզոր զորատեսակի նախատիպը՝ ուրարտական հեծելազորը: Այսպիսով, պարսիկների, մարերի և հայերի միջև կային ընդհանրություններ, որոնցից հիմնականն այն էր, որ երեք ժողովուրդներն էլ տարբեր ցեղային միություններ գլխավորողներ էին և ոչ միայն միմյանց լավ էին ճանաչում, այլև փոխադարձ նվաճումներ էին ունեցել: Նրանց հիմնական տարբերությունն այն էր, որ պարսիկներն ու մարերը էթնիկական նույնություն ունեին, իսկ հայերը միանգամայն ուրիշ էթնոխումբ էին: Մեկ ուրիշ տարբերություն ևս. Նաիրյան երկրներում ցեղապետությունը ավելի վաղ էր դարձել ժառանգական, քան պարսիկների և մարերի մոտ: Այդ շրջանում Հայկական բարձրավանդակի բնիկներն ավելի կազմակերպված էին: 

Հիմա փոքր-ինչ անսովոր տեղեկագիր ներկայացնենք մարդկության պատմության հնագույն շրջանի Առաջավոր Ասիայի մասին և ն.թ.ա. I հազարամյակում տեղի ունեցած խոշոր իրադարձություններում հայերի ունեցած դերակատարության վերաբերյալ: 

Առաջին անգամ այս տարածաշրջանում էր, որ աշխարհակալ հասկացությամբ պետություն հիմնվեց՝ Ասորեստանը: Նվաճվեցին բոլոր հայտնի ցեղերը, ժողովուրդներն ու պետությունները (նրանց արձանագրություններում պարսիկները չեն հիշատակվում, որովհետև դեռևս իբրև ժողովուրդ կազմավորված չէին): Ասորեստանցիների հիմնական, իսկ մի կարճ ժամանակահատված էլ միակ արժանի հակառակորդը հյուսիսում էր՝ Հայկական լեռնաշխարհը պահող Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը: Իսկ Մենուայի թագավորության օրոք, IX դարում, շուրջ 70 տարի Ուրարտուն ինքն էր Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը: 

Հետո տարածաշրջանի տիրակալը դարձան մարերը, որոնք Բաբելոնի դաշնակցությամբ ու հայերի մասնակցությամբ (Պարույր Սկայորդի) կործանեցին Ասորեստանը և VII-VI դարերում խոշոր պետություն ստեղծեցին: Հայերն ինքնուրույն էին և մարերի հետ հարաբերություններում հիմնականում դաշնակցի, երբեմն նաև ձևական ենթակայի՝ հարկատուի դերում էին: Ապացուցված է, որ մարական պետությանը հաջողվում էր հեռավոր սահմանային տարածքներն իր իշխանության տակ պահել դաշնակից հայերի օգնությամբ միայն: 

Եկավ պարսիկների ժամանակը: Նրանք ապստամբեցին իրենց ցեղակիցների՝ մարերի դեմ, և այդ գործում հայերի օգնության խիստ կարիքն ունեցան: Կրկին հայերի աջակցությամբ կործանվեց հաջորդ հզորագույն պետությունը՝ Մարաստանը:

Ասպարեզում հայտնվեց Աքեմենյանների տերությունը: Այս մի աշխարհակալությունը որակապես տարբերվում էր իր նախորդներից: 

Եթե ասորեստանցիներն ու ուրարտացիները առաջինն էին, որ մշտական բանակ սկսեցին պահել ու նրա միջոցով մեծամեծ նվաճումներ կատարել, ապա նույն պատճառով էլ կործանվեցին, որովհետև նվաճումները կենսաձև էին դարձել և պետական ապարատն աշխատում էր միայն այդ ուղղությամբ: Փառասիրությանը հագուրդ տալու համար չէր այդ ամենը, պարզապես Ասորեստանի, Արարատյան թագավորության կամ Մարաստանի բանակները չէին կարող անգործության մատնվել: Նրանք անպարտելի էին այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը կարողանում էր իրենց ապահովել անհրաժեշտ միջոցներով: Եվ պիտի մշտապես կա՜մ նվաճեին, կա՜մ հպատակեցնեին, այլապես իրենք կկործանվեին: Թերևս պատճառներից մեկն էլ դա էր, որ ասորեստանցիները դաժանորեն ոչնչացնում էին պարտված հակառակորդներին: Հնազանդեցնելու ուրիշ ձև չգիտեին: 

Պարսիկները մարերին հաղթելուց հետո այդպես չվարվեցին: Նրանք իրենց զորությանը գումարեցին մարական ցեղային միության ուժերը, մեկ ընդհանուր պետության հիմք դրեցին և վերջիններիս մասնակից դարձրին երկրի կառավարմանը: Այս որակի նվաճող ուժին, բնականաբար, պիտի ենթարկվեր ոչ միայն Իրանական բարձրավանդակը, այլև այն ամբողջը, ինչը հայտնի էր մարդկանց: Հայերն այդ պահից սկսած (ն.թ.ա. 550 թ.) այլևս մեկ հակառակորդ չունեին, ասենք, ասորեստանցիներին կամ մարերին, այլ երկուսին՝ պարսիկներին ու մարերին միասին: Ուժերը չափազանց անհավասար դարձան և, իհարկե, խելահեղություն կլիներ պայքար սկսել այդ վիթխարի հզորության դեմ: Առավել ևս, որ Հայաստանի համար որևէ սպառնալիք չէր առաջացել, և Աքեմենյանների գերիշխանությունն ընդունելու պայմանն ընդամենը հարկ վճարելն ու պատերազմի դեպքում զորքով օգնելն էր: Նմանապես հարկատուներ էին նաև Եգիպտոսը, Բաբելոնիան, ողջ Փոքր Ասիան: Աքեմենյանների հաստատած նոր աշխարհակարգը տանելի էր բոլորի կողմից, որովհետև միայն ռազմուժի վրա չէր հենված: 

Հայաստանը դեռևս իրանական խառնարանի մեջ չէր: Նա պահպանում էր իր ներքին պետական կյանքի կառավարչական ինքնուրույնությունը, ուներ զարգացած տնտեսություն: Բոլոր առումներով տարբեր լինելով պարսիկներից ու մարերից (ծագումով, լեզվով, աշխարհըմբռնումով), ինչպես նաև ամենամարտունակ բանակներից մեկն ունենալով, հայերը, բնականաբար, պարսիկների անմիջական միջամտությունները չէին հանդուրժում: Իսկ Մեծն Դարեհ I-ը (ն.թ.ա. 550-486 թթ.), մի քանի անհաջող ճակատամարտերից հետո պարզապես դուրս քշվելով Հայոց երկրից, հազիվ էր զսպում հայերի ներխուժումները բուն Պարսկաստան: Հարկատվությունն ուրիշ բան էր՝ ավելի շատ նման էր դաշնակցության. միմյանց ներքին գործերին չէին խառնվում, իսկ ընդհանուր հակառակորդի դեմ պայքարում էին համատեղ: 

Այսպես եկավ, ավարտվեց մինչև Քրիստոսի ծնունդը թվագրված վերջին հազարամյակը. Պարսկաստանը հաստատապես աշխարհակալ տերություն դարձած, իսկ Հայաստանը՝ իբրև առանձին աշխարհ, հնարավորինս ինքնուրույն: Բայց միակողմանի, միայն զենքի կարևորումով կբացատրվեն հիշատակված իրադարձությունները, եթե չնշենք, որ պարսիկների ինչ-որ առումով հեշտ և արագ նվաճումները պայմանավորված էին նաև ենթարկեցված ժողովուրդների նկատմամբ նրանց մեղմ վերաբերմունքով: Պարսիկն իր էությամբ ընկալունակ էր և պատրաստ էր հարգել, գնահատել ուրիշի արժեքավորն ու փոխառնել անհրաժեշտը՝ լիներ դա պետական կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելուն կամ բանակի մարտունակության բարձրացմանը նպաստող նորամուծություն թե տեղական կրոնական հավատալիքների կամ մշակույթի, մինչև անգամ կենցաղի մանրամասների համադրում սեփականի հետ: Հերոդոտոսն ասում է. «Պարսիկները բոլոր մարդկանցից ավելի հակված են օտար սովորույթները փոխառնելու: Նրանք հագնում են մեդական զգեստ, այն համարելով ավելի լավ, քան իրենցը, և պատերազմում կրում են եգիպտական զրահներ»:

Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու էին Կյուրոսին գրեթե փրկիչի պես սպասում Բաբելոնում, իսկ նրա որդի Կամբյուզին հանգիստ ու արժանապատվորեն ընդունում Եգիպտոսում: Նույն պետության մաս կազմել, չէր նշանակում ստրկական վիճակում հայտնվել: Հելլենիզմից առաջ փոխազդեցությունների շնորհիվ մեծ ընդհանրություններ ունեցող ու գրեթե մեկ տրամաբանությամբ ապրող Արևելք էր ստեղծվել, և այդ ժամանակաշրջանը մարդկության պատմության նշմարելի հատվածներից մեկն է: 

Պարսիկների այս շրջանի մշակութային ժառանգությունը բավականին լավ է պահպանվել (թեև նրանք էլ են հետագայում կրոն փոխել), իսկ մենք ընդամենը «Տիգրան և Աժդահակ» վիպասքից պատառիկներ ունենք, մի քանի փշրանք էլ նյութական մշակույթից, քանզի մերը հետագայում անհեթեթ ու անհասկանալի դաժանությամբ ոչնչացվեց: Միտումնավոր ոչնչացվեց: Հիմնիվեր ոչնչացվեց: Մխիթարվենք Քսենոփոնի վկայությամբ, թե նա տեսել է, որ «Հայաստանը մեծ է, հարուստ և բարեկեցիկ»: Այսպիսին էր մեր երկիրը 301 թվից ուղիղ 700 տարի առաջ: Ըստ ամենայնի, պատկերը շատ տարբեր չէր և 301-ին, երբ կար 312 հազար քառ. կմ տարածքով Մեծ Հայքի թագավորություն և նրան պատկան 4 միլիոն բնակչություն: Ճիշտ ընկալելու համար, թե III-IV դարերում 4 միլիոն հայությամբ Հայաստանն ինչ զորություն կարող էր ունենալ, համեմատության նպատակով նշենք, որ X դարում Անգլիան ընդամենը 2 միլիոն բնակչություն ուներ: 

Այսպիսով, առաջին համատեղ հազարամյակի վերջնավարտին պարսիկը դեռ նեղություն չէր մեզ համար, հայկական ինքնությունն իրեն ազատ էր զգում իրանական տիրակալության սահմաններում, իսկ պարթևական հարստության ժամանակներում նույնիսկ ընդհանուր ունեցվածքի զգացողություն կար: Վերջ ի վերջո, նույնարյուն թագավորական տուն էր, թեև այդ հանգամանքը չէր խանգարում, որպեսզի լիներ առանձին հայկական աշխարհ և առանձին իրանական աշխարհ՝ դեռևս կողք կողքի, ոչ թե իրար մեջ սեպված: Դա նրանից էր, որ հայերի առջև նահանջել էր նաև Պարթևստանի հզոր թագավոր Միհրդատ Բ. Մեծը (123-88 ն.թ.ա.): Ստրաբոնը հավաստում է, որ «պարթևները տիրեցին մեդացիների և բաբելացիների երկրներին, բայց ոչ Արմենիային: Թեև հարձակումներ հաճախ տեղի ունեցան, սակայն երկիրն ուժով չնվաճվեց: Ընդհակառակը, Տիգրանը զորեղ կերպով դիմադրեց ու հաղթեց նրանց»: Այսպես մնաց վիճակը մինչև կրոնական մեծ հեղափոխությունները: 

Մի քիչ ավելի՝ Հայաստանի մասին: Վկայություններում, տեղեկություններում առաջին հայացքից զարմանալի, տարօրինակ մի վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ. իր ունեցած քաղաքական, տնտեսական և ռազմական կշռին համարժեք հիշատակումներ քիչ կան: Անշուշտ, դա նրանից է, որ օտարները միշտ դժկամությամբ էին հիշում հարևանի հաջողությունները, իսկ մեր սեփական հիշատակագրություններն էլ ոչնչացվել են: 

Խորենացին ծանոթ էր այս երևույթին և բացատրում է. «Պարծանք և պատիվ չէր օտար ազգերի քաջությունը և արիական գործերը հիշատակելը»: Ըստ այդմ, եթե ընդունված էր հավերժացնել միայն ուժեղին, առավել ևս՝ իրենից ուժեղին հաղթելու փաստը, ուրեմն հայերը նշանակալից ուժ էին: Եթե Հնդկաստանն ու Եգիպտոսը ներառող Աքեմենյանների պետության սահմանները պատկերացնենք, և նրա ընդհանուր թվով 20 սատրապությունները (երկրները), ապա այդքանի մեջ Հայաստանի ունեցած երկրորդ դիրքն արդեն անհնար կլինի նսեմացնել: Հայաստանի կշիռն այնպիսին էր, որ այդ շրջանում մարերի ու պարսիկների համար հայերն ամենացանկալի դաշնակիցն էին: Նրանք իրենց բոլոր կարևորագույն նախաձեռնություններն իրականացնում էին հայերի մասնակցությամբ: 

Հռոմեացի հեղինակ Կուրցիուս Ռուփուսն օրինակ իր «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» երկում Իսոսի ճակատամարտի (ն.թ.ա. 333 թ.) մասին գրելիս նշում է, որ պարսից Դարեհ III-ի բանակին «հայերն ուղարկել էին 40 հազար հետևակայինների՝ ավելացնելով 7 հազար հեծյալներ»: Սակայն երբ Ալեքսանդր Մեծը կործանեց Աքեմենյաններին ու անցավ-գնաց Հնդկաստան, ապա կրկին Հայաստանն էր նրա ճանապարհին միակ երկիրը, որ մնաց աննվաճ, կատարյալ անկախ վիճակում. Մակեդոնացին ինքը չմտավ, իր զորավարներն էլ չկարողացան գրավել այս բարձրադիր երկիրը: Միջանկյալ նշենք, որ համաշխարհային նշանակության այդ իրադարձությունների Հայաստանին վերաբերող մանրամասներից չափազանց աղքատիկ տեղեկություններ կան նորից հայտնի պատճառով. տվյալ շրջանի մեր աղբյուրները գրեթե բացառապես հույն հեղինակներն են, իսկ նրանցից մեկը` վերն արդեն հիշատակված Ռուփուսը խոստովանում է, որ Ալեքսանդրը մահապատժով էր սպառնում նրանց, ովքեր լուրեր կտարածեին պարտությունների ու անհաջողությունների մասին, որովհետև դա կարող էր վնասել ՙանհաղթ պատերազմողի՚ իր համբավին:
Ուրեմն ո՞վ պիտի գրեր հայերի անպարտության մասին... 

Այնուհետև, Մեծ Հայքը ընդամենը կարճ մի դրվագ (10 տարի) մաս կազմեց ժամանակի ամենախոշոր պետությանը՝ Սելևկյանների տերությանը, որից հետո Արտաշեսյանների երանելի արքայական հարստությունն ունեցավ, ծաղկեց և այնքան զորեղացավ, որ մեզ համար բացառիկ մնացած Տիգրան Մեծի գլխավորությամբ կործանեց նույն այդ հելլենիստական աշխարհակալությունը: 

Քրիստոսի ծնունդից մեկ դար առաջ էր, և աշխարհն արդեն սկսում էր մեծապես փոխվել. Արևելքի կողքին բարձրանում էր Հռոմը: Սակայն երկու կողմերն էլ ընդունում էին, որ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը Հայաստանն է: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ երկրորդ անգամ (ուրարտական շրջանում Մենուայի և հիմա՝ Տիգրան Բ.-ի օրոք) էր հասել նման դիրքի: Այդ շրջանում (ն.թ.ա. 85-ից հետո) անպարտելի պարթևները ընդունեցին հայոց Տիգրանի գերիշխանությունը, նրանց թագավորները հրաժարվեցին «արքայից արքա» տիտղոսից, որպեսզի այնուհետև այն կրի Տիգրան Մեծը: 

Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան Դ.-ի (ն.թ.ա. 8-1 թթ.) ժամանակ նույնպես հայերը ավելի հզոր էին, քան պարթևները: Նշանակում է` զուր չէր ժամանակակից հեղինակ Պոմպեոս Տրոգոսը զգուշացնում իր հայրենակիցներին, որ «չի կարելի լռությամբ անցնել այդպիսի մեծ թագավորության կողքից, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները»: Իսկապես, երկու մեծ աշխարհակալությունների՝ Հռոմի և Պարթևստանի միջև ընկած Մեծ Հայքի թագավորությունը իր տարածքային ընդգրկումով և քաղաքական կշռով հին աշխարհի երրորդ պետությունն էր: Ահա թե ինչու այն «հավասարազոր ռազմաստրատեգիական նշանակություն ուներ թե՜ Հռոմի և թե՜ Պարթևստանի համար: Հայաստանի անցումը ախոյաններից մեկի կողմը՝ մեծ սպառնալիք էր ստեղծում մյուսի համար: Երկու պետությունների համար կարևորը ոչ թե Հայաստանի զավթումն էր, այլ այն, որ հակառակորդ պետությանը թույլ չտրվեր հասնել դրան»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3661 reads | 02.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com