ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ









Սովետական ԿԳԲ-ի հետ երբևէ առնչվողների շրջանում միշտ իշխող է եղել այն կարծիքը, որ ամբողջ աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ կարելի է շունչ քաշել և հանգստանալ այդ կառույցից` համարելով, որ ամենավատն արդեն ետևում է: Փորձե՛ք գուշակել, թե ինչի մասին է խոսքը: Շտապեմ հուշել` ըստ նրանց` միակ ելքն ու փրկությունը գտնվում էին դիահերձարանում:

Արևմտյան հատուկ ծառայությունների և այսպես կոչված «այլադավան տարրերի» դեմ Սովետական ԿԳԲ-ի կողմից վարվող գաղտնի պատերազմի անտեսանելի ռազմաճակատների խրամատներում` խորհրդային բնակչության տարբեր սոցիալական շերտերից հավաքագրվել էին անթիվ, անհամար գործակալներ: Որպես կանոն` ընտրում էին ազգային ոսկե ֆոնդից. այդ մարդկանց անհնար էր տեսնել վարելահողի կամ վառարանի կողքին: Սովետական ԿԳԲ-ն հավաքագրում էր արտասահմանում հավատարմագրված խորհրդային դիվանագիտական ներկայացուցչություններից, եկեղեցիներից, մտավորականության շարքերից: Խորհրդային միության արվեստագետ մտավորականության անդամներից շատ հայտնիներ ԿԳԲ-ին համագործակցելու առաջարկ էին ստացել: Ճիշտ է, թեպետ նրանց մի մասը, հարկադրաբար կամ անձնական նկատառումներից ելնելով, ընդունել էր առաջարկը, սակայն այդ շարքերում կային նաև դերասաններ, երգիչներ ու երգչուհիներ, ովքեր իրենց մեջ չկարողանալով ուժ գտնել, հենվելով մարդկային գործոնի վրա` մերժել էին հավաքագրողներին:
 
Սովետական ԿԳԲ-ի աչքից չվրիպեցին այնպիսի ժողովրդական արտիստներ, ինչպիսիք էին Միխայիլ Կոզակովը, Ֆաինա Ռանևսկայան, Վլադիմիր Վիսոցկին, Լյուդմիլա Գուրչենկոն և այլոք: Փորձեմ հակիրճ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին:

Մի քանի տարի առաջ հայտնի դերասան և ռեժիսոր Միխայիլ Կոզակովն իր հուշերում սենսացիոն հայտարարություն արեց. «1956 թվականին Սովետական ԿԳԲ-ն ինձ հարկադրաբար հավաքագրեց օտարերկրյա հետախուզական ծառայությունների դեմ պայքարելու համար: Որպես առաջին առաջադրանք` ինձ հանձնարարվեց սիրահետել ամերիկացի լրագրողուհու: Սակայն նա այնքան գեղեցիկ էր, որ ես մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի»::

Հետագայում Կոզակովը գրում է, թե ինչպես է ամեն ինչ խոստովանել նրան և տապալել առաջադրանքը: Ախ, այդ ճակատագիրը, որ մշտապես հեգնում է բոլորին. Կոզակովի և լրագրողուհու միջև բուռն սիրավեպ էր սկսվել: Սակայն այսպես կոչված «զոհը» չներեց դա Կոզակովին և հեռացավ ԱՄՆ: Այդ ժամանակից ի վեր Կոզակովին որպես այդպիսին հատուկ հանձնարարություններ չէին տալիս: Այնուամենայնիվ հիշեցնում էին իրենց մասին` զանգահարում էին, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ նշանակում տարբեր վայրերում: Նման ուշադրությունը հատկապես հայտնվում էր, երբ Կոզակովն ամերիկյան կամ կապիտալիստական ցանկացած այլ դեսպանություն էր այցելում: ԿԳԲ-ին հետաքրքրում էր Կոզակովի հարաբերությունները դեսպանի, նրա կնոջ կամ դեսպանության այլ ներկայացուցչի հետ:

Ականավոր դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի երկար և հագեցած կյանքը լի էր անթիվ մարտահրավերներով, որոնցից ամենադժվարինը թերևս նետել էր ԿԳԲ-ն: 1950-ական թվականների վերջին, երբ Գուրչենկոն հրաժարվեց համագործակցել ԿԳԲ-ի հետ, ազդարարվեց նրա անկման տարիների սկիզբը: Մոտ 10 տարի կինոստուդիաներում Գուրչենկոյին դերեր չէին առաջարկում: Առհասարակ աշխատանք գտնելը նրա համար դարձել էր չափազանց բարդ: Հայտնի դերասանուհին ստիպված էր ճանապարհորդել ԽՍՀՄ տարածքով և ելույթներ ունենալ աշխատողների և հանքափորների համար: Բայց, ի վերջո, ժամանակի ընթացքում դերերն ու փառքը վերադարձան Լյուդմիլային:

Վլադիմիր Վիսոցկիի նմանները, ովքեր ալկոհոլի նկատմամբ կործանարար կախվածություն ունեին, հետախուզական ծառայության օպերատիվ աշխատանքի իրականացման համար համեղ պատառ էին: Ի վերջո, եթե սթափ մարդը դեռ կարող է պահպանել ողջամտությունը, ապա հարբած վիճակում նա վերածվում է այսպես կոչված իսկական «դեղձանիկի» և կարող է այնպիսի հույժ կարևոր ինֆորմացիա հաղորդել, որի մասին սթափ վիճակում անգամ կխուսափեր մտածել: Վիսոցկիի մտքով նույնիսկ չէր էլ կարող անցնել, որ ինքն ինֆորմացիայի աղբյուր է: Կարելի է ենթադրել, որ ԿԳԲ-ն դիտավորյալ այնպիսի մարդկանց էր ուղարկում Վիսոցկիի մոտ, ովքեր հարբեցնում էին նրան և չեկիստներին անհրաժեշտ ինֆորմացիան ստանում:

Ականավոր սովետական դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան օժտված էր անկրկնելի հումորի զգացումով: Նրա սուր լեզվի մասին առասպելներ էին պտտվում, իսկ դերասանուհու գրեթե յուրաքանչյուր խոսք դառնում էր թևավոր: Եվ հենց այս խիզախ և խորամանկ կինն առաջինն էր, ով ոչ միայն մերժեց ԿԳԲ-ի առաջարկը, այլև դրանից օգուտ քաղեց: Ֆաինա Գեորգիևնան պատկառելի տարիքում էր, երբ որոշեցին նրան գործակալ դարձնել: Մտահղացումը պատկանում էր խորհրդային գաղտնի ծառայությունների գեներալ-լեյտենանտ Օլեգ Գրիբանովին, որին տվել էին «Բոնապարտ» մականունը. վերջինս Նապոլեոնի նման ցածրահասակ էր և ուներ հիպնոսացնելու հմտություն: Միայն նրա անվան հիշատակումը խեղդում էր զրուցակցի կամքը: Զբաղվածության պատճառով Գրիբանովը Ռանևսկայայի հավաքագրումը հանձնարարել էր երիտասարդ սպա Կորշունովին: Մի քանի ակնթարթ տևած զրույցի արդյունքում Ֆաինայի համար ամեն ինչ պարզ էր: Խոսակցության վերջում դերասանուհու պատասխանն անկրկնելի էր. «Երիտասա՛րդ, որտե՞ղ էիք Դուք, երբ ես դեռ այս տարիքին չէի հասել: Ես այնքան էի սպասում այս պահին, երբ իշխանություններն ինձ ըստ արժանվույն կգնահատեին և կառաջարկեին համագործակցել: Չէ՞ որ դա իմ մանկության երազանքն էր: Ինչևէ, ես պատրաստ եմ: Բայց, այստեղ կա մի մեծ «բայց». նախ` ես ապրում եմ կոմունալ բնակարանում, երկրորդն էլ քնած ժամանակ խոսում եմ: Ինչպես Դուք գիտեք, մտավորականներն անընդհատ մտածում են: Պատկերացրե՛ք, եթե քնած ժամանակ ես սկսեմ բարձրաձայն մտորել` արտաբերելով հույժ կարևոր գաղտնաբառեր, մականուններ, օբյեկտների անուններ, իսկ իմ հարևանները, ովքեր օպերատիվ հետևում են ինձ, ամեն ինչ լսեն: Հե՛տ պահեք ինձ ճակատագրական սխալից, որի արդյունքում ինձ դավաճան կանվանեն»:

Լսելով Ֆաինա Գեորգիևնայի այս կրքոտ դերասանական մենախոսությունը` Կորշունովը Գրիբանովին տեղյակ պահեց Ռանևսկայայի «տարօրինակությունների» և կոմունալ բնակարանի մասին: Մեկ ամիս անց դերասանուհին նշում էր բնակարանամուտը: Գրիբանովին թվում էր, թե բոլոր խոչընդոտները ետևում էին:

Սակայն օրերից մի օր` առավոտյան, ԿԳԲ եկավ բավական խիստ դեմքով մի մարդ` իր հետ բերելով շենքի 10 բնակիչների կողմից ստորագրված պետական փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ ոմն Ռանևսկայա խանգարում է բոլոր հարևաններին իմպերիալիստների և «հավատուրացների մասին իր գիշերային մենախոսություններով»:

Կարդալով այս կոլեկտիվ հայտարարությունը Գրիբանովը կանչեց Կորշունովին և ասաց. « Խա՛չ քաշեք Ռանևսկայայի վրա և գտե՛ք մեկին, ով քնած ժամանակ լուռ է»:

Հետագայում պարզվեց, որ նամակի հեղինակը հենց ինքը Ֆաինա Գեորգիևնան էր, իսկ ԿԳԲ տանելու համար նա երկու շիշ օղիով կաշառել էր իրենց շենքի կոյուղի վերանորոգողին: Ակնհայտ է` ենթադրում էր ԿԳԲ-ն, տնօրինում` Ռանևսկայան: Նա անդադար կրկնում էր. «Ես հրաժարվեցի միայն մեկ պատճառով. Ի վիճակի չեմ շատ տալ իշխանություններին, իսկ քչի դեպքում` խիղճս չի ների: Ա՜խ, այդ գրողի տարած դաստիարակությունը»:

Ավա՜ղ, երևակայությունս չներեց մեր հայկական էստրադայի աստղերին նման իրավիճակում պատկերացնելու համար:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2124 reads | 30.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com