ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ




Այս պոռթկումն իր ուժգնությամբ աննախադեպ էր և, ցավոք, այլևս կրկնություն չունեցավ հայոց կյանքում: Ապստամբության սկիզբն ամենևին էլ քրիստոնեությունից հրաժարվելու առաջարկը մերժող Արտաշատի 449 թ. ժողովը չեղավ, որովհետև իր բովանդակությամբ նրա կողմից ընդունված պատասխանն ավելի շուտ խնդրագիր էր, քան բողոք: Հիշենք, որ Հովսեփ եպիսկոպոսի անունով ժողովը դիմեց Միհրներսեհ մեծ հազարապետին, թե. «Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքումն են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա՜, ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՜չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն (ընդգծ. մերն է. Հ.Դ.) և ո՜չ էլ երկնքում ուրիշ Աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխա րեն, որից բացի՝ ուրիշ Աստված չկա»:

Ապստամբությունն սկսվեց ամիսներ անց՝ Անգղում, այնուհետև ծավալվեց և համախմբվածությամբ ամրացավ: Այն, ինչ կատար վեց այդ գյուղաքաղաքում, հախուռն մի բռնկում չէր, այլ մտածված սկիզբ: Նախապատրաստողը եպիսկոպոսաց դասն էր, որը թեև գործողությունների առաջին պլանում չէր երևում, բայց ամենի կազմակերպիչն ինքն էր: Եպիսկոպոսական ժողովներն էին որոշ ում բոլորի և յուրաքանչյուրի հետագա անելիքը: Նրանց կողմից Անգղում, մոգերի կոտորածից հետո, ապստամբների զորքի հրամանատար նշանակվեց սպարապետ Վարդան Մամիկոնյանը:

Եկեղեցու հայրերը հավանություն տվեցին նաև Հայաստանի մարզ պան Վասակ Սյունու մասնակցությանը, ավելին, ապստամբությու նը գլխավորելուն: Այդ պահին պարսիկների դեմ մեկ միասնական ճակատ կար և, արդարև, Հայոց պատերազմ էր սկսվել, Հայոց մեծ ապստամբու թյուն: Կարծում ենք՝ մեր ներկայացրած ժամանակագրությունը բավարար է, որպեսզի ապստամբության ընդհանուր զարգացումը չպատկերենք, նախ՝ որ այդպես ազատ կլինենք անընդհատ ուսում նասիրական տարբեր խճողումների անդրադառնալու ստիպմուն քից, և երկրորդ՝ նպատակահարմար ենք գտնում իրենց գործով շարժման երկու երեսը խորհրդանշած անհատներին առավելաբար ընդգծված երևացնելով՝ ցույց տալ հայոց պայքարի ներքին մեծ հակասականությունը: Հայաստանյայց եկեղեցին թեև կանոնա կանացրել է այդ պայքարն ամբողջությամբ, բայց նրա ղեկավարնե րին տարբեր վերաբերմունքի է արժանացրել՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանին սրբերի շարքը դասելով, իսկ մարզպան Վասակ Սյունու անունը հասարակացնելով և ուրացողի ու անօրենի մարմնացում դարձնելով: Ով՝ ինչի համար է արժանացել այդպիսի հիշատակությունների: Նախ՝ զուգահեռաբար ներկայացնենք այս նշանավորների գործերը, այն ամենը, ինչ նրանք կատարեցին մինչև 450 թ. Արտաշատի ժողովը:

Առաջինը Վասակ Սյունու ճանապարհը տեսնենք:

Հայ Արշակունիների թագավորության բարձումից հետո Մարզպանական Հայաստանը կառավարեց պարսիկ ազնվական Վեհ միհրշապուհը: 442–ին մարզպան նշանակվեց Վասակ Սյունին, որով և Հայաստանում փոխարքա դարձավ տոհմիկ հայը, Հայոց գահնամակում առաջին անունն ունեցողը: Պատմիչները դժկամությամբ են հիշատակում նրա մարզպանության առաջին տարիները: Գուցե դա հետագա խմբագրումների արդյունք է, որովհետև նրա վարչարարական տաղանդի վերաբերյալ, այնուամենայնիվ, որոշ պատառիկներ կան, մանավանդ այն շրջանից, երբ Սյունյաց աշխարհի տանուտերն էր (Կորյունը հիշում է նրա աջակցությունը Մաշտոցին` դպրոցներ բացելու գործում, իսկ հետո էլ իբրև գնահատություն շնորհալի պաշտոնյայի ծառայության, հայտնի է, որ նշանակվել է Վրաց մարզպան: Այս պաշտոնը վարելու համար քաղաքական մեծ ունակություններ էին պահանջվում, քանի որ, բացի երկիրը հմտորեն կառավարելուց, նաև մշտական բանակցությունների միջոցով պետք էր տերության սահմաններն ապահովել կովկասյան ցեղերի ներխուժումներից: Վասակը հաջող կատարեց նաև այս պարտականությունները: Այսպիսով, նա Հայաստանի մարզպան դարձավ արդեն որպես վարչատնտեսա կան մեծ փորձառություն և քաղաքական թրծվածություն ունեցող պետական գործիչ: Կողմնակի փաստեր կան, ըստ որոնց՝ այդ տարիներին երկրի կառավարումն ընթանում էր նորմալ, կանոնավոր հունով, տնտեսության ու առևտրի վերելքով: Նրա մասին մի շիտակ գնահատական է փրկվել Ստեփանոս Օրբելյանի Պատմության մեջ:
Սա է. «Վասակը շքեղ ու բարձր էր մեր Հայոց աշխարհում, չափազանց հարգված ու երևելի՝ արքունիքում»:

Եվ իրավամբ այս փառավոր հայ իշխանը` Հայաստանի փոխարքան, պիտի վիրավորվեր, երբ Տիզբոնը առանձին մի հանձնարարությամբ երկիր է ուղարկում Դենշապուհ աստիճանավորին: Առերևութապես կարծես թե ամեն ինչ կարգով էր արված, բայց և այնպես, խորթությունը զգացնել տվող մի քայլ էր դա: Վասակը գիտեր, որ Հայաստանի հանդեպ կտրուկ շրջադարձ ազդանշող այս ձեռնարկն ամենևին կապված չէ իր անձի, առավել ևս իր պաշտոնավարության հետ: Նա ինքը շատ լավ տեսնում էր եկեղեցու անհանգստությունը, որը, բավարարված չլինելով սեփական կարգավիճակով, կռվազան դժգոհությամբ ընդհանուր լարվածություն էր առաջացնում երկրում: Հայ–պարսկական հարաբերություններում ռազմական, տնտեսական, քաղաքական ու քաղաքացիական հարթությունների վրա խոշոր ընդհարումների որևէ ուրիշ պատճառ չկար: Կար անվստահություն, որը Պարսից արքունիքը եկեղեցու պատճառով տարածում էր գրեթե անխտիր բոլոր հայերի վրա:

Ու թեև պետական այր Վասակ Սյունին հասկանում էր Մեծ հազարապետ Միհրներսեհի մտահոգությունն ու Սասանյանների երկրի ներքին կյանքը կարգավորելուն ուղղված նրա ջանքերը, բայց Հայոց իշխաններից երևելին՝ Վասակ Սյունին վիրավորված էր, որ արքունիքում իրեն շրջանցեցին ու Հայաստանին վերաբերող հարցերում իր կարծիքը չիմացան: Իսկ ինքը ծրագիր և նպատակ ուներ:

Ի տարբերություն իշխանավոր շատ հայերի, նա գիտեր՝ ինչ է հնարավոր անել Պարսից տերության մեջ և այդ հնարավորության սահմաններում կամենում էր բարձրացնել իր երկիրը: Երկար ժամանակ Վասակ Սյունին, Հայաստանյայց եկեղեցու բյուզանդամետ գործունեությանը հակառակ, ինչպես Հայոց ավագների ու եկեղեցու հայրերի, այնպես էլ պարսկական բարձր դասի հետ համբերատարորեն աշխատանք էր տանում՝ ընդունելի դարձնելու համար այն միտքը, որ Հայաստանը խաղաղ պահելու համար հարկավոր է վերականգնել Հայոց գահը՝ թագավորական ժառանգական իրավունքը հանձնելով Սյունյաց տանը: Բայց այս գաղափարի հակառակորդները ոչ այնքան Տիզբոնում էին, որքան Արտաշատում` հայոց բարձրաստիճան հոգևորականության ու նրանց միաբան նախարարների շրջանում: Եկեղեցին դեմ էր և անձամբ Վասակ Սյունուն, որովհետև նա բնավորությամբ ավելի քան ինքնուրույն էր, ուներ իր շահերն ու գաղափարները և երբեք չէր համաձայնի եկեղեցու խնամակալությամբ իշխանությունը բաժանել Մամիկոնյանների հետ:

Այսկերպ հակասությունների տեղական բովանդակությունն աստիճանաբար դառնում էր ընդհանուրի մեջ հիմնականը, թեև երևացո ղը հայոց կյանքին պարսից կողմի միջամտությունների արձագանքներն էին: Եզակի դեպքեր եղան, երբ Տիզբոնի գործողությունները, այնուամենայնիվ, հայկական ոչ թե այս կամ այն կողմի համար էին մերժելի լինում, այլ դժգոհությամբ էին ընդունվում բոլորի կողմից: Նման արձագանք ունեցավ Դենշապուհի տեսչական այցը:

Եկեղեցին իր առանձին պատճառն ուներ, բայց դժգոհ էր նաև Վասակ Սյունին: Դենշապուհը, անծանոթ լինելով երկրին ու մարդկանց, պարզունակ ձևերով սիրաշահում էր այս կամ այն նախարարին, որով և բաժանման գծեր էր քաշում հայ նախարարության մեջ: Վասակը հետևողի դերում էր: Նա հանդուրժում է իր հետին պլան մղվելը միայն մեկ պայմանով. հանկարծ Դենշապուհն անգիտորեն չափազանցություններ չանի և որևէ ուրիշ մի նախարարի առաջ չմ ղի: Որքան պոռթկուն ու կարծր բնավորության տեր, նույնքան էլ համբերատար ու սպասող էր Վասակը: Վարժվել էր: Փորձառություն ուներ: Իրեն չհարցրին, ուրեմն ստիպված կդիմեն: Եվ հիմա Վասակն սպասում էր այդ ժամին: Սակայն Պարսից արքունիքն այն ժամանակ դիմեց Վասակ Սյունուն, երբ հարկավոր էր արդեն իրադարձությունների բուռն ընթացքը փոխել...

Ընդհանուր էր դժգոհությունը նաև կրոնափոխության առաջարկից: Եկեղեցու հայրերի հետ միասին Հայոց Մեծերը նույնպես ընդունելի չհամարեցին և պահանջը, և պահանջելու ձևը: Վասակ Սյունին նրանց հետ էր և նրանց գլխավորներից մեկը: Միհրներսեհը սայթաքել էր: Նրան վատ ծառայություն էին մատուցել թե Դեն շապուհը, թե շահասեր խորհրդատուները և թե զրադաշտական կրոնավորները: Պահը կորսված էր: Հայաստանյայց եկեղեցուն, տերության մյուս քրիստոնեական եկեղեցիների պես, գուցե թե կարելի էր ավելի հանգիստ «սանձել», եթե ժամանակին պաշտպանեին այլևս համաիրանական գահի համար ոչ մի վտանգ չներկայաց նող վերջին Արշակունիների պայքարն ընդդեմ եկեղեցու մեծամեծ նկրտումների:

Իսկ այսպես, միաժամանակ փորձել և՜ եկեղեցուն խեղճացնել, և՜ նախարարներին անտեսել՝ պարզապես անհնար էր: Մյուս կողմից՝ եկեղեցու հույսերը, թե իր համոզմունքներում աննահանջ մնալու դեպքում Տիզբոնը վաղ թե ուշ կընկրկի՝ ի դերև դարձան: Եվ քանի որ հիմա արդեն իր լինել–չլինելու հարցն էր մեջ տեղ բերվել, սեփական փրկության համար եկեղեցին պատրաստ էր ողջ ժողովրդին, ամբողջ երկիրը ներքաշել աննախադեպ փորձության մեջ: Միհրներսեհն այդ բանը չէր նախատեսել:

Վասակ Սյունին ամեն մի անցուդարձ ու տրամադրություն գիտեր, տեսնում էր, զգում էր: Հրովարտակով Ատյան կանչված Հայոց 10 նախարարների ցուցակն սկսվում էր Սյունյաց Վասակ անունով: Մեր մատենագիրները՝ Եղիշեն և Փարպեցին, Տիզբոնում Վա սակի պահվածքի, ունեցած հանդիպումների մասին հասկանալի պատճառով որևէ բան չեն ասում: Նրանց խնդիրն այլ էր՝ կերպարներ ստեղծել և դրանք համոզիչ ներկայացնել: Մեծ ատյանում Հազկերտի ցասմանը հայ նախարարները դիմանում և ընդդիմանում են խմբով: Եղիշեն նրանցից որևէ մեկին չի առանձնացնում, փոխարենը Փարպեցին առավել քան ընդգծում է Վարդան Մամիկոնյանին:
Այդ պահից սկսած Ղազար Փարպեցին (կամ գուցե հետագա խմ բագրողները), վկայաբանության կանոնների համաձայն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին նախապատրաստում են նահատակության պսակի համար: Փարպեցին մեկ ուրիշ խնդիր էլ է լուծում այս դրվագով. նա բազմաթիվ պատճառաբանություններ է բերում նախարարների ուրանալու առերեսությունը համոզիչ դարձնելու համար: Իսկ ուրացումը եկեղեցու կողմից անպայման առերես պիտի համարվեր, որպեսզի հետագայում Վարդանանց քրիստոսասիրության վրա ստվեր չնետվեր, ինչպեսև այդ մեծագույն մեղքը տանելի լիներ (ի դեպ, ուրացողների թվում նաև քահա նաներ կային):

Հետաքրքիր է, որ ուրացած նախարարները Հայաստան են վերադառնում մեկ հավաքական դեմքով: Նրանցից որևէ մեկին, որևէ կերպ պատմագիրները չեն առանձնացնում: Բոլորը մեկ ամբողջու թյուն էին՝ ուրացողներ: Նրանք Հայաստան են վերադառնում ուղեկցող հսկիչ այրուձիով ու 700 մոգերով: Նախարարներից ոչ մեկը ոչնչով չէր տուժել: Հազկերտը բոլորի պատիվներն ու գահերը վերականգնել էր, առաջ քաշել ու երևելի դարձրել «իր ամբողջ տիեզերական իշխանության մեջ», յուրաքանչյուրին անչափ առատությամբ ագարակներ ու ավաններ շնորհել արքունիքից (իհարկե՝ Արշակունյաց տան հարստությունից): Միայն Վասակ Սյունին էր ծանր սրտով վերադառնում. նրա Բաբիկ և Ամիրներսեհ որդիներին Հազկերտը պատանդ պահեց Տիզբոնում, որովհետև շատերին էր հնարավոր սիրաշահել, բայց եթե զսպել էր պետք, ապա միայն Վասակին՝ Սյունյաց տանուտերին: Հազկերտն իր փոխարքային լավ էր ճանաչում...

Այնուամենայնիվ, Հայոց ապստամբության ղեկավարը Վասակ Սյունին եղավ, ոչ այլ մեկը: Հայաստանը նրա համար չափազանց թանկ էր, որպեսզի հանուն պաշտոնակալության ինչ–ինչ զիջումների գնար: Նույնիսկ զավակների կյանքին սպառնացող վտանգը նրան հետ չէր պահում այն սևեռուն գաղափարից, որն արդեն իր կյանքի իմաստն ու էությունն էր. ժառանգական գերագահ աթոռ հաստատելով՝ երկրում շեն ու խաղաղ կյանք ապահովել, իսկ շրջակա աշխարհին հարգանք պարտադրել:

Դեռևս Հայոց աշխարհի ուժերն անդառնալիորեն ջլատված չէին, և Վասակը Հայաստան երկրի ընդգրկումով էր մտածում: Նա կարող էր, այդ իրավունքն ուներ, և Պարսից արքայից արքան իր համար չափելի ուժ էր: Հարկավոր էր միայն հայոց իշխաններին, ի մի բերելով, բռունցք դարձնել:

Անգղի դեպքերից հետո այդ բռուցքի կազմակերպիչն ու ղեկավարը Վասակ Սյունին էր, ոգեշնչողը՝ եպիսկոպոսաց դասը: Այս շրջանում առանց Վասակի եկեղեցին չէր կարող ոչինչ անել. Վասակը երկրի օրինական բարձրագույն իշխանությունն էր, և նրա կոչը, նրա խոսքը մեծ կշիռ ուներ, որովհետև Վասակը հեղինակավոր մարդ էր ողջ տարածաշրջանում: Երբ հարևան ժողովուրդների հետ նրա ներկայացուցիչները բանակցություններ էին վարում, համարվում էր, որ պատվիրակներն իսկապես ողջ հայ ժողովրդի անունից են խոսում: Վասակը պարզապես ապստամբների հետ չէր, նա գլ խավորում էր ապստամբությունը: Եվ որոշ նախարարների պես ընտանիքն ու հարստությունները չէր տեղափոխել բյուզանդական հատված, ապա նոր ուխտի մեջ մտել:

Վասակն ապստամբել էր Հազկերտի դեմ՝ պատանդության մեջ զավակներ ունենալով: Նա անկեղծ է իր բողոքի մեջ: Նա մերժում է հազկերտյան քաղաքականությունը. Պարսից արքունիքը եթե խնդիր ուներ Հայոց եկեղեցու հետ, նրան ճանաչում էր իբրև բյուզանդական գործակալ իր երկրում, ապա նրան էլ պայմանների մեջ պիտի դներ և ոչ թե կրոնափոխությամբ խառնաշփոթի մատներ ամեն ինչ ու փորձեր այդպես ծունկի բերել Հայաստանը: Վասակն առաջարկել էր այլ ծրագիր. վերականգնել Հայոց գահը, ամրացնել թագավորական տան թիկունքը՝ այդ ձևով խաղաղեցնելով ու հանդարտեցնելով և՜ երկիրը, և՜ եկեղեցուն՝ իշխեցողի դերին հավակնողին: Վասակը ծածուկ տեղից խռովություն հրահրող չէր, նա ապստամբող էր և ապս տամբություն գլխավորող: Փորձառու և շրջահայաց քաղաքական գործիչը հանձն առավ ուղղորդել արդեն պատերազմական բնույթ ստացած ծավալուն ընդվզումը, որովհետև ինքն անձամբ համաձայն չէր Հազկերտի հետ, և ինքը միակ հայ գոր ծիչն էր, որ կարող էր Պարսից արքայի հանդիման կանգնել իբրև առաջնորդ, որի թիկունքում երկիր կար:

Մյուսները մասնակի շահեր էին հետապնդում:

449 թ. աշուն – 450 թ. ամառ. շուրջ մեկ տարի Հայոց աշխարհը միակամ էր, կազմակերպված և ուժեղ: Երկիրը մաքրվել էր պարսկական կայազորներից ու հոգևորականներից, զորքը մեկ գերագույն հրամանատարության տակ էր և մարտունակ, շրջակա ժողովուրդներն ու երկրներն ընդունում էին հայերի չենթարկվելու ճշմարտացիությունն ու իրավունքը: Վասակ Սյունու վարազադրոշմ կնիքով հաստատված նամակները հասնում էին մինչև Կովկաս, Կոստանդնուպոլիս և Անտիոք:

Դրանք բացատրություններ էին ու դաշնակցելու կամ գոնե աջակցելու հորդորներ: Քաղաքական և կազմակերպական հաջողությունները նաև ռազմական հաղթանակներով ամրապնդվեցին. Վարդան Մամիկոնյանի գլխավորու թյամբ հայոց հարվածային զորախումբը մեծ ռազմերթ կատարեց Վրաստանով մինչև Ճորա պահակ: Արդյունքը փայլուն էր, հաղթությունը՝ կատարյալ: Հայաստանը, նրա հետ միասին նաև Վիրքը և Աղվանքը ամբողջովին դուրս եկան Սասանյան տերության ենթակայությունից: Տիզբոնը դժվարին վիճակի մեջ ընկավ. նա չէր կարող երկու հավասարազոր ծանրության ճակատ ունենալ՝ քուշանական և հայկական:

Եվ 450-ի ամռանը Միհրներսեհը շտապեց Փայտակարան: Այստեղ պիտի որոշվեր խաղաղության կամ պատերազմի հարցը: Հազարապետն արդեն զգացել էր, որ վրիպել է՝ թերագնահատելով և՜ հայոց ուժերը, և՜ Վասակ Սյունուն: Նա պատրաստ էր պահանջների մեջ նահանջ կատարել և դրա համար էր հասել Հայաստանի սահման, սակայն դեռ փոխզիջման չափը պիտի ճշտեր: Միհրներսեհը համոզվել էր արդեն, որ Հայաստանը նշանակովի կառավարիչներով խաղաղ պահելն անհնար է: Այն երկիրը չէ: Ի դեպ, ոչ մի տարբերություն՝ մարզպանը պարսի՞կ է լինում, թե՞ հայ: Նա նույնպես վերջնականապես հակվել էր այն մտքին, որ հարկավոր է վերականգնել Հայոց գահն իբրև ժառանգական պաշտոն, բնականաբար, կառավարչական այդ բացառիկ իրավունքը տալով Սասանյանների գերագահությունն ընդունող նախարարական տան: Ընտրությունը ևս կատարված էր. այդ նախարարությունը Սյունյաց տունն էր: Պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ հակամարտող կողմերի շահերը համընկնում են: Վասակ Սյունին իր անձնական հատկանիշներով Միհրներսեհի նոր ծրագրին համապատասխանող ամենահարմար թեկնածուն էր: Սյունին էլ պայ քարում էր հենց այդպիսի փոփոխության համար, գիտենալով, որ դրա իրականացումը միայն Տիզբոնի կամքով կարող էր լինել: Ինչպես տեսնում ենք, իր ձգտումներով շահամոլ ու ազգադավ, պարզունակ մի արկածախնդիր, իհարկե, չէր կարող նման հաջողության հասնել:

Այսպիսով, Հայոց գահի վերանորոգումը, կարելի է ասել, եղած բան էր: Միայն թե Միհրներսեհը պիտի պահանջեր Վասակից հաստատապես խաղաղեցնել երկիրը, ի մի բերել հայ նախարարության գոնե մեծ մասին, մեղմել եկեղեցու կողմից կրոնական անհանդուրժողության հրահրումը, ընդունել վասալական պարտականությունները և... ստանալ ժառանգական պաշտոնը՝ Հայոց թագավորական գահը: Եվ մեծն Միհրներսեհը Փայտակարան բանակցելու է հրավիրում Վասակ Սյունուն՝ Հայաստանի փոխարքային: Գնալու համար Վասակը չի երկմտում: Նա վստահ է, որ Միհրներսեհը խաբեություն ու նենգություն չի անի՝ պարսիկների բանակատեղի ժամանած հա յոց պատվիրակությանը չի ձերբակալի: Վասակը հաղթել էր: Նրա հաղթանակը հիմնավոր էր և իր կողմից նախապես հայտարարված:

Դա ամենից առաջ մտքի և քաղաքական ռազմավարության հաղթանակ էր: Վասակը համոզված էր, որ Միհրներսեհն ընդունել է իր սխալը, և որպեսզի այն պարտության չվերածվի, պիտի խելամիտ զիջումներ անի: Միհրներսեհը Վասակին կանչում էր, որպեսզի իր վրիպումը շտկի: Արդեն եղել էր Խաղխաղի ճակատամարտը, Հայոց երկրի բոլոր ամրոցներից ու բնակավայրերից բառացիորեն դուրս էին քշվել պարսկական կայազորները, Վարդանի կողմից Ճորա պահակը քանդելուց հետո հոները ցանկացած պահի կարող էին ասպատակել տերության հյուսիսային կողմերը, Հայոց, Վրաց, Աղվանից մարզպանությունների և Հոնաց երկրի միջև ռազմական փոխօգնության դաշինք էր կնքվել, և այս ամենը չէր կարող մեծ նեղություն չլինել Միհրներսեհի համար:

Վասակի ինքնավստահությունը մեկ ուրիշ հիմք էլ ուներ. նա իրեն փոխարինողներ ապահովել էր և գիտեր, որ իր կորուստը ապստամբության ավարտ չի նշանակի: Սա եզակի դեպք է հայոց պատմության մեջ, որ երկրի առաջին դեմքը, իշխանը, կառավարիչը ամուր թիկունք է ունենում՝ կազմակերպված և պատասխան քայլի պատրաստ:

Հայաստանի մարզպանը, Պարսից տերության մեջ գահերեցությամբ երկրորդը, Հայոց Մեծաց թվում առաջինը՝ Վասակ Սյունին, ընդունել է Սասանյան Պարսկաստանի արքայից արքայի մեծ վեզիրի, հեղինակությամբ և ազդեցությամբ թագավորության մեջ երկրորդ մարդու, պետության փաստացի կառավարիչ Միհրներսեհ Վշնասպյայի հանդիպման հրավերը և վայել ձևով՝ իշխանաց խմբով, թիկնազորով ու քահանայաց դասին պատկաններով գնում է Փայտակարան: Ոչ թե զորքով, այլ զորակիցներով է գնում: Այնտեղ էր Միհրներսեհը, ուրեմն այդ օրերին Փայտակարանն էր Տիզբոնը: Վասակի հանդիպումը ոչ այնքան զորավար Միհրներսեհի, որքան պետական այր Միհրներսեհի հետ էր կայանալու: Այնտեղ նա չէր պատերազմելու, այլ իր ու իր երկրի արդար դժգոհության պատասխանները պիտի ստանար: Եվ Վասակը հարգանք պահելով՝ հարգանքի արժանացավ ու պարզորոշ պատասխաններ տալով՝ իր պատասխաններն ստացավ:

Վասակ Սյունու այս երթը որոշ չափով նմանվում էր Տրդատ Ա.–ի ուղևորությանը Հռոմ՝ Ներոն կայսրից Հայոց երկրի թագն ստանա լու: Դա 65 թվականն էր, երբ Մեծ Հայքը համընդհանուր ճանաչման արժանացած պետություն դարձավ, իսկ հիմա, 450–ին, Փայտակարանում պիտի տեղի ունենար մեծ հաշտությունը և մեծ համաձայնությունը՝ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնելու և Հայոց թագավորական հարստության փոփոխությունը հաստատելու մասին: Պարզապես դրանց վավերացումն ու համապատասխան հանդիսություններն էին հետաձգվելու մինչև խաղաղ ժամա նակներ: Եզակի նպաստավոր պահերից մեկն էր Հայոց աշխարհի համար՝ ուժը, խելքը և բարեպատեհությունը մեկտեղված էին...

Հանդիպման արարողամասը պատշաճ էր պատերազմական վիճակին, իսկ բանակցությունները կարճ էին, գործնական և արդյունավետ: Երկու մեծ այրերն իրար լավ գիտեին, փոխադարձ մեծ հարգանք ունեին և աշխարհը վերաբաժանելու խնդիր չունեին: Հանդիպել էին ճշտումներ ու շտկումներ անելու: Պատերազմի կամ խաղաղության հարցն էին լուծում, և ամեն հարց իր գինն ուներ: Խաղաղության գինը տվեց Պարսից Մեծ հազարապետը: Նա, որ «ամբողջ Պարսից պետության իշխանն ու հրամանատարն էր, որի անունն էր Միհրներսեհ, և ամենևին մեկը չկար, որ համարձակվեր նրա խոսքից դուրս գալ: Եվ ոչ միայն մեծամեծերն ու փոքրերը, այլև թագավորն ինքը լսում էր նրա խոսքին»:

Հայտարարվեց ամենքին և ամեն կողմ, որ արքայից արքան ներում է ապստամբներին, դավանանքի ազատություն է շնորհում հայերին, հարկերի թեթևացում է անում, Հայոց այրուձին պահելու ծախսն է հոգում և, ամենակարևորը, Արյաց արքան կամենում է վերականգնել Հայոց հինավուրց ու պատվավոր թագավորական գահը Սասան յանների տերության կազմում: Պատերազմը հեռացավ: Այլևս անիմաստ դարձավ թշնամությունը շարունակել, երկիրը տկարացնել: Հաղթությունն ընդհանուր էր, երկուստեք:

Հաղթող էր Միհրներսեհը: Նա հիրավի իմաստուններից իմաս տունն՚ էր ու նախ՝ ինքն իր հետ ունեցած կռիվը պարզեց. ընդունեց վրիպումը, կործանարար համառություն չարեց՝ հետ կանգնեց հայերի հետ պարտադրանքի լեզվով խոսելու մտքից: Իսկ հայերին կրկին տվեց ընդամենը այն, ինչ իրենցն էր անտի, պարզապես Հա յաստանի կառավարման ձևը փոխեց ու նախարարների մեջ առաջին բարձն ունեցողին թագավորական գահ խոստացավ: Եղիշեն թեև խեղում է իսկությունը, բայց ակամայից ճշմարտությունն է ասում, երբ գրում է, թե Միհրներսեհը «խոստացավ նրան (Վասակին. Հ. Դ.) ավելի մեծ իշխանություն, քան թե ուներ, և նրա ուշքը դարձրեց այնպիսի սնոտի բաների վրա, որ իր իշխա նությունից վեր էր, իբր թե նրան վայել է թագավորական վիճակի հասնել. միայն թե այս գործի հնարը գտնի, թե ինչպես պետք է քանդել Հայոց ուխտի միաբանությունը, և թագավորի կամքը կատարվի այն երկրում»:
Եթե մարտնչող եկեղեցականի վերաբերմունքը մի կողմ դնենք, ապա կտեսնենք, որ սա հարաբերությունները կարգավորելու միանգամայն լուրջ ու հստակ ծրագիր է: Քերել է պետք հեղինակային ատելության շերտն այդ եզակի գրավոր աղբյուրի չորրորդ գլխի էջերից ամբողջությամբ, և պարզորոշ կերևա Փայտակարանի հաղթության արևը: Երկպսակ հաղթության արևը...

Վերջապես այդ կարևոր շտկումն էր կատարվում. Արշակունյաց արքայատոհմի փոխարեն Սյունյաց տունն էր արժանանում Հայոց երկրի գործերը ժառանգաբար վարելու պատվին: Այս քայլով Միհրներսեհը ոչինչ չէր կորցնում, բայց Պարսկաստանի համար Հայաստանն ու ողջ Այսրկովկասն էր շահում: Մեծ հազարապետը Վասակ Սյունի հակառակորդի փոխարեն բարեկամ ու դաշնակից էր ձեռք բերում: Մնում էր պարզապես նախատեսված գործերը կարգավորել, իսկ դա արդեն Վասակի անելիքն էր: Միհրներսեհը զորքը վերցրեց ու գնաց տերության արևելյան անհանգիստ կողմերը: Պարսից բանակը Հայաստան չմտավ:

Հաղթող էր Վասակ Սյունին: Նա կանխեց ապստամբությունը տևական պատերազմի վերածվելու վտանգը, այնուհետև մեկ տարվա զինյալ պայքարի պատճառները հիմնավորեց «Պարսից պետության իշխանի» առաջ ու հայկական կողմի բոլոր պահանջների բավարարումն ստացավ: Ի հարգանք Վասակի՝ ներվեցին Հայաստանում զրադաշտական սրբությունների պղծումն ու մոգերի սպանությունները և, վերջապես, հայերից շատերի բաղձալի ցանկությունն իրականացավ՝ պարսկական մասի Հայոց երկիրն ամբողջականորեն, առանց մասնատելու, կրկին թագավորություն դարձնելու հավաստումը եղավ: Վասակն այնպես հիմնավորեց իր բոլոր քայլերը, որ ապստամբության գլխավորը լինելով՝ հակապետական անձ չհամարվեց, ճիշտ հակառակը՝ թագի խոստումը հաստատապես ստացավ: Իր ու իր տոհմի, բայց, առաջին հերթին, երկրի համար ստացավ: Այսքանի դիմաց Փայտակարանում Վասակի տված գինը Սասանյանների դեմ չգործելու և Պարսից պետության մաս մնալու խոստումն էր: Ընդամենը:

Վասակ Սյունին հաղթանակած վերադարձավ Հայաստան, բայց եկեղեցու հայրերն ու նախարարաց դասի մի մասը չընդունեցին այդ հաղթությունը: Ինչո՞ւ: Արդյոք հնարավո՞ր էր Փայտակարանում ավելին ձեռք բերել, և եթե այո, ապա ո՞րն էր այդ առավելը:

Դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ վասակյան դիվանագիտական նվաճումը մերժողների կամեցած «առավելը» քաղա քական չէր, ընդհանուրինը չէր, երկրինը չէր՝ մասնավոր էր: Եկեղեցին դժգոհ էր, որ իր ոչ բոլոր իրավունքներն են վերականգնվել: Նրան հարկավոր էին նաև իր աշխարհիկ արտոնությունները, իսկ որ ազատ, առանց վախի ու հետապնդումների կարող էր ծիսակատարություն անցկացնել, և ցանկացողն էլ բացահայտորեն քրիստոնեություն դավանել՝ էական չէր: Եկեղեցին զայրագնորեն մերժեց Վասակ Սյունու հաղթանակը, որովհետև տեսավ, որ այն, ինչ իրեն տրվում էր այս պայմանավորվածությամբ, վերջնական է ու երբեք ոչինչ չի ավելացվելու: Այսինքն՝ Սյունիների իշխանապետու թյան հաստատումով վերջ են գտնելու Լուսավորչի ժառանգների նկրտումները: Մեկուկես հարյուրամյակ այդ տոհմը պայքարում էր Հայաստանում գերիշխելու համար, և հիմա Սյունին գալիս էր զրոյացնելու ամեն արած: Ուրեմն, վե՜րջ Եկեղեցու սուրբ ուխտից հրաժարվողին, վե՜րջ անօրենին: Այսուհետ թշնամին Վասակ Սյունին է:

Եվ քանի նա հեռվում է, եկեղեցին իր քայլերն է անում. Արտաշա տում նոր ժողով է հրավիրում` այն ավելի շուտ վերածելով համակիրների զորահավաքի...

Հիմա Վարդան Մամիկոնյանի հետ գանք մինչև այդ նույն ժողովը: Վարդանի զինվորական կարիերան ավելի շուտ բարձրագույն պաշտոնների շարան է, որն իհարկե բացատրվում է նրա ծագումով՝ Մամիկոնյան սերումով: Դեռևս 420 թվին Թեոդորոս Բ. կայսեր հրամանով նա նշանակվում է բյուզանդական մասի ստրատելատ (զո րավար): Իր պապի՝ կաթողիկոս Սահակ Պարթևի խնդրանքով, 422 ին Հայոց թագավորության սպարապետ է ճանաչվում Պարսից արքա Վռամ Գոռի կողմից: Կրկին անգամ Մարզպանական Հայաստանի սպարապետ է հաստատվում 432 թվին:

Նա զինվորական էր ժառանգաբար և էությամբ: Այսպես գիտե ժողովուրդը նրան: Ցավոք, մինչև քուշանների դեմ պատերազմում Վարդանի գլխավորությամբ Հայոց այրուձիի մասնակցությունը, որևէ այլ տեղեկություն չկա սպարապետի մարտական կենսագրության մասին: Փարպեցին հիշատակում է, որ իբրև վասալ «արյաց արքայի», Հայոց սպարա պետը այրուձիով Մարվիռոտում մասնակցել է հոների դեմ պատերազմին: Այդ տարիներին «Արյաց աշխարհի համար նրա մեծամեծ գործերը հիշում են շատ զորագլուխներ և ուրիշ պարսիկներ»: Վարդանն իր քաջությամբ անչափ օգտակար էր Արյաց թագավորի աչքում:

Ճակատագրի տնօրինությունն էր, որ նա, Հայաստան վերադառնալով, այս անգամ պիտի պատերազմեր հենց նույն Արյաց թագավորի դեմ: Անգղի պոռթկումից հետո եպիսկոպոսների ժողովը նորից նրան է վստահում սպարապետական պաշ տոնը: Այսպիսով, ձևավորվում է ապստամբության ղեկավարությունը. Վասակ Սյունին ընդհանուր կազմակերպիչ, եպիսկոպոսները՝ գաղափարախոսներ, քահանաները` քարոզիչներ և, վերջապես, Վարդան Մամիկոնյանը՝ զորքերի գլխավոր հրամանատար: Սակայն ոչ այնքան պատմագիրները, որքան պատմաբանները հետագայում ջանացին, որպեսզի Վարդանը համարվի ապստամբության ղեկավարը, թեև այդպես չի եղել, և նա միայն գլխավոր հրամանատարն էր՝ սպարապետը: Այդ պահին ու մինչև Ար տաշատի երկրորդ ժողովը: Բոլոր սկզբնաղբյուրներում Վարդանը միայն հրամանատար է:

Ապստամբության ծավալման փուլում հայկական զորաջոկատները հարձակվեցին այն բերդերի և ավանների վրա, որ երկրի զանազան ամուր տեղերում գրավել էին պարսիկները, կործանեցին– քանդեցին նրանց բնակավայրերը... Այս բոլորը ամեն մեկն իր գյու ղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տա րին առան ու կործանեցին...: Եղիշեն չի նշում, թե ով էր այս ամենի գլխավորը, բայց պարզ երևում է, որ դրանք տարերային բնույթ չեն կրել և, իհարկե, մշակված ու համադրված մարտական գործողություններ են եղել: Ամրոցներ գրավելու Վարդանի փորձառությունն է զգացվում այստեղ: Իսկ ճակատամարտելու, առավել ևս պատերազմ վարելու արվեստը, որի շնորհքն ունենալու հռչակի տերն էր մեր սպարապետը, փայլուն կերպով դրսևորվում են նրա հայտնի ռազմարշավում:

Երկիրն ամբողջովին ապստամբների բացարձակ իշխանության տակ էր, և ապստամբությունը հաջող էր ընթանում, որովհետև կազմակերպված էր խելացի, ճշգրիտ հաշվարկված ու նպատակային քայլեր էին արվում և, ընդհանրապես, ամեն ինչ պատճառաբանված էր:

Հաջորդ գործողությունը երկրի թիկունքն ապահովելն էր: Վիրքը համակրանքի ցույցեր էր անում, բայց, թույլ լինելով, ոչնչի ընդունակ չէր, իսկ Աղվանքը պարզապես անհաջողություն կրեց, և աղվան ապստամբների զորաջոկատների մնացորդները ստիպված քաշվել էին Կովկասյան լեռները: Թեև Վասակ Սյունու մարզպան նշանակվելուց հետո (442 թ.) կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը Սյունիների պարտականությունն էր համարվում, ինչը նրանք, խելամտորեն կատարելով, մեծ հարգանք ու հեղինակություն էին ձեռք բերել ինչպես այսրկովկասյան ժողովուրդների, այնպես էլ լեռնականների և հոների շրջանում, բայց այդ լեռնանցքները պահող կայազորները խառնակազմ էին կամ միայն պարսկական, հետևաբար հարկավոր էր հսկողությունը վերահաստատել: Իսկ վերահսկել «դռները», նշանակում էր հարկ եղած դեպքում նաև օգտվել հյուսիսային դաշնակիցների անմիջական օգնությունից:

Ռազմաստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող այս առաջադրանքն էր, որ պիտի կատարեր սպարապետն իրեն հատկացված զորագնդով:

Ի դեպ, այն բոլոր պատմասացները, որ միալար և գրեթե նույնաբառ գրում են, թե Վասակը Վարդանին դիտմամբ ուղարկեց Աղվանք՝ ընդդիմությունը թուլացնելու և Վարդանին վտանգի ենթարկելու մտադրությամբ, երկու պահ հատուկ շրջանցում են. առաջին, որ Վարդանի ռազմերթը մինչև Արտաշատի ժողովն է եղել, այսինքն՝ երբ ապստամբության ղեկավարության մեջ երկպառակություն դեռ չկար, և հետո՝ ո՞ր տկարամիտ առաջնորդը կարող է պատերազմում հաջողություն ակնկալել, առանց հարձակումներից ապահովելու երկրի թիկունքը: Իսկ Վարդանն ուղարկվեց Հայաստանի թիկունքն ապահովելու: Նույն կարծիքն ունի և պարսիկ պատմաբան Էնայաթոլլա Ռեզան: Նա գրում է, որ «Վարդան զորավարի նշված գործողությունները մի նպատակ էին հետապնդում` պահպանել Հայոց աշխարհի անվտանգությունը»:

Չլիներ աղվանների պարտությունը, իհարկե, այս ռազմերթի կարիքը չէր լինի, և ընդհանուր ապստամբության հյուսիսային կամ կովկասյան ճակատը կպահեին աղվանները, գուցե նաև մասամբ վրացիները: Բայց այդպես չեղավ, որովհետև Ճորա կողմերի սահ մանապահ մարզպան Սեբուխտ Նիխորականի շնորհիվ այդ երկրամասը Պարսից պետությանը ենթակա մնաց: Հիմա նա, իմանալով «հայերի գալու մասին», փութաց անցնել Կուր գետն ու ընդառաջ ելնել Վարդանին: Եվ երբ Վիրքի սահմանագլխի վրայով Հայոց զորագունդը մտավ Աղվանք, ապա դեռ չխորացած՝ Խաղխաղ քաղաքի մոտ հանդիպեց պարսից զորքին:

Սեբուխտը աչալուրջ զորական էր և իր պարտականությունները պարտաճանաչորեն էր կատարում՝ հակառակորդին դարպասների մոտ էր դիմավորում: Մարտն անխուսափելի էր: Թեև պարսկական բանակը հայոց զորքին մի քանի անգամ գերազանցում էր, բայց հայերը կատարյալ հաղթանակ տարան: Խաղխաղի ճակատամարտը նվազաթիվ ուժերով թշնամու մեծաքանակ զորքը գլխովին ջախջախելու փայլուն օրինակ դարձավ: Բուն Աղվանք մտնելով` Հայոց զորագունդը այլևս որևէ դիմադրության չհանդիպեց: Եվ կատարվեցին արարմունքներ (ավարառություն, դիակապտություն), որոնք դժվար են միանշանակ բնորոշվում. դրանք պատժիչ զորաջոկատի՞, թե՞ ազատարար բանակի գործողություններ էին: Մանրամասնելը մեզ համար կարևոր չէ, կամեցողը կարող է Եղիշե ու Կաղանկատվացի կարդալ: Շարունակության մեջ ասենք միայն, որ Հայոց ապստամբությունը նպատակ ու գաղափար ուներ, և այդ նպատակն ու գաղափարն իրականացնելու համար էր հայկական զորագունդը մտել Աղվանք: Հետևաբարև գործում էր պատերազմական օրենքներով...

Հայոց բանակի այդ ներկայությունից ոգևորված` լեռների ան մատչելի ծերպերում պահ մտած աղվանները իջան ու ջոկատներով միացան Վարդանի գնդին: Այնուհետև արշավանքն արդեն շարունակեց հայ–աղվանական միացյալ զորքը, որն առաջին հերթին ոչնչացնելով Աղվանքի մայրաքաղաք Կապաղակից հյուսիս գտնվող «Դրոնք Աղուանից» լեռնանցքը պահող պարսից կայազորը, ապա գնաց Ճորա պահակի վրա: Այստեղ էր պարսկական սահմանապահ զորքի պետի՝ մարզպետի ռազմական կայանը, և այստեղից այն կողմ էր սկսվում Հոնաց երկիրը: «Առան, քանդեցին պահակը և կոտորեցին ներսում բնակված զորքը և Դուռը հանձնեցին Վահանին, որ Աղվանների թագավորների ցեղից էր»: Նույն Վահանն ուղարկվում է հոների հետ բանակցելու և դաշն կնքելու, ինչը հաջողվում է. հոները, ինչպես նաև հարևան լեռնցիները խոստանում են չօժանդակել պարսիկներին, այլ օգնել հայերին ու աղվաններին:
Հայոց զորագնդի հաղթանակների մասին լուրերը, ինչ խոսք, հասան և՜ Տիզբոն, և՜ Հայաստան՝ մի տեղ մեծ ոգևորություն, մյուս տեղում՝ լուրջ անհանգստություն առաջացնելով: Իսկ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր առաջադրանքը հաջող կատարելուց հետո այլևս անելիք չունենալով Ճորա պահակում՝ շտապեց մինչև ձմեռ վերադառնալ Հայաստան: Զորավար Վարդանի հաղթանակները զուգահեռաբար ամրապնդեց դիվանագետ Վասակը՝ Փայտակարանում:

Հայոց ապստամբությունը փառահեղ հաղթության մեջ էր, բայց... մարզպան Վասակ Սյունու և սպարապետ Վարդան Մամիկոնյանի համար Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոսաց դասը տարբեր ընդունելություններ էր պատրաստել:

Առջևում Արտաշատի երկրորդ ժողովն էր...

Թեև արդեն հիշատակել ենք այդօրինակ մի քանի ժողովների մասին, բայց արժե նորից ներկայացնել, թե ինչ առանձնահատուկ նշանակություն ու իրավասություն ունեին դրանք նախկինում և հետարշակունյաց շրջանում: Նման ժողովները սերում էին նահապետական ժամանակների աշխարհաժողովներից, երբ Բագավանում, Նավասարդի տոնակատարության օրը, Հայոց աշխարհի ավագները համաժողովրդական գործեր վճռելու համար հավաքներ էին գումարում: Այդ համաժողովները մեծ լիազորություններ ունեին և դրանց կայացրած որոշումները պարտադիր էին բոլորի համար: Հետագայում եկեղեցին աշխարհաժողովի պարտականությունները հանձնեց այն ժողովին, որը թեև գումարվում էր կաթողիկոսի նախաձեռնությամբ և հիմնականում եկեղեցական բնույթի էր, բայց նրան նույնպես մասնակցում էին նախարարներն ու ազատանին՝ ոստանիկները, սեպուհները:

Ահա այս կարգի ժողովն էր, որ, ավանդույթի ուժով, նախորդի նման համաժողովրդական օրենսդիր մարմին էր համարվում և 450 թ. աշնանը, եպիսկոպոսաց դասի ահազանգով, կրկին գումարվում է Արտաշատում ու Հայոց կառավարություն կազմելու որոշում կայացնում:

Հռչակվում է Տանուտիրական Հայաստան, կազմվում է կառավարություն, նշանակվում են գլխավոր պաշտոնյաները. Վարդան Մամիկոնյանը՝ Հայոց տանուտեր և զորքերի սպարապետ, Վահան Ամատունին՝ հազարապետ, Խորեն Խորխոռունին՝ մաղխազ, Հովսեփ Ա. Հողոցմեցին՝ Մեծ դատավոր: Կառավարության առաջին գործը լինում է հայտարարել եկեղեցու և նախարարաց տների նախկին արտոնությունները վերականգնելու մասին, երկրորդ գործը՝ ուխտապահ նախարարների ռազմական ուժերը նախապատրաստել վճռական գոտեմարտի: Եվ այս ամենը՝ հակառակ Վասակ Սյունու, ընդդեմ նրա իշխանության:

Սա արդեն խռովություն էր հայկական իշխանության դեմ:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3948 reads | 07.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com