ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆՍ ՍԻՐԵՍՑԵ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հայելանման էֆեկտը և նմանակելը արվեստ է, շատ նուրբ հոգեբանական երևույթ, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական, անգամ վտանգավոր կողմերը:

Այսպես` հմուտ մանիպուլյատորը կարող է ոչ միայն փնտրել նմանություն ձեր և սուբյեկտի միջև, այլև արհեստականորեն ստեղծել այդ նմանությունը: Եթե նա գիտի, օրինակ, դիմացինի անցած սիրո ողբերգությունը, կարող է նմանվել այդ սիրո առարկային իր պահվածքով, հագուստով ու ժեստերով և մանիպուլյացիայի ենթարկել նրան:

Հոգեվերլուծաբանի այցելուն, որը տանը չի կարողանում արտահայտել իր զգացմունքները ծնողների կամ ամուսնու նկատմամբ, սիրահարվում է իր հոգեվերլուծաբանին` պրոյեկտելով սեփական զգացմունքները նրա վրա, ով «հասկանում» է իրեն: Իրականում, սակայն, նրա զգացմունքներն ուղղված են ուրիշ կողմ, իսկ հոգեվերլուծաբանի նկատմամբ տածածն արհեստական սեր է:

Ի դեպ, կանայք չորս անգամ ավելի շատ են նմանակում կին զրուցակցին, քան տղամարդիկ տղամարդկանց (բացառություն են կազմում համասեռամոլականները):

Կանայք հազվադեպ են ընդօրինակում տղամարդկանց (բացառությամբ լեսբուհիների): Տղամարդիկ չեն սիրում իրենց ընդօրինակող կանանց, բայց նրանց դուր է գալիս, երբ դա անում է իրենց սիրո առարկան: Մինչդեռ տղամարդը հեշտությամբ շահում է կնոջ վստահությունը, երբ ընդօրինակում է նրա դիմախաղը:

Իսկ կանանց խորհուրդ չի տրվում չարաշահել դիմախաղը, որը վախեցնում է տղամարդկանց, ինչպես նաև արտացոլել այն զգացմունքներն ու հույզերը, որոնք հատուկ են իրենց:

Այն կինը, որը խոսում է դեմքի լուրջ արտահայտությամբ, տղամարդու կարծիքով, խելացի է, հեշտ ըմբռնող և ինտելիգենտ:

Նմանակումը պետք է լինի վերին աստիճանի զգույշ: Եթե դուք բացեիբաց կրկնօրինակեք ձեր զրուցակցի շարժումները, դիմախաղը, կեցվածքն ու խոսելաձևը, նա կարող է վիրավորվել կամ կասկածի տակ դնել ձեր հոգեկան վիճակը, որից նրա հետ շփումները շարունակելու մասին մտածելն իսկ ավելորդ է:




Նմանակումը երկսայր գործիք է: Եղեք զգույշ, բնական և, ամենակարևորը, մի կապկեք: Երբեք չի կարելի անցնել «կարմիր գիծը»: Այն խախտելու դեպքում դուք կունենաք հակառակ արդյունքը` շփումների խզում:

Նմանակումը, ինչպես հաղորդակցության բոլոր միջոցները, հատկապես դիվանագիտական հարաբերություններում պահանջում է նուրբ մոտեցում, տակտ և չափի զգացում: Պահեք այս չգրված օրենքը, և դուք ձեռք կբերեք հոգեբանական կարևոր բանալիներից մեկը, որը նկատելիորեն կհեշտացնի ձեր հաղորդակցությունը բոլոր մակարդակներով` անձնական կյանքում և աշխատանքում:

Ուրեմն` հարմարվեք դիմացինին զգուշորեն, աննկատ և աստիճանաբար: Հաղորդակցության սկզբում օգտվեք այսպես կոչված «ներկայացուցչական» եղանակից («representaion system»), որի օգնությամբ դուք կոդավորում եք զրուցակցի զգայական ողջ ինֆորմացիան` տեսողական, լսողական, կինեսթիկ, հոտառական, համի. դա կօգնի ձեզ թաքցնել նմանակման գործընթացը: Հետո, այդ ինֆորմացիան «քողարկում» եք զրուցակցից և դրանից օգտվում եք մասնակիորեն:

Օրինակ` նա խաչաձևել է ձեռքերը կրծքին, իսկ դուք ընդամենը ձախ ձեռքով ծածկում եք աջ ձեռքը:

Կա ձեր գործողությունը թաքցնելու մեկ այլ հայտնի մեթոդ ևս. դանդաղեցրեք ձեր շարժումները, տվեք դադար զրուցակցի շարժումը կրկնելուց առաջ: Նա ենթագիտակցորեն ընկալում է ձեր ժեստերը և տրամադրվում է հաղորդակցվելու ձեզ հետ` առանց հասկանալու, որ դուք նմանակում եք իրեն:

Նմանակման տարածված և հեշտ ձևերից մեկը զրուցակցի դիմախաղի կրկնօրինակումն է: Խնդիրն այն է, որ մարդը տվյալ պահին չի տեսնում իր դեմքի արտահայտությունը, չգիտե, թե ինքն ինչ տեսք ունի, և չի նկատում ձեր նմանակումը: (Չմոռանանք, որ մարմինը և բանականությունը փոխկապակցված են, նրա մտքերն ու հույզերը տպվում են դեմքին):

Հետևաբար, զրուցակիցը, առանց հասկանալու, որ դուք իրեն նմանակում եք, կարծում է, որ դուք զգում եք նույնը, ինչ ինքը, ունեք նույն ապրումներն ու մտադրությունները:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
3536 reads | 25.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com