ՄԱՏԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻՔՍՈՆԻ ԲԹԱՄԱՏԸ ԿԱՄ ՍԿԱՆԴԱԼ «ՄԱՐԱԿԱՆԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մենք արդեն նշել ենք, որ ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն երիտասարդ գիտություն է` քիչ ուսումնասիրված: Իսկ հայկական իրականությունում այն գրեթե անծանոթ երևույթ է, և թող անհամեստ չհնչի, եթե ասենք, որ Diplomat.am-ն առաջիններից է, որ փորձում է այն ներկայացնել մեր կայքի այցելուներին:

Սակայն, եթե մարմնի ժեստերն ու ազդանշանները դեռևս չունեն իրենց տեսական բացատրությունը և շրջանառության մեջ չեն մտել որպես գիտական կատեգորիաներ, ամենևին չի նշանակում, որ դրանք ի սկզբանե բացակայել են մարդկային հաղորդակցության մեջ:

Ամենևին: Մարմնի լեզվի ժեստերը մշտապես առկա են եղել գրականության մեջ, ժողովրդական ասացվածքներում և ասույթներում, իմաստուն մտքերում և դիպուկ արտահայտություններում:

Վերցնենք, օրինակ, ներկա թեման` «Մատը»: «Մատը մատին խփել», «Մատը խառնել», «Մատը շարժել», «Մատի փաթաթան դառնալ», «Մատների վրա խաղացնել». այս և այլ բազմաթիվ` մատի շարժումները պարունակող դարձվածքները մեր գրավոր և բանավոր խոսքը դարձնում են ավելի պատկերավոր, հյութեղ ու տպավորիչ:

Մի շատ կարևոր հանգամանք: Ժեստերի լեզվով այն, ինչ հասկանալի է մի էթնոսի (ժողովրդի) համար, անհասկանալի է մյուսի համար կամ ունի բոլորովին այլ իմաստ: Սա չպետք է մոռանալ:

1968 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտոնական այցելությամբ ժամանում է Սան Պաուլո: Նա կրակոտ ելույթ է ունենում այն տարիներին աշխարհի խոշորագույն «Մարականա» մարզադաշտում հավաքված հարյուրհազարավոր բրազիլացիների առաջ: Նիքսոնն իր ելույթն ավարտում է` բութ մատը բարձրացրած ձեռքն առաջ մեկնելով` ի նշան հաջողության, բարի մաղթանքների և բարեկամության:

Տեղի է ունենում անսպասելին: Այդ ժեստը բրազիլացիները դիմավորում են գոռում-գոչումով, հռհռոցով և սուլոցներով: Ի՞նչ էր պատահել: Պարզապես վեր բարձրացրած բութ մատն այդ երկրում նշանակում է սեքսի հրավեր: Այս քաղաքական կազուսի (արտասովոր դեպք) մեղավորը ոչ թե Նիքսոնն էր, այլ նրա դեսպանն այդ երկրում, որը պարտավոր էր իր նախագահին զերծ պահել նման անակնկալից:

Մոտավորապես նույն տարիներին տեղի է ունենում մարմնի լեզվի մեկ ուրիշ` ոչ պակաս արտառոց «սայթաքում», որը վերածվում է միջազգային սկանդալի: Հյուսիսկորեական սահմանապահ պարեկային ծառայությունը գերեվարում է երկրի ծովային սահմանը խախտած ամերիկյան ռազմական մի սուզանավ: Ցանկանալով կատարվածին տալ քաղաքական հնչողություն` կիմիրսենականները շարք են կանգնեցում ամերիկյան նավաստիներին և լուսանկարում: Լուսանկարվելիս ամերկացիները մեկ մարդու պես ցուցադրում են միջնամատները:

Լուսանկարն աշխարհով մեկ տարածելուց հետո կորեացիները նավաստիներից հարցնում են ժեստի նշանակությունը, որի անպատվաբեր իմաստը հայտնի է անգամ Արևմուտքի յուրաքանչյուր դպրոցականի: «Հավայան կղզիներում մենք այդպես ենք ողջունում իրար»,--հետևում է ամերիկացիների սրամիտ պատասխանը:

Այնպես որ, մարմնի յուրաքանչյուր ժեստ, այդ թվում` մատի շարժումը, մի երկրում կարող է ընկալվել որպես հասկանալի ազդանշան, իսկ մեկ այլ երկրում դառնալ թյուրիմացության և սկանդալի պատճառ:

Անտիկ աշխարհում մատի մեկ շարժումը կյանք է արժեցել: Հին Հռոմում գլադիատորի կյանքը կախված է եղել բութ մատից: Երբ կրկեսում ստրուկների արյունահեղ մարտից հետո այդ մատն ուղղված է եղել ներքև, ժողովուրդը պահանջել է կենդանի մնացած գլադիատորների մահը, իսկ եթե այն սեղմված է դեպի վեր ուղղված բռունցքում` ներել նրանց, այլ ոչ թե վեր բարձրացված բթամատի ցուցադրմամբ, ինչպես մինչև վերջերս ընդունված էր կարծել:

Մի խոսքով, կայսրերը լսել և հարգել են հասարակ մարդկանց կարծիքը: Հենց այնպես չի ասված` «Vox populi-vox dei»-«Ժողովրդի ձայնը` Աստծու ձայնն է»:

Մատները խոսում են մարդկության ողջ պատմության ընթացքում` և' կայսրերի ժամանակ, և' մեր օրերում: Պարզապես պետք է կարողանալ հասկանալ այդ լեզուն, որն այնքան էլ բարդ չէ: Հասարակ մի օրինակ: Եթե դիմացինը մտազբաղ, մատներով թմբկահարում է սեղանը կամ բազմոցի արմնկակալը, կնշանակի` նա ցանկանում է ավարտել զրույցը: Այստեղ պետք է հասկանալ պատճառը, որը կարող է լինել տեսակետների տարբերությունը, սկզբունքային անհամաձայնությունը, հայացքների անհամատեղելիությունը և այլն: Սակայն բացառված չէ, որ ձեր գործընկերն ունի հեռանալու ֆիզիկական և հոգեկան դրդապատճառներ:

Բոլոր դեպքերում ձեր հանդիպումը ձախողված է: Այնպես որ, նպատակահարմար է այն հետաձգել, քան փորձել շարունակել, ինչը կարող է վտանգել նրա հետ ձեր հետագա շփումները` ընդհանրապես:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1529 reads | 25.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com