ՈՉ ՎԵՐԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՄՆԻ ՀՊՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Ոչ վերբալ հաղորդակցության ամենաբարդ և ամենանուրբ ձևերից մեկը` և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առումով, հպումն է: Այն կատարվում է մարդու ամենամեծ օրգանի՝ մաշկի միջոցով, որը կազմում է նրա քաշի 15%-ը:

Մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես մարդիկ հաղորդակցվելիս շփվում են ֆիզիկապես՝ օգտվելով հպման տարբեր ձևերից և միջոցներից, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք կապի նշաններ:

Դիմացինի հետ ֆիզիկական շփման մտնելը լուրջ գործողություն է՝ լինի գիտակցված շփում, բարեկամական հպում, սիրային փաղաքշանք, թե ագրեսիվ հարձակում:

Երբ մենք խոսում էինք անհատի տարածքի կամ զոնայի մասին, նշեցինք, որ մարդիկ այն աչալրջորեն պահպանում են: Նշեցինք նաև, որ զոնայի անձեռնմխելիության և ֆիզիկական շփումների միջև գոյություն ունի մշտական կոնֆլիկտ (բախում): Իսկ եթե այդ կոնֆլիկտը չի սրվում, այլ հարթվում է, և մարդիկ չեն հեռանում իրարից, ապա հանդես են գալիս տարբեր տիպերի բարեկամական շփումներ, այսինքն հպումներ`կապի տարբեր նշանների արտահայտությամբ:

Ոչ վերբալ հաղորդակցության խոշորագույն գիտակ Դեսմոնդ Մորիսը հայտնաբերել է հպման 457 տեսակ, որոնց մեծ մասը հազվադեպ է հանդիպում: Նա դասակարգել է ամենատարածված շփումները` անվանելով դրանք «սոցիալական հպումներ», ինչպես, օրինակ, ձեռքսեղմումը, ուղղորդումը (թեթևակի դիպչելով դիմացինին`ճանապարհ հուշել), ուսին թփթփացելը, ուսը գրկելը, գրկախառնությունը, մեջքը գրկելը, փաղաքշանքը, թևանցուկ անելը, երեխաների կատակային քաշկռտուքները, համբուրվելը (համբույրի թեմային մենք առանձին կանդրադառնանք) և այլն:

Գոյություն ունեն մի շարք մասնագիտական բնույթի հպումներ, որոնցից օգտվում են բժիշկները, ատամնաբույժները, հոգևորականները, վարսավիրները, մերսողները և այլ մասնագետներ, որոնք գործի բերումով այդկերպ են հաղորդակցվում մարդկանց հետ:

Թե ինչ եղավ, երբ պրեմիեր-մինիստրը գրկեց թագուհուն

Եթե դիմացինին վատ գիտեք կամ լավ չեք ճանաչում, զգուշացեք նրան հպվելուց կամ դիպչելուց: Արևմտյան շատ մշակույթներում նման պահվածքը կարող է դիտվել որպես սեքսուալ ոտնձգություն` անցանկալի հետևանքներով:

Հպումը սիմետրիկ է (հավասարաչափ) սիրահարների մոտ: Թող հպվեն, որքան ուզում են: Ինչքան շատ, այնքան լավ: Եթե երիտասարդները հասնում են փոխըմբռնման, տեղի է ունենում հպում: Սկզբում՝ գրեթե պատահական, աննշան: Մասնագետների կարծիքով` անգամ թեթև հպումը ձեռքին նոր որակ է հաղորդում հաղորդակցությանը: Եթե պայմանները թույլ չեն տալիս, ապա նրանք դիպչում են միմյանց անշունչ առարկաներին: Հայտնի է, որ մարդիկ, ինչպես նաև պրիմատները, առաջին հերթին պաշտպանում են գլուխը:Եվ երբ սիրահարները շոյում են մեկմեկու գլուխները, նշանակում է՝ հասել են կատարյալ փոխըմբռման և փոխվստահության:

Մնացած դեպքերում հպման հաղորդակցությունն ասիմետրիկ է (անհավասարաչափ): Այսինքն՝ հաղորդակցության այս ձևը թույլատրելի է հիերարխիական բարձրաստիճան ունեցողների համար: Օրինակ` Անգլիայի թագուհու և նրա ընտանիքի անդամների համար: Նրանք են որոշում՝ ում ձեռքը սեղմել, իսկ ումը` ոչ: Դիվանագիտական մեծ սկանդալ ծագեց, երբ թագուհու՝ Ավստրալիա կատարած այցելության ժամանակ պրեմիեր-մինիստր Պոլ Քիտինգը գրկեց նրա մեջքը: Իսկ արքայադուստր Մարգրետի և նրա անվտանգության ծառայության կապիտան Թաունսենդի գաղտնի սիրավեպը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ընդունելության ժամանակ արքայադուստրն առանց մտածելու բռնեց նրա պիջակի թևքը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4103 reads | 06.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com