ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ԱՄԵՆՔԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Վաղնջական ժամանակներից, երբ ցեղերը հանդիպել են կռիվը դադարեցնելու կամ համագործակցելու նպատակով, նրանց բանախոսները նախ առաջ են պարզել դատարկ ձեռքերը` ցուցադրելով բաց ափերը, որն ազդարարել է` «Տեսեք, մենք անզեն ենք»: Աղոթելիս հավատացյալը դիմում է Աստծուն բաց ափերով: Բաց ափերն ազնվության, անկեղծության, ինքնախոստովանանքի և այլ դրական զգացմունքների արտահայտություն են, ինչ դիրքով էլ որ լինեն ձեռքերը:

Պատկերված ժեստը կոչվում է բաց ժեստ: Այս դեպքում զրուցակիցը տեսնում է ձեր ափերը: Բաց ափերը` շիտակության և անկեղծության նշան է: Դա բարյացակամության և բարեկամության ժեստ է, որը ծնում է վստահություն: Մարդը տալիս և վերցնում է բաց ձեռքով, ազդարարելով. «Ես պատրաստ եմ ազնիվ հաղորդակցության»:

Իսկ երբ ձեռքերի դիրքը փոխվում է և ափերը չեն երևում, մենք տեսնում ենք դաստակի հակառակ կողմը, որը նշանակում է. մարդն ինչ-որ բան թաքցնում է: Դա կարող է լինել վախի, անվստահության կամ ծածկամտության հետևանք: Բոլոր դեպքերում այդ ժեստը ստեղծում է ճեղքվածք զրուցակիցների միջև: Նույնն է կատարվում, երբ ձեռքերը սեղանին են, բազկաթոռի արմնկակալին կամ թաքնված են սեղանի տակ:

Բաց ափերով բարձրացած ձեռքերն ասես թեթևակի դիպչում են զրուցակցի արմուկներին և հրավիրում. «Նստեք, խնդրում եմ»:

Միանգամայն այլ կերպ է ընկալվում նույն առաջարկը, եթե այդ շարժման ժամանակ ափերը նայում են վար` հատակին: Բարեկամական «խնդրում եմ»-ը փոխակերպվում է «Նստե՛֊֊֊֊֊ք», հրամայականի:

Ժեստը` վեր ուղղված դաստակով միշտ արտահայտում է տիրելու և իշխելու ցանկություն: Այն կարծես դիմացինին սեղմում է գետնին, փոքրացնում և նսեմացնում է նրան: Հիշեք քաղաքական գործիչներին և լիդերներին, ովքեր կոչ են անում մարդկանց հանգստության և հնազանդության` օգտագործելով նշված ժեստը. «Հանգի՛ստ»: Սա ոչ թե համեստ ժեստ է, այլ միանշանակ` հրաման:

Մենք վերը նշեցինք, որ ուսանողները իրենց չսիրած դասախոսի նկատմամբ զզվանքն արտահայտում են սեղանի տակ բռունցք կազմելով: Ընդհանրապես, բռուցքն ագրեսիայի, բարկության և ֆրուստրացիայի ազդանշան է, որի շնորհիվ մեր մարմինը փոխում է իր դիրքը: Ենթագիտակցությունը վայրկենաբար գրանցում է նման փոփոխությունը և պարտադրում է պատասխանել ագրեսիային: Այստեղ խոսում է հնուց եկող և ի սկզբանե մեր ժառանգած պաշտպանական բնազդը:

Խորամանկելու, դիմացինին խաբելու, նրանից օգուտ քաղելու մտքեր է արտահայտում ափերի շփումը: Եթե բանակցությունների ժամանակ դուք ստանում եք այդ ազդանշանը, զգուշացեք և ավելի ուշադիր եղեք առաջադրվող պայմանները քննարկելիս:




Աշխարհի որ անկյունում էլ հանդիպեք խեղճացած դեմքով և ձեռքի ափով փորը շփող մարդու` առանց սխալվելու հավանականության կարող եք ասել, որ նա քաղցած է կամ ցավ ունի: Երկրից երկիր մարդու ֆիզիոլոգիական հատկությունները չեն փոխվում: Մարդն ամենուր մարդ է:



Կրծքին խաչաձևած ձեռքերը հիմնականում պաշտպանական կամ ագրեսիայի ազդանշան է: Մարդը «փակ
» է շրջապատի համար և պատրաստ է դիմադրել, բացառված չէ` հարձակվել: Բացառված չէ նաև, որ նա ձանձրանում է կամ պարզապես մրսում է: Իսկ եթե նայում է կողք, առանց սխալվելու կարող ենք ասել, որ մեր զրուցակցի էմոցիաները բացասական են:

Բոլոր դեպքերում մենք կայքի այցելուներին խորհուրդ չէինք տա օգտվել ձեռքերը (նաև ոտքերը) խաչաձևելու սովորությունից, որը միայն կարող է խոչընդոտել հաջող հաղորդակցվելու գործընթացը:

 

Կայքի «Մարդկային հաղորդակցություն» բաժնում մենք պատահաբար այսքան երկար կանգ չառանք «Ձեռքը» թեմայի վրա: Բանն այն է, որ բուռն կերպով զարգացող ոչ վերբալ հաղորդակցության ուսումնասիրության մեջ մեծ տեղ է հատկացվում դեմքին, և համեմատաբար քիչ ուշադրություն` ձեռքերին: 

Մինչդեռ էվոլյուցիայի կողմից մարդուն շնորհված այդ հրաշալի գործիքը ոչ միայն զգում և շոշափում է  մեզ շրջապատող աշխարհը, այլև արտահայտում է մեր ռեակցիան (հակազդեցություն)  ամենքի և ամեն ինչի նկատմամբ:

Ձեռքը մարդկանց էմոցիոնալ վիճակի հավատարիմ մունետիկն է: Օգտվեք դրանից` ձեր ոչ վերբալ խոսքը հաղորդելու և ուրիշների ոչ վերբալ խոսքն ընդունելու և ճիշտ մեկնաբանելու համար:


ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2819 reads | 18.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com