ԻՆՔՆԱՀՊՈՒՄԸ ԵՎՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




 
Երբ դիպչում ենք ինքներս մեզ, մենք չենք մտնում ուրիշի մարմնի տարածքը և այդ իսկ պատճառով գրեթե չենք մտածում, թե ինչ ենք անում: Սակայն դա չի վկայում, որ ինքնահպումը նշանակություն չունի մեզ համար և կամ իմաստից զուրկ է: Ընդհակառակը, հենց այդ անկեղծ և չգիտակացված գործողությունից կարելի է դատել, թե ինչ ենք զգում տվյալ պահին:

Ստրեսային վիճակում մենք դիմում ենք ինքնահպման, որը հանգստացնում է մեզ` ստեղծելով այլ անձնավորության հետ հպվելու պատրանք: Երեխան ցավ զգալիս կամ վախենալիս հանգստանում է, երբ մայրը գրկում է նրան, սեղմում կրծքին և շոյում գլուխը: Մեծ հասակում նախկին երեխան հաճախ է կարիք զգում, որ իրեն հանգստացնեն, սակայն ստանալ այդ օգնությունը ծնողից նա այլևս չի կարող: Փոխարենը նա ունի ձեռքեր, որոնցով բռնում է մարմնի ցավացած մասը, որն ասես մեղմում է ցավի ռեցեպտորները: Այդ պահին նա կարծես իրեն զգում է ծնողի կամ իրեն մխիթարողի հետ և այլևս մենակ չէ:

Նկարում պատկերված է, թե ինչպես է երիտասարդը գրկել ինքն իրեն՝ թողնելով երկու անձնավորության գրկախառնության տպավորություն:

Հպման միջոցով ինքնահանգստացման տարածված ձևերից է գլուխը բռնելը: Նման հպումը հաճախ է հանդիպում քաղաքաբնակների շրջանում, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են լարված աշխատանքային պայմաններում, ունենում են նյարդային ապրումներ, կոնֆլիկներ, վեճեր:

Նրանց ձեռքերը ձգվում են դեպի գլուխը՝ զգալով, որ թուլացած պարանոցը դժվարությամբ է այն պահում: (Ձեռքը փոխարինում է մոր մարմնին, որին հենվում է երեխայի գլուխը):

Ինքնահպման այս միջոցը ցայտուն կերպով արտահայտվում է նաև պրիմատների մոտ: Փախչելով գիշատչից՝ շիմպանզեն մագլցում է ծառի կատարը, թաթերի մեջ է առնում գլուխը, օրորվում է մի կողմից մյուսը և մարդու նման բարձրաձայն լաց լինում:

Հուզված վիճակից դուրս գալու համար մարդը դիմում է ինքնահպման զանազան միջոցների` կզակը հենում է ձեռքին, շոյում է մազերը, դիպչում է այտին, շրթունքներին, քունքին և այլն:

Հպումը կարող է տարածվել առարկաների վրա: Ուսանողը քննության ժամանակ կրծում է գրիչի ծայրը, ակնոցի պոչը:

Իսկ երբ հուզված մարդը ծծում է մատը կամ լեզուն դուրս հանում, հավանաբար, նրա մտքով անգամ չի անցնում, որ տասնյակ տարիներ հետ է գնացել և փնտրում է մոր կրծքի կաթը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1401 reads | 23.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com