ՀԱՅԵԼՈՒ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԷՖԵԿՏ. ՆՄԱՆԱԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿԱՊԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Նմանակումը` հաղորդակցության կարևորագույն միջոց


Մարդկանց հաղորդակցվելու, կապեր հաստատելու, իսկ դիվանագետների համար` հաջողությամբ բանակցելու առաջին պայմաններից մեկը նմանակման երևույթն է:

Մարդիկ միմյանց նմանակում են իրենց ծագման արշալույսից ի վեր: Նախամարդիկ հանդիպելիս հոտոտել են մեկմեկու` հասկանալու համար, թե ով է դիմացինը, հետո ընդօրինակել են նրա շարժումները, կեցվածքը և դիմախաղը` հասկացնելու համար. «Տես, ես նույն արարածն եմ, ես նույն զգացմունքներն ու ցանկություններն ունեմ, ինչ որ դու, ես թշնամի չեմ»:
Այս տիպի նմանակումը, որը հատուկ է նաև պրիմատներին (կիսակապիկներ, կապիկներ), տեղի է ունենում բնազդաբար, ենթագիտակցորեն:

Բնազդային նմանակման ամենապարզ օրինակը հորանջելն է, որը խիստ վարակիչ է, անգամ հորանջողին պատկերացնելու դեպքում, դուք կարող եք կրկօրինակել նրան: 


Իրար համակրող կամ լավ հասկացող զրուցակիցները, կրկին ենթագիտակցորեն, թարթում են աչքերը, բարձրացնում են հոնքերը, միասին լայնացնում են ռունգերը, շնչում են միաժամանակ, նույնիսկ նրանց բիբերն են լայնանում միաժամանակ, ինչը կատարվում է ինքնաբերաբար և կեղծել հնարավոր չէ:

Նմանակումը մարդկանց մոտ առաջացնում է սինխրոն շարժում: Միտինգների, ցույցերի, համերգների և զանգվածային այլ հավաքների ժամանակ կատարելով սինխրոն շարժումներ` մենք ապրում ենք վստահության, միասնականության համերաշխության և կոլեկտիվ անվտանգության զգացողություն:

Սինխրոնիզմը մեծ դեր է խաղում հասարակության կյանքում: Զինվորները կարողանում են պահել համաքայլությունը (բացառությամբ կամրջին քայլելը, որի դեպքում այն կարող է փլվել): Երգչախմբերը, պարախմբերը, մարզական թիմերը գործում են շնորհիվ սինխրոն գործողությունների:

Այսպիսով, միևնույն հույզեր, ապրումներ և նպատակներ ունեցող մարդիկ սկսում են անգիտակցորեն նմանակել իրար` գալով շատ կարևոր մի եզրահանգման` փոխըմբռնման հասնելու և վստահություն ձեռք բերելու ամենաարդյունավետ միջոցը նմանակումն է:

Փորձեք նմանվել ձեր զրուցակցին: Կտեսնեք, որ դա հոյակապ միջոց է նրա վստահությունը շահելու համար, միջոց, որը մինչ այդ դուք անտեղյակ եք եղել: 

Շարժվելով այսկերպ՝ դուք շատ շուտով կզգաք, որ ինչ-որ բանով դուր եք գալիս դիմացինին: Նա սկսում է ձեզ ընկալել որպես հաղորդակից, սիրալիր մարդ, որի հետ հաճելի է գործ ունենալ: Դա տեղի է ունենում հոգեբանական այն երևույթի պատճառով, որ նա ձեր մեջ տեսնում է իր արտացոլումը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1015 reads | 30.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com