«ՁԵՌՔԵՐԴ ՎԵ՛Ր» ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
 
 
 
 
 
Ոչ վերբալ հաղորդակցության վերջին ուսումնասիրությունների արդյունքում ձեռքերի ակտիվ ժեստերը հիմնականում դասակարգվում են վերին, միջին և ցածր մակարդակների: 

Վերին մակարդակի ժեստերը կատարվում են ձեռքերը վեր բարձրացնելու և անութները ցուցադրելու միջոցով, որոնք մարմնի խոցելի զոնա են համարվում: Նման ժեստը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդը համոզված է՝ դիմացինն իր նկատմամբ թշնամական մտադրություն չունի, վստահում է նրան:

Երբ մարդը չի վախենում դիմացինից, տարածում է ձեռքերը, «բացվում է», կարծես ասում է. «Վստահիր ինձ, քանի որ ես էլ քեզ եմ վստահում»:

Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները ձեռքերի վերին մակարդակի ժեստերը հմտորեն զուգորդում են խոսքի կարևորության և նպատակամղվածության հետ: Այդ տեխնոլոգիային փայլուն տիրապետում էր Անգլիայի նախկին պրեմիեր-մինիստր Մարգրիտ Թետչերը` Երկաթե Լեդին:


Քաղտեխնոլոգները լավ գիտեն մարմնի լեզվի այս գաղտնիքները և խորհուրդ են տալիս նախագահական ընտրարշավի մասնակիցներին ձեռքերը բացառապես «աշխատեցնել» վերին մակարդակի վրա: 

Որպեսզի մարդը ձեռքերը վեր բարձրացնի, հարկ չկա դեմ տալ ատրճանակ ու հրամայել. «Ձեռքերդ վե՛ր»: Օգնեք նրան իրեն զգալ երջանիկ, և նա այդ ժեստը կանի հոժարակամ, ինքնաբերաբար: Հիշեք, թե հաղթանակած մարզիկներն ինչպես են ափերը զարնում իրար գլխից վեր: Իսկ երբ սիրած թիմը գոլ է խփում, երկրպագուները ձեռքերը վեր են բարձրացնում` ի նշան հաղթանակի: Բրազիլիայում, Բելիզում, Բելգիայում, Բոտսվանայում և շատ այլ երկրներում, այդ թվում Հայաստանում, սա ունիվերսալ ժեստ է, որն արտահայտում է ուրախություն և բարձր տրամադրություն: Հիշենք Երևանի Ազատության հրապարակը արցախյան շարժման տարիներին, երբ հարյուրհազարավոր մարդկանց ազգային զգացումների և հույզերի պերճախոս վկայություն առաջին հերթին նրանց վեր պարզած ձեռքերն էին:

Այժմ տեսնենք մեդալի հակառակ երեսը: Նախորդ զրույցներում, երբ խոսում էինք մարդկանց պոզայի մասին, տեսանք, որ որոշ հանգամանքներում չնկատվելու և աչքի չընկնելու համար նրանք կծկվում են, փոքրանում, ասես փորձում են դառնալ անտեսանելի և անէանալ շրջապատի աչքի առաջ: Նրանց ձեռքերն ունեն «թաքնվելու հատկություն», երբ նրանք չեն շարժվում, պասիվ են, գրավում են փոքր տարածություն:

Սուպերմարկետների անվտանգության ծառայողներն անմիջապես նկատում են նման գնորդներին, հետևում և բռնում են գողության անելիս:

Միջին մակարդակի ժեստերը համարվում են չեզոք: Դրանց մասնակցում են միայն ձեռքերը` մինչև նախաբազուկը, իսկ ուսերը մնում են անշարժ` կատարելով պաշտպանական գործառույթ:

Ցածր մակարդակի ժեստերը, որպես կանոն, կապված են բացասական էմոցիաների կամ որևէ տհաճ երևույթի հետ:

Երբ մարդիկ վիճում են, նրանք շարժում են ցուցամատը: Իսկ եթե դրան ավելանում է ինչ-որ մեկին մատնացույց անելը` ցածր, ազդրի կամ ծնկի մակարդակով, համարվում է վիրավորական, անգամ` ստորացնող ժեստ:

Հրապարակային ելույթների ժամանակ փորձված հռետորները խուսափում են ցածր մակարդակի ժեստերից: Ապացուցված է, որ երբ երկրի ղեկավարը խոսում է հարկերի բարձրացման մասին և միաժամանակ շարժում է ձախ ձեռքը ծնկի մակարդակով, նա կորցնում է իր համակիրների 10%-ից ավելին:

Եթե ձեր բարեկամներից մեկը հայտնում է, որ ամուսնանում է և այդ միջոցին տրտում հայացքով նայում է գետնին ու միաժամանակ ձեռքը շարժում է ցածր մակարդակի վրա, դուք մտածում եք` «սեփական կամքո՞վ է ամուսնանում, թե՞ ստիպված:

Հարցը միայն ցածր մակարդակի ժեստիկուլյացիան չէ:

Ընդհանրապես, հռետորը կամ զրուցակիցը շատ բան են կորցնում, երբ նրանց խոսքը և ժեստը չեն համապատասխանում իրար, կամ բացակայում է ոչ վերբալ հաղորդակցության այդ հիմնական բաղադրիչներից մեկնումեկը: Եթե մարդը խոսում է առանց ժեստիկուլյացիայի կամ ընդունում է քարե դեմք` զուրկ որևէ դիմախաղից, նրա հաղորդակցությունը դատապարտված է ձախողման:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1110 reads | 21.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com