ՈՉ ՎԵՐԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ ԴԱՌՆԱԼ ՈՒՐԻՇԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ոչ վերբալ հաղորդակցության հայտնի մասնագետ, շվեդ Հենդրիկ Ֆեքսեուսը նմանակումը բաժանում է երկու խմբի` հայելու արտացոլում (mirroring) և համապատասխանություն (matching): Ընդ որում, ընտրությունը ձերն է` ըստ նպատակի և անհրաժեշտության` ելնելով նաև դիմացինի պահվածքից: Եթե զրուցակիցը շարժում է աջ ձեռքը, դուք նույնպես շարժում եք աջը: Սա կոչվում է համապատասխանություն: Հակառակ դեպքում, երբ նա շարժում է աջ ձեռքը, դուք` ձախը, ստացվում է հայելու արտացոլում: Այս նմանակումը հարմար է այն դեպքում, երբ դուք զրուցակցի հետ նստած եք դեմ-դիմաց: Շվեդ մասնագետի նմանակման տրյուկը (հնարք), ինչպես համոզվեցիք, տեղի է ունենում շփումների ոչ վերբալ հաղորդակցության մակարդակով: Տեսնենք, թե ինչ մեխանիզմներ են գործում այստեղ: ![]() Մեզնից յուրաքանչյուրն ունի խոսելու իր կերպը` ինտոնացիան (հնչերանգ), արագությունը, բառապաշարը, ժպտալու ձևը, հումորի տեսակը և այլն: Երբ դուք նմանակում եք ուրիշին, դուք ներդաշնակվում եք նրա հետ, արտացոլում եք նրա` նշված հատկանիշները: Որպեսզի այդ ներդաշնակումը լինի արդյունավետ, անհրաժեշտ է ունենալ հաղորդակցության երկու բաղադրիչ. ա/ հնարավորինս շատ իմանալ դիմացինի մասին, բ/ իմանալ զրուցակցի որևէ հատկանիշը: Առաջինը մեկնաբանման կարիք չունի: Երկրորդը բաղկացած է մի շարք սեգմենտներից և բացատրություն է պահանջում: Անդրադառնանք դրանցից մեկին` ձայնին: Ցածր ձայն: Եթե դիմացինի ձայնը ցածր է, ուրեմն նա լուրջ անձնավորություն է, որին կարելի է վստահել: Բարձր ձայն: Ասոցացվում է (զուգորդվում) կանացի կամ անձի թեթևամտության հետ: Մոնոտոն (միապաղաղ) ձայն: Խոսքի մեջ մոնոտոն ձայնը չի փոխվում անգամ հարցական և բացականչական նախադասությունների մեջ: Դրա համար հաճախ դժվար է հասկանալ, թե այդ ձայնով մարդը ինչ է ուզում արտահայտել. լու՞րջ է խոսում, թե՞ կատակում է: Մեղեդային (երաժշտական ձայն): Ի տարբերություն մոնոտոն ձայնի` սա երգեցիկ, ելևէջներով հարուստ և արտահայտիչ ձայն է: Նման ձայն ունեցողն զգացմունքային անձնավորություն է և սովորաբար հեշտությամբ է հաղորդակցվում: ![]() Եթե դուք խոսում եք շատ արագ, դիմացինը կարող է չորսալ զրույցի կարևոր կետերը, կորցնել մտքի թելը և, վերջին հաշվով, «անջատվել»` անգամ ֆիզիկապես ներկա լինելու պարագայում: Ձայնը վճռական նշանակություն է ունենում հեռախոսային խոսակցության ժամանակ, քանի որ այն դառնում է հաղորդակցության միակ և որոշիչ միջոցը: (Հեռախոսային խոսակցությանը կանդրադառնանք առանձին): Նմանակելու նպատակով ես խորհուրդ կտամ օգտվել նաև սլենգից, ժարգոնից, անգամ մակաբույծ (պարազիտ) բառերից, որոնք հատուկ են նույն մասնագիտության ներկայացուցիչներին, մեծ ու փոքր խմբերին և կորպորատիվ կառույցներին: (Մակաբույծ բառերին մենք մանրամասն կանդրադառնանք «Դիվանագիտական զրույց» բաժնում): Անգամ դիվանագիտական պահպանողական իրականությունում կան իրենց սլենգները: Օրինակ, խորհրդային դիվանագիտության սլենգով «Центр» նշանակում էր «ԱԳՆ», «Сообщить по-верху»՝ «Հեռագիր ուղարկել», «Ближний сосед»՝ «Դեսպանությունում կամ արտասահմանում որևէ այլ խորհրդային կազմակերպությունում աշխատող հետախույզ», «Дальний сосед»՝ «Ռազմական հետախույզ», «Крышавик»՝ «Դիվանագիտական կարգավիճակ և անձնագիր ունեցող հետախույզ», «Сидеть в стране»՝ «Գործուղման մեջ լինել» և այլն: Փորձառու հռետորներն ու դասախոսները փորձում են հնարավորինս «մոտենալ» և «մատչելի դառնալ» լսարանին, նմանվել ներկաներին` անգամ հագուստով: Կան դասախոսներ, որոնք երիտասարդական խմբերի առաջ հանդես են գալիս առանց փողկապի, ազատ ոճի հագուստով: Գոյություն ունի նմանակման երևույթի մեդալի հակառակ երեսը, երբ միևնույն իմաստն արտահայտող բառը միանգամայն տարբեր իմաստ է պարունակում` կախված երկրի պատմությունից, գաղափարախոսության և հասարակական ֆորմացիայի: Օրինակի համար վերցնենք երկու բառ: Դրանցից մեկը հնչում է ռոմանտիկ և ազնիվ: Երբ արտասանում եք այդ բառը հիշողության մեջ հառնում են համարձակ արի և քաջասիրտ մարդիկ, որոնք հերոսաբար կռվում են թշնամու դեմ և հաճախ զոհում են իրենց կյանքը: Դրանք արտասովոր մարդիկ են` օժտված երկաթյա կամքով, հնարամտությամբ և զսպվածությամբ: Երկրորդ բառը մարդկանց մոտ առաջացնում է տհաճության և զզվանքի զգացողություն: Բառն ասոցացվում է մութ և լպրծուն անձնավորության հետ, որն ամեն տեղ գաղտնիքներ է «հոտոտում» և իր գործողություններում չի խորշում որևէ միջոցից` սպանությունից, կաշառքից, ահաբեկչությունից: ![]() Դուք հավանաբար գուշակեցիք, որ խոսքը վերաբերում է նույն մասնագիտության տեր մարդկանց, որոնք, վերջին հաշվով, միևնույն առաքելությունն ունեն: Միայն թե, ըստ իրենց ազգային և հասարակական պատկանելության մենք դրանցից մեկին անվանում ենք «հետախույզ», իսկ մյուսին «լրտես»: Այն, որ բառը կարող է միանգամայն կախված լինել քաղաքական և պրոպագանդիստական նպատակներից, մեր ժողովուրդը համոզվեց, երբ խորհրդային լրատվամիջոցները ղարաբաղյան ազատամարտիկներին չարամտորեն անվանում էին «ահաբեկիչներ» և «սեպարատիստներ»: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
4504 reads | 07.10.2013
| |