«ԱՇՏԱՐԱԿՆԵՐ»` ՇԻՆՎԱԾ ՄԱՏՆԵՐԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մարմնի լեզվին տիրապետող մասնագետի համար դժվար չէ մատների շարժումների ու կոմբինացիաների օգնությամբ կարդալ զրուցակցի մտքերը, հասկանալ նրա հույզերը և գուշակել մտադրություններն ու հաջորդ քայլերը: Օրինակ, երբ զրուցակիցը լայն, ջղաձգորեն բացել է մատները, ինչպես ասում են, «ճանկերը», ապա նա տրամադրված է թշնամաբար և պատրաստվում է ագրեսիվ քայլերի: Այո, դուք չեք սխալվում՝ այն համեմատելով թռիչքի պատրաստվող գիշատչի հետ: Մարդը, իրոք, մնում է կապված կենդանական աշխարհի հետ:
Իսկ հիմա պատկերացրեք մատների հետևյալ կոմբինացիան.

Այն կոչվում է «աշտարակ»: Մատների ծայրերը միացած են, ափերը` ոչ: Ընդ որում, ձեռքի դաստակները կարող են ուղղված լինել վեր կամ վար: Առաջին դեպքում, սովորաբար, մարդը խոսում է, երկրորդ դեպքում` լսում: «Աշտարակը» հաճախ են օգտագործում բարձրաստիճան պաշտոնյանները, երբ հաղորդակցվում են ենթակաների հետ: Այն հատուկ է ինքնավստահ մարդկանց կամ նրանց, ովքեր ձգտում են երևալ այդպիսին: Եթե մեկն այդ ժեստին զուգահեռ բարձրացնում է ծնոտը, ապա դուք գործ ունեք մեծամիտ անձնավորության հետ: Ինչպես յուրաքանչյուր ժեստ, «աշտարակը» նույնպես պետք է մեկնաբանել ընդհանուր իրադրության և այլ ժեստերի համատեքստում: Եթե այն ուղեկցվում է ուրիշ դրական ազդանշաններով, դուք համարձակ կարող եք շարունակել բանակցությունը կամ զրույցը: Իսկ եթե նկատում են բացասական ժեստեր, ինչպես օրինակ, ոտքերի կամ ձեռքերի խաչաձևում, հայացքի փախուստ, դեմքի մկանների լարում և նման այլ ազդանշաններ, ապա հետագա հաղորդակցումը կարող է դառնալ անիմաստ:

Այնուամենայնիվ, «աշտարակը» հիմնականում դրական ժեստ է, որը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկներում: Այն երբեմն փոխակերպվում է աղոթքի ժեստի, մարդը կարծես փորձում է նմանվել Աստծուն: Հավանաբար նման զգացմունքներ է ունեցել Ժակ Շիրակը, որի նախասիրած ժեստն «աշտարակն» էր:


Մենք խորհուրդ կտայինք դասախոսներին, դատապաշտպաններին և հրապարակային ելույթներ ունեցողներին, ինչպես նաև բանակցողներին ու զրուցողներին հաճախ (բայց տեղին) կիրառել «աշտարակը»:

Կանայք, չգիտես ինչու, այդ ժեստը բացահայտ չեն օգտագործում: Մինչդեռ նրանք, ինչպես տղամարդկանցից շատերը, կարող են օգտագործել այդ էֆեկտիվ (արդյունավետ) ազդանշանը` հաղորդակցության ժամանակ ապահովելով իրենց հավասարությունն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ:

Սակայն «աշտարակն» ունի նաև «փլվելու» հատկություն: Դիվանագիտական բանակցությունների ժամանակ կարելի է ականատես լինել այսպիսի տեսարանի: Խոսում է կողմերից մեկի ներկայացուցիչը: Նա ինքնավստահ է, տոնը` համոզիչ, առարկություն չընդունող, ժեստը` «աշտարակ»: Պատասխան խոսքով հանդես է գալիս հակառակ կողմի ներկայացուցիչը և ուժեղ, հավաստի փաստարկներով «զրոյի» է հավասարեցնում առաջինի խոսքը, «քշում» է նրան անկյուն: Եվ բոլորի աչքի առաջ վերջինիս «աշտարակը» փլուզվում է. նրա մատները վայրկենաբար հեռանում են իրարից և միահուսվում են, ագուցվում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1303 reads | 30.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com