ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Վերադառնանք բանակցային խնդրին, երբ երկրի ներուժը փոքր է:

Մի՞թե հնարավոր է, որ փոքր տերությունները ուժեղների հետ բանակցելիս պահպանեն իրենց շահերը: Պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր է:

Եթե փոքր պետությունն ունի աշխարհագրական բարենպաստ դիրք, եթե նա գտնվում է քաղաքական շահերի բախման խաչմերուկում, եթե ունի օգտակար հանածոներ և ամենակարևորը` ճկուն (աղվեսային) դիվանագիտություն, նա կարող է մեծ օգուտ բերել իր երկրի ազգային-պետական շահերին: Օրինակ, ինչպես Սերբիան առաջին համաշխարհային պատերազմից առաջ, Լեհաստանը երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին:

Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է փոքր պետության միջնորդական դիվանագիտությանը երկու այլ երկրների կամ երկրների խմբի միջեւ:

Դիվանագիտության այս ուղղությունը զգալի զարգացում ապրեց անցյալ դարի երկրորդ կեսին, երբ գաղութատիրության վերացումը նկատելիորեն վերաձևեց աշխարհի քարտեզը, երբ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ազատագրված երկրները դարձան ակտիվ, անգամ առանցքային խաղացողներ միջազգային գետնի վրա:

Միջուկային զենքի փորձարկումներ, բնապահպանություն, Հյուսիս-Հարավ երկխոսություն, Չմիացած երկրների շարժում` սա ամենեւին էլ լրիվ ցանկը չէ այն միջազգային միջոցառումների եւ կազմակերպությունների, որոնց լիիրավ մասնակիցներ դարձան փոքր պետությունները:

Հետո փոքր երկրների դիվանագիտությունն աստիճանաբար հնարավորություն ընձեռեց նրանց ներգրավելու մեծ երկրների եւ գերտերությունների բանակցային գործընթացների մեջ, որոնք հաճախ կրում են նուրբ ու գաղտնապահական (կոնֆիդենցիալ) բնույթ:

Հնարավորություն` ոչ միայն ներգրավվելու, այլեւ մասնակցելու մեծ տերությունների միջև վիճահարույց հարցերի կարգավորմանը, որոնք ամենեւին էլ չեն շոշափում փոքր-միջնորդ պետությունների շահերը:

Սա դիվանագիտության, ինչպես ասում են, ‹‹բարձր պիլոտաժ›› է, որը պահանջում է մեծ փորձառություն, վարպետություն, քաղաքական կուլտուրայի պահանջվող մակարդակ:

Սակայն, փոքր-միջնորդ պետությունն այն ժամանակ է հաջողակ, երբ տանը նրա մոտ ամեն ինչ կարգին է: Ժողովրդավարության, խոսքի ազատության, լեգիտիմության, արդարության, համամարդկային այլ նորմերի ամենափոքր խախտումն իսկ ի չիք է դարձնում միջնորդի ամենաազնիվ մտադրությունն անգամ:

Միջնորդ պետությունը պետք է ունենա անբասիր, անգամ ավելի բարձր միջազգային կշիռ, քան միջնորդվող պետությունը: Եվ պատահական չէ, որ միջնորդ պետությունների առաջին շարքերում են Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրիան, Նիդեռլանդները: Ի դեպ, այս վերջինս մեծ ավանդ ունի միջազգային երկխոսությունների անցկացման եւ կոնֆլիկտների կարգավորման ուղղությամբ: Իսկ Շվեյցարիայի դիվանագիտական կոդեքսում կա հատուկ կետ, որը պարտավորեցնում է շվեյցարացի դիվանագետներին` այլ երկրների դիվանագետներին օգնել բանակցելու գործում: Սա դառնում է նախանձի օբյեկտ, դրդիչ մոդել: Իսկ ինչո՞ւ ոչ մենք:

Հայաստանը, ըստ իս, կարող էր հանդես որպես միջնորդ՝ պետությունների հարաբերություններում: Լինելով ՀԱԲԿ-ի և ԱՊՀ-ի անդամ և ՆԱՏՕ-ի գործընկեր՝ խաղալ Մոսկվա-Թեհրան-Վաշինգտոն եռանկյունում:

Հայաստանը կոչված է լինելու կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Այդ` ի վերուստ տրված առաքելությունը կարևորվում է այն բուռն քաղաքական բանավեճերի շրջանակներում, որոնք տեղի են ունենում հանրապետությունում` կապված Մաքսային միության և Ասոցացաման համաձայնագրի հետ:

Իմ խորին համոզմամբ, հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի այդ երկու կառույցներն այստեղ համատեղելու համար: Այդ ուղղությամբ բանակցային դիվանագիտությունը բխում է հանրապետության պետական և ազգային շահերից:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1726 reads | 03.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com