ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
‹‹Մենք դիվանագիտություն չունենք, դիվանագետ ազգ չենք››,- նման արտահայտություններ հաճախ կարելի է լսել մեր հայրենակիցներից, անգամ քաղաքականությամբ զբաղվողներից: Սա թյուր կարծիք է: Այն հետևանք է մեր պատմության անտեղյակությանը, էլ չեմ ասում դիվանագիտության պատմությանը, որը վատ է ուսումնասիրված կամ բոլորովին ուսումնասիրված չէ: Մինչդեռ դրա իմացությունը կարևոր նշանակություն կարող էր ունենալ հանարպետության արտաքին քաղաքականության խնդիրների հաջող լուծման համար: 

Բացառություններ կան: Օրինակ` օտար և հայրենական պատմագրութրունն անդրադառնում է 65 թվականին Հռոմում Ներոնի ձեռքից Տրդատ Ա-ի` Մեծ Հայքի թագը ստանալուն:

Նշվում է, որ Տրդատի ‹‹գործուղումը›› ընտանիքի և 3000-ոց շքախմբի ուղեկցությամբ տևել է ինը ամիս, հռոմեական գանձարանի վրա օրական նստել է 300.000 դրամ կամ 200.000 ոսկի ֆրանկ և իր ճոխությամբ ապշեցրել է շատ բան տեսած ու շփացած պատրիկներին:

Անշուշտ այս ամենը Տրդատի գեղեցիկ աչքերի համար չէր արվում: Հռոմը լրջորեն վախենում էր վերջնականապես կորցնել Հայաստանը: Հարցի քաղաքական էությունն այն էր, որ երկու մրցակից գերտերությունների` Հռոմի և Պարսկաստանի միջև ընկած Հայաստանը` Մեծ Հայքի թագավորությունը, իր տարածքի ընդարձակությամբ (310.000 քառակուսի կմ) և միջազգային հեղինակությամբ Հին աշխարհի երրորդ պետությունն էր, որն իր հարևաններին հարկադրում էր հաշվի նստել իր հետ:

Իսկ Հռոմն ու Պարսկաստանը տևականորեն ընդհարվում էին Մեծ Հայքն իրենց կողմը գրավելու համար, որը գտնվելով նրանց ռազմական գործողությունների մերձեփրատյան թևում, հավասար ռազմաստրատեգիական նշանակություն ուներ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար:

Հայերը ցուցաբերում էին դիվանագիտական ճկունություն երկու հսկաների միջև մանևրելու արվեստում: Իսկ այդ թագադրության ընթացքում նրանք կարողացան փայլուն բանակցություններ վարել հռոմեացիների հետ, որոնց արդյունքում նրանք հանեցին իրենց բանակը Հայաստանից, և երկիրը ձեռք բերեց լիակատար անկախություն: Երկրում հաստատվեց Արշակունիների թագավորությունը: Սկսվեց լիակատար խաղաղության տևական շրջան:

Հայկական դիվանագիտության այս նվաճումը Անտիկ աշխարհի մեր պատմության եզակի դեպքը չէ:

Եթե Ք.ա I դարում Հայաստանը դարձել էր աշխարհի հզորագույն պետություններից մեկը, կասկածից վեր է, որ ռազմական ուժի կողքին նա ունեցել է նաև ճկուն դիվանագիտություն:

Մի՞թե ժամանակի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Տիգրան Բ-ն, կարող էր վատ դիվանագետ լինել: Անշուշտ` ոչ: Նրա տերությունն ընդգրկում էր Առաջավոր Ասիայի մի մասը` տարածվելով Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպիական, Կուր գետից մինչև Միջագետք:

Այդ տիպիկ հելլենիստական պետության մեջ մարդիկ խոսում էին 15 լեզուներով: Արքայից արքա Տիգրան Մեծը չէր կարող առանց բանակցային դիվանագիտական հմտությունների կարգավորել լայնածավալ պետության գործերը և հաղորդակցվել նենգ ու ռազմատենչ հարևանների հետ:

Պարզապես մենք լավ պետք է իմանանք մեր անցյալը, ներկան ճիշտ գնահատելու և կողմնորոշվելու համար:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2133 reads | 04.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com