ԵՐԲ ԽՈՍՔԸ ԵՎ ԺԵՍՏԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

Ոչ վերբալ հաղորդակցությունը, ժեստերի կամ մարմնի լեզուն նույն հասկացողություններ են, այնպես որ տեքստում մենք կօգտագործենք այս երեք եզրերը:  Երբ խոսում ենք մարմնի լեզվի մասին, բնականաբար, հարց է ծագում. հնարավոր  է արդյո՞ք հասկանալ մեկմեկու  առանց խոսքի, առանց մի բառ իսկ արտաբերելու: Որոշ չափով և որոշ դեպքերում  հնարավոր է: Ուրեմն հնարավոր է այդ սահմաններում շփվե՞լ, հաղորդակցվե՟լ ու փոխգործակցե՞լ:

Փորձառու բանակցողները ժեստերի և ազդանշանների  օգնությամբ կարողանում են կարդալ զրուցակցի մտքերը, հասկանալ նրա հոգեկան վիճակը և հույզերը,անգամ կանխատեսել նրա  հետագա գործողությունները: Եթե հարցին մոտենալու լինենք կենսաբանական տեսանկյունից, կտեսնենք, որ դա կատարվում է այն բանի շնորհիվ, որ մինչև խոսքի արտաբերումը  տեղի է ունենում ինֆորմացիայի գոյացում, ձևավորում և փոխանցում` ազդանշանների օգնությամբ:

Մարմնի լեզուն, իրոք, բանական մարդու (homo sapiens)հասակակիցն է: Այդ լեզվի հաղորդակցության պատկերներ հայտնաբերված են միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում, երբ մարդիկ իրենց ապրումները և զգացումները արտահայտում էին մարմնի շարժումների և կոկորդային հնչյունների օգնությամբ: Կնշանակի ոչ վերբալ հաղորդակցությունը, շրջանառության մեջ է մտել խոսքային հաղորդակցությունից դեռ շատ ու շատ դարեր առաջ: Ոչ վերբալ հաղորդակցությունն առաջինը գիտականորեն ուսումնասիրել և համակարգել է Չարզլ Դարվինը ‹‹Էմոցիաների արտահայտությունը մարդկանց և կենդանիների կողմից›› ֆունդամենտալ  աշխատասիրությունում: Հետագայում Զիգմունդ Ֆրոյդն այն  լայնորեն օգտագործել է բժշկական պրակտիկայում:

Մարմնի լեզվի նորովի ըմբռնումը և մեկնաբանումը անհասկացողություն և որոշակի շփոթ առաջացրեց մարդկանց փոքր խմբերի և հասարակական կյանքում: Օրինակ`  կինեմոտոգրաֆի հնչյունային դառնալը հակասության մեջ մտավ համր կինոյի հետ: Շատ դերասաններ ի վիճակի չեղան  համադրել ոչ վերբալ և վերբալ հաղորդակցությունների հնարավորությունները: Արդյունքում հանդիսատեսը սկսեց մոռանալ հանրահայտ արտիստներին: Չարլի Չապլինը, Մերի Պիկֆորդը, Իգոր Իլյինսկին և Հրաչյա Ներսիսյան բացառություններ էին:

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան

 
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4383 reads | 16.01.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com