ՊԱՈՒԶԱ, ՈՐԸ ԶՐՆԳՈՒՄ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Դիվանագիտության մեջ գոյություն ունի այսպիսի մի հասկացություն. շահում է նա, ով կարողանում է պահել պաուզա: Եվ ոչ միայն դիվանագիտության մեջ: Պաուզայի նշանակությունը զրույցի, բանավեճի և բանակցությունների ժամանակ, եթե այն արված է տեղին, ժամանակին ու չափի մեջ, դժվար է գնահատել: Ինչո՞վ է դա բացատրվում: Պաուզան, ինչպես ոչ մի ուրիշ հնար, ժամանակ է տալիս վերլուծելու ինֆորմացիան, «մարսելու» լսածը, մտածելու և գտնելու ճիշտ պատասխանը:

Այս առումով պաուզան խիստ կարևորվում է թարգմանության ընթացքում: Պատահական չէ, որ փորձառու դիվանագետները նախընտրում են «աշխատել» սինխրոն թարգմանչի օգնությամբ` հատկապես կարևոր բանակցությունների և զրույցների ժամանակ: Լավ տիրապետելով անգլերենին` Անդրեյ Գրոմիկոն, օրինակ, առանց թարգմանչի երբեք պաշտոնական հանդիպման չէր գնում:

Պաուզան հոյակապ տրյուկ է հռետորական արվեստում: Այն վարպետորեն օգտագործել են Ոդիսևսը, Ցիցերոնը, Ստալինը և շատ ուրիշ անվանի հռետորներ ու քաղաքական գործիչներ:

Ջորջ Բուշը (որդին), որը հեռու էր ճարտասանությունից և խոսքի վարպետությունից, իր նախագահության երկրորդ շրջանի վերջում սկսեց շահել լսարանի ուշադրությունն ու համակրանքը` շնորհիվ պաուզայի ճիշտ կիրառման:

Անգնահատելի է պաուզայի տեղն ու դերը բեմական արվեստում:

1950-ականներին Երևանում շռնդալից հաջողությամբ Օթելլոյի դերով հանդես էր գալիս Վահրամ Փափազյանը: Վերջին արարվածը մեծ դերասանի խաղի կատարյալ գլուխգործոց էր:

…Նա մտնում է ննջասենյակ և քարանում Դեզդեմոնայի մահճակալի մոտ: Վիճակը նետված է, որոշումը` վերջնական. սպանելու է կնոջը: Եվ այդ ճակատագրական քայլին նախորդում է փափազյանական անկրկնելի պաուզան: Էլեկտրականացած դահլիճը շունչը պահած սպասում է, իսկ արտիստը լուռ է: Պաուզան տևում է երկար-երկար: Այն ասես հավիտենականություն լինի: Թվում է, թե հանդիսատեսը հիմա շնչահեղձ կլինի: Նա «տեսնում» է այդ պաուզան, «շոշափում» այն: Պաուզան «խոսում» է, «պատմում»: Այնքան պերճախոս, այնքան ողբերգական, որին չի հավասարվի շեքսպիրյան և ոչ մի զգայացունց մենախոսություն:

Ովքեր «լսել» են այդ պաուզան, երբեք չեն մոռանա: Այն այսօր էլ «զրնգում» է մարդկանց ականջներում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
4275 reads | 31.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com