ՈՉ ՎԵՐԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ, ԺԵՍՏԵՐ, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

Հանրահայտ է, որ մենք հաղորդակցվում ենք խոսքի օգնությամբ: Սակայն ապացուցված է նաև, որ մեր մարմնի շարժումները դիմացինին հաղորդում են ավելի շատ ինֆորմացիա, քան բառերը:

Ուրեմն, ստացվում է, որ կա մարդկային հաղորդակցության երկու տեսակ. վերբալ` խոսքային կամ ոչ վերբալ` ոչ խոսքային:

Ոչ վերբալ հաղորդակցությունն անվանվում է նաև ժեստերի կամ մարմնի լեզու (body language): Խոսքային հաղորդակցությունը հանգամանորեն ուսումնասիրված է և շարունակվում է ուսումնասիրվել մասնագետների կողմից: Խոսքի կուլտուրան դասավանդում են դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, գրվում են բազմաթիվ լեզվաբանական և գիտական աշխատություններ, դասագրքեր, ձեռնարկներ: Այդ իսկ պատճառով մենք հատուկ չենք անդրադառնա հաղորդակցության այդ ձևին, բացի հոդվածաշարի այն բաժիններից,որոնք ընդգրկում են խոսքի գործոնը: Գալով ժեստերի լեզվին, նշենք որ այն կամուրջ է դեպի մեր գիտակցությունը: Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր ազդանշան ստույգ բացահայտում է մեր զգացումը և հույզերը դիմացինի կամ ստեղծված իրադրության նկատմամբ:

Այն պահին, երբ մենք ազդանշանների օգնությամբ փոխանցում ենք ինֆորմացիա, նույն կերպ ստանում և մեկնաբանում ենք զրուցակցի ինֆորմացիան` նրա ազդանշանների օգնությամբ: Այսպիսով ժեստերը և շարժումները ուղեկցում են մեր խոսքը, սակայն դրանք կարող են միանգամայն փոխարինել բառերին: Այն, ինչ չի հնչեցվում բառերի օգնությամբ, արտահայտվում  է ժեստերի, ազդանշանների և դիմախաղի միջոցով: Ոչ վերբալ հաղորդաձևը կարող է հաստատել խոսքային հաղորդումը կամ ժխտել այն: Մարմնի լեզուն հին է, այնքան հին, որքան մարդկությունը, իսկ գիտական առումով այն շատ երիտասարդ է և բուռն զարգացում է սկսել ապրել Արևմուտքում, ընդամենը անցյալ դարի 60-ական թվականներից: Գիտականորեն ապացուցված է, որ առանց մամնի լեզվի պարզապես անհնար է հասնել կատարյալ փոխըմբռնման: Այն մարդկային հաղորդակցության անքակտելի բաղադրիչն է` գրված և չգրված օրենքներով, էթնոհոգեբանական առանձնահատկություններով ու գաղտնիքներով: Ապացուցված է նաև, որ մարմնի լեզուն իր արտահայտչամիջոցներով (ժեստեր, դիմախաղ, ազդանշաններ, ձայնային հնչյուններ), հիմնականում բնածին են և գենետիկորեն փոխանցվում են սերնդից սերունդ:

Հայաստանում կեսդարյա ուշացումով նկատվում է բուռն հետաքրքրություն մարմնի լեզվի նկատմամբ մանավանդ ուսանող երիտասարդության կողմից, որը ձեռքից ձեռք է խլում Ալան և Բարբարա Պիզի, արդեն հայերեն թարգմանված գրքերը, որոնք, ի դեպ, լինելով հետաքրքիր և բարձրարժեք աշխատություններ, զգալիորեն հնացել են: Այսօր, հաղորդակցության այդ ձևնապրում է թռիչքաձև զարգացում: Մենք, կարծում եմ, արձագանքած կլինենք ձեր ցանկությանը, եթե մեր կայքի խողովակով ծանոթացնենք ձեզ ոչ վերբալ հաղորդակցության հիմունքներին, ինչը կարևոր գործնական նշանակություն կարող է ունենալ ձեզ համար: Լավ իմանալ մարմնի լեզուն` նշանակում է լավ հասկանալ դիմացինին, չերկչոտել, լինել հանգիստ և ինքնավստահ: Ժեստերի լեզուն կօգնի ձեզ առանց դժվարության կարդալ ձեզ շրջապատողների մտքերն ու զգացմունքները, նկատել դիմացինի սուտը, հասկանալ, թե ում կարելի է վստահել, իսկ ում` ոչ, ում հետ շարունակել կապերը կամ ընդհատել դրանք: Իսկ եթե դուք ընդհանրապես ուշադրությամբ հետևեք մեր ‹‹Մարդկային հաղորդակցության գաղտնիքներին››, ապա, միանշանակ կբարձրացնեք ձեր կոնտակտների արդյունավետությունը` լինի անձնական, թե հասարակական կյանքում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
12906 reads | 15.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com