ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՉՔԱՉԱՓԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մարդու գոտու բոլոր տեսակները հաղորդակցության շատ լուրջ կատեգորիաներ են: Վերցնենք ինտիմ գոտին, որի խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ցանկացած մարդու մուտքն այդ գոտի դիմացինի օրգանիզմում առաջացնում է կենսաբանական փոփոխություններ. հաճախականում է սրտի զարկերակի աշխատանքը, արտանետվում է ադրենալին, արյունը հոսում է դեպի ուղեղը և մկանները: Մի խոսքով, մարդն ապրում է ուժեղ հուզականություն: Դրական և բացասական: Դրական` այն դեպքում, երբ փոքրահասակ երեխային մոտենում է ծնողը կամ չափահասին` սիրեցյալը: Բացասական` երբ անծանոթ մարդը մտնում է զրուցակցի ինտիմ գոտին: Այս դեպքում վերջինս պատրաստ է դիմել ագրեսիայի կամ փախուստի` նայած թե գոտին խախտողն ինչ մտադրություններ ունի, որոնք հաճախ դժվար է առաջին հայացքից գուշակել: Մեզ համար տարածքի խնդիրը մշտապես կապված է կամ ուժեղ ատելության կամ էլ նույնքան ուժեղ սիրո հետ: Դուք հաճախ զգացած կլինեք, թե ինչպես այս կամ անձնավորության ներկայությունը բացասական է ազդում ձեր բարոյական և հոգեբանական վիճակի վրա, իսկ դուք չեք հասկանում պատճառը: Առաջին տպավորության էֆե՞կտ, էմպաթիայի (ապրումակցում) իսպառ բացակայությու՞ն, իմացական՞, թե՞ ինտելեկտուալ ինտուիտիվ ընկալում: Պարզվում է` դրանցից և ոչ մեկը: Ընդամենը տեղի է ունեցել ձեր ինտիմ գոտու խախտում մեկ, կամ մի քանի մարդկանց կողմից: Ավելորդ է ասել, որ նույն կենսաբանական և բարոյահոգեբանական փոփոխությունների կենթարկվի ձեզ ոչ շատ մտերիմ անձնավորությունը, եթե դու’ք եք անհարկի խախտում նրա ինտիմ գոտին: Սակայն չմտնել դիմացինի ինտիմ գոտին կամ չանցնել նրա անձնական տարածքը դեռ չի նշանակում նրա հետ շփվել ‹‹թնդանոթի կրակոցի›› հեռավորությունից: Չմոռանաք: Ինչպես մարդկանց հետ շփման այլ ձևերում, այստեղ ևս հարկ է կարողանալ պահել չափի և տակտի զգացողությունը, որոնցից մեծապես կախված է հաղորդակցության հաջողությունը: Մարդկային շփումների հաջողության գրավականներից մեկը ‹‹ոսկյա միջինը›› գտնելն է: Ես այն անվանում եմ դիվանագիտական ‹‹աչքաչափ››:

Բոլոր օրենքների նման մարդու գոտու օրենքը ևս ունի իր բացառությունները, որոնք կախված են սոցիալական կարգավիճակից: Կան ղեկավարներ, որոնք դյուրությամբ խախտում են ենթակաների անձնական տարածքը: Եթե ‹‹բոսի›› դաստիարակությունը, մեղմ ասած, ‹‹կաղում›› է, նա կարող է իրեն թույլ տալ մտնել նաև մարդկանց ինտիմ գոտի: Եվ եթե նման անվայելուչ քայլին չի հետևում կտրուկ հակահարվածը, պատճառը միայն հիերարխիական կախվածությունը և աշխատանքը չկորցնելու մտավախությունն է, ինչն ամենևին չի նշանակում, որ ոտնձգության զոհի ապրումները դրանից պակասում են: Կենդանիները ևս ունեն իրենց գոտին, որը կապված է նրանց գտնված վայրի հետ: Աֆրիկյան առյուծն անծայրածիր սավաննաներում իր գոտին համարում է հիսուն կիլոմետր և ավելի՝  կախված այդ վայրում գտնվող առյուծների պոպուլացիայի խտությունից: Կենդանիների արքան իր տարածքը նշում է մեզի և արտաթորության օգնությամբ, իսկ կենդանաբանական այգում նա ստիպված է բավարարվել մի քանի մետրանոց գոտիով և նեղլիկ ‹‹օդային ծածկույթով››: Այստեղ նա հավանաբար ‹‹ապրում›› է նույն թախիծը, ինչը` ազատազրկված մարդը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2156 reads | 09.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com