ԻՆՉՊԵ՞Ս ԾՈՒՌ ՆՍՏԵԼ ԵՎ ՇԻՏԱԿ ԽՈՍԵԼ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մարդու նստելաձևը բնորոշում է նրա բնավորությունը, մտածելակերպը, աշխարհայացքը, սոցիալական դիրքը և կարգավիճակը: Ստորև բերված են նստելու ամենից շատ ընդունված, հետևաբար` ավելի ուսումնասիրված տարբերակները:

1. «Դրական»:
Եթե զրուցակիցների ոտքերը ուղղված են մեկմեկու, ապա առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ հանդիպումը ընթանում է փոխըմբռնման մթնոլորտում և կունենա հաջող ավարտ:


2. «Բացասական»:
Այցելուին ընդունողը նստած է բազկաթոռին «փռված», մի ոտքը արմկակալին գցած: Սա ամբարտավան և ագրեսիվ դիրք է:


3. «Հեծյալը»:
Դիմացինը, նստած է դեմքով դեպի աթոռի թիկնակը, ոտքերը լայն բացած: Այս նստելաձևի հիմքում ընկած է դարերի խորքից եկող պաշտպանական բնազդը. թիկնակը ծառայում է որպես վահան: Նման դիրք ընտրած անձնավորությունը տրամադրված է ագրեսիվ, ունի հարձակողական-պաշտպանական կամ իշխելու ցանկություն:

4. «Կատապուլտա»:
Ձեր զրուցակիցը ձեռքերը արմուկ կազմած, մատները հանգուցված հետևի կողմից բռնում է գլուխը կամ ծոծրակը: Նման դիրքով նստած անձնավորությունը ցուցադրում է իր առավելությունը և իշխանությունը դիմացինի նկատմամբ: Այս կերպ անբարտավան չինովնիկները ընդունում են իրենց ենթականերին և այցելուներին: Այս նստելաձևը, որը կոչվում է նաև ասիմետրիկ, իր մեջ ունի թաքնված իմաստ, ֆալլոսային ակնարկ: Հազվագյուտ է օգտագործվում կանանց կողմից, քանի որ այն կարող է մեկնաբանվել որպես հրավեր կամ սեքսուալ սադրանք:

5. «Պատրաստակամություն»:
Զրուցակիցը մի փոքր կքված է առաջ: Նա մի ձեռքը ծալել է արմունկի մոտ և հենել ոտքին` ծնկի վրա: Մյուս ձեռքի բաց ափը դրել է մյուս ծնկին: Բանակցության ընթացքում կարևոր է «որսալ» դիմացինի այս կեցվածքը: Եթե մինչ այդ հանդիպումը անցել է հաջող, կարելի է սպասել արդյունավետ ավարտ: Հաջողության նշան է, եթե այս դիրքը ընդունողը բռնում կամ շփում է կզակը:

6. «Ստարտ»:
Բանակցության մասնակիցը նկատելիորեն թեքված է առաջ, ձեռքերի ափերը դրված են ծնկներին կամ երկու կողմից բռնել են աթոռի նստատեղը: Եթե զրուցակիցը ընդունել է այս դիրքը, ձեզ մնում է խոսակցության նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը կամ փոխել թեման: Հակառակ դեպքում այն կարելի է համարել ավարտված:

7. «Ոտքը-ոտքին»:
Այս դիրքը հիմնականում պայմանավորված է էթնիկական պատկանելությամբ: Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ գտնվող եվրոպական և ասիական երկրների բնակչության 70%-ը ձախ ոտքը գցում է աջ ոտքի վրա: Սակայն անկախ ազգային պատկանելությունից, եթե դիմացինն ընդունում է այս դիրքը և ձեռքերը խաչում է կրծքին, ապա հաղորդակցության արդյունավետությունը մոտենում է զրոյի: Եթե ազատ ոտքը թափահարում է, համարվում է թեթևսոլիկ:

8. «Ամերիկյան քառյակ»:
Հատուկ է ամերիկացիներին և նրանց մասսայական մշակույթի ազդեցության տակ գտնվող երկրների ներկայացուցիչներին: Ձախ ոտքը ծալված է աջ ոտքի վրա այնպես, որ գրեթե ուղիղ անկյուն է կազմում ծնկի հետ: Սա ընկալվում է որպես հրամայական և վճռական տոն: Իսկ եթե այս դիրքով նստածը սովորություն ունի մեկ կամ երկու ձեռքով բռնել ծալած սրունքը, ապա նա որպես կանոն մերժում է դիմացինի հետ համաձայնության գալու տարբերակները: Կանայք սովորաբար հրաժարվում են այս նստելաձևից: Այն Արևելքում համարվում է վիրավորական:

9. «Թագավորական խաչ»:
Ոտքերն ազատ մեկնված են առաջ, թաթերի մոտ միացած: Նա հանգիստ է, ինքնավստահ: Այս նստելաձևը բացառված չէ, երբ զրուցակիցները լավ գիտեն իրար և պարբերաբար հանդիպում են տարբեր իրադրություններում:

Հ.Գ.
Գործնական հանդիպման ժամանակ կանանց խորհուրդ չի տրվում ծունկը դնել ծնկի վրա: Դա կարելի է այն դեպքում, եթե դուք կրում եք ծնկից ներքև հագուստ կամ տաբատ: Նույնիսկ ժամանակակից պոլիտկոռեկտ աշխարհում կանանց ոտքերը շեղում են տղամարդու ուշադրությունը, ինչն իր հերթին խանգարում է կնոջը «հաստատվել» պրոֆեսիոնալ միջավայրում, որին նա ձգտում է: Տղամարդիկ հիշում են այդ կնոջը, սակայն ամենևին չեն մտաբերում նրա ասածը:

Այս օրենքը նույն ձևով գործում է ԶԼՄ-ում: Հեռուստատեսության կին հաղորդավարների 90%-ը հայտնվում են էկրանին կարճ զգեստով, որը ցուցադրում է նրանց ոտքերը ծնկից վեր, իսկ ոմանք նաև բաց ուսերով: Հետազոտություններն ապացուցել են՝ որքան բաց է կնոջ մարմինը, տղամարդիկ այնքան վատ են հիշում նրա ասածը:

Գործնական կանանց և «բիզնեսվումների» պրոֆեսիոնալ հաջողության գաղտնիքներից մեկը «կանացի» ազդանշանների ժլատությունն է: Որքան նրանք զգույշ են այդ հարցում, վերաբերմունքը նրանց նկատմամբ այդքան լուրջ է:

Կորպորատիվ երեկոներին կանանց ընդհանրապես խորհուրդ չի տրվում ուղարկել ազդանշաններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես զգայական: Օրինակ, շոյել գինու կամ շամպայնի բաժակի ոտքը, հաճախակի ուղղել մազերը: Այս ամենը նպաստում է, որ նրանց ընդունեն ոչ թե որպես գործընկեր, այլ նայեն որպես կնոջ: Բացատրությունն այստեղ շատ պարզ է: Տղամարդն աշխարհն ընկալում է ավելի զգայական, քան կինը: Նկատի ունեցեք, որ տղամարդկանց տեստեստերոնի մակարդակը 10-20 անգամ բարձր է, քան կանանց, այդ իսկ պատճառով նրանք ավելի հաճախ և ավելի շատ են մտածում սեքսի մասին, մանավանդ աշխատանքից ազատ ժամերին և ոչ պաշտոնական մթնոլորտում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1866 reads | 18.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com