ԻՐՈ՞Ք ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Մարմնի լեզվի` այսինքն ոչ վերբալ հաղորդակցության համակարգված ուսումնասիրությունները, որոնք սկիզբ են առել Միացյալ Նահանգներում անցյալ դարի 60-ական թվականներին, այսօր էլ շարունակվում են նույն թափով և խորությամբ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներն, օրինակ, վերջերս եկել են ապշեցուցիչ եզրակացության. մարդիկ 90%-ով տպավորություն են թողնում շրջապատի վրա ոչ թե խոսքի, այլ ժեստերի և ձայնի բարձրության, արագության ու առոգանության շնորհիվ: Իսկ Հարվարդի համալսարանի հոգեբաններն անջատում են հեռուստատեսության ձայնը և թվարկում խոսողի հատկանիշները` զուտ ժեստերի, պոզայի և դիմախաղի օգնությամբ:

Մարմնի լեզվի մեկնաբանությունները հատուկ տեղ են գրավում Արևմտյան մշակույթում և հաճախ որոշիչ դեր են խաղում անձնական, սոցիալական և պրոֆեսիոնալ կյանքի այս կամ այն երևույթը հասկանալու և բացատրելու համար:

Ոչ վերբալ հաղորդակցություն ձևերը լայնորեն լուսաբանվում են լրատվական միջոցներում, երբեմն շփոթության մատնելով հասարակությանը: Ասենք, որևէ մոդայիկ ամսագիր կարող է տպագրել երկու հայտնի անձնավորությունների լուսանկարները և ենթադրություն անել, թե նրանք սիրահարված են` ելնելով նրանց կանգնած կամ նստած դիրքից: Ավելին, հեռուստատեսային նորություններում կարող են ցուցադրել երկու պետությունների ղեկավարների անհաջող պոզաները և հանգել եզրակացության, թե նրանց երկրների միջև հարաբերությունները սկսել են լարվել:

Այս ամենը կարծես թե հակասության մեջ է մտնում լեզուների և առաջին հերթին մայրենի լեզվի դերի և նշանակության`մեր դասական ըմբռնման հետ: Մեզ դեռ դպրոցում որպես աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացրել են «որքան լեզու գիտես` այնքան մարդ ես» գաղափարը:

Իրոք, լեզուների իմացությունը մարդկանց անձնական, բարոյական և պրոֆեսիոնալ հատկանիշների չափանիշն է: Մայրենի լեզվից զատ օտար` մեկ կամ մի քանի լեզուներին տիրապետելը XXI դար ոտք դրած երիտասարդի համար անփոխարինելի զենք է, ոսկե բանալի, առանց որի ամենահմուտ մասնագետն անգամ կհանդիպի դժվարին, անգամ անհաղթահարելի արգելքների անձնական կյանքում և գործում:

Ժամանակակից հեղինակավոր ֆիրմաները, բանկերը կամ պետական կազմակերպությունները մրցույթների մասնակիցների կենսագրություններն ուսումնասիրելիս կարևորում են լեզուների իմացությունը:

Եվ ոչ ոք, ոչ մի հավակնորդի չի տալիս խիստ կարևոր մի հարց. «Դուք տիրապետու՞մ եք մարմնի լեզվին»: Մինչդեռ այդ լեզուն, (հիշեցնենք` ժեստերը, պոզան, դիմախաղը, տարածությունը, ձայնի տեմբրը, առոգանությունը և այլն), մեզ համար նույն նշանակությունն ունի, ինչ նշանակություն ունի մայրենի լեզուն:
Մենք արդեն նշել ենք, որ մարմնի լեզուն առանց խոսքի, առանց մեկ իսկ բառի կարող է արտահայտել մեր հոգեկան վիճակը, զգացմունքներն ու հույզերը, անգամ մեր մտադրություններն ու պլանները: Ուրեմն, մարմնի լեզուն` նաև մայրենի լեզո՞ւ է: Իսկ մենք տիրապետո՞ւմ ենք այդ լեզվին: Պարզվում է, որ չենք տիրապետում: Սակայն ամեն ոք կարող է սովորել այդ լեզուն: Մեր կայքի օգնությամբ: Պարզապես հարկ է զինվել համբերությամբ, լինել ուշադիր ու հետևողական:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2517 reads | 18.03.2013
մարդկային հաղորդակցություն, մարմնի լեզու, ոչ վերբալ հաղորդակցություն |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com