VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
Արդեն ասվեց, որ բանակցությունից կամ զրույցից առաջ խիստ էական է իմանալ, թե ում հետ են դրանք տեղի ունենալու, եթե իհարկե նախօրոք ծրագրավորված և հանպատրաստի չեն:

Քաղաքական և հոգեբանական տերմինաբանությամբ` հարկ է տեղեկանալ դրանք լինելու են սիմետրի՞կ, թե՞ ասիմետրիկ: Այսինքն` կողմերի ներուժը և մյուս պարամետրերը հավասարազո՞ր են, թե՞ ոչ:

Ենթադրենք, ձեզ ընդունում է ձեր ղեկավարը: Բնականաբար, դուք գիտակցում եք, որ զրույցը կայանալու է տարբեր հիերարխիա և կարգավիճակ (ստատուս-քվո) ունեցող անձանց միջև: Ինչպե՞ս կընթանա հանդիպումը, կկրի սիմետրի՞կ, թե՞ ասիմետրիկ բնույթ` կախված է ընդունող կողմի բարոյական հատկանիշներից, վարվելակերպից և կրթվածության մակարդակից: Եթե նա ձեզ չի առաջարկում նստել, գլուխը չի բարձրացնում գրասեղանից կամ անընդմեջ խոսում է հեռախոսով, ապա սիմետրիկ հանդիպման և կառուցողական երկխոսության մասին խոսելն ավելորդ է:

Հիմա պատկերացրեք բանակցային գործընթաց երկու տերությունների միջև: Օրինակ` Հայաստանի բանակցություններ Ռուսաստանի կամ Ամերիկայի միջև: Միանշանակ ասել, որ դրանք եղել են կամ կարող են լինել սիմետրիկ, այնքան էլ տրամաբանական չի հնչի` նկատի ունենալով կողմերի անհավասարաչափ ներուժը (ռազմական, քաղաքական, տնտեսական), ինչպես նաև մեծ տերությունների աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ամբիցիաները և այլն: Չնայած կողմերի միջև առերես պահպանվում են դիվանագիտական էթիկան և քաղաքական պոլիտեսը:

Ասիմետրիկ շփումներ հաճախ են հանդիպում և՛ անհատական, և՛ պաշտոնական-միջպետական մակարդակով:

Ինչպե՞ս վարվել նման դեպքում.

ա/ եթե դիմացինի հետ զրույցը չի ստացվում և սպառված են շփման բոլոր տարբերակները, ապա նախընտրելի է դադարեցնել այն և հեռանալ: Առանց վիճելու, վիրավորելու և վիրավորվածությունը ցուցադրելու: Արժանապատվորեն, ‹‹պահպանելով դեմքը››,

բ/ այլ է պատկերը միջպետական ասիմետրիկ բանակցությունների դեպքում: Այստեղ մեծ նշանակություն է ստանում թույլ կողմի դիվանագիտական ճկունությունը և հմտությունները:


Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար (ասիմետրիկ) դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:

Հենվելով լեգիտիմության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա, հմտորեն օգտվելով մասնակից տերությունների հակասություններից` Նապոլեոնի արտաքին գործերի նախարարը կարողացավ պահպանել Ֆրանսիայի ամբողջականությունն այն ձևով, ինչ ձևով կար նախքան նապոլեանական արշավանքները, ճանաչել տալ և երաշխավորել ֆրանսիական ժողովրդի ընդունած Սահմանադրությունը, հանել Ֆրանսիան միջազգային մեկուսացումից:

Ավելին, Թալեյրանին հաջողվեց բարդացնել հարաբերությունները Ֆրանսիայի թշնամիների` Անգլիայի և Ավստրիայի միջև` մի կողմից և Պրուսիայի ու Ռուսաստանի միջև` մյուս կողմից, որը նոր ուղղվածություն էր հաղորդելու Հին աշխարհամասի միջազգային հարաբերություններին:

‹‹Քաղաքականությունը անխուսափելիի հետ համագործակցելու արվեստ է››: Ինձ թվում է, այս աֆորիզմը մեծ դիվանագետն ասել է Վիեննայի կոնգրեսից հետո:

Շարունակելի…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2753 reads | 22.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com