VI. ՆԱԽՕՐՈՔ ԻՄԱՑԻՐ` ՈՎ Է ԴԻՄԱՑԻՆԴ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Պրոֆեսիոնալ դիվանագետներն ու հետախույզներն ունեն մի կարևոր նշանաբան` իմանալ դիմացինի մասին ավելին, քան նա գիտե քո մասին, այսինքն` ունենալ նրա մասին հավաստի ինֆորմացիա: Այդ նպատակով դեսպանություններն ստեղծում են հատուկ քարտարան, որտեղ զետեղված են դեսպանընկալ երկրի պետական-քաղաքական, հասարակական, կուսակցական, դիվանագիտական, մշակութային գործիչների, խոշոր արդյունաբերողների և բիզնեսմենների մասին տեղեկանքներ` ‹‹քաղաքական-հոգեբանական դիմանկար››:

Դրանք մշտապես դեսպանի և մյուս դիվանագետների ձեռքի տակ են հանդիպումների և զրույցների ժամանակ: Դրանցից օգտվում են արտգործնախարարությունները, պետական և կառավարական կառույցները միջպետական բանակցությունների և համաժողովների ընթացքում:

‹‹Դիմանակարն›› արտացոլում է բնութագրվողի քաղաքական գործունեության փուլերը` դինամիկայի մեջ: Այնտեղ դուք կարող եք ծանոթանալ տվյալ գործչի դիրքորոշմանը քո երկրի և միջազգային խնդիրների նկատմամբ նրա ելույթներից, հարցազրույցներից, պաշտոնական ինֆորմացիայից և գաղտնի աղբյուրներից:

Նշեմ, որ այստեղ հարկ է ցուցաբերել զգուշություն և ընտրովի մոտեցում` չսխալվելու ու անճշտություններ չանելու համար, որը հաճախ տեղի է ունենում աղբյուրների ակամա կամ դիտավորյալ ապատեղեկացման դեպքում:

Տվյալ անձնավորության հետ հաղորդակցության և հաջող աշխատանքի արդյունքը կախված է նաև այն բանից, թե դեսպանությունը որքան օբյեկտիվ է տեղեկացված նրա նախասիրությունների, ընտանեկան կարգավիճակի, կապերի և ապագա պլանների մասին:

‹‹Դիմանկարն›› ամբողջովին և սպառիչ չի դիտվի, եթե սահմանափակվի բնութագրվողի զուտ քաղաքական հայացքների շարադրմամբ: Այդ իսկ պատճառով դիմանկարում նույնպես արտացոլվում են բնավորության գծերը, բարոյակամային հատկանիշները, հոգեկերտվածքը: Կարևոր է իմանալ` ինչպիսին է նրա խառնվածքը. սանգվինիկ (տաքարյուն, ակտիվ, եռանդուն), ֆլեգմատիկ (դանդաղաշարժ, հանդարտ), խոլերիկ (դյուրագրգիռ, խռովահույզ): Այս առումով, իմ կարծիքով, լավագույնն այն զրուցակցին է, որն իր մեջ զուգակցում է սանգվինիկ և ֆլեգմատիկ խառնվածքները: Հաղորդակցության վրա նկատելիորեն ազդում է նաև զրուցակցի էքստրավերտ կամ ինտրովերտ լինելը:

Նշված փաստաթուղթը ‹‹ժառանգական›› է. այն առաջին անգամ կազմվելուց հետո մշտապես լրացվում և փոխանցվում է դիվանագիտական հաջորդ հերթափոխին, և այդպես շարունակ:

Շարունակելի...
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2396 reads | 15.07.2014
|
avatar

avatar
0
1
Շնորհակալություն:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com