V. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶՐՈՒՅՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
Զրույցին պետք է անպայման նախապատրաստվել, հատկապես, եթե այն պաշտոնական է կամ դիվանագիտական:

Մի առիթով Նապոլեոն Բոնապարտը հարցնում է իր արտաքին գործերի նախարար Շառլ Մորիս Թալեյրանին. ‹‹Դուք համարվում եք զրույցի և բանակցության վարպետ Եվրոպայում: Ո՞րն է ձեր անփոփոխ հաջողության գաղտնիքը››: Նախարարը պատասխանում է. ‹‹Դուք մարտից առաջ մանրակրկիտ պատրաստվում եք դրան: Ուսումնասիրում եք տեղանքը, ուժերի դասավորվածությունը, ծանոթանում եք հետախուզության տվյալներին և այլն, այդպես չէ՞: Այսինքն` դուք նախապատրաստվում եք: Ես էլ յուրաքանչյուր հանդիպումից առաջ նախապատրաստվում եմ: Դրանում է իմ հաջողության գաղտնիքը››:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացածություն և փորձ ունի դիվանագետը, ինչ հանրագիտական գիտելիքների է տիրապետում, յուրաքանչյուր պլանավորած հանդիպում պահանջում է հանգամանալի նախապատրաստական աշխատանք: Հաշվված է, որ 10-15 րոպեանոց դիվանագիտական զրույցը պահանջում է 16 ժամանոց նախապատրաստական աշխատանք: Չհաշված դիվանագետի ուսումնառության և աշխատանքային տարիները:

Նախապատրաստվել զրույցի նշանակում է ծրագրել դրա կառուցվածքը, վարելու մարտավարությունն ու տեխնիկան:

Կարող է հարց առաջանալ. իսկ ինչպես վարվել հանպատրաստից զրույցների դեպքում, որոնք երբեմն ավելի շատ են դիվանագետների պրակտիկայում, քան պաշտոնական կամ ծրագրված զրույցները (ընդունելություններ, մշակութային միջոցառումներ, շփումներ դիվանագիտական կորպուսում և այլն): Մշտական աշխատանքը, ինչպես սպորտով և երաժշտությամբ զբաղվելը, ստեղծում է հուսալի ներուժ ամեն տիպի շփումների համար:

Զրույցի լավագույն նախապատրաստությունն իր մեջ ներառում է սցենար և դերաբաշխում, հատկապես, երբ նախատեսվում է հանդիպում կամ բանակցություն մի քանի դիվանագետի մասնակցությամբ: Այս դեպքում սցենարից բացի, մշակվում է նաև դերաբաշխման պլան-ծրագիր` ով երբ և ինչպես է հանդես գալու: Առանձին դեպքերում սցենար է կազմվում դեսպանի համար` նրա պատասխանատու այցելությունից առաջ: Սա կոլեկտիվ աշխատանք է:

Կարևոր է հաշվի առնել թեմայի մասնագիտական կետերը, որոնց արծարծումը, մեկնաբանումը և բացատրությունն իրենց վրա են վերցնում տարբեր ուղղությունների` քաղաքական, ռազմական, մշակութային, տնտեսական, առևտրական պրոֆեսիոնալները: Գրվում է պիեսի նման մի բան, (ասում են ամենագունատ թանաքն ամենալավ հիշողությունից գունեղ է), որը, անշուշտ, դոգմա չէ, և որտեղ իմպրովիզացիան մեծ տեղ է գրավում: Oգտակար է մինչև հանդիպումը ‹‹բեմադրել›› սցենարը:

Զրույցն ինչ-որ տեղ հիշեցնում է պինգ-պոնգ: Նախ` նրա ընթացքը կախված է ոչ միայն քեզնից, այլև դիմացինից: Զրույցն ամեն վայրկյան կարող է փոխվել և մատուցել անակնկալներ: Այնպես որ ունենալ հստակ և միակ սցենար` անհնար է: Դուք պետք է կարողանաք արագ կողմնորոշվել. վերլուծել իրադրությունը և օգտագործել տարբեր ճկուն մեթոդներ, ձևեր ու տրյուկներ: Հաջողությունը կախված է տարիներով կուտակված փորձից և համակարգված աշխատանքից:

Շարունակելի…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
1759 reads | 03.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com