IV. ՍՈԿՐԱՏԵՍԸ` ԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՀԱՅՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
Հելլադան ծնել է խոսքի երեք տիտաների` Սոկրատեսին, Պլատոնին, Արիստոտելին: Սակայն զրույցի նախահայրը համարվում է Սոկրատեսը: «Սոֆոկլեսը իմաստուն է, Եվրիպիդեսը` ավելի իմաստուն, իսկ Սոկրատեսը բոլոր մարդկանցից ամենաիմաստունն է»,- ասել է Պլուտարքոսը: 

Սոկրատեսի մեծությունն իր համեստության մեջ է: Հանճարեղ է հնչում նրա հետևյալ միտքը. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:

Այն, որ Սոկրատեսը դիալեկտիկական փիլիսոփայության հիմնադիրն է հայտնի է բոլորիս: Այդ նա էր, որ անցում կատարեց բնափիլիսոփայությունից բարոյական փիլիսոփայություն, իր` սոկրատեսյան ոճը հակադրեց սոփեստների ճոռոմ, կեղծ, հաճախ` կյանքից կտրված ոճին, ինդուկցիան հմտորեն զուգագցեց դեդուկցիայի հետ: 

Այս բոլորի կողքին` նա հանճարեղ զրուցող էր, ինչպես Ցիցերոնը` հռետորության մեջ: Ինչի՞ մասին էր խոսում և զրուցում Սոկրատեսը: Ամեն ինչի: Աստվածների ու մարդկանց, իմացության ու տգիտության, բարեկամության ու թշնամության, հարստության ու աղքատության, կյանքի ու մահվան մասին: Սոկրատեսը փայլուն կերպով տիրապետում էր զրույցի արվեստին: 

Երկկխոսություն, այլ ոչ թե բանավեճ, կարծիքների փոխանակում, այլ ոչ թե առճակատում. սա է սոկրատեսյան փոխզիջումային` կոմպրոմիսային հաղորդակցության բանաձևը, նրա գլխավոր սկզբունքը: 
 
Սակայն Սոկրատեսը հեզորեն հնազանդվող չէ և ամեն կերպ պաշտպանում է իր դիրքերը: Նա ուներ բանակցային հուսալի միջոցներ: Օրինակ` ինչպես փայլուն խաղացող` նա տիրապետում էր փակ կոմբինացիաների արվեստին, որի շնորհիվ դիմացինի համար վտանգավոր փաստարկները մնում էին անհայտ: Իսկ երբ այդ վտանգավոր փաստարկները բացահայտվում և դրվում էին սեղանին, զրուցակիցը դժվարանում էր դրանք մերժել: Մերժել նշանակում է զրույցի ավարտ և սովորական վիճաբանության սկիզբ: 

Սոկրատեսը տիրապետում էր էմպաթիայի` ապրումակցման մեխանիզմին, որին մենք արդեն անդրադարձել ենք մեր կայքի «Դիվանագիտության հոգեբանական ասպեկտները» բաժնում: 

Բանակցային արվեստի ևս մի փայլուն օրինակ: Սոկրատեսը զրույցի սկզբում ուշադրությամբ ուսումնասիրում է դիմացինի դիրքորոշումը: Այնուհետև շարադրում է իր փաստարկները: Անում է դա զգուշությամբ, աստիճանաբար, համոզելով զրուցակցին իր ճշմարիտ լինելու մեջ: Հետո իր մտքերը, առանց էական փոփոխությունների, քայլ առ քայլ ներարկում է զրուցակցին, «ձևաչափում» նրա ցանկությունների համեմատ և դա անում է այնպիսի հմտությամբ, որ զրույցի վերջում դիմացինը, ընդունելով նրա փաստարկները, ներկայացնում է որպես իր սեփականը և նույնիսկ խնդրում ընդունել դրանք: Տեղի է ունենում դերերի փոխանակում: Երկու կողմերն էլ գոհ են և գալիս են համաձայնության: Դիվանագիտության մեջ սա կոչվում է եռանկյուն` տրիանգուլյացիա, որին շատ քիչ դիվանագետներ են կարողանում հասնել:

Սոկրատիզմը մեծ դեր է խաղացել զրույցի սկզբնավորման և զարգացման գործում: Նա հեղինակ է զրույցի ընթացքում տրվող մի շարք հարցերի, որոնք կոչվում են «Սոկրատիկներ» և այսօր էլ ակտիվորեն օգտագործվում են հաղորդակցության ընթացում: Օրինակ` հռետորական, սադրիչ, հուշող, հոգեբանական, ընդառաջող, տարբերակված, զտիչ, ծուղակային, ծաղրալից և այլ հարցեր: 

Շարունակելի…
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2326 reads | 26.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com