ԻՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
Ասում են՝ պատմությունը կրկնում է իրեն: Այդ մասին այսօր կարող է ապացուցել Իրանի նախագահական 11-րդ ընտրությունը: Շաբաթ՝ հունիսի 15-ին, ընտրության վերջնական արդյունքները հայտարարվելուց հետո Իրանի հասարակության մոտ ծագած հույսի նշույլը հիշեցնում է 1997 թվականի շաբաթ՝ մայիսի 24-ը, երբ գրեթե բոլորի համար անսպասելի ու չսպասված պայմաններում ԻԻՀ նախագահ ընտրվեց Մոհամմեդ Խաթամին: Սրանից 16 տարի առաջ Մոհամմեդ Խաթամին այն պայմաններում ստանձնեց Իրանի գործադիր իշխանության ղեկը, երբ եվրոպական գրեթե բոլոր երկրները Իրանից հետ էին կանչել իրենց դեսպաններին, իսկ այսօր Հասան Ռոհանին Իրանի գործադիր իշխանության ղեկը իր ձեռքն է առնում այն պայմաններում, երբ Իրանը դիմագրավում է ԱՄՆ-ի ու արևմուտքի կողմից գործադրված ամենախիստ պատժամիջոցները:

Սրանից շուրջ մեկ ամիս առաջ, երբ Պահապան խորհուրդը մերժեց ԻԻՀ նախկին և Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի գործող նախագահ և ԻԻՀ 34-ամյա պատմության ամենաազդեցիկ գործիչներից համարվող Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թեկնածությունը, գուցե դժվար կարելի էր գուշակել, թե այդ օրերին հիասթափության խոր զգացում ապրող հասարակությունը ընդամենը մեկ ամիս անց նման քանականությամբ ձայներով նախագահ կընտրի Հասան Ռոհանիին, որն, ինչ խոսք, այդ օրերին այնքան էլ մեծ վարկանիշ չուներ մյուս թեկնածուների ցանկում: Ի՞նչ տեղի ունեցավ անցած մեկ ամսվա ընթացքում և ինչպե՞ս կարելի է գնահատել Հասան Ռոհանիի տարած հաղթանակը:

65-ամյա հոգևորական, իրավաբանության գիտությունների դոկտոր, Իրանի իսլամական խորհրդարանի և բանիմացների ժողովի երկու նստաշրջանների անդամ, 16 տարի՝ ամենազգայուն պայմաններում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի տարած հաղթանակի համար կարելի է մի քանի պատճառներ նշել:

Անշուշտ ԻԻՀ նախագահական 11-րդ շրջանի ընտրությունների արդյունքներում որոշակի դերակատարություն են ունեցել տնտեսական պայմանները: Այսօր Իրանը գտնվում է տնտեսական ծանր պայմաններում: Այդ մասին խոստովանում են Իրանի նույնիսկ ամենապահպանողական գործիչները, որոնք անցած ութ տարիներին ու մինչև վերջին ամիսները պաշտպանում էին Մահմուդ Ահմադինեժադի վարած քաղաքականությունը: Թեև Իրանի այսօրվա տնտեսական խնդիրների հարցում չի կարելի անտեսել արևմուտքի գործադրած պատժամիջոցների գլխավոր դերակատարությունը, որի արդյունքում կրճատվել են Իրանի վաճառած նավթի ծավալները և սահմանափակություններ են ստեղծվել արտասահմանում գտնվող ակտիվները Իրան փոխադրելու հարցում, այդուհանդերձ չի կարելի աչքաթող անել գործող կառավարության վարած տնտեսական սխալ քաղաքականության բացասական հետևանքները:

Գործող կառավարության տնտեսական քաղաքականությունը արժանացավ գրեթե բոլոր թեկնածուների քննադատության՝ ի բացառյալ Սաիդ Ջալիլու, որը հենց սկզբից չուներ տնտեսական հստակ ծրագիր և ընդհանրապես տնտեսական հարցերը նրա նախընտրական ծրագրերում հետին պլան էին մղված:

Ինչքան էլ որ ֆունդամենտալիստները փորձեն ձեռքերը լվանալով անմեղ ձևանալ ստեղծված պայմաններում, այդուհանդերձ Իրանի ժողովուրդը չի կարող մոռանալ, որ հենց նրանք էին, որ ութ տարի առաջ նախագահ դարձրին Ահմադինեժադին, ում վարած քաղաքականության պատճառով այսօր նման իրավիճակում է հայտնվել երկրի տնտեսությունը:

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներում դերակատար եղան նաև հասարակական պայմանները: Թեև Պահապան խորհուրդը իր գործունեությամբ ապացուցել է, թե կատարում է ֆիլտերի դեր և կանխում է համակարգը ղեկավարող վերնախավի համար անցանկալի անձանց ընտրությունների ասպարեզ դուրս գալը, սակայն այս անգամ կարծես իր հաշվարկումներում թույլ տվեց կոպիտ սխալներ: Մերժելով Հաշեի Ռաֆսանջանիի թեկնածությունը, որը կարող էր իր շուրջ համախմբել բարեփոխականներին և կառավարության քննադատ ֆունդամենտալիստներին, Պահապան խորհուրդը հավատացած էր, թե կանխելով այդ կոալիցիայի (բարեփոխականներ-կառավարության քննադատ ֆունդամենտալիստներ) ստեղծումը, բարեփոխականներին կհարկադրի ընտրություններում հանդես գալ մեկ թեկնածուով, հանձինս Մոհամմեդ Ռեզա Արեֆի, որը, ինչ խոսք, չուներ նախագահ դառնալու համար բավարար ձայներ հավաքելու շանսեր: Նման պայմաններում ասպարեզը թափուր էր մնում ֆունդամենտլիստական ճակատի մյուս թեկնածուների՝ Ղալիբաֆի, Վելայաթիի, Հադդադ Ադելի, Ջալիլու կամ Ռեզայու համար, որոնցից որևե մեկի հաղթանակը միանշանակ համարվելու էր ֆունդամենտալիստների հաղթանակը: Սակայն տեղի ունեցավ անսպասելին:

2005 և 2009 թվականների նախագահական ընտրությունների փորձն ունեցող բարեփոխականները այս անգամ խոհեմությամբ հանդես գալով իրենց ամբողջ կապիտալը համախմբեցին ոչ թե Արեֆի, այլ մի այլ թեկնածուի շուրջ, որը ոչ միայն կարող էր շահել բարեփոխականների, այլև կառավարությանը քննադատող ֆունդամենտալիստների ձայները: Մի խոսքով, Պահապան խորհուրդը ռազմավարական սխալ թույլ տալով, ոչ միայն չկարողացավ կանխել «Բարեփոխականներ-կառավարության քննադատ ֆունդամենտալիստներ» չհայտարարված կոալիցիայի ձևավորումը, այլև պատճառ դարձավ, որ այդ համախմբումը առավել մեծ ծավալներով ձևավորվի Ռոհանիի շուրջ: Ընտրապայքարի վերջին օրերին բարեփոխական թեկնածու Արեֆի ինքնաբացարկը համալրեց Ռոհանիի պաշտպանների բանակը և նույնիսկ շատերը, որոնք մինչև ընտրություններից քանի օր առաջ կասկածում էին ընտրություններին մասնակցելու հարցում, որոշեցին ասպարեզ դուրս գալ:

Մյուս ճակատում՝ վերջին տարիներում տեղի ունեցած ընտրություններում տարած հաղթանակից հովեր առած ֆունդամենտալիստները թույլ տվեցին այն սխալը, ինչը 2005 և 2009 թվականներին կատարեցին բարեփոխականները: Ի բացառյալ Հադդադ Ադելի, որը գիտակցելով, թե ընտրություններում հաղթելու շանսեր չունի, հօգուտ ֆունդամենտալիստ մյուս թեկնածուների ինքնաբացարկ ներկայացրեց, այդ ճակատի մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը գերագնահատելով իր ճակատի հասարակական համակրելիության չափերը, ձգտեց միայնակորեն թիկնել ԻԻՀ-ի նախագահի աթոռին և չնայած հնչեցված կոչերին, պատրաստ չեղավ հօգուտ մյուսների հեռանալ ընտրությունների ասպարեզից:

Եթե ֆունդամենտալիստական ճակատի համախմբման դեպքում կարելի էր կանխատեսումներ կատարել 2005 թվականի օրինակով ընտրությունները երկրորդ փուլ անցնելու մասին, ահա այդ ճակատի թեկնածուների միահեծանությունը պատճառ դարձավ, որ ոչ միայն ընտրությունները երկրորդ փուլ չանցնեն, այլև Ռոհանին ձայների ջախջախիչ տարբերությամբ (11 միլիոն ձայն) առաջին փուլում Իրանի նախագահ ընտրվի: Անշուշտ այդ ձայների խոշոր մասը Ռոհանին պարտական է Հաշեմի Ռաֆսանջանիին և Մոհամմեդ Խաթամիին, որոնք նախ իրենց համակաիրներին կոչ արեցին ձայները տալ Ռոհանիին և ապա հաջողեցին Արեֆին համոզել ինքնաբացարկ ներկայացնելու հարցում:

Ռոհանին հանդես է եկել «Հնարամտության և հույսի կառավարություն» կարգախոսով և ներկայանալով, որպես չափավորական թեկնածու, հեռու է մնացել Իրանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող երկու գլխավոր հոսանքների ծայրահեղություններից: Նա անդամակցում է պահպանողական ճակատին հարող Իրանի Պայքարող հոգևորականության հավաքականությանը, սակայն ընտրություններում նրա թեկածությունը պաշտպանել է նաև 24 տարիներ առաջ քաղաքական հայացքների տարբերության պատճառով այդ հավաքականությունից անջատված Իրանի Պայքարող հոգևորականության ֆորումը, որը գլխավորոում է Մոհամմեդ Խաթամին: Երկու շրջան Իսլամական խորհրդարանի և Բանիմացների ժողովի անդամ լինելուց բացի, Ռոհանին 16 տարի շարունակ վարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի պաշտոնը, իսկ այսօր նույն խորհրդում երկրի գերագույն առաջորդի ներկայացուցիչն է, միաժամանակ վարելով Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը: Ռոհանու վարկանիշը կտրուկ բարձրացավ ԻԻՀ նախագահության թեկնածուների քաղաքականության թեմայով երրորդ հեռուստաբանավեճից հետո, որտեղ նա համարձակ հայտարարություններ հնչեցնելով պաշտպանեց Հաշեմի Ռաֆսանջանիի և Խաթամիի կառավարությունների գործունեությունն ու վարած քաղաքականությունները և սուր քննադատությունների թիրախ դարձրեց գործող կառավարությանը:

Հեռուստաբանավեճի ժամանակ, իր գլխավոր մրցակից՝ նախկին բանակային և ներկայումս Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հասցեին հնչեցրած նրա «Ես գնդապետ չեմ, ես իրավագետ եմ» արտահայտությունը կարծես իր մեջ խտացնում էր անցած ութ տարիների ընթացքում երկրի քաղաքական ու տնտեսական տարբեր շերտերում՝ Իսլամական հեղափոխության գվարդիայի զգալի ներփանցմանն ուղղված քննադատությունը, ինչից դժգոհ է ժողովրդի մեծամասնությունը:

Ռոհանիի տարած հաղթանակում չի կարելի անտեսել նաև միջազգային այն պայմանների դերակատարությունը, որում այսօր հայտնվել է Իրանը:

Երկար ժամանակ է ինչ փակուղային վիճակի մեջ է գտնվում Իրանի միջուկային հարցը: Արևմուտքի կողմից գործադրված պատժամիջոցներին և Իսրայելի ու նաև մերթ ընդ մերթ ԱՄՆ-ի որոշ շրջանակների կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ, միջուկային հարցում Իրանի անդրդվելիությունը ստեղծել են այնպիսի իրավիճակ, որից փրկվելու միակ ելքը կողմերի հստակ զիջումների գնալն է: Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Ռոհանին իր վարած ճկուն քաղաքականությամբ կարողացավ ժամանակ շահել և միջուկային աշխատանքների կամավոր առկախմամբ կանխեց Իրանի միջուկային հարցի ՄԱԳԱՏԷ-ից Անվտանգութան խորհուրդ փոխանցվելը: Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Ռոհանիին հաջորդած Ալի Լարիջանին նույնպես շարունակեց Ռոհանիի քաղաքականությունը, սակայն միջուկային հարցում Ահմադինեժադի քաղաքականությունը այլ ուղղությամբ էր ընթանում, որի արդյունքում էլ Ալի Լարիջանիին փոխարինած Սաիդ Ջալիլու բանակցային խմբի կոշտ ու սակարկություն չընդունող քաղաքականությունների պատճառով Իրանի միջուկային հարցը փոխանցվեց Անվտանգության խորհուրդ, որին հաջորդեցին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները:

Անցնող ութ տարիների ընթացքում երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ոչ միայն պաշտպանել է բանակցություններում Ջալիլու ընդունած դիրքորոշումը, այլև առավել քան երբևե տիրացել է այդ ուղղությամբ որոշում կայացնելու մենաշնորհին: Այդ մենաշնորհից բխում է նաև Իրանի այսօրվա տնտեսական բարդությունների պատասխանատվությունը կրելու անհրաժեշտությունը: Որոշ վերլուծաբաններ ԻԻՀ նախագահական 11-րդ շրջանի ընտրությունները ինչ-որ ձևով միջուկային հարցի շուրջ չհայտարարված հանրավքե են բնութագրում, որտեղ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին ու գործող քարտուղարները ներկայացնում էին միջուկային հարցում լիովին իրար հակադրվող կողմնորոշումները: Ընտրություններում Սաիդ Ջալիլու հաղթանակը ամրանպդելու էր միջուկային հարցում գերագույն առաջնորդի դիրքորոշումները և մեղմելու էր դրա հետևանքների պատասխանատվության բեռը: Իսկ այսօր Ռոհանիի հաղթանակը կարծես թե նոր ուղղություն է բացելու Իրանի միջուկային հարցում:

1988 թվականին Իրան-Իրաք պատերազմի թեժ օրերին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնին չսպասված քայլի դիմելով, հայտարարեց Անվատնգության խորհրդի թիվ 598 բանաձևը ընդունելու մասին և դա նմանեցրեց թույնի գավաթը ընպելուն: Իսկ այս անգամ թվում է, թե միջուկային հարցում զիջումների գնալու թույնի գավաթը ոչ թե պատրաստվում է ըմպել առաջնորդը, այլ դա բաժին է հասնելու ԻԻՀ 7-րդ նախագահ Հասան Ռոհանիին, որի ընտրությունը կարող է հստակ մեսիջներ պարունակել արևմուտքի համար, այն մասին, թե Իրանը պատրաստվում է միջուկային հարցում զիջումների գնալու:

Արևմուտքի ու հատկապես Մեծ Բրիտանիայի որոշ պաշտոնատարների հետ ջերմ հարաբերությամբ հայտնի Ռահանիի ընտրությունը կարող է երկու բացառիկ հնարավորություն ստեղծել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի համար: Այդպիսով գերագույն առաջնորդն անցած ութ տարիների փակուղային վիճակի և դրա հետևանքով ստեղծված բարդությունների պատասխանատվությունը իր ուսերից թոթափելով, բարդելու է շրջանավարտ կառավարության և ներկա բանակցող խմբի ուսերին: Դրան զուգահեռ բարեփոխականների կողմից հովանավորված ոչ այնքան բարեփոխական անհատին նախագահ դառնալու հնարավորություն տալով, փորձ է կատարվելու վերականգնել հատկապես 2009 թվականի ընտրություններից հետո միջազգային հասարակայնության մոտ խաթարված Իրանի դիմագիծը:

1997 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած Իրանի նախագահական ընտրություններում Մոհամմեդ Խաթամիի արձանագրած հաղթանակից հետո մեկը մյուսի հետևից Իրան վերադարձան եվրոպական երկրների դեսպանները, որին հաջորդեցին Իրան-արևմուտք համեմատաբար ջերմ հարաբերությունները: Այսօր Հասան Ռոհանիի տարած հաղթանակով արդյոք պատմությունը կրկնելո՞ւ է իրեն: Թեև դեռ վաղ է այդ մասին կանխատեսումներ կատարելու համար, սակայն ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո Սպիտակ տնից ու Մեծ Բրիտանիայից հնչեցված հուսալի կոչերը կարծես գալիս են հաստատելու, որ այո՛, իրոք պատմությունը կրկնվում է:

Ռոբերտ Մարգարյան

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1007 reads | 17.06.2013
|
avatar

avatar
1
Եղավ էլ Քանի որ դուք շատ փոքր եք որմտնեք խաղի մեջ ու հասկանաք բավական է ձեր նեղմիտ հայացքով ու մտածաելակերպով և ձեր դաշնակցականի հնացած խաղերով պար գաք և փորձեք ձեր շուրջը հավաքել դեռ ճարվող միամիտ ու կուրացած կամ մեծահասակի կամ է ...

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com