ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐ. ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր








ՍԿԻԶԲԸ՝  ՄԱՍ ԱՌԱՋԻՆ,   ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

1906թ. օգոստոսի 22-ին ֆրանսիական հովանավորությամբ ժողով հրավիրելով՝ Նորատունկյան խանում հիմնվում է «Ռենեսանս» մասոնական օթյակը: 1908թ. հուլիսի 13-ին հիմնադրված օսմանյան մասոնական «Ռենեսանս» օթյակի 14 հիմնադիր անդամներից 12-ը 33-րդ աստիճան են ստանում, այդ թվում՝ Միշել Նորատունկյանը, մնացածը՝ թուրքական Մեջլիսի անդամներ: Փարիզը, ապա նաև Ժնևը դառնում են հայ և թուրք մասոնների, դաշնակների, հնչակների հակասուլթանական կոնգրեսների ու ժողովների կենտրոն: Հայ, ինչպես և մյուս ժողովուրդների մասոնականությանը հակված խավերում ներշնչող հանգամանք է եղել ոչ միայն օթյակների անդամների հզորությունը, հարստությունը, այլև հանրահայտ անունների փաստը: Այդպիսի անուններից են եղել Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը (եղել է Գերագույն պատրիարք), Նապոլեոն Բոնապարտը, Ջուզեպպե Գարիբալդին, Աթաթուրքը, երաժիշտներից՝ Մոցարտը, Պագանինին, Հայդենը, գրողներից՝ Գյոթեն, Վալտեր Սկոտը, Օսկար Ուալդը, Մարկ Տվենը, Արթուր Կոնան Դոյլը, Ռեդյառդ Կիպլինգը, Ռոբերտ Բյորնսը, արդյունաբերողներ բանկային մագնատներ՝ Հենրի Ֆորդը, Թոմաս Լիպտոնը (թեյի արքա), Ռոտշիլդները, գիտնականներից Ալֆրեդ Նոբելը, ամերիկյան նախագահների երկու երրորդը, սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչև Թեոդոր Ռուզվելտ (հիմնականում Մեծ մագիստրոսների աստիճանով): Հայտնի է ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի դիմանկարը՝ «Արարատ» կոչվող օթյակի գլխարկով ու զինանշանով: Անգլիայում մասոնականությունը հաշվում է 4 թագավորներ, 14 արքայազններ, ինչպես նաև Ուինսթոն Չերչիլը:

«Յլդըզ» պալատի արտաքին հարաբերությունների բաժնին անհանգստացրել է Թուրքիայից գաղթած հայկական կուսակցությունների հակասուլթանական գործունեությունը եվրոպական երկրներում, նրանց գործակցումը թուրք հակասուլթանական միությունների և եվրոպական հետախուզական գործակալությունների հետ: Բ.Դռան խորհրդակցություններում արտասահմանում հայերի հակասուլթանական գործունեությունը հաճախ է անհանգստության առիթ տվել ու քննարկումների նյութ դարձել: Յլդզում հատուկ մի բաժին էր ստեղծվել, որը արտասահմանում հայ կուսակցությունների, մասնավորապես նրանց հակասուլթանական գործունեությամբ էր զբաղվում: Այս բաժնում ևս հայեր են աշխատել: 1888թ. Սադրազամ Քյամիլ փաշան հրավիրել է որոշ հայ երևելիների, Պետական խորհրդի անդամների (Արթին Տատյան, Հովհաննես Վահան, Սերվիչեն, Հովհաննես Նուռյան) խոսելու դրսում եղած որոշ հայերի կողմից անկարելի ընթացքի մասին, երկրում հայերի երաշխիքի մասին: Այսպիսի խորհրդակցությունները վերաճել են Փարիզ և Ժնև սուլթանական տարբեր հայ բանագնացների առաքելության: Հայտնի են Տիրան Քելեկյանի 3 ուղևորությունները Ժնև, որոնք այդպես էլ հաջողություն չունեցան: Դրանցից ակնկալվում էր դաշնակցական ու հնչակյան կուսակցություններին հաշտեցնել ու զսպել պալատի դեմ ձեռնարկվող գործողություններից, Եվրոպայում թուրք հակասուլթանական շրջանակներին հարելուց, որն ինչպես ապացուցվեց, մեծապես վտանգի տակ էր դնում կայսրության հայ հպատակների անվտանգությունը:

Ժնևում դաշնակցականների կենտրոնական միության հետ սուլթանի կողմից բանակցող Արթին Տատյան փաշան ևս նկատելի հաջողություններ չի կարողացել արձանագրել իր առաքելության առթիվ: Եվրոպայում գտնող հայ կուսակցականներն առաջարկում էին դադարեցնել վերադարձողների նկատմամբ կիրառվող հետապնդումները: Թուրքերի ու քրդերի կողմից քշվածներին՝ վերադարձնել տեղը, տունը, ազատել քաղբանտարկյալներին: Հակառակ դեպքում չէին կարող վստահել սուլթանի բարյացակամությանը:

Արթին Տատյան փաշայի որդուն՝ Տիրան բեյ Տատյանին 1896թ. ուղարկում են Ժնև, որպեսզի դաշնակցականների ղեկավարների հետ բանակցություններ վարի՝ վերջ տալու համար սուլթանական տերության դեմ նրանց հարձակումներին: Սուլթանի կողմից Ժնև, հերթական անգամ դաշնակցականների հետ ապարդյուն հանդիպման է ուղարկվում Վաղինակ Աճեմյանը: Մինչ Սուլթանը խոստանում էր 9 ամիս չանցած բարեփոխումներ կատարել երկրում, հայ կուսակցական ղեկավարները, վտանգելով կայսրության հայերի վիճակը, անհաղորդ էին մնում բանագնացների առաջարկություններին, պայքարի մեջ մտնում միմյանց (դաշնակներն ու հնչակները) հետ, դաշնակցելով հակասուլթանական տրամադրությամբ թուրք վտարանդիների հետ: Ադրիանապոլսում, դեռևս 1878թ. փետրվարին, հայկական եկեղեցում, ռուս բարձրաստիճան զինվորականության ներկայությամբ հոգեհանգիստ էր կատարվել թուրքերի հետ մարտերում զոհված ռուս զինվորների համար: Թուրքական կառավարության ուշադրությունից զերծ չէին կարող մնալ ռուսասիրության այս և նման վտանգավոր դրվագները:

1907թ. Աբդուլհամիդ Բ-ի դեմ կազմակերպած երկրորդ կոնգրեսը տեղի է ունենում Փարիզում՝ Բարոն դը Լորմեսի տանը: Դաշնակցականներն իրենց հերթին մասնակցում են Փարիզում երիտթուրքերի կոնգրեսին՝ սուլթանի դեմ:

Երկու տարի անց, 1909թ., հայկական 3-րդ մասոնական օթյակն է հիմնադրվում Խարբերդի Հյուսենիկ գյուղում «Եփրատ» անունով՝ Էդինբուրգի շոտլանդական մեծ օթյակի հովանավորությամբ, որին անդամակցում էին բժիշկներ, վարդապետ, պրոֆեսոր, մոտ 10 անուններ:

Ստամբուլում 1909թ. հիմնադրված Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի զինանշանի վրա գրված էին Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն և Առաջադիմական ուժերի միություն բառերը:

1918թ. մայիսի 1-ին 1185 անդամից բաղկացած 4-րդ հայկական մասոնական օթյակն է հիմնադրվում Պոլսում՝ «Հայաստան» անվամբ, Էդինբուրգի Շոտլանդական Բարձր օթյակի հովանավորության ներքո: Օթյակի վարպետ ղեկավարը Թորգոմ Պոյաճյանն է եղել: Մինչ հայ երևելիներն ու մտավորականները «եղբայրություն էին» խաղում ֆրանսիական ու շոտլանդական վարագույրներով բեմում, 1910թ. հոկտեմբերին Սելանիկում տեղի ունեցող իթթիհադականների կոնգրեսում մեծամասնության կողմից ընդունվում է «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանով գաղտնի որոշումների շարքը:

Թվում է, թե մասոնական օթյակների շուրջ համախմբված տարբեր ազգեր ու կրոններ ներկայացնող «եղբայրները» միասին պետք է «հղկեին իմաստության ժայռը»՝ հանուն Օսմանյան կայսրության ապագայի: Սակայն այս խառնարանում այնքան տարբեր երկրների, եկեղեցիների, միավորումների ու անհատների շահեր էին եփվում, որ արդյունքը բարենպաստ չէր կարող լինել:

Պոլսում եվրոպական տերությունների դեսպաններն ու հյուպատոսներն իրենց հերթին ջանում էին տարբեր կերպ միջամտել Կայսրությունում ազգային քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, եվրոպական գաղափարների հաստատման առումով: Այն հիմնականում հանդիպում էր պալատի ու հետադիմական հոգևորական դասի դիմադրությանը: Ելնելով Սասունի դեպքերից ու հենվելով Բեռլինի կոնֆերանսի 61 հոդվածի վրա, 1895թ. մարտին հայկական Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սվազի գավառներում բարեփոխումների, դրանց տնտեսական և իրավական կառավարման համար Ֆրանսիայի, Անգլիայի և Ռուսաստանի դեսպանների կողմից դիմում է ներկայացվում կառավարությանը: Նրանք պատրաստում են նաև բարեփոխումների ծրագիր, պետության ու իրենց կողմից վերահսկվող համապատասխան հանձնաժողովներով հանդերձ: Օտար դիվանագետների կողմից իրենց ներքին գործերին այսկերպ միջամտելը կառավարության կողմից անընդունելի ու վտանգավոր են նկատվում: Ջևդաթ փաշան սուլթանին ուղղված հուշագրում (մեմորանդում) նկատում է, որ եվրոպական պետությունների դեսպանությունների կողմից վիլայեթների բարեփոխման պահանջները Պոլսում բողոքի ալիքի պատճառ են հանդիսանում: Սուլթանը համաձայնվում է ստորագրել նախագիծը:

Երբեմն մեծագույն գյուտերը, ճակատագրական հեղափոխությունները ժողովուրդների կյանքում առիթ են դառնում որքան էլ որ մեծ առաջընթացի, այնքան էլ՝ մեծագույն ողբերգությունների: Եվ որքան էլ որ դա ցավալի է, թվում է, թե այն աննկատ է գալիս: Չէ որ այդ ճանապարհն այնքան գայթակղիչ է: Այդպես եղավ նաև արևմտահայության հետ: Ֆրանսիական հեղափոխական գաղափարների ներթափանցում, կայսրության եվրոպականացում ու առաջընթացի հույսեր, ընդհանուր զարթոնքի մթնոլորտ ողջ կայսրությունում և մասնավորապես արևմտահայ կյանքում: Իսկ ողբերգություններն էին՝ կաթոլիկության, ապա նաև բողոքականության մուտքը, որ ծվատեց Արևմտյան Հայաստանը, հայ ժողովրդին: Իրարամերժ կուսակցություններ ու միություններ, տարբեր եկեղեցիներ, դասակարգեր, մասոնականություն… Այս ամենը բերում է ազգային մի «հիվանդության ծայրակետի», երբ սկսում են «համարձակորեն» բարձրաձայնել սեփական ազգի խոցերի մասին՝ ավելորդ ստրկամտություն, այլ ազգերի նկատմամբ չափից ավելի երկրպագում, ի վնաս սեփական ժողովրդի, և անհանդուրժողականություն ազգակցի նկատմամբ: Չէին կարողանում անվերապահորեն ընդունել ամենակարևորը՝ թե հայ ժողովրդի ուժը յուր միասնության մեջ է: Հենց այսպիսի ծվատված վիճակն է ժողովուրդներին մեծագույն ողբերգությունների հասցնում:

Դիվանագիտական առաքելությունները չեն սահմանափակվել տարբեր երկրների ներկայացուցչությունների մաս կազմելով ու գլխավորելով: Սուլթանի կողմից եվրոպական արքայական դեմքերին տարբեր առիթներով ներկայանալու, նվերներ, շքանշաններ հանձնելու կարևոր արարողությունների, ուր անհրաժեշտ է եղել ելույթներ ունենալ, որպես կանոն, տեսնում ենք ոչ թե դեսպաններին, այլ հիմնականում նրանց հայ խորհրդականներին:

Հայազգի պաշտոնյաները անդամակցել են դիվանագիտական, մասնավորապես պատերազմական ժամանակներում տարբեր տիպի բանակցությունների ու հաշտության դաշնագրերի ստորագրմանը, միջազգային կազմակերպությունների համաժողովներում, նաև՝ միջազգային ցուցահանդեսներում ներկայացրել են Կայսրությունը, ստորագրել բազմաթիվ կարևոր համաձայնագրեր, վարել կարևորագույն բանակցություններ, ինչպես օրինակ, 1885թ.Պոլսում՝ Շվեդիայի և Նորվեգիայի դեսպանների հետ միասին, ականակիրների և շոգենավերի պատվերի շուրջ համաձայնագիրը Թուրքիայի կողմից ստորագրում է Հակոբ Գազազյանը: 1885թ. Հակոբ Գազազյանը ֆինանսների նախարար և Արթին Տատյանը՝ Արտգործնախարարության խորհրդականի պաշտոններ են ստացել: Որպես կանոն Արթին Տատյանն է ընդունել բոլոր երկրների պատվիրակներին, թարգմաններին: Նրա ներկայությամբ է սադրազամ Սաիդ փաշան ընդունել դեսպաններին կառավարությունում և այլն:

Հայ պետական գործիչներին, դիվանագետներին հանձնարարվում էր նաև անդամակցել ու ղեկավարել, մասնավորապես, բալկանյան ժողովուրդների ու սուլթանական պալատի միջև տարբեր քաղաքական հանձնաժողովները: 1886թ. Սահակ Ապրո Չելեպին (1823-1900) Բ.Դռան կողմից նշանակվում է թուրք-բուլղարական հանձնաժողովի անդամ, ապա՝ հանձնաժողովի նախագահ: Չմոռանանք նաև, որ 1878թ. Բեռլինի դաշնագրով, երբ Բուլղարիան իրավունք ստացավ իր համար իշխան ընտրելու, Ֆրանսիան և Անգլիան որպես թեկնածու առաջարկել էին Նուպար փաշային՝ բուլղարական գահի վրա: Ռուսաստանը մերժել էր, գտնելով, որ դա ասպարեզ կտար հայ ազատագրական շարժումներին: 1894թ. 3 անգամ արդեն վարչապետ եղած Նուպար Նուպարյանը Խտիվի բացակայության ժամանակ նրա պաշտոնակատարն էր: Չենք խոսում Եգիպտոսում հայ նախարարների, սեղանավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների, երախտավորների մի ողջ բանակի մասին:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
6887 reads | 05.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com