ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր





Միրզայան Մանուկ (1769-1817) . 19-րդ դարի կեսերի օսմանյան դիվանագիտության անվանի երախտավորներից է եղել:

Տատյան Հարություն (Արթին, 1830-1901). Տատյան Հովհաննես ամիրայի երրորդ որդին է՝ վեզիրության աստիճանի հասած դիվանագետ: Բուն անունը՝ Հարություն Գարեգին: Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզի Saint Barb և Louis le Grand (Սենտ Բարբ և Լուի լը Գրան) քոլեջներում, ապա ավարտել Սորբոնի դիվանագիտության բակալորիան:

1846թ. վերադառնալով Պոլիս՝ ծառայության է անցել Բ.Դուռ: Եղել է խորհրդական, դիվանագիտական 50 տարվա ծառայություն ունեցել տարբեր երկրներում, տարբեր պաշտոններում, այդ թվում՝ փոխարտգործնախարար: Նրա ունեցած մեծ հեղինակության ապացույցներից են եվրոպական պետությունների 32 միապետների ու կառավարությունների կողմից նրան շնորհված պատվանշանները: Արտգործնախարարությունում 1859թ. նշանակվել է ծառայելու Բ.Դռան Թարգմանական հատուկ գրասենյակում: Դիվանագիտական առաքելությամբ մեկնել է Օդեսա, Փարիզում (1860թ.) երկու տարի եղել դեսպանատան առաջին քարուղար: Մեկնել է Իսպանիա՝ դիվանագիտական առաքելությամբ: 1865թ. վերադարձել պաշտոնավարելու Արտգործնախարարության Կապի վարչությունում:

Արտգործնախարարության, ապա Բ.Դռան բոլոր կարևոր գրությունները, որոշումները նրա ձեռքի տակով էին անցնում, որոշների կազմողն ու հեղինակն էր հանդիսանում: Նրա կարճ բացակայության ընթացքը հայտնի է նրանով, որ տարբեր երկրներ ուղարկվող դիվանագիտական բոլոր փաստաթղթերը ետ էին ուղարկվում որպես վատ ու խրթին կազմված գրություններ: Երկար տարիներ դիվանագիտական փաստաթղթերը, միջազգային դաշնագրերը կազմում, գրում էր Հարություն (Արթին) Տատյան փաշան: Նա արտգործնախարարության դիվանագետների ու աշխատակիցների մի քանի սերունդ է կրթել: 1866թ. Պետական խորհրդի առաջին աստիճանի, իսկ 1867թ.՝ իսկական անդամ է ընտրվել:

1869թ. Անտառների նախարարությունն է տնօրինել: 1871թ. Անտառների և Ընդերքի վարչությունում ընդհանուր քննիչ տնօրեն դարձել: 1870թ. Ֆինանսների նախարարության խորհրդական է եղել ու ստացել UlՉy-ı sՉli աստիճան:

Թանզիմաթի հռչակումով Օսմանյան կայսրությունն իր բոլոր գործողություններում, որոշումներում որպես հենակետ էր ունենում եվրոպական, մասնավորապես ֆրանսիական օրինակը: Տատյան Արթին փաշան 6-րդ թաղամասի նախագահությունը ստանձնեց 1872թ., դառնալով այս կարևոր հաստատության 8-րդ նախագահը: 1874թ. Ռումելիի երկաթուղային գծի վերահսկողութական մարմնի անդամ է դառնում, բարձրանում Bala-ի աստիճանի: Վայելել է Աբդուլ Համիդ Բ սուլթանի սերն ու վստահությունը: 1875թ. Աբդուլ Համիդ Բ սուլթանը հրավիրվում է նրան որպես Արտգործնախարարության խորհրդական:

1881թ. հունական սահմանները կարգավորելու արտակարգ պատասխանատվությամբ է օժտվում: 1882-4թթ. մամուլը անընդհատ հրապարակել է նրա Պոլսում և դրսում ունեցած կարևոր հանդիպումները, մասնավորապես պալատում, սադրազամի, արտգործնախարարների, օտար երկրների դեսպանների (Ավստրիայի, Ռուսաստանի և Անգլիայի, երբեմն միասին), հյուր ներկայացուցիչների հետ: Սուլթանի հետ Յլդըզի պալատում նրա պաշտոնական տեսակցությունները մամուլում նշվել են ժամերի ճշտությամբ, երբեմն առավոտյան 7-ից մինչև երեկո: Հունաստանից ստացել է St. Sauveur շքանշանը: 1885թ. Սուլթան Աբդուլհամիդ Բ-ն պահանջում է, որ Տատյանը պատրաստի և ներկայացնի համակողմանի մի զեկուցագիր նեղուցների շրջանում կայսրությանը պատկանող սեփականությունների մասին: 1885թ. Արթին Տատյանը Արտգործնախարարության խորհրդականի պաշտոն է ստացել: Նա է ընդունել, որպես կանոն, բոլոր դեսպաններին կառավարությունում (1886թ. ԱՄՆ դեսպան Կոքսին և այլն): Սադրազամը հաճախ հրավիրում էր նրան՝ ժամերով խորհրդակցելու, առնվազն 2-3 ժամ:

1886թ. Արթին Տատյանը 1000 լիրա նվեր է ստանում կառավարությունից, 1887թ. վեզիրի աստիճան է ստանում: 1888թ. Արտգործնախարարության կողմից Բուլղարիայում ներկայացուցիչ է նշանակվում: Նրա պատասխանատվությամբ ու մասնակցությամբ են կնքվել բազմաթիվ կարևորագույն միջազգային պայմանագրեր: 1891թ. Ավստրիա-Թուրքիա առևտրական պայմանագիր կնքելու համար երկու կողմերի պաշտոնյաները Արտգործնախարարությունում՝ Արթին Տատյանի նախագահությամբ ու Անտառների և հանքերի գլխավոր տնօրեն Պետրոս Կույումճյանի մասնակցությամբ խորհրդակցության են հրավիրվել:

1892թ. Արթին Տատյանը դառնում է Ֆինանսների ու հարկային միացված նախարարության նախագահ: 1891թ. Արթին Տատյանի գլխավորությամբ կազմվում է մի հանձնաժողով, ոը քննության է առնում կայսրությունում օտար փոստերի տված անսահման վնասարարությունները և դրանց առաջն առնելու ու վերացնելու համար հատուկ լսում է նշանակվում կառավարությունում: 1897թ. Արթին Տատյանը Պետական խորհրդի անդամ է դառնում, արժանանում փաշայության տիտղոսի ու բազմաթիվ շքանշանների, այդ թվում Nişan-ı OsmanՏ. Nişan-ı MecidՏ. Nişan-ı Iftihar ականակուռ պատվանշանների: Վիլհելմ Ա-ից ստացել է Couronne de Prus: Նկարներից մեկում Արթին Տատյանը պատկերված է ժամանակի գերմանական նորձևությանը հարիր բեղերով, այտամորուքներով (բակենբարդ):

Արտաքին քաղաքականության լուրերի բաժնում հայկական պարբերականներն ամեն օր տպագրել են Արթին բեյի, որպես խորհրդականի, չափազանց սեղմ ժամանակացույցը՝ ժամ առ ժամ կառավարությունում , պալատում, հանդիպումներն օտար դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարների հետ , բանակցությունների նյութը:

Ավստրիայի արքայադուստր Ստեֆանիի Պոլիս այցելության ընթացքում Արթինի աղջիկ Եվգինե-Էժենին, պալատի տիկնանց հետ հանդիպումներում, փադիշահի կողմից նշանակվել է ֆրանսերենի թարգմանիչ և ուղեկցող: Ապա՝ Յլդըզի հարեմում նա առաջին թարգմանիչ է նշանակվել, ստացել 2-րդ աստիճանի Şefakat պատվանշան:

Գաբրիել Նորատունկյան (1852-1936) - Տիվրիկցի (գ.Գասմա) հայտնի գերդաստանի զավակ է եղել: Նրա նախնիներից Արթին (Հարություն) Նորատունկյան ամիրան (1770-1843) եղել է ժամանակի ամենաազդեցիկ ազգային գործիչներից: Հացագործապետ ամիրայական գերդաստանի շառավիղ է: Արթինի Բաղդասար եղբորորդու՝ Էքմեքչիբաշը (հացագործապետ) Գրիգոր աղայի որդին է եղել Գաբրիելը: Այս ընտանիքի անդամների մի մասը շարունակել է հացագործապետի իրենց դիրքին հարիր գործը, եղել են բանակի, վառոդարանի հացի մատակարաներ: Ընտանեկան խիստ կրթություն է ստացել: Գաբրիելը նախնական կրթությունը ստացել է 1869թ. ՙSaint Joseph՚ ֆրանսիական քոլեջում: 1870-1875թ. Փարիզում իրավական ու քաղաքական գիտելիքներ, բարձրագույն կրթություն է ստացել Սորբոնում, ՙՔոլեջ դը Ֆրանս՚ (Collčge de France), պոլիտեխնիկական և նման գիտելիքներ տվող դպրոցներում: Այս ընթացքում, 1873թ., Փարիզի դեսպանատանը որպես դիվանագիտական կցորդ (ատտաշե) է ծառայել: 1875թ. Փարիզում Օսմանյան կայսրության դեսպան Ալի փաշայի հետ վերադառնալով Պոլիս, սկսել է աշխատել որպես իրավական խորհրդատու-քարտուղար՝ Արտգործնախարար Ռեշիդ փաշայի մոտ, ու արագ բարձրացել դիվանագիտական ծառայության աստիճաններով: 18 տարեկանում անդամ էր (1870թ.) Բ.Դռան Արտաքին հարաբերությունների գերատեսչության: 1878թ. Օսմանյան կայսրության ու Սերբիայի միջև հակասությունների առթիվ կազմված Հաշտեցման խորհրդի առաջին քարտուղար է նշանակվել: Սիլիստրայում տեղի ունեցած Եվրոպական խառը հանձնաժողովում Կայսրության երկրորդ պատգամավորն է եղել: Ապա անդամակցել է ռուս-օսմանյան սահմանները գծող (հաստատող) միջազգային հանձնաժողովին: 1881թ. Չեթինի դեսպանատան առաջին քարտուղար է նշանակվել, 1883-1906թթ. Արտգործնախարարության իրավական խորհրդատու է աշխատել: 1886թ. Գաբրիել Նորատունկյանը ընտրվում է Պատրիարքարանի խորհրդի անդամ և կրթական հանձնաժողովի նախագահ:

Նա վարել է նաև Բ.Դռան բարձրագույն իրավագետի պաշտոնը: Եղել Օսմանյան կառավարության պատվիրակը Լահեյի (Հաագա) միջազգային ժողովում, ընտրվել Օսմանյան մեջլիսի (խորհրդարանի) անդամ:

1906թ. Գաբրիել Նորատունկյանը Քյամիլ փաշայի (1832-1913) կառավարության կաբինետում նշանակվում է առևտրի ու Հանրային շինությանց նախարար: Այս նախարարությանը ամենանամեծ ծառայություններն է ունեցել Գաբրիել Նորատունկյան էֆենդին: Ժամանակին, Մոսկվայում դեսպան Գալիպ Քեմալի Սոյլեմեզօղլուն իր հուշերում դրվատանքի շատ լուրջ խոսքերով է հիշում Նորատունկյանի նախարարական այս շրջանը, այն համարելով չափազանց արդյունավետ, մասնավորապես անատոլիական շրջաններում կապի, հանրօգուտ շինությանց ասպարեզում նրա իրագործած աշխատանքները, նրան համարելով մեծ իրավագետ ու պատվակայն եզակի աշխատասեր այր : Նա ևս զարգացրեց Ռումելիի երկաթուղու գործը: Նորատունկյանական այս շրջանը նշանավորվել է Գերմանիայի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնմամբ, Սերբիայի երկաթուղիների միավորմամբ, Իրանի հետ փոստ-հեռագրական գործի կազմակերպմամբ և այլ մեծ ու փոքր, սակայն պետության համար կարևորագույն գործերով:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3631 reads | 15.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com