ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր






Կարապետ Արթին փաշա Դավուդյանը
, (Դավուդ փաշա, կաթոլիկ, 1816-1873) առաջին քրիստոնյան էր, որ հասել է մարշալի բարձր աստիճանին: Թուրքական դիվանագիտության մեջ կարևոր դեր խաղացած երևելի անձանցից է եղել:

Կրթությունը ստացել է Պոլսում, ապա՝ Բեռլինում: 24 տարեկանում (1840) ծառայել է Բեռլինի թուրքական դեսպանատանը որպես քարտուղար և թարգմանիչ: Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, դեսպանություններում կարևոր պաշտոններ է վարել, վայելելով մեծ հեղինակություն: 1850թ. Օսմանյան կառավարության ներկայացուցիչ է ընտրվել Վիեննայի դեսպանատանը: Եղել է Վիեննայում դեսպան:

1856թ. ավստրիական կառավարության կողմից ստացել է Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան, Բավարիայից՝ 3-րդ աստիճանի Bavaria խաչ և Վուրդենբուրգից՝ Wurdenberg 3-րդ աստիճանի խաչ: 1859թ. Շվեդիայի թագավոր Օսկարի կողմից ստանում է առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı (Հյուսիսային բևեռի աստղ) շքանշան, երբ աշխատում էր որպես գրաքննության բաժնի տնօրեն և Կառավարության առաջին թարգման: 1867թ. Նապոլեոն Գ կայսեր կողմից արժանացել է Chevalier de l’Egion d’Honneur շքանշանի: Հռոմի Պապը նրան շնորհել է Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան: Օսմանյան կառավարության կողմից ստացել է ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ:

Քաղաքական անսահման գիտելիքների պաշար ունեցող այս մարդուն, կայսրության կարևորագույն տեղերում պաշտոնավարելուց հետո, Եվրոպական 5 մեծ երկրների և Օսմանյան կայսրության համատեղ կազմված հանձնաժողովը 1861թ. Լիբանանի և Սիրիայի ինքնավար մարզերի ընդհանուր կառավարիչ (կուսակալ) է նշանակում՝ վեզիրի և փաշայի տիտղոսներով: Նրան շնորհվել է մյուշիրի (մարշալի) կոչում:
Ազգամիջյան բախումների շրջան ապրող Լիբանանում Դավուդյանը վարել է կրոնական հակամարտությունները նվազագույնի հասցնելու, իսկ տնտեսական, առևտրական, մշակութային զարգացումն առավելագույն զարգացման հասցնելու քաղաքականություն: Իր կուսակալության շրջանում նա փորձել է Լիբանանը և Կիլիկիան որպես միացյալ քրիստոնեական կիսաանկախ պետություն հաստատել: 

Նա տեղացիների կողմից մեղադրվել է «հայկական պետություն հիմնելու» նպատակ ունենալու և Լիբանանը հայացնելու համար:

1859թ. տնօրինել է Գրաքննության վարչությունը: 1860թ.՝ հեռագրական վարչությունը: 1868թ. Կարապետ փաշա Դավուդյանին վստահվում է Փոստ-հեռագրական, նաև՝ Օսմանյան կայսրության հասարակական կառույցները ղեկավարող Հանրօգուտ շինությանց նախարարի պաշտոնը: 1866թ. նա մեկական շաքարի ֆաբրիկա է հիմնում Ստամբուլում և Իզմիրում: Նրա գործունեության հաջողություններից մեկն էլ կայսրության եվրոպական ու ասիական մասերն իրար կապող Ռումելիի երկաթգծի շինարարությունն է, որի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում բացառիկ եղավ:

Նրա առաջին գործն է լինում հնարավորություններ ստեղծել Ռումելիի երկաթուղու շինարարությունն իրագործելու համար: Այդ նպատակով նա գնում է Փարիզ, Վիեննա, ուսումնասիրում գործը, կարևոր մասնագետների հետ շփվում: 2000 կմ երկարություն ունեցող այդ երկաթգծի ստեղծման համար բարոն Հիրշի հետ միասին գտնում են «Օսմանյան ընկերության» հիմնադրման անհրաժեշտությունը: 1870թ. այն իրականացվում է: 1871թ. այս պաշտոնը փոխանցվում է Քաբուլի փաշային՝ Դավուդ փաշայի չափազանց հոգնածության պատճառով: Դավուդյանները մեծ աքսորի ժամանակ առաջին աքսորվողներից են եղել:

Նա գերման հին ցեղերին նվիրված իր ուսումնասիրության համար ընտրվել է Բեռլինի Գիտությունների ակադեմիայի անդամ և Գերմանիայի կանցլերից ստացել հատուկ մրցանակ:

1871թ. հիվանդության պատճառով հանգստյան է կոչվել, Սաքըզ կղզի մեկնել, ապա՝ ֆրանսիական Բեառից քաղաքը, ուր և 1873թ. կնքել է իր մահկանացուն: Երախտապարտ լիբանանցիները նրա հիշատակը հավերժացրել են՝ Բեյրութի փողոցներից մեկը նրա անունով կոչելով:

Լեռնալիբանանի վերջին հայազգի կառավարիչը, որ հաջորդել է Դավուդ փաշային, եղել է այդ երկրում բազմաթիվ բարենորոգումների հեղինակ՝ Հովհաննես փաշա Կույումճյանը (1858-1933): Պետական խորհրդի այս անդամը ևս ունեցել է մարշալի կոչում: Կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում և Փարիզում, Հիսուսյան ուխտին պատկանող հռչակավոր Vaugirard հաստատությունում: Պոլիս վերադառնալով կարևոր պաշտոններ է վարել Արտգործնախարարությունում: 1899-1908թթ. եղել է Իտալիայում, Հռոմում թուրքական դեսպանատան Ա քարտուղարը, գործերի հավատարմատարը:

Վերադարձին ընտրվել է Պետական խորհրդի անդամ և փոխարտգործնախարար: 1912թ. երբ Գաբրիել Նորատունկյանը նշանակվել է Օսմանյան կայսրության արտգործնախարար, որոշվել է, որ Հովհաննես Կույումճյանը հրաժարվի փոխարտգործնախարարի պաշտոնից՝ թուրքական որոշ շրջանակներին չգրգռելու համար: 1894թ. Հովհաննես Կույումճյանը նշանակվել է Հռոմում օսմանյան դեսպանատան Ա քարտուղար, 1899-1908թթ. երկու անգամ՝ ժամանակավոր հավատարմատար: 1905թ. ստացել է իտալական 3-րդ աստիճանի Croix (խաչ): Այդ տարիների համար սուլթանից ստացել է 3-րդ աստիճանի OsmanՏye և 4-րդ ու 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ շքանշաններ:

1908թ. վերադարձել է Պոլիս, ընտրվել Պետական խորհրդի անդամ, փոխարտգործնախարար: 1912թ. ստացել է «Վեզիր» ու «Մյուշիր» (մարշալ) աստիճանները, փաշայի տիտղոս: Ստացել է 4-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ, UlՉy-ի աստիճան: 1910թ. սուլթանը նրան ուղարկել է Բելգիայի թագավոր Ալբերտին անձամբ նվիրելու Hanedan-ı Osman-i շքանշանը: Այս առթիվ կայսրը նրան նվիրել է առաջին աստիճանի Leopolde շքանշան: Վեզիրի և մարշալի աստիճանով Լիբանանի կառավարչի պաշտոն է ստանձնել 1913թ. դեկտեմբերի 22-ից և 3 տարի (1913-15թթ.) եղել է Լեռնալիբանանի կառավարիչ:

Պետական խորհրդի այս անդամը, որն ունեցել է «մարշալի» կոչում, Լիբանանում հիշվում է որպես 5 կարևոր բարենորոգումների հեղինակ: Նա ընդունել է Լեռնալիբանանի վերջին հայազգի կառավարիչ Դավուդ փաշային հաջորդելու առաջարկը, հանդիսացել այդ երկրի հայազգի վերջին կառավարիչը: Նա բուռն պայքար է մղել Լիբանանը քրիստոնեաթափ անել ջանացող ու այդ նպատակի համար ամեն տեսակի խարդավանքների ու զազրախոսությունների դիմող Ջեմալ փաշայի դեմ, վաստակելով ֆրանսիասեր լինելու մեղադրանքը: 

Լիբանանի համար նրա մղած պայքարը եղել է կենաց մահու գործ: Նա ամեն ինչ արել է այս երկիրը ու նրա բնակիչներին խաղաղ կյանք ապահովելու համար: 1915թ. Բարձր Դուռը չեղյալ է համարել Լիբանանի առանձնաշնորհյալ կառավարությունը: Հովհաննես Կույումճյանը պաշտոնանկ է արվել:

Պոլիս վերադարձին նա հայկական Մեծ եղեռնի աղետյալների քարավանների ականատեսն է լինում: Պոլիս հասնելուն պես նա ընտրվում է Մեջլիսի (Օսմանյան Ծերկույտի) անդամ, սակայն հրաժարվում է պաշտոնից, չցանկանալով առնչություն ունենալ արյունարբու կառավարության հետ: Սակայն նա շարունակում է մնալ թուրքական քաղաքականության ամենաերևելի անձանցից մեկը, որին հաճախ քաղաքական խորհուրդների համար դիմել է արքայազնը:

Մեծ եպարքոս Քյամիլ փաշան դիմում է Հովհաննես Կույումճյանին, Արամ Երամին և մի քանի երևելի հայերի, որպեսզի նրանք մաս կազմեն 1919թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում թուրքական պատվիրակությանը, ակնկալելով նրանց հայկական ցեղասպանության մասին ժխտողական խոսքը: Նա հայտարարում է, որ չի համագործակցի Հայաստանը գերեզմանի վերածած պետության հետ: Հովհաննես Կույումճյանը հեռանում է երկրից, հաստատվում Հռոմում, ուր և կնքում է իր մահկանացուն:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2479 reads | 08.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com