ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 







1885թ. Պոլսում Շվեդիայի և Նորվեգիայի դեսպանների հետ միասին Թուրքիայի կողմից ականակիրների և շոգենավների պատվերի շուրջ համաձայնագիրը ստորագրել է Հակոբ Գազազյանը: 1887թ., ի թիվս այլ պատվանշանների, ստացել է Պիոս 9-րդ Հռոմի պապի St. Gregoire շքանշանը, որը հանձնվել է պատրիարք Ստեփաննոս Պետրոս Ազարյանի ձեռամբ: Նույնպիսի շքանշանի են արժանացել Օսմանյան կայսրության Մեծ վեզիր Քյամիլ փաշան, Ֆինանսների նախարար Սաիդ փաշան, Արդարադատության նախարար Ջևդետը, Սուլթանի անձնական քարտուղար Րագըպ բեյը: Հ.Գազազյանը մասնակցում էր դիվանագիտական միջոցառումներին, մաս կազմում արարողակարգային այցելություններին, ընդունելություններին: Այսպես օրինակ, 1889թ. Արքայական գանձերի նախարար Հակոբ Գազազյանը Ծովային նախարարության կողմից նոր ստեղծված էլեկտրական գործիքերի արքայական ֆաբրիկա և Ճապոնիա մեկնող ՙԷրթողրուլ՚ մարտանավ է այցելում, տպավորություններն անձամբ զեկուցելու համար Սուլթանին:

1891թ. Ֆինանսների նախարարի պաշտոնում տեսնում ենք Հակոբ Գազազյան փաշային:

1891թ. Սուլթանն իր սիրելի գանձապետին է նվիրում մի նժույգ: Հաջորդ օրն իսկ, սեպտեմբերի 7-ին ձիու արկածից մահանում է Հակոբ Գազազյանը : Սուլթանը ողբում է, որ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկի մահվան պատճառ էր դարձել: Հակոբ Գազազյաին փոխարինում է «Զիրաաթ» բանկ՚ի գլխավոր նախագահ Միքայել Փորթուգալ փաշան՝ որպես Սուլթանի Անձնական գանձարանի նախարար:

Շաբանյան Գրիգոր (1835-1908). 1856թ. Պոլիս գալով ծննդավայր Էրզրումից, պետական ծառայության է մտնում որպես բանկի ՙգլխավոր ղեկավար՚ (buyuk emin): 1863թ. ընտրվում է Էրզրումի նահանգային ժողովի անդամ: Նշանակվում է Էրզրումի կենտրոնի Ընդհանուր դատախազության օգնական: Մերժել է բազմաթիվ կարևոր պաշտոններ: 1881թ. գործուղվել է Անատոլիայի տարբեր շրջաններ, քանի որ իրեն էր հանձնարարված գավառական կառավարիչների նշանակման գործը: 1885թ. տնօրինում է Ընդհանուր Պարտուց (հարկային) վարչության Էրզրումի մասնաճյուղը:

1886թ. ներկայացվել է միւշիրի (մարշալի) աստիճանի: Մասնակցել է 1893թ. պատերազմին: 

Բոլոր պաշտոններում լավագույնս է արդարացրել իրեն և ստացել օսմանյան բազմաթիվ և պարսկական Şir-Hurşid, պապական St.Georges պատվանշանները, 1905թ. Պետպարտքի վարչության Տրապիզոնի ղեկավար Գրիգոր Շաբանյանին արծաթե ու ոսկե Liyakat Madalyası (1905), Առաջին աստիճանի Uly է շնորհվել (1902):

Միքայել Փորթուգալյան փաշա (1842-1897). Վեզիր: Կայսերական Անձնական գանձերի նախարար, հմուտ տնտեսագետ, ֆինանսիստ և բանասեր: Հայրը եղել է արքունի Փողերանոցի պաշտոնյա: Նախնական կրթությունը ստացել էր Փարիզի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում, ապա ստացել տնտեսական ու քաղաքական խորը գիտելիքներ: Հրաշալի տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներին: 1858թ. վերադառնալով Պոլիս, մտել է քաղաքական ասպարեզ և 1860թ. որոշ ժամանակ աշխատել Բարձր Դռան թարգմանական վարչությունում, ապա Մեծ (վեզիր) Եպարքոս Ալի փաշայի հետ 1866թ. գնացել Կրետե: Վերադարձին Պոլսի Մաքսատան վերատեսչի օգնական է նշանակվել և 12 տարի մեծ ծառայություններ մատուցել այս բնագավառում: Նա էր ծրագրել լրագրերի դրոշմի և դրոշմաթղթի օրենքը (ակսիզային դրոշմաթղթերը) , անհամեմատ մեծացնելով տերության գանձը: Նրա պաշտոնը բարձրացվել է ու անվանվել ՙԽորհրդական Ելևմտից նախարարության՚: Սուլթանի հանձնարարությամբ նա Երկրագործական դրամատուն հաստատեց (Զիրաաթ բանկասը, Բանկ Ագրիկոլի նմանությամբ), որի վերատեսուչ նշանակվեց: Արքունի դպրոցներում է դասավանդել, շատ աշակերտներ կրթել: Նա ուներ նաև Կայսերական իշխանների վրա ուսման բարձրագույն հսկողության պաշտոն : 1886թ. Միքայել Փորթուգալ փաշան ընտրվում է Թուրքիայի տպարանների մասին օրենք պատրաստող խմբի անդամ: Արժանացել է սուլթանական ու օտար արքաների, կառավարությունների բազմաթիվ բարձրագույն պարգևներին :

Միքայել Փորթուգալ փաշան, որ Սուլթանի Անձնական գանձարանի նախարար էր, 1893թ. ստանում է վեզիրի աստիճան:

Թողել է ուսումնասիրություն Եղիշեի մասին, որն իրենից ներկայացնում է լեզվաբանի, պատմաբանի, բանասերի, կրոնագետի, քաղաքագետի մեծ աշխատություն: Այն հրատարակվել է Վենետիկի Մխիթարյանների կողմից (1905): Այս հազվագյուտ անձի մահը համազգային վիշտ եղավ: 1895թ. Միքայել Փորթուգալ փաշան մահանալով, նրա փոխարեն Սաքըզյան Հովհաննես փաշան է դառնում Սուլթանի Անձնական գանձարանի նախարար:

Սաքըզ(լը)յան Հովհաննես փաշա (1836-1912). Վեզիր: Կայսերական Անձնական գանձերի նախարար Փորթուգալ փաշայի մահվանից հետո, 1895թ. փոխարինել է նրան, եղել Արտգործնախարարության պաշտոնյա: Ճանաչված է եղել որպես ՙթուրքերեն լեզվի կենդանի բառարան՚: Տնտեսության բնագավառի ՙՄյուլքիյե՚ -ում նրա կարդացած դասախոսությունները հրատարակվել են: 1878թ. Հովհաննես Սաքըզը Առևտրի նախարար է նշանակվում, թողնելով Հանրային գործերի նախարարի պաշտոնը, ապա 2-րդ անգամ ընտրվել Առևտրական դատարանի անդամ: Հովհաննես Սաքըզյանը Պետական Հաշվակալական պալատի հիմնադրման ու ղեկավարման համար 1879թ. ներկայացվում է հաստատման:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1543 reads | 14.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com