ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ![]() 1846թ. Աբդուլ Մեջիդի օրոք Ստամբուլում հիմնվեց համալսարան, որը պիտի ապագայի համար դիվանագետներ դաստիարակեր: Թուրք ապագա դիվանագիտական կորպուսը սկսեց սովորել լեզուներ, ծանոթանալ եվրոպական դիվանագիտական մշակույթին ու օրենքներին: Իսկ մինչ այդ օսմանյան դիվանագիտական կորպուսի համար անհրաժեշտ մի հզոր բանակ կարող էր տրամադրել միայն Պոլսի հայ կրթյալ գաղութը: Եվ այս հանգամանքը փրկարար օղակ հանդիսացավ կայսրության համար անելանելի թվացող ժամանակաշրջանում: Ելնելով Սասունի դեպքերից և հենվելով Բեռլինի կոնֆերանսի 61 հոդվածի վրա, 1895թ. հայկական գավառներւմ բարեփոխումների, վարչական ղեկավարության մասին ֆրանսիական, անգլիական և ռուս դեսպաների կողմից Բարձր Դռանը մարտին տրված դիմումը ներկայացնում է բարեփոխոումների ծրագիր՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սվազի տնտեսական և իրավական կառավարման համար: Առաջարկվում էր դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ կազմել պետական հանձնաժողովներ: Այս նախաձեռնությունը կառավարության կողմից անընդունելի ու վտանգավոր է նկատվում: Ջևդաթ փաշան Սուլթանին ուղղված հուշագրում Պոլսում հայկական դեպքերի որպես պատճառ նկատում է եվրոպական պետությունների դեսպանությունների կողմից վիլայեթների բարեփոխման պահանջները: Սուլթանը այնուամենայնիվ համաձայնվում է ստորագրել նախագիծը, որը սպասված արդյունքը չունեցավ: 1914թ. հունվարի 26-ին, երկար հանդիպումներից հետո սադրազամ (վարչապետ) Սաիդ Հալիմ Փաշան և ռուսական դեսպանատան ծառայող Գ.Գուլկևիչը Արևմտահայաստանում բարեփոխումներ անցկացնելու մասին համաձայնագիր են ստորագրում: ![]() Հայերը ճանաչված էին որպես մտավոր մեծ հնարավորությունների տեր ներուժ: Բազմիցս ապացուցվել էր նրանց, որպես կայսրության հավատարիմ ծառայող հպատակներ լինելու հանգամանքը: Սուլթանները հիմնականում նրանց հարստությանը չեն խանդել, համոզված լինելով որ անհրաժեշտության դեպքում այն անպայման կծառայի կայսրությանը: Պալատն ունեցել էր հայազգի վեզիրներ, ծովակալներ, հայազգի զորավարներ, թող որ մի մասը՝ դևշիրմեի արդյունք: Հայերը գրավել են հնարավոր բարձր պաշտոններ, անգամ մինչև վեզիր, մեծ եպարքոս, կարևորագույն գավառների կառավարիչներ, հավակնել նույնիսկ խտիվության: Նրանք լծվեցին այս առաքելությանը, ծառայելով ոչ թե զուտ օգնական օղակներ, այլ որպես գործունեության կարևոր ու հիմնական ծանրությունն ապահովող լծակներ: Թուրք նախարարների հետ միասին նրանք վարեցին մի շարք նախարարությունների նախարարների, փոխնախարարների ու գերատեսչության ղեկավարների պաշտոնները: Իսկ որևէ դիվանագիտական ներկայացուցչության կազմ անհնարին էր պատկերացնել առանց հայազգի պաշտոնյայի, անհերքելի փաստ է: Փաստ է նաև, որ շատ քիչ բացառությամբ ողջ դիվանագիտական ներկայացուցչությունների ու նախարարությունների հիմնական աշխատուժը եղել են հայերը ու որ նրանց ուսերին է եղել ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը: Եվ դա վերաբերում էր ոչ միայն Կայսրության օտարերկյա դեսպանատներին ու հյուպատոսարաններին, այլև նույն այդ օտար երկրների Պոլսում գործող դեսպանատներին ու հյուպատոսարաններին: 19-րդ դարի 30-ական թթ. թուրքական դիվանագիտության պատմության մեջ սկիզբ դրվեց նոր դարաշրջանի: Հայազգի դիվանագիտական կորպուսը ներկայացնող դեսպանները, հյուպատոսները, ավագ թարգմանիչները, խորհրդականները լծվեցին այս առաքելությանը, ծառայելով ոչ որպես զուտ օգնական օղակներ, այլ որպես հիմնական ծանրությունն ապահովող լծակներ։ Նրանց ուսերին է եղել թարգմանական, արտասահմանյան, իրավաբանական խորհրդականների, քարտուղարության, մինչև անգամ հաշվակալական բաժինների ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը: Ավելին, հայտնի են պոլսահայ դիվանագետներ, որոնք եվրոպական տերություններն էին ներկայացնում մի այլ եվրոպական պետության մեջ: Այս բոլոր գործիչները ոչ միայն բարձրացին միջազգային ասպարեզում Օսմանյան կառավարության հեղինակությունը, այլև իրենց գործունեությամբ պատիվ ու բարի համբավ բերեցին իրենց ազգին, լավագույնս ճանաչել տվին հային քաղաքական ամենաբարձր մակարդակներում: Նրանք հավատարմորեն ծառայեցին ոչ միայն սուլթանական արքունիքին, Բարձր Դռանը, այլև ազգաշահ գործերով ու բարեգործություններով շռայլ ու պայծառ էջեր գրեցին արևմտահայության պատմության մեջ: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը եվրոպական երկրներում ստեղծված հայկական գաղութները լավագույնս են փոխադարձել այդ երկրներում իրենց ընդունելու, աշխատելու, ստեղծագործելու, ավանդական սովորույթներով ապրելու հնարավորությունները: 19-րդ դարում Օսմանյան կայսրության դիվանագիտական արտաքին ու ներքին կորպուսի, տարբեր նախարարություններում կարևորագույն պաշտոններ ունեցող հայազգի գործիչների մի որոշակի մասը, նաև արտասահմանում եղած ժամանակ հարել են ֆրանսիական ու շոտլանդական օթյակներին, չեն թաքցրել այդ փաստը, լուսանկարներում մի քանիսն անգամ եղել են մասոնական հագուստներով ու խորհրդանիշերով: Որքան էլ որ տխուր է, պետք է խոստովանել, որ մեր նյութի հերոս երևելի հայերը կարծես թե զրկված լինելով թերարժեքության զգացումից (հպատակ ժողովրդին վերապահված վիճակը), ի վնաս իրենց, չեն կարողացել ճանաչել ու գնահատել դիմացինի իրական դիմագիծը և դրանից հետևող իրավիճակները կանխատեսել: Նրանք հիմնականում ռոմանտիկներ են եղել, վեհ գաղափարների կրողներ ու զարմանալիորեն շուտափույթ գերի են դարձել առաջադիմական հովերին, տարվել դրանցով ու հավատացել, թե լուսավորական, եվրոպական առաջադեմ գաղափարները գնահատող ու կրողները կարող են իսկապես եղբայրներ լինել՝ անկախ դավանանքից, անկախ երկրում տիրող իրավիճակից: Այդ մարդիկ, որոնք սերուցքն են կազմել ազգի, փարվել են ամեն մի առիթի, որը երկրին ու այնտեղ ապրող ազգերին, մասնավորապես հայերին, մարդկային արժանապատիվ ապագա կխոստանար, ավելի ուշ՝ գուցե նաև ազատություն: ![]() Մասոնական օթյակների մասին թուրքական պատմագրությունը նշում է, որ այն սկիզբ է առել 19-րդ դարի 40-ականներից: հիմնադրված «Մեծ Արևելք»-ի հովանավորությամբ հիմնադրված օթյակը 1869թ. հավաքին 143 անդամ է արձանագրել: Դրանց թվում են եղել և՜ թուրքեր, և՜ ֆրանսիացիներ, և՜ կայսրության տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ: Օթյակի անդամները ներկայացրել են տարբեր կարևոր պաշտոններ ունեցող մարդիկ: Հիշվում է ամիրայական երևելի տոհմի ներկայացուցիչ Ներսես Տատյանի անունը, որպես Ոստիկանական նախարարության քրեական հանցագործություններով զբաղվող բաժնի անդամ: 50-ի մոտ մուսուլման անդամներ են եղել օթյակում, մեծ մասը զինվորականներ, մի քանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, այդ թվում Սուլթանի գլխավոր համհարզ Ռաուֆ բեյը, պետական քարտուղար Ջեմիլ բեյը, Ոստիկանական նախարարության խորհրդական Աբդուռահման Հիլմի էֆենդին, Սաքըզի վալի Մեհմեդ Ռեմզին և Երուսաղեմի նախկին վալի Իզզեթ փաշան, այնուհետև՝ Պետխորհրդի նախագահ Իբրահիմ Էդհեմը, երիտթուրքերի առաջնորդներից արքայազն Մուստաֆա Ֆազլըն և ուրիշներ: Հայկական մասոնական օթյակներից հայտնի են եղել պոլսահայության «Հայկ» (Օրիոն), «Սեր» և Զմյուռնիայի օթյակները: Օթյակներից երկրորդը՝ «Սեր»-ը, հիմնադրված Պոլսում Արթին Նորատունկյանի կողմից 1866թ. մայիսի 7-ին, ընտրել էր «Գիտություն, ազատություն, աշխատություն, եղբայրություն» նշանաբանը: Պաշտոնական հիմնադրումից հետո այն վերելք է ապրել: Հայկական մասոնական այս օթյակին անդամակցել են արտասահմանում կրթություն ստացած մտավորական շատ հայ, թուրք պալատական պաշտոնյաներ: Դրանցից են ապագա Մուրադ 5-րդ սութանը՝ Շահզադե Մուրադը, սուլթան Աբդուլմեջիդի և սուլթան Աբդուլազիզի ամենամերձավորներից, «ստատս-քարտուղար», պալատական նախարար, կոմպոզիտոր Ալի Հայդարը, Նամըք Քեմալը, սադրազամներ Միդհատ փաշան, Քեչեջիզադե Ֆուադ փաշան, Իբրահիմ Հաքքը փաշան, առաջին լուսավորիչ գրող Շինասին, Բեռլինում դեսպան Սադուլլահ փաշան, Թունիսցի Հայրեդդին փաշան, արքայազներ՝ Քեմալեդդինը և Նուրեդդինը: Բոլորը «Սեր» օթյակի անդամներ են եղել: Նրանց բոլորի լուսանկարները Աբդուլլահ եղբայրների ալբոմներում ենք գտնում: 1906թ. Մկրտիչ Թոքատլյանը Պերայում գտնվող իր հայտնի խանի բակի ս.Երրորդության եկեղեցուն է նվիրում 2 կից շենքերը: Ռեստորանի մասը կրկին հյուրանոց է դարձվում: Այնտեղ տեղի էին ունենում թուրք մասոնների կողմից թուրքական ազգային ցանցը հիմնադրելու առաջին հավաքները: Ներկա են լինում տարբեր տեղերի ու տարբեր օթյակների, ազգերի ներկայացուցիչներ: Ֆինանսական խորհրդատու Ֆերիդ Ասեոն զեկուցում է Սելանիկի մասոնական երիտասարդ ու ռոմանտիկ օթյակի մասին: Նա հայտարարում է, որ ժամանակն է թուրքական զուտ ազգային օթյակ հիմնելու պահը, իսկ բոլոր անհրաժեշտ միջոցներն արդեն պատրաստ են: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3560 reads | 31.08.2013
| |