ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր








Մինչև Սուլթան Մահմուդ Բ-ի գահակալության շրջանը (1808-1839), հայերը միշտ հեռու են գտնվել երկրի ղեկավարման աստիճաններից: Դրանք վերապահված են եղել տիրող՝ թուրք ազգին: Վերջինս երկար ժամանակ իր համար անհարիր է համարել նստակյաց ազգերին հատուկ զբաղումները՝ արհեստները, երկրագործությունը, առևտուրը: Այն թողնվել է հպատակ ազգերին, որոնք և իրենց վրա կրելով երկրի տնտեսական զարգացման պարտականությունը, այնքան են առաջադիմել որոշ բնագավառներում, դարձնելով այն իրենց մենաշնորհը, որ նույնիսկ սկսել են ղեկավարել այդ բնագավառները, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեռևս 18-րդ դ., երբ Օսմանյան կայսրության և եվրոպական թագավորական տների միջև արդեն գոյություն ունեին դիվանագիտական հարաբերություններ և երկուստեք երկկողմ բարձր մակարդակով այցելություններ էին կատարվում, թուրքական սուլթանները շահագրգռված էին արժանապատվորեն ներկայացվել Եվրոպայում: 1721թ., երբ Ահմեդ Գ-ն Փարիզ, Լյուդովիկոս 15-րդի պալատ պետք է ուղարկեր իր դեսպանին՝ Մեհմեդ Չելեպի էֆենդիին, ապա, նախապես հայտնի թուրք ընտանիքների շատ երիտասարդներ, որպես դեսպանատան աշխատակիցներ ուղարկվել էին արտասահման՝ սովորելու քաղաքացիական մասնագիտություններ և իհարկե՝ զինվորական գործ: Ֆրանսերենն այդ ժամանակներում համարվում էր դիվանագիտական լեզու:

Այս երիտասարդներից շատերը ծանոթանալով հյուրընկալ երկրների սովորություններին, կյանքին, պետական կառուցվածքին, կենցաղին, համոզվում էին, թե որքան ետ էր մնացել իրենց երկիրը: Նրանցից ոմանք փրկարար ելքը տեսնում էին ոչ թե կառավարող ռեժիմի կամ նրա վերափոխման մեջ, այլ տարբեր բաներում՝ բանակի, ֆինանսների և այլնի նորովի կազմակերպման ու զարգացման մեջ: Մի քանի պետական գործիչներ, որոնք եղել էին այդ երկրներում, տեսել ու հասկացել որոշ չափով Եվրոպան, գտան, որ եվրոպական տերություններից այդչափ ետ մնալն իրենց երկրի համար կարող է պատճառ դառնալ վաղահաս կործանման:

Մինչև 19-րդ դարի առաջին տասնամյակները թուրքերը համարյա ծանոթ չէին եվրոպական պետություններին, նրանց քաղաքականությանը, կյանքին, կենցաղին, մշակույթին և այլնին: Իրապես, եվրոպական տերությունների կարծիքով Օսմանյան կայսրության պետական ու դիվանագիտական համակարգը հիվանդ մարմնի էր նման, որը ոչ թե բուժել էր պետք, այլ բաժանել, օգտագործել, նաև՝ հայերի օգնությամբ:

19-րդ դարի սկզբին սուլթանական պալատը հասկացավ, որ արտաքին քաղաքականության ասպարեզը շտապ կարիք է զգում արմատական փոփոխությունների ու նոր մոտեցումների, մեթոդների: Նրանք ստիպված էին հրաժարվել եվրոպական երկրների նկատմամբ մեծապետական ու առավելություններ ունեցողի կեցվածքից ու պատրաստ լինել գոնե հավասարը հավասարի նկատմամբ գործելակերպի: Միայն այդկերպ հնարավոր կլիներ գուցե պահպանել Օսմանյան միապետության ամբողջականությունը: Այն, ինչ արդեն հնարավոր չէր լուծել զենքի ուժով, հույս ունեին հասնել դիվանագիտության օգնությամբ: Դիվանագիտական հարաբերություններ եվրոպական պետությունների հետ, համաձայն ֆրանսիական ու ռուսական աղբյուրների, կային դեռևս 1454 թվականից: Այս կապն իրագործվում էր եվրոպական պետությունների դեսպանների միջոցով:

Այս շրջանում դեսպան-պալատ հարաբերությունները չափազանց ծանրաբեռնված էին երկուստեք: Այն օտարերկրյա դեսպաններին Ստամբուլում պարտադրում էր դիվանագիտական (էտիկետի) ծանր ու ստորացնող արարողակարգ: Այս հանգամանքը բնականաբար թույլ չէր տալիս երկկողմանի մերձեցումների և եվրոպական քաղաքականությունը, միջազգային խնդիրները այդպես էլ անծանոթ էին մնում Բարձր Դռանը, հպանցիկ առնչվելու հնարավորություններ ունենալով միայն: Մյուս կողմից, ի ցույց վեհապետների վեհանձնության, դեսպանները սուլթանական գանձարանի կողմից առատորեն վարձատրվում էին, ի նշան նաև այն բանի, որ դեսպանները «աղքատ» երկրներից են եկել: Այս անորոշ ու անտեղյակ վիճակը բավական ժամանակ ձգվեց, քանզի սուլթանական շատ ու շատ բարձրաստիճան հպատակներ, ելնելով ազգային ավանդույթներից, չէին համաձայնում որպես դեսպաններ, նույնիսկ կարճ ժամանակով, մեկնել քրիստոնյա երկրներ: Այս պատճառով է, որ եվրոպական, օտար երկրներ դեսպաններ պատրաստելու առաջին փորձերն անհաջողության մատնվեցին:

Այս պատմական շրջանի համար հետաքրքրական աղբյուրներ կարող են ծառայել դեսպանների կողմից պարբերաբար Յլդըզ ուղարկվող պաշտոնական գրությունները: Զեկուցագրերից շատերը հեռու են անգամ նմանվելու դիվանագիտական զեկույցների ընդունված ձևերին ու ավելի շատ ճանապարհորդական հուշերի են նմանվում: Իհարկե դրանց թվում եզակիորեն կան նաև դիվանագիտական հարաբերությունների լուրջ արտահայտության առաջին օրինակներ: Այս տիպի վավերագրի օրինակ է Փարիզում Թուրքիայի դեսպան Մուստաֆա փաշայի նամակն ուղղված Աբդուլ Ազիզ կայսերը։ Այն Օսմանյան կայսրությունում Սահմանադրական կարգեր հաստատելու մասին հորդոր է։ Օսմաներենից հայատառ թուրքերենի վերածված, Կ.Պոլսում տպագրված 18 էջանոց այս փաստաթուղթը, առանց տպագրության թվականի է։ Այդպիսիներից են Մուստաֆա Ռեշիդ փաշայի մեզ ծանոթ փաստաթուղթը, ուր նա նշում է Օսմանյան կայսրությունում ներքին բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը: Փարիզյան գործունեության մեկամյա շրջանից հետո նա նշանակվում է Արտաքին գործոց նախարար: Մահմուդ Բ-ի ժամանակ սկսվում են բանակի, ռազմական, տնտեսության և ադմինիստրատիվ բարեփոխումները:

Դրանք ուղեկցվում էին նաև մշակույթի ասպարեզում, կենցաղում: Փարիզում, Լոնդոնում դեսպան եղած, իսկ ապա Արտաքին գործերի նախարար դարձած Մուստաֆա Ռեշիդ փաշան ամեն կերպ փորձում էր աջակցել երկրում բարեփոխումների իրագործմանը: Բարեփոխումներ տարբեր ասպարեզներում, որոնց կարևորությունը Փաշան առաջիններից էր զգացել: Նա Սուլթանի աջակցությամբ ստեղծեց «Հանրօգուտ գործերի խորհուրդ», որը սկսեց զբաղվել բարեփոխումների նախապատրաստմամբ (Սադըք Ռըֆաթը (1807-1856), որը Ավստրիայում դեսպան (1839) է եղել, գրել է «Տրակտատ Եվրոպայում իրավիճակի մասին» (1837) և «Բարեփոխումների վիճակը Օսմանյան կայսրությունում» (1844)։ Նա առաջինն է, որ մինչ Թանզիմաթի հռչակումը ձևակերպել է բարեփոխումների հիմնական գաղափարները։ Երկրորդ տրակտատը ոչ պակաս նշանակալից էր կայսրությունը բարեփոխելու իր առաջարկություններով): Հիվանդ Մահմուդ Բ-ի ժամանակ պալատական ու հոգևորական մոլեռանդ վերնախավը թույլ չտվեց հրապարակելու բարեփոխումների նախագիծը: Միայն նրա մահից հետո Մուստաֆա Ռեշիդը կարողացավ համոզել 16-ամյա Աբդուլ Մեջիդ սուլթանին, որ 1839թ. նոյեմբերի 3-ին, Գյուլհանեյի պալատում հրապարակի բարեփոխումների սկիզբն ազդարարող հայտնի «Հաթթը Շերիֆը»:

1839թ. Գյուլհանեյի Հաթթը Շերիֆի հռչակմամբ բարեփոխումների շրջան սկսվեց: Բարեփոխումների այս ժամանակաշրջանը հենց այդ անվամբ էլ կոչեցին՝ Թանզիմաթի շրջան: Բարեփոխումներ, օրենքներ, որոնք մեծ թշնամություն ու դիմադրություն առաջացրին մեծ ֆեոդալների ու մուսուլմանական հոգևոր խավի մոտ: 1846թ. սեպտեմբերի 28-ին անգլիական դեսպանի երաշխավորությամբ աքսորից վերադարձված Մուստաֆա Ռեշիդը երկրորդ անգամ Մեծ վեզիր դարձավ ու սկսեց բարենորոգումների գործադրումը: Ռեֆորմատորների մոտ նկատվում էր Թանզիմաթի դրույթները Ղուրանով հիմնավորելու ձգտում: Քրիստոնյա ազգերը ուրախությամբ էին ողջունում «Հաթթը Շերիֆը», որպես ազգային զարթոնքի գրավական ողջ Օսմանյան կայսրությունում: Օսմանյան կայսրության Սահմանադրության ստեղծմանը մեծապես աջակցել են հայերը, պալատական աստիճանավորներ, մտավորականներ, իրավաբան-խորհրդականներ:

19-րդ դարի Օսմանյան կայսրության պատմության բարենորոգման կարևոր հանգրվաններից է հանդիսացել 1876թ. օսմանյան Սահմանադրության հռչակումը:

Ռեշիդ փաշայի նախաձեռնությամբ Սահմանադրությունը կազմելիս բավականաչափ գիտական պրպտումներ, ուսումնասիրություններ են արվել: Սահմանադրության հեղինակման և դրանից հետո ևս Ռեշիդ Փաշայի հիմնական խորհրդականը եղավ Գրիգոր Օտյանը: Նա 1876թ. Օսմանյան Սահմանադրության համահեղինակներից (Մուստաֆա Ռեշիդ փաշայի գլխավոր խորհրդականներից էր), նա է եղել 1861թ. Հայկական Ազգային Սահմանադրության հիմնական հեղինակը։

Սահմանադրության կազմման աշխատանքներում կարևոր է եղել Գրիգոր Աղաթոնի, Սերվիչենի ներդրումը: Ռեշիդ փաշայի գաղափարակիցներից ու համախոհներից են եղել ճարտարապետ Կարապետ Պալյանը, վառոդապետ Պողոս Տատյանը, Գևորգ Երամյանը, Մկրտիչ Ճեզաիրլյանը (Ռեշիդ Փաշայի բանկիրն էր), Հակոբ Կրճիկյանը (խորհրդականը):

Չնայած դրական բոլոր ձգտումներին, նրանք այնուամենայնիվ անհասանելիորեն հեռու էին ժողովրդից, որը կարող էր հենարան հանդիսանալ նրանց համար: Թանզիմաթի պատմությունը ցույց տվեց, որ այնուամենայնիվ հետադիմական, պահպանողական խավն ավելի հուժկու գտնվեց և բարեփոխումները խեղաթյուրվեցին՝ մինչ գործունեության իրական հող կգտնեին: Սակայն բարեփոխումների ընթացքը խոչընդոտող այդ շերտը չէր կարող լիովին վերջ դնել Թանզիմաթին: Այն իր շարունակությունն ունեցավ Ղրիմի պատերազմից հետո ևս:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2619 reads | 19.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com