ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր







1876 և 1909 թթ. Մեջլիսի հայազգի երեսփոխանները, որոնք ներկայացրել են մինչև 12 տարբեր գավառներ, աչքի են ընկել իրենց բարձր կրթությամբ, կայսրության հնագույն մշակույթը ներկայացնող ժողովրդին վայել ողջ արժանապատվությամբ, երեսփոխաններից ակնկալվող մեծ հմտությամբ, իրենց գավառների շահերը լավագույնս ներկայացնելու դիվանագիտական հմտությամբ ու ողջամտությամբ: Դրանք տարբեր դասակարգեր, բնագավառներ, հասարակական, սոցիալական տարբեր խավեր ու քաղաքական համակրություններ ունեցող անձեր են եղել, պետական ծառայողներ, մտավորականներ: Ի դեպ, Մեջլիսի պատվո ճաշկերույթները սադրազամները սովորաբար մասոնական օթյակի կարևոր անդամ Թոքատլյանի՝ Պերայի կամ Թարաբիայի հյուրանոցների շքեղ ճաշարաններում էին կազմակերպվում:

Օսմանյան կայսրության դիվանագիտական ասպարեզի եվրոպականացման առաջին շրջանում հայտնի են սուլթանական պալատի, հայ-թուրք բարեկամական հարաբերությունների բազմաթիվ իրական պատմություններ:

Այսպես օրինակ, 1848թ. Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամների հեղինակությամբ հրատարակվում է «Հատընտիր պատմութիւնք վարուց Օսմանեան թագաւորաց եւ վէզիրաց» գրքույկը: Տիտղոսաթերթում նշված է, որ գիրքը տպագրվել է Փարիզում Օսմանյան կայսրության մեծ դեսպան Սուլեյման փաշայի ծախսով:

Պարզվում է, որ Սուլեյման փաշան Փարիզ ուղևորվելու ճանապարհին Վենետիկում այցելում է Ս.Ղազար վանք: «Այս ուսումնական, ազնվական ու բարեսեր Դեսպանն իր սրտի զգացումներն է արտահայտում ու խրախուսական խոսքերից հետո փափագում, որ իր ծախքով, աշխարհաբար լեզվով հրատարակվի փոքրիկ գրվածք «մեր ազգին օգտակար ու զվարճալի»,- կարդում ենք գրքի առաջաբանում: Շնորհակալությամբ ընդունելով դեսպանական ընծան՝ Մխիթարյանները հրատարակում են այս գիրքը, նկարազարդված իրենց աշակերտներից Մելգումյանցի հրաշալի վիմագրություններով:

Իհարկե, թուրքական դիվանագիտական ոչ մի ներկայացուցչություն ու առաքելություն չի գործել առանց հայ անձնակազմի անդամի, դեսպանից, դեսպանորդից, թարգմանչից սկսած մինչև հյուպատոսների, քարտուղարների ու այլ պաշտոնների պարտականությամբ գործողների:
Պատկառելի հատորներ կարելի է գրել Օսմանյան կայսրության դիվանագիտական ու հյուպատոսական կորպուսի հայազգի երախտավորների մասին: Ավելին, այդ գրքերի հերոսներից առնվազը 100-ը իրենք էլ արժանի են առանձին հատորների, ու նրանց գործունեության հիման վրա կարելի է ուսումնասիրել Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականության քարտեզն ու պատմությունը:

Այս բացը որոշ չափով լրացվել է եգիպտահայ մթնոլորտը ներկայացնողների առումով, որը Կայսրության հայ երևելիների մասին եղած շարադրանքներում՝ հիմնականում կենսագրությունների համառոտ ու պարզունակ շարք է ներկայացնում:

Այնուամենայնիվ, ովքե՞ր էին հայազգի նշանավոր դիվանագետները, վարչական ասպարեզն իրենց ուսերին տարած պաշտոնյաները:
19-րդ դ. առաջին կեսերից հաստատվեցին Օսմանյան կայսրության դեսպանատներ Փարիզում և Լոնդոնում (1834), Վիեննայում (1835), Բեռլինում (1837), Աթենքում (1840) և հյուպատոսական ծառայություններ Լոնդոնում, Վիեննայում, Փարիզում: Թուրք ապագա դիվանագիտական կորպուսը սկսեց սովորել լեզուներ, ծանոթանալ եվրոպական դիվանագիտական մշակույթին ու օրենքներին:

Արտգործնախարարության գործունեության հաջող կազմակերպման գործում մեծ ներդրում են ունեցել հայ պաշտոնյա-դիվանագտները, տարբեր վարչությունների աշխատակիցները: Ամենամեծ հայկական անձնակազմը թարգմանությունների հետ կապված վարչություններն են ունեցել:
Արտգործնախարարության քարտուղարության դիվանն իր տարբեր կարգերի քարտուղարներով, իրավաբանների ու իրավաբանական խորհրդատուների բաժինը, որ միջազգային պայմանագրերի մասնագետներով էր լրացված, կազմված են եղել հայերից: Արտգործնախարարությունում որպես քարտուղարներ հայտնի եղել հետևյալ անձիք՝ Գարագաշ Ռուբենը, Չրաճյան Գրիգորը, Հասունի Անդրեասը, Ներսես Բեյ Ալլահվերդին, Տիգրան Չայանը և այլոք:

Արտգործնախարարության Օտար թղթակցության դիվանը երկար ժամանակ տնօրինել է Հմայակ Սեֆերյանը, իսկ Օտար մամուլի դիվանի ղեկավարների մեջ տեսնում ենք Նշան Սեֆերյանին, Սիմոն Փափազյանին: Դիվանատան փոխտեսուչ է եղել Միհրդատ Պապայանը, իսկ հաշվակալական բաժնի հիմնական մասնագետը՝ Խաչիկ Փափազյանը:
Արտգործնախարարության Իրավաբանական վարչությունում հայ իրավաբան-խորհրդականները ճնշող մեծամասնություն են կազմել: Նրանց կողմից են կազմվել, խմբագրվել և վերջնական տեսքի բերվել արտասահմանյան երկրների հետ կնքվող բոլոր համաձայնագրերը՝ համաձայնեցնելով այն միջազգային ընդունված չափանիշներին: 

Կառավարությունում և արտգործնախարարությունում են աշխատել Հրանտ բեյ Ապրոն, (մինչև 1917թ), Նշան Ջիվանյանը, Պողոս Քերեստեճյանը, Էդվարդ բեյ Մսրլըն (1857-1908), Մաքսուդ բեյ Սեֆերյանը, Հրանտ Նորատունկյանը և ուրիշներ, որոնց 19-րդի դարեվերջին տեսնում ենք արտասահմանյան հյուպատոսարանների և դեսպանատների կարևոր պաշտոններում:

Հայ գլխավոր հյուպատոսներ են ներկայացրել Օսմանյան կայսրությունը Անգլիայում, Ավստրո-Հունգարիայում, Պորտուգալիայում, Պրուսիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ամերիկայում, Հունաստանում, Շվեդիայում, Նորվեգիայում, Իրանում, Բելգիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Իսպանիայում, Դանիայում:

Կարևոր բաժիններից է համարվել Օտար մամլո դիվանը, որը սովորաբար տնօրինել են լեզուների գիտակ հայ թարգմանիչները: Արտգործնախարարության կազմում են համարվել կայսերական պալատի առաջին և երկրորդ, երրորդ կարգի թարգմանիչները:

Մեծ թիվ են կազմել Թղթակցության ու վավերագրերի թարգմանական բաժնի հայ պաշտոնյաները.

Բաղդատլյան Օհան-Արտգործնախարության Հպատակության վարչության (գրասենյակի) տնօրեն: Բեռլինի դեսպանատան խորհրդական (1885): Գերմանիայից ստացել է 2-րդ աստիճանի Couronne de Fer: Արժանացել է բարձրագույն UlՉy-ı Evvel-1 աստիճանի (1891):

Գարագաշյան Ռուբեն-Կառավարության առաջին քարտուղար: Ստացել է 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1901):

Գուլաբյան Միքայել-Արտգործնախարարության Արխիվի տնօրեն, թարգմանիչ: Ավստրիայի կառավարության կողմից ստացել է 5-րդ աստիճանի Couronne de Fer (1884):

Երամյան Ղազարոս -Կառավարության Թարգմանական բաժնի տեղակալից գլխավոր քարտուղար է դարձել (1885):

Համամճյան Սարգիս-Նամակների բաժնի պետ: Իտալական կառավարության կողմից ստացել է Grand Couron d’Itali շքանշանը (1869):

Հրանտ Ապրո բեյ-Կառավարության գրասենյակի պետ (1899): Ռումինական կառավարության կողմից ստացել է Ռումինական մեծ խաչ (1902):

Սեֆերյան Նշան (1848-1906) -Պալատի երկրորդ թարգմանիչ, Արտասահմանյան նամակագրության բաժնի պետ, ապա՝ Արտործնախարարության քարտուղար և Պաշտոնական նամակագրության բաժնի պատասխանատու: Իտալական կառավարության կողմից ստացել է Grand Couron d’Itali շքանշանը (1873) և 3-րդ աստիճանի Chevalier de Legion d’Honneur (1883). Ճապոնիայի կառավարության կողմից ստացել է 2-րդ աստիճանի «Արև» (Կհոկուժիտսու սհօ, 1885) շքանշան: Կառավարության Արտաքին կապերի քարտուղարության տնօրեն Նշան Սեֆերյանը Օսմանյան կառավարության կողմից արժանացել է բարձրագույն UlՉy-ı Evvel-1 աստիճանի (1894):

Սեֆերյան Հմայակ-Կառավարության, Արտգործնախարարության Քաղաքական բաժնի, ապա Արտասահմանյան բաժնի տնօրեն: Օսմանյան կառավարության կողմից արժանացել է բարձրագույն UlՉy-ı Evvel-1(1894) և Բալա աստիճանների (1905), ստացել Առաջին աստիճանի Nişan-ı OsmanՏ և Nişan-ı MecidՏ (1902), ռումինական կառավարության կողմից՝ Ռումինական մեծ խաչ (1902):

Փափազյան Խաչիկ-Արտգործնախարարության Հաշվակալական վարչության տնօրեն: Ստացել է 3-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ (1885): 1905թ. դեռ աշխատում էր նույն պաշտոնում:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3269 reads | 17.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com