ԵԿԱՏԵՐԻՆԱ II-Ի ԿՈՐԾԱՆԻՉ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Դիվանագիտության պատմության մեջ հաճախ են հանդիպում ագրեսիայի դրսևորումներ, որոնց հիմքում ընկած են առանձին պետության կամ պետությունների որոշակի խմբի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերը:

Ագրեսիվ դիվանագիտության վարպետներ էին Եվրոպական պետությունները: Տիրապետելով ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելու հնարքին, նրանք օսմանյան թուրքերին ժամանակ առ ժամանակ լարում էին Ռուսաստանի դեմ:

Բարձր դռան մոտ հավատարմագրված դիվանագիտական կորպուսը մեկ անգամ չէ որ միասնական դավեր է հյուսել Սանկտ Պետերբուրգի դեմ:

Նման դեմարշներից մեկի ժամանակ Ֆրանսիայի դեսպան մարկիզ Վերժեն մեծ վեզիրին` Համզի փաշային համոզում է պատժել «քրիստոնյա ընտանիքի անարժան զավակ Ռուսաստանին»:

Ավստրիայի դեսպան Բրոնյարն ըմբոշխնում է «բարբարոսական Ռուսաստանի թուլացումը»: Իսկ նրա հաջորդը` դեսպան Ցեգելը խոստանում է «դուկատներով ֆինանսավորել թուրքերի արշավանքը ռուսների դեմ»:

Անգլիայի դեսպանն ավելի պրագմատիկ է. նա պատրաստ է ռուս-թուրքական գալիք պատերազմում ստանձնել հաշտարար միջնորդի դեր` կանխագուշակելով, որ ‹‹թուրքական ամենազոր առյուծի վսեմաշուք անդորրը խանգարել հանդգնող հյուսիսային արջն ի՛նքն է աղերսելու հաշտություն››:

Շվեդիայի դեսպանն իր հերթին նկատում է, որ իր երկիրը «Կառլոս XII ժամանակներից ի վեր Արևելքի խաղաղության անխորտակելի պատվարը համարում է թուրքերին, որոնք անհարժեշտության դեպքում լարվածություն կստեղծեն Բալթիկայում»:

(Տեսնում եք, թե ինչ քնքշությամբ է Եվրոպան վերաբերվել օսմաններին: Այնպես որ մեր հարաբերություններում Անկարայի հետ պետք չէ հույսեր կապել Եվրոպայի կամ որևէ մեծ տերության հետ: Երբե՛ք):

Այս ամենից ոգևորված Համզի փաշան կանխատեսում է, թե շուտով ‹‹Եկատերինան` այդ անառակ կինը` որպես վերջին մուրացիկ գնչուհի գիշերելու է ամայի դաշտում››:

Հետո` ներս կանչելով դռան տակ սպասող մոսկովների դեսպան Օբրեսկովին փաշան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին:

Խախտելով դիվանագիտության օրենքներն ու էթիկան, դեսպանին քարշ են տալիս ‹‹Յոթաշտարականոց ամրոցը››, որտեղ ժամանակին բյուզանդացիները ոսկե դրամներ էին հատում, իսկ թուրքերն այն վերածել էին ‹‹Էդի Կուլ›› կոչվող զարհուրելի բանտի: Դեսպանին և ռուս մյուս դիվանագետներին նետում են հորը, որտեղ լույսը թափանցում էր առաստաղում բացված փոքրիկ անցքից միայն:

Ի դեպ, եվրոպական պետությունների լուսավորյալ զավակներն ամենևին չեն կիսել Թուրքիայի ագրեսիվ նկրտումները: Հատկապես` ֆրանսիացիները: Դիդրոն, Մոնտեսքյուն, Վոլտերը Ռուսաստանի հավատարիմ բարեկամներն էին:

Վոլտերը, օրինակ, Եկատերինային, որի հետ մշտական նամակագրական կապի մեջ էր, ուղարկում է մարտակառքի գծագիր, որի անիվների վրա նախատեսվում էր ամրացնել մանգաղներ` մարտի ժամանակ ‹‹թուրք ենիչերիների գլուխները թռցնելու համար››:

Սակայն Ռուսաստանի դեմ թուրքական ագրեսիվ պլանները հիմնականում չէին իրականանում:

…Մեծ վեզիրը, թերևս այնքան էլ չէր մեղանչում ճշմարտության դեմ, երբ Եկատերինային անվանում էր ‹‹անառակ››, որն իր կայսրության տարիներին փոխել էր 23 սիրեկան (ֆավորիտ):

Բայց այդ ‹‹անառակ կինը›› այնպիսի կործանիչ հարված հասցրեց մեծ վեզիրի գոտկատեղից ներքև, որից Թուրքիան երբեք ուշքի չեկավ: ‹‹Կատյան›› երկու պատերազմների ընթացքում (1768-1774 թ.թ., 1787-1792թ.թ.) հիմնավորապես ջարդեց Օսմանյան կայսրության ողնաշարը` տանելով խոշոր ռազմական հաղթանակ Սևծովյան ավազանում: Ռուսաստանը գրավեց Ղրիմն ու Կուբանը, ամրապնդեց դիրքերը Կովկասում և Բալկաններում, խիստ բարձրացրեց Ոուսաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Եկատերինա II իսկապես մասշտաբային քաղաքական գործիչ էր, բարեփոխիչ և նույնքան էլ մեծ դիվանագետ: Խելացի, խորաթափանց, ճկուն, վճռական և… գայթակղիչ:

Ռուսաստանի դեմ գործադրվող միջազգային ագրեսիային նա հակադրում էր ի՛ր դիվանագիտական կանխադրույթը (պոստուլատը).

‹‹Բոլոր պետությունների հետ զարգացնել բարեկամական հարաբերություններ››, սակայն իրեն ‹‹վերապահել գործողությունների ազատություն››: Եկատերինա II մենամարտից միշտ դուրս է եկել հաղթող:

Պետրոս մեծից հետո նրա իշխանության շրջանն համարվում է Ռուսաստանի ‹‹Ոսկե դարը››, որի ընթացքում կայսրությունն ապրեց աննախադեպ զարգացում:

Այդ երկու մեծերի արտաքին քաղաքականությունը նոր շրջանի դինանագիտության պատմության փայլուն էջերից է:

РУССКАЯ ВЕРСИЯ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
4481 reads | 17.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com