ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ 700 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ,
ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ








ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱԼԵՊԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ

Կիլիկիայի հայկական պետության արտաքին քաղաքականության մեջ Սիրիան, հատկապես նրա հյուսիսային մասը, կարևոր, երբեմն նույնիսկ բախտորոշ նշանակություն է ունեցել: Ընդ որում, այդ նշանակությունն երբեք չի պակասել անկախ այն բանից, թե ինչ պետական կազմավորումներ են եղել այստեղ առավել տիրապետող:

11-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարի 40-ական թթ. տիրապետողը առաջին խաչակրաց արշավանքից հետո հաստատված լատին պետություններն էին` Անտիոքի իշխանությունն ու Եդեսիայի կոմսությունը: Արդեն հաջորդող երեսնամյակում Վերին Միջագետքում և Հյուսիսային Սիրիայում հզորանում է Զանգիների տոհմը` նշանավոր Նուր ադ-Դինի օրոք, ով 12-րդ դարի 70-ականներին դառնում է Կիլիկիայի ամենասերտ դաշնակիցը:

12-րդ դարի 70-90-ական թվականներին հայկական պետությանը սահմանակից է դառնում Եգիպտոսում հիմնված հզոր սուլթանությունը նշանավոր Սալահ ադ-Դին Այյուբիի գլխավորությամբ:

Վերջապես 1193–1260 թթ. Կիլիկիայի հայկական թագավորությունն ամենատարբեր առնչությունների մեջ է մտնում մի նոր, ինքնուրույն քաղաքական միավորի` Հալեպի Այյուբյան սուլթանության հետ:

Վերոհիշյալ երկու պետությունների փոխհարաբերությունների պատմությունը շատ քիչ է ուսումնասիրված, իսկ մի շարք կարևոր պատմական փաստեր, որ հիշատակվում են բազմալեզու աղբյուրներում կամ անտեսված են կամ ուսումնասիրողները դրանց անդրադարձել են հպանցիկ:

Այյուբյանները տիրեցին Հալեբին 1183 թ.: Այստեղ նախ իբրև պարզ կառավարիչ, ապա նաև` տիրակալ, սկսեց իշխել Սալահ ադ-Դինի որդին` ալ-Մալիք ազ-Զահիրը: Վերջինս ընդարձակելով իր տիրույթները ամբողջ Հյուսիսային Սիրիայում` առաջինն էր, որ համարձակվեց իրեն հռչակել սուլթան` հիմնելով մի նոր դինաստիա, որը գոյատևեց մինչև մոնղոլական նվաճումը:

Այն այն իրապես անկախ քաղաքական միավոր դարձավ Սալահ ադ-Դինի մահից հետո միայն /1193/: Սալահ ադ-Դինը, լինելով մեծագույն զորավար և դիվանագետ, հաղթելով խաչակիրներին ու ստեղծելով Տավրոսյան լեռներից մինչև Լիբիա ձգվող մի հսկայածավալ պետություն, միաժամանակ ոչ այնքան հեռատես գտնվեց իր իսկ հիմնած պետության միասնականությունն ու հարատևությունը ապահովելու տեսակետից:

Նախ, նա անփոփոխ էր թողել Զանգիներից ժառանգություն ստացած ավատատիրական մասնատված համակարգը (մի բան որ հետագայում հիմնովին փոփոխեցին մամլուքները ստեղծելով խիստ կենտրոնաձիգ պետություն): Իսկ ամենակարևորը, որ նա մահվանից առաջ իր տերությունը 4 մասերի բաժանեց, դրանք հանձնելով իր բազմաթիվ որդիներից 3-ին և եղբորը: Որդիներից ալ-Աֆդալը ստացավ Հարավային Սիրիան և Պաղեստինը, ալ-Ազիզը` Եգիպտոսը, ալ-Մալիք ազ-Զահիրը` Հյուսիսային Սիրիան: Եղբորը` ալ-Մալիք ալ-Ադիլին բաժին հասան Ջազիրան ու Դիար Բաքրը:

Զարմանալի չէ որ տոհմի անդամների միջև սկսվեց դաժան հակամարտություն, որը շարունակվեց մինչև 12-րդ դարի վերջը: Ի վերջո, ալ-Մալիք ալ-Ադիլը, որ սրանց մեջ ամենափորձված քաղաքագետն ու զորավարն էր մոտավորապես 1200 թ. կարողացավ մերթ ուժով մերթ դիվանագիտությամբ գրեթե վերականգնել եղբոր` Սալահ ադ-Դինի տերությունը` միավորելով Եգիպտոսը, Պաղեստինը, Հարավային Սիրիան և Ջազիրան: Միայն Հալեբի սուլթանությունն է, որ պահպանեց իր դիրքերը:

Մինչ Սալահ ադ-Դինի մահից հետո գրեթե 6-7 տարի ընթանում էր միջդինաստիական պայքար, իր ծաղկման շրջանն էր ապրում Կիլիկյան Հայաստանը: Ավելի քան 100 տարվա ընթացքում Ռուբինյան տոհմը Կիլիկիան հասցրել էր ռազմաքաղաքական զարգացման մի աստիճանի, երբ արդեն հասունացել էր այն թագավորություն հռչակելու պահը: Ի վերջո ստանալով մեծ պետությունների ճանաչումը 1198 թ. Լևոն Ռուբինյանը հռչակվեց ՙԹագավոր Հայոց՚, որով 153 տարի անց վերականգնվեց հայկական պետականությունը: Լևոն Ռուբինյանն ու Հայոց կաթողիկոս Գրիգոր 4-րդը ճկուն դիվանագիտություն էին հանդես բերել խաչակրաց 3-րդ արշավանքի ժամանակ` 1190 թ.: Գտնվելով մի կողմից Ֆրիդրիխ Բարբարոսսայի գերմանացի խաչակիրների, մյուս կողմից Սալահ ադ-Դինի բանակների միջև` նրանք կարողացել էին Կիլիկիան զերծ պահել ավերումից, իսկ խաչակիր բանակի հեռանալուց հետո նույնիսկ գրավել էին Բաղրաս կարևոր ամրոցը:

Կիլիկիան 13-րդ դար մուտք գործեց որպես ուժեղ պետություն: Եթե մինչ այդ կիլիկյան իշխանապետերը ջանքեր էին գործադրում միավորել Կիլիկիայի Լեռնային ու Դաշտային մասերը, ապա Լևոն թագավորը փորձում է դուրս գալ Կիլիկիայի սահմաններից, դրանով իսկ դառնալով խիստ վտանգավոր հարևան պետությունների համար:

Ընդհանրապես, սկսած 1200 -1201 թթ. Միջերկրականի ավազանի հյուսիս-արևելյան անկյունում տիրապետող դառնալու համար ծավալվում է մի տևական պայքար 4 պետությունների մասնակցությամբ` Իկոնիայի սելջուկյան սուլթանություն, Կիլիկիայի հայկական թագավորություն, Անտիոք-Տրիպոլիսի կոմսություն և Հալեբի Այյուբյան սուլթանություն: Տասնամյակներ անց այս պայքարին վերջ դրեցին երկու կայսրություններ` Իրանի մոնղոլներն ու Եգիպտոսի մամլուքները:
Այսինքն, մոտ կես դար Փոքր Ասիայի հարավ-արևելքի ու Հյուսիսային Սիրիայի հիմնական դերակատարները վերոհիշյալ պետություններն էին: Ընդ որում, հաճախ կարելի է նկատել կրկնվող մի երևույթ. երբ այս պետություններից որևէ մեկը հավակնում էր դառնալ տիրապետող, կամ ինչ որ ռազմավարական տարածքներ նվաճել, մյուսները միավորվում էին նրա դեմ: Այս հիմքի վրա ստեղծվում են ամենատարբեր, հաճախ կարճատև, դաշինքներ ու զինակցություններ:

Վերոհիշյալ երկարատև հակամարտության առաջին փուլ կարելի է համարել 1201-1216 թթ. Անտիոքի համար ծավալված պայքարը, որը արևելագետ Կլոդ Կայենը հենց այդպես էլ անվանել է` ՙԱնտիոքյան պատերազմ՚: Սա կարելի է համարել Կիլիկյան Հայաստանի և Հալեպի սուլթանության հզորության շրջանը, մինչդեռ խաչակիրները ծանր օրեր էին ապրում: Անտիոքը 1203, 1206 և 1216 թվականներին պաշարվեց հայկական զորքերի կողմից: Ի վերջո 1216 թ. Լևոն թագավորը գրավեց Անտիոքն ու այն դարձրեց ենթակա տարածք:

Ինչ վերաբերում է Հալեպի Այյուբյան սուլթանությանը, ապա ալ-Մալիք ազ-Զահիրը ոչ միայն կարողացել էր պահպանել իր դիրքերը (թեև Եգիպտոսի սուլթանի կողմից նկրտումներ միշտ կային) այլև ընդարձակել էր իր տիրույթները` գրավելով Լաթաքիան և Ջաբալան, դրանով իսկ ճեղքելով խաչակիրների շղթան և դառնալով ծովային պետություն:

Հալեպի սուլթանության համար վտանգավոր էր Անտիոքի գրավումը հայերի կողմից: Սա ստիպում էր Հալեպի սուլթանին դաշնակցել Անտիոք-Տրիպոլիսի կոմսության և Իկոնիայի սուլթանության հետ: Ահա թե ինչու 1203-1206 թթ-ին պատերազմ տեղի ունեցավ երկու հարևանների միջև, որը կարող է դիտարկվել որպես ՙԱնտիոքյան պատերազմի՚ մի մասը: Եռամյա այս պատերազմում ռազմական գործողությունները ընթացան հիմնականում Բաղրասի, Դարպսակի, Դասիրի և Ամկ լճի շրջակայքում: Սրանով ալ-Մալիք ազ-Զահիրը մեծ ծառայություն մատուցեց լատիններին` փրկելով Անտիոքը հայկական գրավումից 1203 թ.-ին:

Այս պատերազմի մասին հաղորդում են արաբ պատմիչներ Քամալ ադ-Դին իբն ալ-Ադիմը, Իբն ալ-Ասիրը և ազ-Զահաբին, իսկ հայ պատմիչներից Կիրակոս Գանձակեցին: Նրանց տեղեկությունները երբեմն հակասական են: Սակայն համադրելով դրանք` հանգում ենք այն եզրակացության, որ 1203-1206 թթ. պատերազմը Հալեպի սուլթանության և Կիլիկյան Հայաստանի միջև տարածքային փոփոխություններ չմտցրեց: Բաղրասը մնաց հայերի, իսկ Դարպսակը` Այյուբյանների ձեռքին: Այս ամրոցների միջև անցնում էր երկու պետությունների սահմանը:

Հազիվ 2 տարի անց կրկին ծավալվեց պայքար նախ սելջուկների և հայերի միջև, ապա դրան միացավ նաև ալ-Մալիք ազ- Զահիրը` օգնելով Քեյխոսրովին ընդդեմ Կիլիկիայի: Այս դեպքերին միջամտեց Եգիպտոսի ալ-Մալիք ալ-Ադիլը, որը Լևոն 2-րդի խնդրանքով դիմեց եղբորորդուն` Մալիք ալ-Զահիրին և սուլթան Քեյխոսրովին, որ հաշտություն կնքեն Լևոն թագավորի հետ: Հաշտությունը կայացավ. հիմնական պայմաններից մեկն այն էր, որ Կիլիկիան չմիջամտեր Անտիոքի գործերին:

Իրականում Լևոն 2-րդն ընդամենը ժամանակ շահեց, քանի որ ինչպես տեսանք, 1216 թ.-ին գրավեց Անտիոքը: Այս քաղաքը 3 տարի, մինչև Լևոնի մահը, մնաց հայկական զորքերի հսկողության տակ: 1216 թ.-ը ճակատագրական էր Մերձավոր Արևելքի համար: Այս տարում մահացավ Հալեպի սուլթան ալ-Մալիք ազ-Զահիրը և նրան հաջորդեց որդին` ալ-Ազիզը, ով պատմիչի վկայությամբ ՙծծկեր երեխա՚ էր (այլ վկայությամբ` 5 տարեկան): Երկիրը կառավարում էր խնամակալը, կամ աթաբեկը` ներքինի Շիհաբ ադ-Դին Տուղրիլը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
4696 reads | 08.05.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com