ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 






1898թ. Սաքըզյանլը Հովհաննեսը ստացել է բալայի աստիճան: 1899թ. Քարադաղի իշխան Նիկոլան Սաքըզյանլը Հովհանեսին Danilo շքանշանի Մեծ խաչ է շնորհում: 1906թ. Ֆինանսների նախարարության խորհրդական Արմենակ Սաքըզլըն ստանում է առաջին աստիճանի Osmaniye և Mecidiye , իսկ հորը՝ Սուլթանի Անձնական գանձարանի նախարար Հովհաննես Սաքըզյանին շնորհվում է փաշայի տիտղոս: 1907թ. Արքայական գանձատան նախարար Հովհաննես Սաքըզյան փաշան վեզիրության աստիճան է ստանում: Նա հայերեն լեզվի ծագման շուրջ շահեկան ուսումնասիրություն է թողել: 

Գրիգոր Աղաթոն (1823-1868). Առաջին քրիստոնյա հայ նախարարն է եղել, (փոստային, 1866): Արքունի ճարտարապետ Գաբրիել էֆենդիի ծոռներից է, Գեդեոն Աղաթոնի որդին: 1840թ. Մկրտիչ Ճեզաիրլյան Ամիրայի հովանավորությամբ մեկնել է Փարիզ: Նրա դաստիարակությանը հետևելու պարտականությունը վստահվել է Փարիզի թուրքական դեսպանատան թարգմանիչ և խորհրդական Հակոբ Կրճիկյանին, որի ղեկավարության ներքո է աշխատել: 1843թ. մեծ հաջողությամբ ավարտել է Գրինյոնի Հողագործական Գյուղատնտեսական դպրոցը:

Փարիզի թուրքական դեսպանը նրան ներկայացրել է Լուի Ֆիլիպ թագավորին, որը կանխագուշակել է, որ նա լինելու է Օսմանյան կայսրությունում գյուղատնտեսության կազմակերպման առաջամարտիկ: Գրիգորը շրջել է Ֆրանսիայի, Բելգիայի, Անգլիայի հայտնի ագարակները, հողատարածքները և 1847թ. վերադարձել Պոլիս: Վերադառնալով մեծ ավանդ է ունեցել Հալքալըի գյուղատնտեսական դպրոցի հիմնադրման գործում, եղել այդ հանրահայտ գյուղատնտեսական կենտրոնի ուսուցչապետը: Աղաթոն ընտանիքի կողմից է, որ առաջին անգամ Թուրքիա է ներմուծվում կարտոֆիլի սերմնացան մեքենան ու այդ պատճառով սկսվում է Իտալիայից բերված կարտոֆիլի հատուկ տեսակի գիտական արտադրությունը:

1847թ. կառավարության կողմից բամբակագործության զարգացման նպատակով փոխակերպված Այիմամա ագարակի տնօրեն է նշանակվում: Նրանից առաջ տնօրեն էր եղել մի ամերիկացի, որը հաջողություն չէր ունեցել: Վեզիր Ռեշիդ փաշայի պնդմամբ այդ պաշտոնը 1848թ. ստանձնում է Գրիգոր Աղաթոնը: Որոշ ժամանակ անց, 1849թ. այս պաշտոնը փոխանցվում է Գևորգ Սթիմարճյանին: Նա Թուրքիայի գյուղատնտեսությունը եվրոպական ձևով վարելու, գյուղատնտեսական տարբեր մեքենաներ օգտագործելու կողմնակից էր: Եթե տնօրենը ստանում էր 750 ղռուշ, ապա Աղաթոնին վճարվել է 4000 ղռուշ: 1849թ. Գրիգորը Ճեզաիրլյան ամիրաների գործերի կառավարիչն է եղել: Նա գրել, թարգմանել ու հրատարակել է գյուղատնտեսությանը, երկրագործությանը վերաբերող գրքեր, աշխատակցել հոդվածներով մասնագիտական պարբերականներին, հիմնել երկրագործական դպրոցներ, հաստատություններ: Գ.Աղաթոնն այդ ժամանակ արդեն ձեռնարկել էր ՙԹուրքիայի գյուղատնտեսությունը՚ աշխատությունը: Նա աշխատակցում էր ֆրանսիական երկրագործական պարբերականներին, մեծ համբավի արժանանում Ֆրանսիայում՝ որպես երկրագործության, երկրի տնտեսագիտությամբ զբաղվող մասնագետ:

1850թ. ընտրվել է Թուրքիայի Գյուղատնտեսական բարձրագույն հանձնաժողվի անդամ: 1853թ. ընտրվում է Ֆրանսիայի Պարտիզպանական ընկերության անդամ: Եղել է Թուրքիայի Գյուղատնտեսության բարձրագույն խորհրդի անդամ (1856): 1858թ. Սարդինիայի թագավորության Տորինոյի միջազգային ցուցահանդեսում որպես պատվիրակ ներկայացնում է Օսմանյան կայսրությունը և շերամապահության գծով ընտրվում միջազգային քննիչ հանձնաժողովի անդամ: Այնտեղից Սուլթանի համար նա բերում է ոսկե մեդալ, 7 մեդալներ տարբեր շերամապահների համար, 4 պատվո հիշատակություններ: Իտալական կառավարության կողմից Գր. Աղաթոնին շնորհվում է Sent Moris Lazar ասպետի աստիճան և շքանշան: Որոշ ժամանակ մնում է Փարիզում, շարունակում ուսումնասիրել երկրագործություն ու վաճառականական հաշվակալություն, անվանվում Վաճառականական հաշվակալության ընկերության անդամ: Հաջորդ տարի, 1859թ. իտալական Տորինոյի միջազգային ցուցահանդեսում կրկին եղել է Թուրքիայի ներկայացուցիչը, այնտեղ ընտրվել Տորինոյի Գյուղատնտեսական Ակադեմիայի պատվավոր անդամ շերամապահության գծով: Անդամակցում է մասոնական Մեծ օթյակին, ամենայն հավանականությամբ իր հովանավոր, մասոն Հակոբ Կրճիկյանի միջնորդությամբ:

1860թ. Ֆինանսների նախարարության Բարձրագույն դիվանի հաշվակալական գերատեսչության անդամ է դառնում, ստանալով Mutemayiz: Ընտրվել է Հաշվիչ հանձնաժողովի անդամ և Ֆինանսական բարենորոգումների պալատի անդամ: 1860թ. Ալի և Ֆուադ փաշաները նրան են հանձնարարել սուլթանական գանձատան գործերի կարգավորումը:

1862թ. թղթադրամների շրջանառությունից դուրս գալու գործերն է ղեկավարել: Այս ընթացքում մեծ հաջողությամբ լուծում է Ընդհանուր պարտքերի փոխառությունների խնդիրը: Նա մեկ ամսում ներկայացնում է Օսմանյան կառավարության փոխառության տոմարակալությունը, մեծ հիացմունք պատճառելով Անգլիայի կառավարությանը: Անգլիայի Վիկտորիա թագուհու կողմից ոսկյա ժամացույց է ստանում: 1862թ. Դար-ուլ-ֆյունունի թղթադրամների հաշվակալության բաժնի տնօրեն է նշանակվում: Նա մեծ ավանդ է ունեցել 1863թ. Ստամբուլի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում: 1863թ. 3-րդ աստիճանի MecidՏye է ստանում: 1864թ. նշանակվում է Փոստի և հեռագրական գործերի նախարար և հաջորդ տարի՝ 1865թ. Փարիզում, Փոստային հեռագրական միջազգային կոնգրեսում ներկայացնում է Թուրքիան: Մեծ դիրքի ու հեղինակության է արժանանում Փարիզի ՙԺողովրդական տնտեսության գործնական ուսումնասիրության միջազգային ընկերության՚ մեջ: Փարիզից վերադարձին հաստատում է ՙԷսասը Ումումի՚ (Հանրային պարտուց) պարտքի կոնսոլիտների վերածման գործի տնօրինությունը, ստանում սուլթանական կառավարության կողմից Ulcy-ı Evvel բարձրագույն աստիճան: 1866թ. դառնում է Օսմանյան թղթատարության (Փոստի) ընդհանուր տնօրեն: Նա հռչակվել է առաջին քրիստոնյա նախարարը (փոստային, 1866թ.):

Հեռագրական միջազգային հանձնաժողովներում մեծ վարպետությամբ ներկայացնում է Օսմանյան կայսրությունը: Միջազգային այս հանձնաժողովի հիմնական գործն էր ընդհանուր սակագների հաստատումը:

Աղաթոնը գլխավորել է Հասարակաց շինությանց նախարարությունը, այնուհետև վարել Փոստի ու Հեռագրատան նախարարի պաշտոնը: Որպես տնտեսագետ նա մեծ հեղինակություն էր վայելում արտասահմանյան միջազգային ու գիտական շրջանակներում: Անդամակցում էր եվրոպական մի շարք երկրների գիտական ընկերություններին և Ֆրանսիական կառավարության կողմից նրան շնորհվել է Chevalier de Lռgion d’Honneur (Պատվո լեգեոնի ասպետի) խաչ:

Պոլիս վերադարձին նա հիմնում է ազգային փոստատարությունը: Դրանից հետո ձեռնամուխ է լինում փոստային կարևորագույն, միջազգային խնդիրների լուծմանը: Մինչ այդ երկրի փոստային համակարգը սպասարկում էին արտասահմանյան ընկերությունները: Նա վեր է հանում սեփական, թուրքական փոստային ծառայությունների հիմնադրման հարցը, անցնում գործի: Բոլոր թերի կողմերը շտկելով, նա շատ կարճ ժամանակում ձեռնամուխ է լինում փոստային դրոշմանիշների ու բացիկների տպագրությանը (1867): Նույն, 1867թ. Փարիզի Փոստային միջազգային կոնգրեսում կարողացել է կարգադրել իր երկրի անդամության խնդիրը: Այս կարևորագույն առաքելությունը փայլուն կատարելու համար նա Սուլթան Ազիզից որպես պարգև ստանում է 5 հազար ոսկի և Ulcy-ի աստիճան:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1430 reads | 22.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com