ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ
ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ


Ակնհայտորեն տարբեր են այս երկու հատվածները (ով է թագավորեցնում արքայազուններին, ում հետ են նրանց ամուսնացնում և այլն), սակայն երկուսն էլ կարող են օգտակար լինել իսկությունը պարզելու համար, եթե դրանք համադրենք, ոչ թե հակադրենք: Այդ դեպքում կտեսնենք, որ Մանուելը, նախնական պայմանավորվածության կամ հրահանգի համաձայն, մշտապես իր բանակում պահվող Հայոց թագուհուն և նրա որդիներին տանում է Կարնո աշխարհ//Բարձր Հայք, որը Մծբինի պայմանագրից (298 թ.) ի վեր հռոմեացիների ենթակայության տակ էր, և հանձնում Թեոդոս կայսրին: Կայսրն անձամբ կամ լիազորի միջոցով թագավորեցնում է Արշակին և Վաղարշակին, նրանց վրա իր կողմից հավատարիմ մարդիկ նշանակում և, զորք տալով, ուղարկում է պարսիկներից գրավելու Հայոց աշխարհը: Այդ ամենին օրինականություն հաղորդելու համար աննախադեպ քայլ է կատարվում. Մանուելի անունից Հայքի խնամակալությունը հանձնվում է կայսրին, երկրի զգալի մի հատված դառնում է <<Հունաց թագավորին ժառանգություն>> : 

Ինչո՞ւ ենք ասում, թե նախադեպը չունեցող դեպք է սա, եթե նույն Մանուելը Պարսկաստանից գալով Հռոմի պրոտեկտորատի տակ գտնվող Հայք և այնտեղից դուրս քշելով Վարազդատին (ըստ Բուզանդի)` երկիրը նախ հանձնում է պարսիկներին: Բանն այն է, որ այդ գործարքը բանավոր էր և կապված էր միայն իր անվան հետ, ըստ որի` երկիրը հանձնելով Պարսից թագավորին, ինքն էլ ծառայության էր անցնում նրա մոտ: Այսինքն, դա ժամանակավոր բնույթի գործողություն էր, որից ինքը ցանկացած պահի կարող էր հրաժարվել, կամ իրենից հետո դա կարող էր անել մեկ ուրիշ հայ իշխանավոր: Սա` պատմական զրույցի կապակցությամբ: Իրականում Մանուելին վերագրվող կառավարման յոթ տարիները ոչ մի չափանիշով ինքնավարություն կամ ինքնուրույնություն չի կարելի համարել, որովհետև, ի վերջո, Հայքի կառավարիչը Սուրեն մարզպանն էր, իսկ Մանուելը լավագույն դեպքում պիտի Պարսից արքունիքի առջև Հայոց Մեծաց դասը ներկայացներ և գլխավորեր հայկական այրուձին: 

Այսպիսով, ինչպես վերը նշեցինք, այդ տարիներին Հայքում անդորրություն էր, որովհետև կայսրության վրա գոթերի արշավանքների պատճառով Վաղես կայսրը Շապուհ թագավորին խնդրել էր խաղաղություն կնքել, համաձայնելով, որ Հայքի մեծագույն մասը մնա Պարսկաստանի ենթակայության տակ: Դրությունը փոխելու համար նոր բան էր հարկավոր մտածել: Անկախ նրանից, որ 370-ականներից ի վեր գոյություն ուներ Հայքը երկու մասի բաժանելով հայկական հարցը լուծելու գաղափարը , այնուամենայնիվ, դրա կենսագործումը չէր կարող անօրինությամբ լինել: Ուժով նույնպես անհնար էր, որովհետև Թեոդոսն արդեն մեծ բանակ չուներ, որպեսզի զենքի ուժ գործադրեր և հայոց հարցով զբաղվելու համար պայմանագիր խախտեր (չնայած` Պարսից թագավորի վիճակն էլ նախանձելի չէր), բայց չէր բացառվում ախոյանի հետ փոխհամաձայնություն ձեռք բերելը: 

Նման իրավիճակում է ահա, որ առանձնակի կարևորություն է ստանում Մանուելի պարագան: Նրան համոզում կամ պարտադրում են, որպեսզի Բյուզանդիային Հայոց երկրի (առնվազն Մամիկոնյանների ու նրանց համախոհների կալվածքների) հանձնումը գրավոր ձևակերպի և այն վերածի իրավական փաստաթղթի: Դրանից հետո կայսրն արդեն հանգիստ կարող էր այդտեսակ խոշոր հաղթաթղթով բանակցություններ սկսել: Բուզանդն է իրեն հատուկ ոճով պատմում. <<Հունաց և Պարսից թագավորների դեսպաններն ու պատգամավորները իրենց մեջ երթևեկություն ունեցան և երկու թագավորները` Հունաց ու Պարսից, իրար հետ խորհուրդ արին և համաձայնության եկան: Նրանք հարմար համարեցին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենց մեջ: Նրանք ասում էին. <<Մեր երկուսի միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք ու խանգարենք այս թագավորությունը. նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնել և մեր ծառայության ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել>>: 

Այսպես մտածելով` նրանք երկու մասի բաժանեցին երկիրը… Եվ երկուսից էլ շատ գավառներ կտրվեցին. և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ (ընդգծ.- մերն է.- Հ.Դ.)>> : Ղազար Փարպեցին երկրորդում է. <<Երկիրը բաժանման մատնվեց Պարսից ու Հունաց թագավորների միջև, որոնք Հայոց մեծ աշխարհը երկատելով` առան իրենց ծառայության ներքո>> : 

Համաշխարհային պատմության մեջ սա բացառիկ դեպքերից է, երբ երկու հակամարտող երկիր առանց պատերազմի, բանակցությունների միջոցով, իրար մեջ բաժանում են երրորդ մի երկրի տարածք: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կայսրությունն ինքը տվյալ պահին գրեթե կործանման եզրին էր և այժմ փրկվում էր նաև Հայքի հաշվին (ինչպես Թուրքիան` 1921-ին): Կայսրն ասես ցույց էր տալիս իր ժողովրդին, որ իրենք դեռևս հզոր են, կենսունակ և ունակ են նույնիսկ Հայքի նման երկիր յուրացնելու: Հայկական արյունը ուղղակի և անուղղակի իմաստով պետք է վերակենդանացներ, թարմություն հաղորդեր հյուծված կայսրությանը: Հայոց աշխարհը զոհաբերվում էր: Զոհաբերողը Մանուելն էր: Գրիգորյանները ցնծում էին` կաթողիկոսական գահն իրենց պիտի վերադարձվեր: Ոչինչ, որ <<հայկական անկախությունը առաջին կործանարար հարվածն էր ստանում>> : 

…Ապա եկավ անձնական հարցերը կարգավորելու ժամանակը: <<Արևելահռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև,- գրում է Հ. Բարթիկյանը,- Հայաստանի առաջին բաժանման (387 թ.) նախօրյակին հայոց թագավոր Արշակ III Արշակունին իր ողջ ընտանիքով հեռացավ Հայաստանի ապագա պարսկական մասից և հաստատվեց Հռոմեական կայսրության տիրապետության տակ անցնելիք Հայաստանում: 

Պարսկական տիրապետության տակ անցած Հայաստանից արևմուտք գնացին նաև մի շարք նախարարական ընտանիքներ, որոնց ներկայացուցիչները ծառայության մտան հռոմեական (հետագայում` բյուզանդական) արքունիքում և բանակում: Փաստերը վկայում են, որ հայ ազնվականության մուտքը Բյուզանդական կայսրության արքունիքն ու բանակը սկսվեց շատ ավելի վաղ, քան մենք կարծում էինք` հենց 385 թ. անմիջապես հետո: Այդ բանի օգտին են վկայում այնպիսի վստահելի ու ճշմարտապատում աղբյուրներ, ինչպիսիք են Թեոդոս II-ի (408-450 թթ.) և Հուստինիանոս I-ի (527-565 թթ.) Դատաստանագրքերը: Հայտնի է, որ նրանցից ամենաերևելին նշանավոր Սամուել Մամիկոնյանն էր, որ առանց վարանելու սպանել էր քրիստոնեական հավատն ուրացած և զրադաշտականությունն ընդունած հորն ու մորը>> :
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3815 reads | 28.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com