ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ


Մինչ 387 թ. տիրող իրավիճակից դժգոհողը եկեղեցին էր և Գրիգոր Պարթևի տոհմը: Երկար ժամանակ էր, ինչ Աղբիանոսյաններն էին կաթողիկոսական գահին, և հիմա Գրիգորյանները եկեղեցական իշխանությունն իրենց վերադարձնելու հույսեր էին կապում հռոմեացիների հետ: Պարսիկները ինչպես երկրի, այնպես էլ եկեղեցու կառավարումը չէին վստահել սրանց, համարելով, որ սրանք կան և մնում են իրենց հակառակորդ պետության գործակալներ: Դժգոհ էր նաև Կեսարիայի եպիսկոպոսապետը, որովհետև Ներսեսի մահից հետո Պապ թագավորն առանց իր թույլտվության և օրհնության էր կաթողիկոս նշանակել Հուսիկին և, ըստ այդմ, Կեսարիայի ենթակայությունից հանել Հայքի եկեղեցին: Հարկավոր էր վերականգնել նախկին կարգը, այլապես ոչ միայն խախտված էր մնում եկեղեցական հիերարխիան, այլև իրենք շարունակում էին զրկվել Հայքի պես հարուստ երկրից հավաքվող հասույթներից: Այս առումով ամենահարմար թեկնածուն Սահակ Պարթևն էր, որն իր հոր` Ներսես Պարթևի պես հունական կրթություն ու դաստիարակություն էր ստացել, ինչպես նաև ընդունում էր Ընդհանրական եկեղեցու միասնականության անխախտելիության սկզբունքը: 

Աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում, թե Սահակը ինչպես և որտեղ է ձեռնադրվել: Նրա գահակալության տարին համարվում է 387/8 թվականը, սակայն կարծում ենք, դա պարզապես հարմարեցված է Մեծ Հայքի բաժանման տարեթվին: Նա կարող էր ձեռնադրված լինել և՛ 387-ից առաջ, երբ պարսկական կողմի հետ տարվող բանակցությունների շրջանում նրան նախապատրաստում էին, և՛ 387-ից հետո, երբ արդեն հարցը քաղաքականապես լուծված էր: 

Ցանկացած պարագայում հույները Սահակի ձեռնադրությունը կատարեցին ինքնուրույն, վերոնշյալ նկատառումներից ելնելով: Նրանք վերացնում էին Հայքի եկեղեցու <<ինքնագլուխ>> ինքնուրույնությունը, օրինականացնում Սահակի կարգումը, առանց հաշվի առնելու` Հայոց կաթողիկոսի տեղը թափո՞ւր էր, թե՞ ոչ: <<Սահակ ձեռնադրուած էր օրինաւոր կերպով,- գրում է Ս. Կոգյանը,- օրինաւոր տեղը – Կեսարիա կամ Կ. Պոլիս, և կամ ի Հայս, ասոնցմէ միոյն գիտութեամբ ու թոյլտուութեամբ>>: 

Բայց, անշուշտ, դա դեռ չէր նշանակում, թե Սահակն արդեն լիիրավ կաթողիկոս էր: Կարելի է ենթադրել, որ սկզբնական շրջանում նա սոսկ Հայքի հռոմեական հատվածի եպիսկոպոսն էր և այդ պաշտոնը Թեոդոս կայսեր կողմից ստացել էր Արշակ Գ.-ի թագավոր նշանակվելու հետ միաժամանակ: Իսկ ամբողջ Հայքի եպիսկոպոսապետ դառնալու համար դեռ տարիներ պիտի անցնեին: Ըստ Խորենացու, Հայոց թագավոր Խոսրով Գ.-ն (ուրեմն` Մեծ Հայքի բաժանումից հետո) համաձայնում է Սահակին կաթողիկոս նշանակել Հայքի հռոմեական մասի վրա իր վերահսկողությունը տարածելու վերաբերյալ կայսեր հետ համաձայնություն ձեռք բերելուց և Ասպուրակես կաթողիկոսի վախճանից հետո միայն: Միանգամայն ընդունելի է Մ. Աբեղյանի այն տեսակետը, ըստ որի` <<Սահակը կաթողիկոս է դառնում հավանորեն 390-395 թվականների մեջ>>: Ըստ էության, Սահակի իսկական կաթողիկոսության սկիզբը պետք է համարել Շապուհի կողմից նրա հաստատվելուց հետո միայն: 

Թեոդոսի համար մյուս հարցը` թագավորի թեկնածու ընտրելը` թերևս ավելի հեշտ լուծելի էր: Թեև նա յոթ տարի առաջ (378 թ.) Վարազդատին գահից հեռացնելուց հետո նոր թագավոր չէր նշանակել, բայց ուներ իր թեկնածուն: Սովորաբար հռոմեացիները, հասկանալի նպատակներով, Հայոց գահի համար իրենց մոտ դաստիարակվող կամ ծառայող թեկնածու էին պահում. Մեծ Հայքը սահմաններով ու հայրենի իշխանությամբ երկիր էր, և առանց պատերազմի այն կարելի էր միայն գրավել կամ նրա թագավորին իրենց կողմը դարձնելով, կամ իրենց թեկնածուին գահ բարձրացնելով: Իսկ քանի որ գահին տիրելով` երկրին էին տիրում, ապա նման դեպքերում միշտ զգացվում էր կատարվածին օրինական տեսք տալու անհրաժեշտությունը: Այս անգամ թեկնածուները երկուսն էին` Պապի Արշակ և Վաղարշակ որդիները: Ուրիշ բան է, սակայն, որ նրանք ոչ թե Կոստանդնուպոլսում կամ Հռոմում էին, այլ որպես կիսագերի կամ պատվավոր պատանդ պահվում էին Մանուելի մոտ: Այսինքն, հարկավոր էր Մանուելի հետ պայմանավորվել: 

Մանուելն էլ ասես հատուկ այդ օրվան էր սպասում: Յոթ տարի նա պահել-պահպանել էր թագուհուն` Պապի Զարմանդուխտ տիկնոջը, և նրա որդիներին, գիտակցելով, որ իր սեփական կյանքն ու բարօրությունը պայմանավորված է առաջին հերթին նրանց ողջությամբ: Հիշենք, թե ինչպես նա նաև հանդես էր գալիս վերջիններիս անունից` իբրև խնամակալ, և այդ եղանակով օրինականության պատրանք ստեղծում իր բռնազավթած իշխանության համար: 

Պարսից Շապուհ թագավորի համար այդ բոլորը միանգամայն ընդունելի էր: Ավելին, նա ոգևորում ու հովանավորում էր Մանուելին, որովհետև վերջինիս միջոցով ինքն իր ազդեցությունը կարողանում էր պահպանել Մեծ Հայքում: Բայց իրավիճակն ամբողջովին փոխվեց, երբ Մանուելի ուզուրպացիայից ընդամենը մեկ տարի անց` 379 թվականին, վախճանվեց Շապուհ արքան: 

Մանուելի համար Պարսից աշխարհում անձնական հեռանկարը միանգամից դարձավ անորոշ, մինչև անգամ վտանգավոր. նրան թվում էր, թե իր վրա մշտապես զգում է Սուրեն մարզպանի սևեռուն հայացքը: Փոխարենը Հռոմի կողմից մարդիկ էին գալիս լուրերով, հայտնելով, որ Թեոդոս կայսրը Սահակին` իր ազգակից պարթևին` կաթողիկոս է նշանակել և, ընդհանրապես, լուրջ նպատակադրություն ունի Հայքի կապակցությամբ: Սահակն էլ իր հերթին էր հավաստիացնում այդ ամենի իսկությունը, ավելին, խոստումներ էր փոխանցում: Ըստ էության, դրանում անսպասելի ոչինչ չկար. Հռոմը մնում էր Հռոմ` պահպանելով իր բոլոր հավակնություններն Արևելքում: Սակայն նրա վերադարձը հին դիրքերին պիտի պատճառաբանված լիներ, իսկ պատճառաբանությունը կարող էր միայն մեկը լինել` հայերի խնդիրքը առ ի պաշտպանություն: Բայց դա արդեն մանրուք էր. մշակվում է համապատասխան ծրագիր, որի համաձայն հայերը (իրականում` Մանուելը) պիտի խռովություն բարձրացնեին և օգնություն խնդրեին հռոմեացիներից (հույներից): Սահակը հրահանգում է Մանուելին` կատարե՛լ: 

Բուզանդը պատմում է. <<Հայոց Մանուել զորավարը գունդ կազմակերպեց, և մինչդեռ Սուրենը իր բանակով խաղաղ բնակել էր, միամիտ, անկասկած, անհոգ, աննենգ խաղաղությամբ, մինչդեռ չկար ոչ մի նենգություն ու դավաճանություն` ինչպես սուտ լուր էր տարածել չարագործ Մերուժանը` Հայոց Մանուել զորավարը հանկարծակի անսպասելի կերպով հասնում հարձակվում է Սուրենի բանակի վրա և տասը հազար պարսիկներին ամբողջապես կոտորում է: Բայց Սուրեն մարզպանին մի ձիով բաց է թողնում որ գնա. նրա արևը նրան պարգև է շնորհում: Սուրենը զարմացավ այս բանի վրա, թե ինչո՛ւ նա այդ արավ, և Մանուելը ասաց Սուրենին. <<Քեզ իբրև բարեկամի սիրով արձակում եմ, ողջ առողջ գնա` քո ճանապարհդ, բայց ես այլևս պարսիկների թակարդի մեջ չեմ ընկնի>>: 

Ինքը Մանուելը պատրաստում է զորքերը, գնդեր է կազմակերպում, որովհետև գիտեր, որ մեծ թշնամություն ու գրգռմունք ծագեցրեց Պարսից թագավորի հետ>> : Բուզանդն այս դեպքը տեղադրում է յոթնամյա խաղաղ շրջանից առաջ, պատմությունն էլ հավաստի դարձնելու համար Մանուելի արարքը բացատրում է Մեհրուժանի չարագործությամբ` ըստ այդմ, սքողելով իրական շարժառիթը: Տրամաբանությունը հուշում է, սակայն, որ սուտ խոսքը անմիջապես նման արձագանք չէր կարող գտնել լուրջ մարդու հոգում, և նրան նման քայլերի չէր մղի: Ի վերջո, չմոռանանք, թե պարսից այդ զորաբանակը բոլորովին վերջերս ինչ ջերմ ընդունելության էր արժանացել նույն Մանուելի ու թագուհու կողմից, և ինչքան բարեհաճ վերաբերմունք էր ցուցաբերում Պարսից թագավորը նույն Մանուելին ու թագուհուն: 

Անտարակույս, Մանուելը սուտ քսությունից բորբոքված չէր ոչնչացնում Սուրեն մարզպանի զորքը, և դրան հաջորդած իրադարձություններն էլ ապացույց են, որ նա ընդամենը լավ նախապատրաստված քաղաքական ծրագրի համաձայն իրեն հանձնարարված գործն էր կատարում: Ըստ էության, Հայոց աշխարհում տեղավորված պարսկական զորքը երկու խնդիր էր լուծում. նախ որպես Սասանյանների իշխանության վկայություն, և երկրորդ` որպես պաշտպանական ուժ հռոմեական ոտնձգությունների դեմ: Հետևաբար, ոչնչացնել պարսկական կայազորը` նշանակում էր ճանապարհ բացել հռոմեացիների համար: Եվ Մանուելը ոչնչացրեց պարսկական կայազորը: Ուղիղ երկու հարյուր տարի անց մեկ ուրիշ սպարապետ նույն տոհմից` Վարդան Մամիկոնյան` 572 թ. կրկին հանկարծակի հարձակվեց հայոց մայրաքաղաքում տեղակայված պարսկական զորքի վրա, սպանեց զարմանալի զուգադիպությամբ կրկին Սուրեն անունը կրող մարզպանին և ապստամբություն բարձրացրեց: Ըստ Ասողիկի, դրանով հայերը <<ձեռք են մեկնում հույներին եւ նրանց հետ միասին սաստիկ պատերազմ են մղում պարսից դեմ>> , ըստ Ակինյանի` <<պատերազմը ձախողվեց. բազմաթիվ տարիների ընթացքում կրած նեղությունները զուր անցան: Անեծքով հիշեցին եկող սերունդները 572-ի ապստամբության պարագլուխներին>>: Մանուելի գործածը, ինչպես կտեսնենք, շատ ավելի մեծ անեծքի է արժանի նաև մեր օրերում, սակայն եկեղեցու ցուցումով մատենագիրների կողմից թե՛ Մանուելը, թե՛ այս Վարդանը հերոսներ են հռչակված: 

Հարց է, թե Մանուելը բոլոր քառասուն հազար պարսիկ զինվորներին էլ, ինչպես կարելի է կարծել, չորացած ճյուղերի նման ջարդեց դե՞ն նետեց, թե՞ ուրիշ կերպ նրանցից ազատվեց, բայց կասկած չկա, որ դա կատարեց հռոմեացիների թելադրանքով: Դա քաղաքական քայլ էր: Կայսեր խնամակալությանը հանձնելով Պապ թագավորի ընտանիքն ու երկիրը, նա հնարավորություն էր ստեղծում, որպեսզի կայսրն իրեն նույնքան իրավունք վերապահի Հայքի նկատմամբ, որքան Սասանյան արքան: Զուր չէ, որ դրանից հետո Թեոդոսի առաջին գործը լինում է Պապի զավակներին Հայքի թագավոր հռչակելը: Խորենացին ու Բուզանդը տարբեր կերպ են նկարագրում այդ իրադարձությունը: <<Մեծ Թեոդոս,- գրում է Խորենացին,- Վարազդատի փոխանակ Հայոց վրա թագավորեցրեց Պապի երկու որդիներին, Արշակին և Վաղարշակին, այսպես մտածելով, թե երկուսը չեն միաբանի ապստամբելու համար: Այս պատանիների մորն իր մոտ պահելով` նրանց արձակում է զորքով, իր կողմից էլ հավատարիմ մարդիկ վերակացու նշանակելով: Սրանք եկան, գրավեցին մեր աշխարհն ու տիրեցին` արիաբար կռիվներ մղելով պարսիկների դեմ: Նրանք իրենց կին առան Արշակը` Սյունյաց Բաբիկ նահապետի դստերը, իսկ Վաղարշակը` Սահակ ասպետինը: Նա նույն տարին մեռավ>>: 

<<Մանուել զորավար-սպարապետը,- գրում է Բուզանդը,- Արշակունի տիկնոջ և երկու մանուկների` Արշակի և Վաղարշակի հետ, Հայոց ամբողջ բանակով, մեծամեծ ավագներով գնում հասնում է Կարին գավառը: Բոլոր տանուտերերն էլ նրա հետ էին: Եվ Մանուել սպարապետը իր Վարդանդուխտ դուստրը կնության տվեց Արշակունի մանուկ Արշակին ու իրեն փեսայացրեց. նաև հարսանիք է անում նրա եղբոր` Վաղարշակի համար և նրան կին է տալիս Բագրատունի ասպետի դուստրը Սպեր գավառից, որոնք (Բագրատունիները) ի բնե Արշակունյաց տոհմի թագավորների թագակապերն ու թագադիրներն էին եղել: Շատ փառավոր հարսանիք արին, որ մեծ ցնծություն և ուրախություն պատճառեց բոլոր Հայոց աշխարհին: Այնուհետև դարձյալ մի տեղ ժողովելով Հայոց աշխարհի բոլոր մարդկանց` մանուկ Արշակին թագավորեցրեց Հայոց աշխարհի վրա և Վաղարշակին նրան երկրորդ նշանակեց: Սրանով էլ մեծ ուրախություն ու ցնծություն եղավ բոլոր Հայոց աշխարհում>> :
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3668 reads | 10.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com