ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր








Օսմանյան բռնակալության վեցդարյա ժամանակաշրջանում հայերը հեռու են եղել պետական պաշտոններ վարելուց : Բնականաբար չենք կարող հաշվի առնել այն բացառիկ դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոններում հայկական ծագում ունեցող զորավարներ են եղել, որոնք ժամանակին <<դևշիրմեի>> զոհ դարձած տղաներ էին: Նրանցից ոմանք հիշել են, ոմանք նույնիսկ չեն թաքցրել իրենց հայկական ծագումը, իսկ մանկահասակ տարիքում խլվածները բնականաբար շուտ են մոռացել իրենց ծագման մասին, ենիչերական զորքերի հետ մեկտեղ դարձել են քրիստոնյա հպատակներին կեղեքող ու ահաբեկող թշնամի մի ուժ, մյուսները՝ կորել են պատմության մշուշում: 

Տարբեր սուլթանների օրոք պետական ամենամեծ դեմքերի կողքին անպայման տեսնում ենք հայ զորավարների, պետական գործիչների, որոնք փայլել են Կայսրության ռազմական ու դիվանագիտական ասպարեզներում : Իհարկե, դրանցից մի մասի հայկական ծագման մասին փաստեր չեն պահպանվել, կամ օսմանյան տարեգրությունը չի կամեցել արձանագրել նրանց ազգային պատկանելությունը: Երբեմն միայն կարելի է ենթադրել այս կամ այն գործչի հայկական ծագման մասին, եթե նրանց ծննդավայրը նշվել է և դրանք հայկական նահանգներ են եղել: Դրանցից ամենահայտնի դեմքերից է եղել ԺԷ դարի նշանավոր ծովակալ Խալիլ (Հալիլ) փաշան : Կեսարահայ ընտանիքի իսլամացված այս մանուկը մեծագույն ծառայություններով է հայտնի օսմանյան պատմության մեջ: Սխրանքներով դուրս գալով բազմաթիվ ծովամարտերից՝ նշանակվել է Մեծ վեզիր, դիվանագիտական մեծ հաջողություններ գրանցել Օսմանյան Կայսրության պատմության մեջ: Սուլթան Աբդուլհամիդ Ա-ի տիրակալության (1774-1789) և հայազգի ծովակալ Հասան փաշա Ճեզայիրլի Ղազիի շրջանում օսմանյան ռազմանավերում հրետանավորների 75 տոկոսը հայեր ու հույներ են եղել: Սուլեյման փաշա Էրմենին (1605-1690) ԺԷ դարի մալաթիացի զորավար, պետական գործիչ, կուսակալ, մեծ վեզիր ու եպարքոս (վարչապետ է եղել): 1605թ. մանկահավաքի ժամանակ տարվել է Պոլիս, իսլամացվել: Տաղանդավոր ու քաջ երիտասարդը պարզ զինվորից բարձրացել է մինչև վեզիրի աստիճանի: Եղել է Մեհմեդ Դ-ի վեզիրներից: Մեծ ծառայություններ է մատուցել Օսմանյան կայսրությանը՝ փրկելով տարբեր վտանգներից: Նրա մասին Երեմիա Քյոմուրճյանը գրել է. ՙ

Հայկազարմ մալաթիացու որդին՝ Օսմանը, քաջ զինվոր, սերդար է հռչակվել 1710թ.:

Ալի բեյ էլ Էրմենի Ապուլ Ազապը 1723թ. սանճագի աստիճան է ստացել, եղել մթերանոցների վերակացու, նահանգապետ: 1728թ. գլխատվել է փաշայի դեմ մահափորձ կազմակերպելու բանսարկության պատճառով:

Մուստաֆա փաշա Ճէմպերճի թիֆլիսահայը 18-րդ դ. վերջին ամենաազդեցիկ մարդկանցից է եղել եգիպտական արքունիքում:
1834թ. Փադիշահի դուստրը՝ Սալիհա Սուլթանն ամուսնանում է վառոդարանի ներկայացուցիչ, հայկական ծագում ունեցով սադրազամ Հալիլ Ռըֆաթ փաշայի հետ:

Եգիպտական նավատորմում հայտնի է եղել ծովակալ Նիկողոսը, ապա մի Հովսեփ, որը եղել է 1759թ. Marechal des Logis, ստացել Օսմանյան կայսրության նավատորմի Կապտան դերյալըք-ի (ադմիրալի ) կոչում:

Օսմանյան կայսրությունում առավելագույնս օգտվել են հայերի տաղանդից, հարստությունից, գործիմացությունից, եռանդից և մասնավորապես՝ երկրի նկատմամբ հավատարմությունից: Անմրցելի ու եզակի լինելով շատ ու շատ արհեստների, գիտության, օտար լեզուների տիրապետման ասպարեզում, նրանք փնտրված էին տիրող իշխանության բոլոր խավերում, պալատում: Որպես այդպիսիք նրանց ծառայություններից ու տաղանդից սկսեցին օգտվել օսմանյան սուլթանները, սկզբում որպես պալատական արհեստավոր-ծառայողներ, իսկ հետո արդեն որպես պալատական բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց բնագավառները տնօրինող ավելի քան 200 ամիրաներ , սուլթանների վստահված անձինք, երկրի ներքին ու արտաքին կյանքի կարևորագույն դեմքեր: Այս հանգամանքն առիթ է տվել, որպեսզի այլազգի մրցակից վաճառականները, սեղանավորներն ու պաշտոնյաները մահացու ատելությամբ լցվեն նրանց նկատմամբ: 19-րդ դարն իրավմամբ մեծ փոփոխություններ առաջացրեց Օսմանյան կայսրության կյանքում: Ռուսական սպառնալիքը, որն առաջանում էր դեպի Սև ծով, Բալկաններ, դեպի Կովկաս՝ կայսրությունում վարչական կարևորագույն բարեփոխումների անցկացման անհապաղություն զգացնել տվեցին: Երկիրը դանդաղորեն գլորվում էր դեպի եվրոպական, պապական ու ամերիկյան գաղութարարական քաղաքականության համատեղ համաձայնությամբ գործված որոգայթը: Այս քաղաքականության համար անընդունելի ու մտահոգիչ էին ռուսական հաջողությունները: Հարկ էր, որ Կայսրության ՙսիրո՚ նժարը անդառնալիորեն թեքվեր դեպի եվրոպականը: Թող որ այն իր բազմապիսի արտահայտություններն ունենար՝ վարդակակչների սիրուց մինչև եվրոպական կենցաղի, դիմանկարչության, հագուստների կրումը, գիտության, մշակույթի տարբեր տարրերի ներմուծումը:

Այս մեկդարյա շրջանը հայերի համար եղավ երկրի կառավարության տարբեր բնագավառներում, վարչական ասպարեզում, իրավական կյանքում որոշակի դեր խաղալու և բարձր աստիճաններ գրավելու ժամանակաշրջան: Այն ոչ միայն օգնեց ներկայացնելու պատշաճ մակարդակով Օսմանյան կայսրությունը եվրոպական քաղաքական, տնտեսական ասպարեզներում, այլև ի դրև բերեց հայկական մտքի, տաղանդի, ուշիմության ու հավատարմության արժանիքները: Հայերը ճանաչվեցին եվրոպական ամենաբարձր մակարդակներում, թագավորական տներում, արքունիքներում, գիտական ու մշակութային ամենատարբեր ասպարեզներում՝ արժանանալով այդ երկրների տիրակալների ու կառավարությունների, տարբեր հաստատությունների մեծագույն պարգևներին ու փառքի: Սակայն 19-րդ դարում արդեն՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու տարբեր բնագավառների ներկայացուցիչների մի պատկառելի խումբ, մասնավորապես հայաշատ վիլայեթներում գործող օտար հյուպատոսներ, կարճ ժամանակում հանդես բերեցին նաև կապտալիստ գործարարների անհագուրդ մի տեսակ, իրենց ձեռքը վերցրին շատ թե քիչ տնտեսական հնարավորությունների, հումքի կենտրոնների ղեկավարումը և օգտագործումը: Բնականաբար նրանք, որպես մրցակից կողմ, չէին կարող հանդուրժել հայերի կողմից երկիրը զարգացնելու քաղաքականությունն ու գործելաոճը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1277 reads | 05.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com