ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


...Մեհրուժանին բարդվող մյուս մեղքն այն էր, որ <<եպիսկոպոսներին ու քահանաներին հարկերի պատճառով կապում ուղարկում էր Պարսից երկիրը>>: Ծանր մեղք է իսկապես, սակայն ո՞րն է դրա հիմքը: Ինչպես գիտենք, IV դարում եկեղեցին ոչ միայն ապահարկ էր, այլև ինքը պետական հարկերը հավաքելու արտոնություն ուներ, հետևաբար, պետք է հավանական համարել այն փաստարկը, որ հոգևորականները պատասխանատվության էին կանչվում ոչ որպես կրոնավորներ, այլ որպես իրենց պարտականությունները չկատարած պաշտոնյաներ:

Եկեղեցին դա համարեց իրավունքների ոտնահարում, հետապնդում, հալածանք: Եվ ահա, կարգ ու կանոն հաստատելու այս խստությունը, գումարած հույների հետ հարաբերվելու արգելքը բավական եղավ, որպեսզի Ներսես կաթողիկոսը հիշի իր պատրոնին` Բյուզանդիայի կայսրին, նրանից զորք աղերսի իշխանափոխություն կատարելու համար: Մեհրուժանը դավաճան էր, Ներսեսը` փրկարար: Խորենացին ասում է` Ներսեսն անձամբ խնդրեց, Բուզանդը թե` Մուշեղին ուղարկեց: Իրականում ոչ մի տարբերություն, թե բյուզանդական զորքը ինչպես մտավ Հայոց աշխարհ: Նրանք իրենց հետ նաև նոր թագավոր էին բերում, որպեսզի կատարվելիք հեղաշրջումը օրինականացնեն: Արշակի որդի Պապն էր գալիս թագավորելու, սակայն նախ նա պետք է հաղթեր ու երկրից դուրս քշեր Մեհրուժանին` ո՞վ է գահն ինքնակամ զիջում:

371 թվականն էր: Ճակատամարտի համար Պապը` հունական, Մեհրուժանը` պարսից զորքերով խմբվեցին Ձիրավի դաշտում: Երկու կողմում էլ, անշուշտ, հայկական զորագնդեր կային: Կատաղի կռիվ տեղի ունեցավ, և Մեհրուժանը պարտվեց: Ըստ Խորենացու, նա փորձեց փախչել մարտի դաշտից, սակայն ձին վիրավորված լինելով` չկարողացավ: Նրա հետևից հասավ Հայոց Սմբատ սպարապետը և տեղում սպանեց: Այսպես ավարտվեց Մեհրուժան Արծրունու կյանքն ու կառավարումը Հայոց աշխարհում: Տոհմիկ հայ նախարարին Մեծ Հայքի գահը վստահելով, Սասանյանները կամենում էին վերջ տալ Արշակունիների անվան հետ անընդհատ շաղկապվող բարդություններին:

Բանն այն է, որ հայ Արշակունիները, Խոսրով Բ. Մեծի սպանությունից հետո իրենցից այլևս քաղաքական ինքնուրույն ուժ չէին ներկայացնում և, հատկապես եկեղեցու քաջալերանքով, գործիք էին դառնում Բյուզանդական կայսրության համար: Մեհրուժանի միջոցով այդ կապը խափանել չհաջողվեց: Դժվար է ասել, թե Մեհրուժանն ինչպիսի թագավոր կլիներ:

Այնուամենայնիվ, պարսիկների կողմից նշանակվածների մեջ էլ, ինչպես որ հույների կողմից նշանակվածների մեջ, շատ նշանավոր թագավորներ ենք ունեցել` Վաղարշակ, Վռամշապուհ: Ի դեպ, Մեհրուժանն առաջինն էր, որ արգելեց հունարենի գործածությունը, ինչն այնուհետև պարսիկների կողմից դարձավ հաստատուն պահանջ և, վերջիվերջո, հանգեցրեց հայոց այբուբենի ստեղծմանը:

Ի միջի այլոց, Մեհրուժանի գործած ավերների մասին խոսելիս, ընդհանուր տպավորության համար թերևս ավելորդ չէ նշել նաև, թե Մուշեղ սպարապետն ինչ արեց, երբ երկիրը նվաճեց Մեհրուժանից: Բուզանդն այդ մասին էլ է գրում. <<Եվ Հայոց Մուշեղ զորավարը շրջում էր երկրում. ավերում էր Մազդեզական ատրուշանները, և մազդեզականներին, որքան որ ձեռք էին անցնում` Մուշեղ սպարապետը հրամայում էր բռնել ու կրակով խորովել: Եվ բերդերի շատ բերդապահներ չարաչար մահով սպանում էին, և շատ պատվավոր ազնվականների, որոնք Պարսից թագավորից պատիվ էին վայելում` ձերբակալ էր անում Մուշեղը, մորթերը հանել էր տալիս, խոտով լցնել և պարիսպների վրա կանգնեցնել: Այսպես նա անում էր իր հոր Վասակի վրեժն առնելու համար>> : Այնինչ` դավաճանն այդ դաժանությունը չուներ…

Ձիրավի ճակատամարտին խոշոր նշանակություն է տրվում հայ պատմագրության մեջ: Առավել համակողմանին հետևյալն է. <<Մարտնչող կողմերից յուրաքանչյուրն իր շահերն ու նպատակներն էր հետապնդում: Շապուհ Բ.-ն, որը մինչ այդ պարտության էր մատնել հռոմեացիներին և ստիպել էր նրանց կնքել 363 թ. <<ամոթալի>> պայմանագիրը, ձգտում էր իրեն ենթարկել Հայաստանը և հետ մղել հռոմեացիներին Արևելքում: Հռոմեացիներն, իրենց հերթին, ջանում էին Հայաստանը դարձնել Հռոմի եթե ոչ վասալը, ապա կրտսեր դաշնակիցը` Սասանյանների դեմ մղվող պայքարում: Հայերն իրենց խնդիրներն ունեին և պայքարում էին ազատվելու պարսից ոտնձգություններից, պահպանելու հայկական պետականությունը և, դաշնակցած Հռոմի հետ, վերականգնելու երկրի եթե ոչ անկախությունը, ապա հաստատուն ինքնուրույնությունը: Այդ էր պատճառը, որ հայկական զորքերը Մուշեղ Մամիկոնյանի, ինչպես նաև Սմբատ Բագրատունու գլխավորությամբ ճակատամարտ մտան մեծ խիզախությամբ և անձնազոհությամբ: Հայերի և հռոմեացիների դաշնակից զորքերը ջարդում են թշնամուն>> :

Սա Ս. Երեմյանի վերլուծությունն է պատմական այդ նշանավոր իրադարձության վերաբերյալ: Նույն մոտեցումն է նաև մինչ այժմ գործածվող Հ. Ժամկոչյանի խմբագրությամբ հրատարակված բուհական դասագրքում: Մ. Կատվալյանը Հայկական հանրագիտարանում մինչև անգամ պնդում է, որ <<Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Հայաստանի անկախությունն ու Պապի գահը>>: Կարող ենք մեջբերել նաև Ս. Պալասանյանի կամ Լեոյի նկարագրությունները, որոնք սակայն ոչնչով չեն տարբերվում վերոբերյալ տեսակետներից: Բայց մի՞թե սա էր այն իրական անկախությունը, եթե հռոմեացիները կարող էին ինքնուրույնություն ցուցաբերող Հայոց թագավոր սպանել անպատիժ…

Ձիրավը, ըստ էության, առաջին Ավարայրն էր: Ձիրավ չէր լինի, եթե եկեղեցու նկրտումները չլինեին: Պատճառը դա էր, որ հայկական երկու կողմ, երկու քաղաքական խմբավորում մարտադաշտում էին իշխանության համար վեճը վճռում: Բայց սա հարցի մի կողմն է, մյուսն ավելի արդիական է. մի՞թե իշխանության համար պայքարողներից մեկն անպայման պետք է այսօր էլ դավաճան համարվի: Ո՞րն է դրա չափանիշը, և եթե նախապայման ենք համարում իշխանության օրինականությունը, ապա ո՞վ էր անօրենը. Մեհրուժա՞նը, որ, ինչպես և Արշակը, նշանակվել էր Պարսից արքայի կողմից, քանի որ Հայոց երկիրը նրանց ենթակայությամբ էր, թե՞ Պապը, որ Արշակի որդին էր, նշանակվել էր Բյուզանդիայի կայսեր կողմից և իր գահ բարձրանալը պիտի փոխհատուցեր Հայոց երկիրը բյուզանդացիների ենթակայության տակ դնելով: Սրանցից ո՞րն է դավաճանության դրսևորում, և արդյո՞ք պետք է որևէ մեկը համարել դավաճանության դրսևորում …

Եզակի, բացառիկ մի վկայություն ունի Խորենացին այն մասին, թե ժողովուրդը որքան անհաղորդակից էր կատարվող դեպքերին: Ահա ճակատամարտի ավարտի նկարագրությունը. <<Բայց ամբարիշտ Մեհրուժանի ձին վիրավորված լինելով` նա չկարողացավ փախչողների հետ արագ հեռանալ: Հայոց Սմբատ սպարապետը աճապարելով հասավ նրա մոտ, նրա հետ եղող զորքերը կոտորեց և այն թշվառականին ձերբակալեց Կոգայովտի եղեգնուտի ափին: Մտածելով, թե գուցե մեծն Ներսեսը նրան կփրկե, բանակը չտարավ նրան, այլ նույն տեղերում ամբարիշտին փչացնելու համար պատրաստ է գտնում վրանաբնակներ, որոնք կրակ էին վառել, որպեսզի միս խորովեն երկաթե շամփուրով: Նա շամփուրը տաքացնելով երկու փաթ բոլորեց պսակի ձևով և շիկացնելով ասաց. <<Քեզ պսակում եմ, Մեհրուժան, որովհետև դու ձգտում էիր Հայոց վրա թագավորելու և իմ` ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով>>: Եվ կրակի նման կեծ [շամփուրը] դրեց Մեհրուժանի գլխին>> : Ընթերցողին հայրենասիրական ոգով դաստիարակելու, Մեհրուժանին ևս մեկ անգամ դավաճան ցույց տալու համար սովորաբար ներկայացվում է այս տեսարանը, թե ինչպես է Սմբատ իշխանը <<թագադրում>> վերջինիս, սակայն ոչ մի տեղ չենք հանդիպում որևէ ակնարկի առ այն, որ այդ նույն ժամանակ հասարակ մարդկանց ամենևին պետքը չէր, իսկ միս խորովողների անտարբերությունը դա է ցույց տալիս, թե իրենց իսկ հարևանությամբ ինչ մեծ ճակատամարտ էր տեղի ունենում, ինչպես ասվում է` ժողովրդի, անձամբ իրենց վրա բռնացողի, դավանափոխություն պահանջողի, ուրացող անաստվածի ձեռքից հայրենիքը փրկելու համար: Ինչ է, Մեհրուժանը նրանց համար դավաճան չէ՞ր, կրկին մեր պատմիչները գույները խտացրե՞լ են …

Ձիրավից հետո Մեծ Հայքում սկսեց թագավորել Պապ Արշակունին: Սակայն երեք տարի անց նույն Մուշեղ Մամիկոնյանը, որը, ըստ Բուզանդի, քանի-քանի պատերազմ էր մղել Պապին գահ բարձրացնելու և այդ գահն ամրացնելու համար, և եկեղեցին, որը երկրում հեղաշրջում էր կատարել նույն այդ գահը Պապին հանձնելու համար` դավադրաբար սպանել են տալիս նրան հույների ձեռքով: Պապը մեր ամենահիշատակվող թագավորներից մեկն է, սակայն նա կարող էր դառնալ մեր ամենաականավոր թագավորներից մեկը: Ցավոք, չհասցրեց: Ի դեպ, ոչ մի ուղիղ փաստ չկա այն մասին, որ եկեղեցական հայրերն են նրա սպանության պատվիրատուն: Փոխարենը անուղղակիներն են շատ և խոսուն: Մենք դեռ կանդրադառնանք այն հարցին, թե հանուն ինչի էր պայքարում եկեղեցին Հայոց աշխարհում: Իսկ այստեղ նշենք միայն, որ արդեն IV դարում, երկրում իր հաստատվելուց ընդամենը մի քանի տասնամյակ անց, եկեղեցին ցույց տվեց, որ թագը և թագավորը իր համար արժեք չեն, և եթե դրանք խանգարում են իրեն, ապա պիտի չեզոքացվեն ու պիտակավորվեն: Ըստ այդմ էլ` Տիրանն ու Արշակը եկեղեցու դեմ թագավորական իշխանություն բանեցնելու համար կյանքով ու գահով հատուցեցին, Պապ Արշակունին առաջինն էր, որ համարվեց պղծասեր, իսկ Մեհրուժան Արծրունին առաջինն էր, որ դարձավ դավաճան:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
4436 reads | 22.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com