ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


Այսպիսով, Մանուելը կամա թե ակամա դառնում է պարսկական գործակալ: Ընդ որում, նա փայլուն է կատարում իր խնդիրը և շատ ավելի է հաջողում, քան Անակը, չնայած չի ստանում իր ակնկալածը (կամ, գուցե, խոստացվածը): Բանն այն է, որ նրա բախտը չի բերում` իշխանության հենց սկզբում վախճանվում է Շապուհ Բ. Երկարակյացը (379 թ.), իսկ նրան հաջորդած Արտաշիր Բ-ն, ըստ ամենայնի, Մանուելին չի վստահում: Թերևս սա էր հիմնական պատճառը, որ Արտաշիրը, չնայած թանկարժեք նվերներ ստանալուն, այնուամենայնիվ, ընդամենը <<անձնապես իր կողմից մեծ իրավունք է տալիս նրան Հայոց աշխարհի վրա>>:

Թե ինչ էր իրենից ներկայացնում այդ <<մեծ իրավունքը>>, բնավ հասկանալի չէր, մանավանդ որ իրական իրավունքն ու իշխանությունը Սուրեն մարզպանին էր տրված: Մանուելն ինքն էլ էր գիտակցում, որ իր ստացածը համարժեք չէ իր տվածին, ծառայության դիմաց նա ավելին էր ակնկալում, բայց առավել մեծ հուսախաբությունը դեռ առջևում էր: Հանկարծ նա պարզում է իր համար, որ Տիզբոնը Հայոց աշխարհը կառավարելու ուրիշ թեկնածուներ ունի` Մեհրուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան: Սա Բուզանդի տարբերակն է, որին դեռ կանդրադառնանք: Իսկ այս պահին Մեհրուժանի և Վահանի մասին խոսենք, որը կօգնի Մանուելի կերպարն առավել խորությամբ դիտարկել, ցուցադրել հերոսի և հակահերոսի ամենանախնական մշակումներից մեկը հայ քրիստոնեական գրականության մեջ:

Դեռևս Հայոց Արշակ Բ. թագավորի ժամանակ էին այս երկու իշխանները ծառայության անցել Պարսից թագավորի մոտ: Հայ մատենագրության մեջ նրանք ազգուրաց դավաճաններ են (Խորենացի, Բուզանդ, Արծրունի): Դավաճանության սույն գործը քննելիս, հարկ է նկատել, սակայն, որ Մեհրուժանն ու Վահանը Պարսից թագավորին են դիմում այն ժամանակ, երբ Արշակը Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Վաղես կայսեր մոտ: Նշանակում է` նրանց կատարած քայլը քաղաքական լուրջ դրդապատճառներ ուներ: Ի միջի այլոց, տվյալ իրավիճակում այս երկուսը չեն միայն պարսից կողմն անցնում: Բանն այն է, որ բյուզանդացիների կողմն Արշակի հակվելուց հետո շատերն էին հիասթափվել նրանից: Նախարարներին չէր հետաքրքրում նույնիսկ, որ Հայոց թագավորի կողմնորոշումը նշանակալիորեն պայմանավորված էր Ներսես Պարթևի անձով: Ներսեսն իր կրթությունն ու դաստիարակությունն ստացել էր Բյուզանդիայում, նույնիսկ կին էր առել հույն <<ոմն Ասպիոն մեծ իշխանի աղջկան>>, եկել էր Հայք, թագավորի ու նախարարների մի մասի ընտրությամբ կաթողիկոս էր ձեռնադրվել, և հիմա կամենում էր, ինչպես Խորենացին է ասում` հույների աշխարհում, մանավանդ թագավորանիստ քաղաքում, իր տեսած բարեկարգությունները նույնությամբ սահմանել և մեր աշխարհում:

Սակայն նա չի բավարարվում եկեղեցական գործերով և սկսում է ակտիվորեն միջամտել նաև երկրի կառավարմանը: Հիշատակման արժանի է, թե ինչպես նրա լուռ համաձայնությամբ (Բուզանդն ասում է` անեծքով ) նախարարները 358 թ. Կամսարական իշխանի գլխավորությամբ հիմնիվեր ավերում են Արշակի երազանքի քաղաքը` Արշակավանը, քանզի այդ նոր տիպի քաղաքն առաջին հերթին վնաս էր եկեղեցու շահերին (իսկ նմանօրինակ քաղաքներ Եվրոպայում պիտի առաջանային յոթ-ութ հարյուր տարի անց միայն), այնուհետև հանդես է գալիս խաղաղարար միջնորդի դերում: Թովմա Արծրունին գրում է. <<Հայոց նախարարները Վաղեսի սադրանքով (նույնն է թե` Ներսեսի.- Հ.Դ.) ապստամբեցին և պատերազմի ելան Արշակի դեմ: Սուրբ Ներսեսը մեջ ընկավ, համոզեց նրանց և հանդարտեցրեց խռովությունը: Թագավորը սուրբ Ներսեսից խնդրեց, որպեսզի Վաղեսին նույնպես հաշտեցնի իր հետ: [Ներսեսը] գլուխ բերեց այդ հաշտությունը>>: Իսկ Խորենացին գրում է, թե Ներսեսն ինչպես է գլուխ բերում այդ հաշտությունը. <<Հունաց զորքերի մոտ էլ գնաց մեծն Ներսեսը և աղաչում էր, որ մեր աշխարհին վնաս չհասցնեն, այլ հարկերն ստանան, Արշակի որդուն` Պապին բոլոր նախարարների որդիներով հանդերձ պատանդ վերցնեն ու հետ դառնան: Քաղցր ու մեծ Թեոդոս զորավարը համաձայնեց ու դարձավ կայսրի մոտ պատանդներով հանդերձ, հետը տանելով մեծն Ներսեսին>>: Բուզանդը գեղեցկազարդում է. <<Ապա Հայոց աշխարհի և Հունաց կայսեր միջև կնքված խաղաղության և միաբանության դաշինքի առիթով կարիք եղավ, որ Հայոց թագավորը Հայոց Ներսես մեծ կաթողիկոսին և Հայոց մեծամեծներից տասը սատրապ նրա հետ մեծ պատրաստությամբ ուղարկեց, որ գնան և կայսեր ու իրենց միջև եղած համաձայնության և խաղաղության դաշինքը նորոգեն: Նրանք գնացին հասան Հունաց թագավորների կայսերական պալատը>>:

Համաձայնության ու խաղաղության դաշինք` մեծամեծ հարկեր, թագաժառանգ և նախարարների որդիներ պատանդ տալու գնո՞վ: Ընդ որում, կայսեր մտքով նման <<փոխանակում>> չէր էլ անցնում` Ներսեսն էր դա առաջարկում: Ուրեմն` ո՞ւմ պատանդներն էին իրականում դառնում այդ պատանիները` կայսրի՞, թե՞ Ներսեսի: Գուցե հենց դա՞ էր պատճառը, որ Մեհրուժան և Վահան իշխաններն ընդվզում են: Դժգոհությունն արտահայտվում է այնժամ, երբ եպիսկոպոսական ժողովի, ոչ թե, ասենք, թագավորական խորհրդի խնդրանքով է Ներսեսը գալիս թագավորի ու նախարարների միջև խաղաղություն հաստատելու: Այստեղ բոլորը նրան լսում են, <<բացի Արծրունիների նահապետ Մեհրուժանից և նրա քրոջ մարդուց` Վահան Մամիկոնյանից, որոնք անլսող եղան և ապստամբելով գնացին Շապուհի մոտ>>: Ինչո՞ւ: Ժամանակին Շապուհը, Տիրանին կուրացնելուց հետո, Արշակին թագավորեցրել էր իրեն աջակից դարձնելու ակնկալիքով, և հիմա, երբ Արշակը դիմել էր Վաղեսին (սեփական կամքով թե ստիպողաբար` նշանակություն չունի), արդյո՞ք Մեհրուժանը և Վահանը, Շապուհի մոտ գնալով, պարզապես հավատարիմ չէին մնում վերջինիս տված իրենց վաղեմի երդմանը: Ի դեպ, նրանք մենակ չէին:

Բուզանդը շատերի անունն է տալիս, ովքեր այդ ժամանակ կամ մինչ այդ հեռացել էին Արշակից: <<Երեսուն և չորս տարի,- գրում է նա,- մեր Հայոց աշխարհը պատերազմ մղեց Պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ ձանձրացան, հոգնեցին, պարտություն կրեցին, լքվեցին: Եվ սկսեցին Հայոց թագավորի բանակից քակվել ու հեռանալ, թողին իրենց Արշակ թագավորին, և այս քայքայումն սկսում էին մեծամեծ ավագները: Նախ Աղձնիքի բդեշխը և Նոշիրական բդեշխը և Մահկերտունը և Նիհորականը և Դասսընտեն և Աղձնիքի ամբողջ նախարարությունը, նրանց զորքն ու Աղձնիքի տոհմը ապստամբեցան Հայոց Արշակ թագավորից, գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, պարիսպ քաշեցին Ձորա կոչված տեղում, դռներ դրին և իրենց երկիրը Հայաստանից զատեցին: Սրանից հետո Գուգարքի բդեշխը, իսկ սրանից հետո Ձորա գավառի տերը, Կողբի գավառի տերը, նրանց հետ նաև Գարդմանաձորի տերը և բոլոր նրանք, որ այդ կողմերն էին գտնվում, նրանց մոտ և շուրջն էին` միասին ապստամբեցան Արշակ թագավորի դեմ և գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, Հայոց Արշակ թագավորից ապստամբեցան նաև Արձախի ամուր գավառը, Տմորիքի ամուր գավառը և Կորդիքի ամուր աշխարհը, հետո նաև Կորդիք գավառի տերը գնաց կանգնեց Պարսից Շապուհ թագավորի առաջ>>: Եվ այլն. Բուզանդը թվարկումը շարունակում է:

Շապուհն ընդունում է Արծրունյաց նշանավոր տոհմից նախարար Մեհրուժանի և Հայոց սպարապետ Վասակի եղբայր Վահանի առմիշտ իրեն հպատակվելու երդումը: Նա կատարում էր իր հակաքայլերը Վաղեսի դեմ. ի վերջո, Հայոց աշխարհը կրկին ազդեցության տակ գցելուց հետո իրեն հավատարիմ դաշնակից կառավարիչներ պե՞տք էին լինելու, թե՞ ոչ: Ինչո՞վ Մեհրուժանը արժանի թագավոր չէր լինի, իսկ Վահանը` սպարապետ: Հետևապես, հավանական է, որ հետագայում այս պատճառով է Շապուհի կողմն անցած հայ իշխաններից միայն Մեհրուժանի ու Վահանի անունների վրա դրվել դավաճանի դրոշմը. չէ՞ որ նրանք կարող էին զբաղեցնել Հայոց իշխանության վերին աստիճանները: Ավելին, ոչ միայն կարող էին, այլև ստացել էին այդ պաշտոնները: Մեզ այդ մասին տեղեկացնում է հայոց պատմահայրը. <<Արշակի մահից հետո,- գրում է նա,- Շապուհը մեծ զորք գումարեց Մեհրուժանի ձեռքի տակ և ուղարկեց Հայաստան, նրան հավատալով մեր աշխարհը: Նրան կնության տվեց իր Որմիզդուխտ քրոջը, նաև հրովարտակներ, որոնցով շատ գյուղեր և դաստակերտներ էր [պարգևում նրան] Պարսից աշխարհում. նրան խոստացավ տալ Հայոց թագավորությունը, եթե միայն նախարարարներին հնազանդության բերե և մեր աշխարհը դարձնե մազդեզական կրոնին: Նա հանձն առավ ու եկավ>>: <<Մեհրուժանը չբավականացավ քրիստոնյաների և առավելապես մեր Հայաստան աշխարհի հանդեպ կատարած չարագործություններով, այլև Շապուհ արքայի հրամանով, Վահան Մամիկոնյանի հետ վերցրեց պարսից զորքը և եկավ թագավորելու Հայաստանում>>,- գրում է Թովմա Արծրունին:

Դա 367 կամ 368 թվականն էր: Արշակը Անհուշ բերդում ինքնասպան էր եղել, Պապը, ըստ Ամմիանոսի, պիտի թագավոր հայտարարվեր 370-ին, իսկ իրականում թագավորեր 371-ին` Ձիրավի ճակատամարտից հետո, իսկ այդ երկու տարեթվերի միջակա 3-4 տարիները բաց են մնում: Իրականում այդ տարիներին Մեծ Հայքը կառավարել (թագավորել) է Մեհրուժան Արծրունին: Թե ինչպես է կառավարել, նկարագրում են մեր պատմիչները: Խորենացին գրում է. <<Նախարարներից շատերի կանանց բռնելով` զանազան բերդերում հրամայեց պահել, հուսալով, որ [այդպիսի միջոցով նրանց] ամուսինները կդառնան: Նա ջանում էր խափանել քրիստոնեական բոլոր կարգերը. եպիսկոպոսներին ու քահանաներին հարկերի պատճառով կապում ուղարկում էր Պարսից երկիրը: Ինչ գիրք որ գտնում էր, այրում էր և հրամայում էր հունարեն գրագիտություն չսովորել, այլ պարսկերեն և ոչ ոք չհամարձակվի հունարեն խոսել կամ թարգմանել: Նա պատճառ էր բերում, որ հայերը ոչ մի ծանոթություն և բարեկամական հաղորդակցություն չունենան հույների հետ, բայց իրոք քրիստոնեության ուսումը խափանելու նպատակ ուներ, որովհետև այդ ժամանակ դեռ հայերեն գիր ու գրագիտություն չկար, և եկեղեցու կարգը կատարվում էր հունարեն լեզվով>>:
Բուզանդի գույներն անհամեմատ թանձր են. <<Այնուհետև Վահան Մամիկոնյանը և Մեhրուժան Արծրունին,- այս երկու պիղծ, անօրեն, դժնյա մարդիկ, որոնք hետ էին կացել աստվածապաշտության ուխտից և ուրացությամբ հանձն էին առել ու պաշտում էին Մազդեզական անաստված կրոնը, սկսեցին Հայոց աշխարհում, բոլոր գավառներում, ամեն տեղ ավերել եկեղեցիները, քրիստոնյաների աղոթքի տեղերը: Եվ շատ մարդկանց, որոնք նրանց ձեռքն էին ընկնում, ստիպում էին աստվածապաշտությունը թողնել, Մազդեզական պաշտամունքն ընդունել: Սրանից հետո Վահանն ու Մերուժանը հրամայում էին բերդերին, որ այն կանանց, որոնց ամուսին նախարարները թողել ու փախել էին` ստիպել, որ դառնան Մազդեզական կրոնին, իսկ եթե չհամաձայնեն, բոլորին չարաչար մահով սպանել: […] Եվ այնչափ չար էին այն երկու մարդիկ, որ մինչև անգամ իրենց մերձավորներին չէին խնայում, այլ անողորմաբար չարչարում էին թե՛ օտարներին և թե իրենց ընտանիներին: Շատ տեղերում ատրուշաններ էին շինում, մարդկանց բռնի հնազանդեցնում էին Մազդեզական կրոնին, իրենց սեփական կալվածքներում էլ շինում էին շատ ատրուշաններ և իրենց ազգականներին տալիս էին Մազդեզական կրոն սովորելու>>:

Իր լսածն ու կարդացածն է վերապատմում Թովմա Արծրունին. <<Մեհրուժանն ու Վահանը վերցրեցին պարսից զորքը, մտան Հայոց երկիրը, ամբողջ երկրի երեսով մեկ սփռեցին ձիավոր հրոսակներ, ավերեցին, գրավեցին շեները, ավանները, ագարակները, կողոպտեցին ստացվածքը և ամբողջ ժառանգությունը, սրի քաշեցին բոլորին, ովքեր ընկան իրենց ձեռքը>>:

Անշուշտ, դժվար է չընդունել կամ ժխտել Մեհրուժանի ու Վահանի կատարած դաժանությունների մասին մեզ հաղորդած պատմությունների գոնե մի մասի հավանականությունը (եկեղեցիներում հունարեն լեզվով պատարագ մատուցելն արգելելը և այլն): Սակայն ամբողջի հավաստիությանը կասկածել կարելի է, ավելին` անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի այս կամ այն չափով պատմական ճշմարտությունը վեր հանել: Նախ` ինչո՞ւ պիտի նրանք կողոպտեին, ավերեին, սրի քաշեին ամեն պատահածին, եթե եկել էին երկիրը կառավարելու, իսկ դիմադրության էլ չէին հանդիպում: Այստեղ տրամաբանություն չկա և, որպեսզի նման հարց չառաջանա, պատմիչները կատարել են երկրորդ քայլը` նրանց դարձրել են դավաճաններ և հակազգային գործիչներ: Դավաճաններ, որովհետև ժողովրդին հալածում էին ու ստիպում կրոնափոխվել: Նորից հարց. կրոնափոխությո՞ւն, թե՞ Հունաց եկեղեցուց հեռանալ էր պահանջում Տիզբոնը: Խորենացին պարզ գրում է. <<Նա (Մեհրուժանը) պատճառ էր բերում, որ հայերը ոչ մի ծանոթություն և բարեկամական հաղորդակցություն չունենան հույների հետ>>: Ոչ մի խոսք պարսից կրոնը պարտադրելու մասին. այդ Բուզանդն ու Արծրունին են ավելացնում: Կարծում ենք` ավելորդ չէ նկատել, որ հենց Տիզբոնում էր գտնվում բավականին հզոր և հարգի Պարսից եկեղեցու եպիսկոպոսապետությունը և, ընդհանրապես, Պարսկաստանը հայտնի էր իր կրոնական հանդուրժողականությամբ (մերժված էին միայն հակապետական ուղղության կրոնական հոսանքները, իսկ պատժվում էին այն եկեղեցիները, որոնք գործում էին Բյուզանդիայի օգտին, և այս հողի վրա էր Շապուհ Բ.-ն հալածում որոշ քրիստոնեական համայնքների): Բացի այդ, Մեհրուժանն առաջինը չէր, որ Պարսից արքունիքից Մեծ Հայքի իշխանությունն էր ստանձնում: Նրանից առաջ Արշակը, նրանից հետո Վռամշապուհն ու Խոսրովը պարսիկների կամքով թագավորեցին, սակայն նրանցից ոչ մեկի առջև Տիզբոնը երկիրը դավանափոխ անելու պահանջ չդրեց, ուրեմն` ինչպե՞ս է, որ Մեհրուժանի առջև դրվեց:
Բայց թե պարսիկները քրիստոնեությունից հրաժարվել չէին պարտադրում, ապա ինչպե՞ս է, որ նրանք հավատափոխ եղան:

Բայց իրա՞վ է, նրանք իսկապե՞ս մազդեզական կրոն էին ընդունել: Պատմիչներն ասում են` այո՛, սակայն պատմաբաններն այսօր սկսել են կասկածել: <<Երբ նա,- գրում է Ե. Լալայանը,- Շապուհի առջև վկայում է իր անձի մասին, պարզ է դառնում, որ ինքը երբեք էլ քրիստոնյա չի եղել>>: Բուզանդը նույնպես Մեհրուժանի մասին այսպիսի տող ունի. <<Իր մասին վկայեց, թե քրիստոնյա չեմ>>: Ապացո՞ւյց` գեսը: Նույն Բուզանդն է ակամայից բերում այդ ապացույցը: Նա գրում է, որ թագուհին և մյուս տիկնայք սպանված Մեհրուժանին ճանաչեցին նրա երկար մազափնջով. <<Հետո տեսան Մերուժանի գլուխը, որից ծամը կախված էր, իմացան, որ Սամուելինը չէ, այլ Մերուժան Արծրունունը>>: Ծամը յուրատեսակ նշան էր, հատուկ Դեմետրե և Գիսանե աստվածությունների պաշտամունքի հետևորդներին: Վկայում է Հովհան Մամիկոնյանը. <<Եվ քանզի Գիսանեն գիսավոր էր, ուստի նրա պաշտոնյաներն էլ գես ունեին [ծամ էին պահում], որը և [Գրիգորը] հրամայեց կտրել: Եվ քանի որ նրանց սերունդն էլ, երբ քրիստոնյա դարձան, կատարյալ չէին իրենց հավատի մեջ, բայց չէին համարձակվում իրենց հայրենի կրոնը բացահայտ պաշտել [և իրենց կռապաշտ լինելը ի հայտ բերել], ուստի խաբեությամբ այդ բանը հնարեցին` ծամ էին պահում մարդկանց գլխներին, որպեսզի այդ տեսնելով հիշեն իրենց նախկին պիղծ գործերը>>: Ուրեմն, հնարավոր է, որ Մեհրուժանն ու Վահանը քրիստոնյա չէին, անչափ հնարավոր է նաև, որ նրանք բացառություն չէին, որովհետև <<գլխի գագաթին մազափունջ պահելու այս սովորությունը, ինչպես ցույց են տալիս ազգագրական նյութերը, հնդիկներից (Դեմետրեի և Գիսանեի պաշտամունքը Հայքում հաստատողներից) անցել է նաև Տարոնի հայերին և անգամ դարձել ազգային սովորություն>>, <<առկա է եղել Մամիկոնյանների տոհմային սովորույթներում>>:

Քրիստոնեությունը դեռ թույլ էր, ժողովրդի կողմից լայնորեն ընդունված չէր, հետևապես Մեհրուժանը, ամենայն հավանականությամբ, պարզապես հնարավորություն էր տալիս մարդկանց ազատորեն վերադառնալ իրենց հին պաշտամունքին: Ըստ էության, դրա պահանջը մեծ էր և միշտ կար: Հիշենք, որ ժամանակին Պապն էլ էր այդ պահանջին ընդառաջ գնացել: Ինչպես Բուզանդն է գրում, Ներսեսի <<այս աշխարհից գնալուց հետո շատ մարդիկ դարձան նախկին կռապաշտությանը. Հայաստանի շատ տեղերում կուռքեր կանգնեցրին Պապ թագավորի թույլտվությամբ, որովհետև չկար մեկը, որ հանդիմաներ, չկար մեկը, որից քաշվեին, այլ ամեն մարդ համարձակ գործում էր` ինչ որ կամենում էր. շատ պատկերներ էին կանգնեցրել և նրանց երկրպագում էին>>:
Այսպիսով, ըստ էության, Մեհրուժանն ու Վահանը ոչ թե ուրացյալ քրիստոնյաներ, այլ սոսկ առերես քրիստոնյաներ էին, և հիմա բացահայտ էին հրաժարվել նաև այդ առերեսությունից: Բայց դա հետևողական ու հիշաչար եկեղեցու համար ի՞նչ նշանակություն ուներ…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3413 reads | 18.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com