ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ





Արատտայից ու Հայասայից, Վանի թագավորությունից հետո ուղիղ 1000 տարի դեռ պիտի շարունակվեր հայոց պետականությունը Հայկական լեռնաշխարհում: Նոր թվագրությունից առաջ 570-ից մինչև նոր թվագրության 428-ը երկու հայ և մեկ հայացած թագավորական հարստություն կառավարում էին երկիրը, հզորացնում ու շենացնում այն, ծանր պահերին փորձում ելք գտնել նրա համար:

Տիգրան Երվանդյան, Արտաշես Բարի, Տիգրան Մեծ, Պապ. արքայական անուններ, որոնք փայլ կտան ցանկացած ժողովրդի փառաբանած թագավորական տոհմի: 1000 տարի անհերքելի, անժխտելի ներկայություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա` ամենքի կողմից ճանաչված աշխարհակալություն, ապա հավասարների մեջ առնվազն երրորդ խոշոր պետություն և ռազմական ուժ: 1000 տարի. ճիշտ այնքան, որքան Հռոմն իր հանրապետական ու կայսերական շրջանում, Բյուզանդիան իր անվանադրությունից մինչև կործանում, ավելի քան արաբական, մոնղոլական, թյուրքական, ռուսական կամ եվրոպական որևէ կայսրություն: 1000 տարի վախ ու թշնամություն, հարգանք ու ակնածանք կար այս երկրի հանդեպ: 1000 տարի սեփական կամ, երբեմն, օտարական տիրակալով, որոնցից ոչ մեկը սակայն երբեք մտքով չանցկացրեց երկիրը նվիրաբերել ուրիշին, որոնցից ամեն մեկը պատրաստ էր կյանքն անգամ զոհաբերել իրեն պատվի արժանացրած այս հողի համար: Բայց Մանուել Մամիկոնյան սպարապետը մահվան մահճում <<հրովարտակ գրեց Հունաց թագավորին ու նրան հանձնեց Հայոց աշխարհն ու Արշակ թագավորին>>:

Կատարվեց ամենաեղկելին` հայրենավաճառության նախադեպը, ցուցադրական օրինակը: Այլազգին չկիսեց, չխլեց, չպոկեց տարավ, չհաղթեց ու չստիպեց հանձնել` ընծա ստացավ մի ամբողջ երկիր: Եվ հայի համար հայրենիքը պաշտպանելու գաղափարի կողքին ընդմիշտ տեղ գտավ հայրենիքը ծախելու գաղափարը: Տասներկու Երվանդունի, ինը Արտաշեսյան, քսան Արշակունի թագավոր նման միտք չունեցան, բայց անթագ մեկը Մամիկոնյան ցեղից, որն ինքն իրեն զինված վերակացու էր կարգել այս երկրին, որի նախնիներն ընդամենը 100 տարի առաջ էին փախստակ եկել ու բարեհաճ վերաբերմունքի արժանացել Հայոց աշխարհում, իր նախասիրությամբ նվիրաբերեց Հայոց երկիրը: Հաջողացրեց նվիրաբերել, որովհետև իր տոհմի ավագներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, ավելի վաղ Պապ թագավոր էր սպանել տվել նույն այդ գործին խոչընդոտելու համար, իսկ ինքը Վարազդատ թագավոր էր հեռացրել երկրից ու իշխանությունը բռնազավթել:

Ո՞վ էր Մանուել Մամիկոնյանը: Նա հայտնվեց պարսկական գերությունից այն ժամանակ, երբ Շապուհ թագավորը <<նրանց վրա բարկանալով` անարգելով հալածեց իր երկրի սահմաններից, որ գնան իրենց երկիրը>>, որովհետև քուշանների դեմ պատերազմում պարտված ամբողջ պարսից զորքից կասկածելիորեն միայն ինքն ու եղբայրն էին <<մեծամեծ քաջություններ գործելով>> կյանքներն ազատել: Բուզանդը շարունակում է սրանց պատմությունը. <<Երբ Մանուելը իր Կոմս (ձեռագիրների մեծ մասում` Կոն) եղբոր հետ եկավ հասավ Հայոց աշխարհը, և երբ նրանց տեսավ Վաչեն, որ նրա գալուց առաջ [Մամիկոնյանների] նահապետն էր` նրան հանձնեց իր իշխանական պատիվը, որ ստացել էր Վարազդատ թագավորից, որովհետև տոհմի մեջ ավագագույնը նա էր: Այսպիսով Մանուելն ստացավ իրենց տոհմի տանուտերության և նահապետության պատիվը, իսկ Վաչեն լինում էր նրա երկրորդը: Իր տերության պատվին ու փառքին հասնելուց հետո Մանուելը նախ և առաջ, առանց Վարազդատ թագավորի հրամանի, հափշտակեց զորավարության-սպարապետության պատիվը>>: Սակայն սա դեռ սկիզբն էր: Մանուելը շարունակում է նույն հանգույն: Զորքի հրամանատարությունն իր ձեռքն առնելով, նա բացահայտորեն ապստամբում է Հայոց թագավորի դեմ: Բանակցությունները դրական ոչնչի չեն հանգեցնում (Հայաստանում երկխոսությունները դեռ այն ժամանակներում էին անարդյունավետ ավարտվում, որովհետև նպատակ էր դրվում իշխանությունը, ոչ թե երկրի բարօրությունը):

Մանուելն իր գնդով դուրս է գալիս Վարազդատի բանակի դեմ և հաղթում: Այնուհետև <<Վարազդատ թագավորին հալածեցին Հայոց աշխարհի սահմաններից դուրս: Նա գնաց Հունաց աշխարհը, այնտեղ էլ ապրեց, այնտեղ էլ մեռավ: Իսկ Հայոց զորավար սպարապետ Մանուելը աշխարհը նվաճեց, Հայոց բոլոր մեծամեծներին ու նախարարներին իր մոտ ժողովեց, ինքը նրանց առաջնորդ և գլուխ եղավ և վարում էր իր իշխանությունը: Աշխարհին հրամաններ էր արձակում թագավորի փոխանակ և աշխարհը շեն էր պահում: Եվ Պապ թագավորի կնոջ, Զարմանդուխտ տիկնոջ և նրա Արշակունի որդոց իբրև թագավոր էր պահում և շրջեցնում էր պատվով>>:

Դա կատարյալ ուզուրպացիա էր: Հայոց հողի վրա նրա բոլոր քայլերը պատմագրության մեջ թեև վրիժառությամբ են պատճառաբանվում, սակայն ակներև է, որ նրա միակ նպատակը իշխանությունը ձեռք գցելն էր: Այդ են վկայում տոհմի նահապետության պատիվը Վաչե իշխանից խլելը, զորավարության-սպարապետության պատիվը հափշտակելը, Վարազդատ թագավորի թագը չճանաչելը, Բատ Սահառունի սպարապետին գլխատելը, իր բոլոր հակառակորդներին կոտորելը, ինքն իրեն <<թագավորի փոխանակ>> կարգելը և, վերջապես, Պապ թագավորի կնոջն ու որդիներին պատանդ պահելը (գրաբար ավելի ճշգրիտ է` <<առեալ զնոսա` ի տեղի թագաւորի կալեալ ի պատիւ շրջեցուցանէր>>):

Բայց, ինչպես բոլոր ինքնակոչ բռնատիրողները, նա անհանգիստ էր, կամենում էր օրինականացնել ձեռք գցած իշխանությունը և, ըստ այդմ, շատ արագ որոշում է իր ինչ անելը: Վարազդատը կայսեր նշանակած թագավորն էր, հետևապես <<Մանուելը տեսնում էր, թե իր արածը հակառակ էր Հունաց թագավորի հրամանին. մտածում էր, թե պետք է որևէ մեկին իրենց թիկունք ունենալ, ուստի տիկնոջ հետ խորհուրդ անելով որոշեցին իրենց թիկունք անել Պարսից թագավորին>>:

Նա անմիջապես պատվիրակություն է ուղարկում Պարսից թագավորի մոտ, մեծամեծ ընծաներով ու նվերներով, իսկ ամենակարևորը, նաև թագուհու անունից խոստանալով <<նրան հպատակվել և հավատարմությամբ նրան ծառայել և Հայոց աշխարհը նրան տալ>>:

Նման բան դեռ չէր եղել, ի՞նչ ասել է` երկիրն ինչ-որ մեկին տալ: Սակայն ո՞ր ինքնակոչն է իր բռնակալած երկիրը պաշտել, որ Մանուելը Հայոց աշխարհը պաշտեր: Ո՞ր անօրենն է իր ձեռքն անցած հողի սրբազանությունը հարգել, որ Մանուելը հարգեր: Եվ, ուրեմն, հասկանանք, թե ինչու նա հեշտորեն վաճառքի հանեց Հայոց երկիրը: Հայը դեռ չգիտեր, որ հողը ծախու ապրանք է, և Մամիկոնյան տանից Մանուելը ցույց տվեց դա: Ըստ որում, ծածկվելով թագուհու անունով: Իսկ Պարսից թագավորն առավ էժան ապրանքը` ընդունեց <<հնազանդության վերաբերյալ պատգամը>>:

Նա իր ոտքն եկած պատվիրակության գլուխ Գարջույլ մաղխազին և նրա հետ եկածներին մեծ պարգևներ է շնորհում, որից հետո <<նրա հետ Հայոց աշխարհն է ուղարկում պարսիկ Սուրենին, իր ճոխ նախարարներից մեկին, և նրա հետ տասը հազար լավ սպառազինված ձիավոր զորք, [պատվիրելով] որ Սուրենը Հայոց աշխարհը գա իբրև թիկունք Մանուել սպարապետին` Զարմանդուխտ տիկնոջը թշնամիներից պաշտպանելու համար: Եվ Գարջույլ Խորխոռունին եկավ Հայոց աշխարհը, հետը բերելով Սուրենին 10.000 զորքով:

Բերին պարգևները տիկնոջ և նրա երեխաների համար, ինչպես և Մանուել սպարապետի համար: Այսպես նաև բերել էին պարգևներ Հայոց ամեն մի ավագի, բոլոր տանուտերերի և մեծամեծների համար: Եվ երբ Զարմանդուխտ տիկինը և Հայոց զորավար սպարապետ Մանուելը տեսնում են Պարսից թագավորի ցույց տված այս սերն ու մեծարանքները, մեծ ուրախությամբ պատվում են Սուրենին: Հայոց աշխարհը հանձնեցին Սուրենի ձեռքը և հնազանդում էին Պարսից թագավորի հրամաններին, սահմանում էին Հայոց աշխարհից Պարսից թագավորին հարկ տալ, ընծաներ ու նվերներ: Նույնպես և Սուրեն մարզպանին նշանակեցին հասույթներ, ռոճիկ և ապրուստի մթերքներ, այսպես և 10.000-ին դարման և կերակուր` որքան պետք էր: Եվ անկեղծ սրտով նրանք իրենց թիկունք ու տեր դարձրին Պարսից թագավորին և նրա ծառայության մեջ էին գտնվում: Եվ Մանուելը շատ մտերիմ ու սիրելի դարձավ Պարսից թագավորին, որ նրան շատ փառավորեց և բարձրացրեց>>:

Ահա այսպես, Մուշեղը կամենում էր կամավորապես Հայոց աշխարհը բյուզանդական օկուպացիայի տակ դնել` չհասցրեց, բայց Մանուելը կայծակնային գործողությամբ հասցրեց պարսկական օկուպացիան իրականություն դարձնել: Եվ սրանք, ըստ եկեղեցական պատմագրության, հայոց անկախության զինվորներ էին:

Ուշագրավ դիտողություն է կատարում Հ. Մանանդյանը: Նրա կարծիքով, <<քաղաքական դրության այս արմատական փոփոխման ժամանակ (Վարազդատի կողմից Մուշեղ Մամիկոնյանին մահով պատժելուց հետո.- Հ.Դ.) Պարսկաստանից Հայաստան եկավ, հավանորեն, Շապուհ Բ-ի համաձայնությամբ ու հանձնարարությամբ, Արտաշես Մամիկոնյանի որդի Մանուել Մամիկոնյանը, որին գերի էին տարել Պարսից զորքերը>>:

Մինչ այդ Լեոն էր նկատել, որ <<Մանվելին Հայաստան ուղարկողը Շապուհն էր, որ հանձնարարել էր նրան հեռացնել Վարազդատին, իբրև կայսրից նշանակված թագավորի>>: Այսինքն` Մանուելը Անակի միսիա՞ն պիտի կրկներ: Թեև Բուզանդն ասում է, որ Շապուհն անարգելով է նրան հալածել իր երկրի սահմաններից, սակայն Մանուելի կատարած հետագա քայլերը ցույց են տալիս, որ սա Հայքում կա՛մ հատուկ ծրագրով գաղտնի դավադիրների խմբի աջակցությամբ էր գործում, կա՛մ հմտորեն կարողանում է պարսկասերներին համախմբել ու Բյուզանդիայի հովանավորյալ Վարազդատ թագավորի դեմ դուրս գալ, ի վերջո, նպատակ ունենալով այդկերպ սիրաշահել Շապուհին: Երկու դեպքում էլ նա գործում է Պարսից թագավորի օգտին:

Եթե անգամ նա գործում է վրեժխնդրությունից դրդված, միևնույն է, դա կարող էր լինել միայն ի վնաս Բյուզանդիայի և հօգուտ Պարսկաստանի: Մանուելը սեփական օրինական իշխանություն չէր կարող հաստատել, հետևաբար նա երկու տիրակալներից մեկի ծառան պիտի դառնար: Բնականաբար, նա կարող էր ծառայել միայն Պարսից թագավորին: Առաջադրանքով, թե ինքնաբուխ` մեկ է, դրանով Մանուելը խառնակ վիճակ է ստեղծում Հայոց աշխարհում, որն էլ առաջին հերթին հարված էր հայոց պետականությանը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
6539 reads | 11.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com