ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր 







1878թ. Միջազգային անկախ փոստերի փարիզյան 2-րդ կոնգրեսում Անտառի և հանքերի վարչության տնօրեն Պետրոս Կույումճյանը Բուրբոնների պալատում ներկայացրել է օսմանյան պատվիրակությունը: 1885թ. Բեռլինում հեռագիր-հեռախոս միջազգային սիմպոզիումում օսմանյան կառավարության պատվիրակ է եղել Մելքոն Յուզբաշյանը, որը ներկայացրել է Օսմանյան կառավարությունը 1903թ. Լոնդոնի միջազգային հեռագրական կոնգրեսում:

Օսկան Մարտիկյանը (1848-1913) այս նախարարության վերջին հայ նախարարն է եղել: Մինչ այդ նշանակվել է Մահմուդ Շեֆքեթ փաշայի կաբինետում Փոստ-հեռագրական նախարարությունում Ֆինանսների նախարարության կողմից հսկիչ: Օսկան Մարտիկյանի ներդրումն այս ասպարեզում հսկայական է: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը նա աշխատանքից դուրս չի եկել:

1914թ. Փոստ հեռագրական նախարար Օսկան Մարտիկյանը Լոնդոնում տպագրում է ՙՍյուրշարժլի Հարիջի Փոստա Փուլլարը՚ դրոշմանիշների շարքը: Նրա օրոք են տպագրվել փոստային դրոշմանիշների ու բացիկների հրաշալի շարքեր, որոնք ներկայացրել են նաև Արևմտյան Հայաստանի քաղաքները, նշանավոր ճարտարապետական հուշարձանները, տարբեր բնակավայրերի ընդհանուր համայնապատկերներ-լուսանկարներով բացիկները, հայտնի ուսումնական հաստատությունները (օրինակ, Բուրսայի շերամաբուծական վարժարանը, նրա հիմնադիր, հայտնի գիտնական Գևորգ Թորգոմյանի հետ և այլն), Պոլսի գեղատեսիլ վայրերը, պալատները : Այս բացիկների մի մասը արքունի նկարիչներ և լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների գործերն են: Հայ մյուս հայտնի լուսանկարիչների գործերը ևս գտնում ենք փոստային բացիկների տեսքով: Այս դրոշմանիշների, բացիկների ճանաչողական արժեքը միջազգային շրջանակներում անհնարին է թերագնահատել: Այս բացիկներից շատերը որոշակի զարմանք են հարուցում: Այսպես օրինակ, Խաս բահչեի հայելավոր ապարանքի, մակույկավարների յուղանկար բացիկի մի մասում տեսնում ենք հայտնի արքունի ճարտարապետ Գրիգոր Պալյանի հասակով մեկ նկարը՝ ոտաբոբիկ:

1910թ. Պոլսում թուրքերեն և ֆրանսերեն լեզուներով տպագրվում է Ստեփան Ֆերաճճյանի ՙՈւղեցույց դրոշմանիշների սիրահարների համար՚ գիրքը:

Նախարարությունում, Քաղաքային վարչությունում, Կենտրոնական փոստատան ղեկավար ու օգնականներ, Պոլսի տարբեր բաժանմունքների բազմամյա ղեկավարներ են եղել բազմաթիվ հայ աստիճանավորներ: Հայ մանագետներն են ղեկավարել տարբեր նախարարություններում և կառավարական օղակներում փոստ-հեռագրական բաժինները:

1870-ական թվականներից սկսած այս բնագավառի կարևոր պաշտոնյաներ են հիշվում՝ Ժորժ Սեղբոսը, Միշել Մսրլի Երամյանը, Պիեռ Հասունը, Ավետիս Շալճյանը, Միքայել Անկարալըյանը, Պասկալ Ղազանճյանը, Անտոն Քյոսեյանը, Տիգրան Առաքելյանը, Հովհաննես Աբրահամյանը, Մելքոն Յուզբաշյանը, Մկրտիչ Աճեմյանը, Գարեգին Չերքելյանը, Կարապետ Միսակյանը, Գևորգ Ֆինջանճյանը, Տիգրան Նագգաշյանը և շատ ուրիշներ: Մանավանդ կենտրոնական, հայաշատ թաղերում փոստ-հեռագրական վարչությունները, որպես կանոն, ղեկավարվել են հայ պաշտոնյաների կողմից: Տարբեր ժամանակներում փոստային համակարգի պաշտոնյաներին տրված սուլթանական շնորհների մասին տեղեկություններից մասամբ պարզվում է երկրի տարբեր անկյուններում ծառայած հայ փոստային պաշտոնյաների բարեխիղճ ծառայության մասին : Իհարկե եղել է նաև հետևյալը. հայ մանրանկարիչ-գեղագիրը (կալիգրաֆ), շատ վարպետների նման, ցանկացել է իր հայ լինելու ապացույցը թողնել այստեղ: 1914թ. Լոնդոնում տպագրված 10 փարանոց երկու նամականիշների վրա, ուր պատկերված է Պոլսի Ֆեներբահչե թաղամասը, ՙՕսմանյան փոստ՚ լատինատառ գրության տակ աչքի համար անտեսանելի, աննշան մի գծի տակ գրել է հայերեն ՙմարդիկ պիտի պաշտեն զ Աստուած՚ բառերը: Բացահայտվելուց հետո տպագրիչը՝ գեղագրության ուսուցիչ Հաթթաթ (հալիգրաֆ) Հակոբը կախաղան է բարձրացվել, իսկ դրոշմանիշները երկու տարի հայկական գրությամբ օգտագործվելուց հետո, առանց այդ գրության, նոր, երկրորդ թողարկումն են ունեցել :

Ժորժ Սերբոս (- 1892): Ամիրայական գերդաստանի զավակ է եղել: Պապը՝ Սերփոս (Սեղփեսդղոս) Ամիրա Էրիվանլը Մինասի որդին 1715թ. գալով Պոլիս, ժամանակի Մեծ վեզիրի սեղանավորն է եղել, Եգիպտոսի փոխարքայի ոսկերչապետը:

Ժորժ Սերբոսը աշխատել է անգլիական դեսպանատանը որպես թարգմանիչ: Եղել է Պետական Հեռագրատան նախարարի անձնական քարտուղար օտար լեզուների գործերով և Թուրքիայի Հեռագրական հանձնաժողովի քարտուղարը: Մասնակցել է 1868թ. Վիեննայում Միջազգային հեռագրական կոնֆերանսին, ուր 20 պետություններ են մասնակցել: Գումարված 30 նիստերում լավագույնս կարողացել է ներկայացնել իր երկիրը և օտար պատվիրակների հետ բանակցություններում կարողացել է շահեկան վիճակ ապահովել երկրի համար: Այս տեսակետից նա կարողացել է կառավարությանն այս ասպարեզում որոշ կարևոր բարեփոխումներ ու նորարարություններ ընդունել տալ:

1891թ. Արթին Տատյանի գլխավորությամբ կազմվում է մի հանձնաժողով, որը քննության է առնում կայսրությունում օտար փոստերի տված անսահման վնասարարությունները և դրանց առաջն առնելու ու վերացնելու համար հատուկ լսում է նշանակում կառավարությունում: Միայն 1914թ. հաջողվում է փակել օտար նամակատները (փոստերը): Օսմանյան փոստատները պիտի կատարեին բոլոր գործողություններ: Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են 200 դիմորդներ:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
969 reads | 17.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com