«24 հիերոգլիֆների» ռազմավարությունը արդիականացող աշխարհում
Սկսած կայսերական Չինաստանից բոլոր առաջնորդները աչքի են ընկել իրենց գաղափարական մտքով` հիմքում ունենալով Կոնֆուցիուսի հարուստ փիլիսոփայությունը, Սուն Ցզիի «Պատերազմի արվեստ» երկը: Հատկապես իր փիլիսոփայական մտքով և գաղափարախոսական կոչերով աչքի է ընկել չինացիների 2-րդ սերնդի առաջնորդ Տեն Սիաոպինը, որին չինացիների նոր սերունդը հիշում է որպես իմաստուն Ծերունի Տեն:

Այս իրական առաջնորդի գաղափարները, խոսքերը, ասացվածքները ծանոթ են յուրաքանչյուր չինացու: Ծերունի Տենը հիմնականում մշակել է ռազմավարություններ Չինաստանի հարաբերությունները արևմուտքի հետ բարելավելու և երկրի ներքին կայունությանը նպաստելու համար: Նմանատիպ հարյուրավոր ռազմավարություններից է «24 հիերոգլիֆների» քաղաքականությունը, որը քիչ է քննարկվում թե գիտնականների և թե քաղաքագետների կողմից: Այս հոդվածը նպատակ է հետապնդում վերանայելու
«24 հիերոգլիֆների» ռազմավարությունը արդիականացման շրջանում, երբ ամբողջ աշխարհը գնում է գլոբալիզացման ճանապարհով:

Մի շարք գիտնականներ համոզված են, որ Չինաստանի արտաքին և ներքին քաղաքականության հաջողությունը հենց տնտեսական աճի բանաձևի մեջ է: Ուշագրավ է, որ հոդվածում անդրադարձ չի կատարվում Չինաստանի արագ զարգացող տնտեսական աճին` հերքելով այն տեսակետը, որ Չինաստանի վարած հաջող դիվանագիտության հիմքում ընկած է միայն տնտեսական աննախադեպ աճը:

Տեն սիաոպինի
«24 հիերոգլիֆների» ռազմավարությունը այսօր ևս ընկած է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքում: Դոկտրինը Տեն Սիաոպինը գրել է 1990-ականների սկզբին: Այն կարելի է թարգմանել հետևյալ կերպ. «սառնասրտորեն հետևել, ամուր կանգնել ոտքերի վրա, խաղաղ լուծել խնդիրները, սպասել ստվերում, համեստություն դրսևորել, չհավակնել առաջնորդի կարգավիճակին»: Կարելի է եզրակացնել, որ այս դոկտրինի համար հիմք են ծառայել Կոնֆուցիուսի փիլիսոփայությունը և Սուն Ցզիի «Պատերազմի Արվեստ» երկը:

Սառնասրտորեն հետևելու և ստվերում սպասելու գաղափարները այսօր արտահայտվում են գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում չեզոքություն պահպանելու ունակությամբ: Չինաստանը, լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը, թե Իրաքում և թե Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման ԱԽ քննարկումներում դեմ քվեարկեց ռեզոլուցիայի ընդունմանը: Միամտություն կլինի կարծելը, թե Չինաստանի նման բնական հանածոների խոշոր ներմուծողը չէր հետապնդում սեփական շահեր Սիրիայում և Իրաքում կամ անտարբեր է այնտեղ բնակվող մարդկանց ճակատագրով:

Սառնասրտորեն հետևելու առակը ուսանում է` խուսափել շտապողականությունից գործողություններում, որը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Կարելի է համեմատել Սուն Ցզի հետևյալ գաղափարի հետ. «Հանգիստ նստիր գետի ափին, և գետը կբերի քո բոլոր հարցերի պատասխանը», իսկ ստվերում սպասելու կոչը համնկնում է Ծերունի Տենի «չցցվելու և համբերելու» գաղափարի հետ: Կարծում ենք, որ նման կերպ Չինաստանը փորձում է շահել միջազգային հանրության վստահությունը:

Ամուր ոտքերի վրա կանգնելու կոչը ուղղված է Հարավասիական տարածաշրջանում դերի հզորացմանը, վստահության ձեռքբերմանը: Ինչպես նշում է չին գիտնական Վընվըն Շենը, Չինաստանը ջանք չի խնայում Հարավային Ասիայում իր դիրքերը վերականգնելու և կայսերական Չինաստանի օրոք ունեցած վստահություն ձեռք բերելու համար: Լինելով ուշադրության կենտրոնում՝ բոլոր սերունդների ղեկավարները կոչ են արել սերտ և բարեկամական կապեր հաստատել հարևան պետությունների հետ` նման կերպ ամրապնդելով սեփական դիրքերը տարածաշրջանում: Այսօր Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հարևանների հետ հարաբերություններին` հետևելով Կոնֆուցիուսի այն մտքին, որ պետք է վստահել հին ընկերոջը:

Չինաստանի կառավարության ներքին օղակներում` ոչ պաշտոնական մակարդակի վրա գործում է այսպես կոչված «Սև ցուցակ» , որում ընդգրկված են հրատապ լուծումներ պահանջող, Չինաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: 2005-ից ի վեր «սև ցուցակում» ընդգրկված են Թայվանի, Տիբեթի և Սինցզյան- Ույղուրական համայնքի խնդիրները: 2012-ին դրանց թվին ավելացավ Դիաոյու /Սենկակու/ կղզիների շուրջ առաջացած վիճաբանությունը Ճապոնիայի հետ: Չնայած որ այս խնդիրները ընդգրկված են «սև ցուցակում», «սպիտակ թղթերում» հստակորեն ամրագրված են այս հարցերի խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքները: Հարցերը խաղաղ լուծելու դոկտրինի կետի հիմքում ընկած է Կոնֆուցիուսի խաղաղ գոյակցման փիլիսոփայությունը, որը նաև պաշտոնական ՉԺՀ-ի որդեգրած քաղաքականության առանձնահատկություններից մեկն է, այն է՝ խաղաղ գոյակցման հինգ սկզբունքները: Հատկանշական է, որ խաղաղ գոյակցման հինգ սկզբունքները առաջ են քաշվել 1954թ. Չինաստանի, Բիրմայի, Հնդկաստանի առաջնորդների կողմից` հարևան պետությունների հետ հարաբերությունների բարելավման համար:

Չինաստանի նորընտիր առաջնորդ Սի Ծիփինը, 2012թ. նեյեմբերի 15-ին «Պեկին ՍՆՆ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Չինաստանը ընտրել է խաղաղ զարգացման ուղին և երբեք չի հավակնի առաջնորդի կարգավիճակին: Նման քաղաքականության հիմքում ընկած է Կոնֆուցիուսի ներդաշնակ աշխարհ կառուցելու թեզը: Աշխարհ, որտեղ բոլորը հավասար են, և չկան պատերազմներ: Սակայն պետք է նշել, որ Հարավասիական տարածաշրջանում Չինաստանի հեգեմոն դերը կասկածի տակ դնել չի կարելի: Աշխարհում այն ընդունում է բոլոր մարտահրավերները, ապահովում է տնտեսական աննախադեպ աճ, ներդրումները շարունակում է Եվրոպայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և լրջորեն հավակնում է առաջնորդ պետության կարգավիճակին: Մեկ այլ հարց է, թե Չինաստանը կշարունակի դրսևորել համեստություն և շարունակել ստեղծել բազմաբևեռ աշխարհ, թե, այնուամենայնիվ, արդիականացման դարաշրջանում կստանձնի գլխավոր բևեռի դերը, որը այսօր քիչ հավանական է:

ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1168 reads | 18.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com