ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. «ԱՊԱՀՈՎ» ԹՈՒՐՔԻԱ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ





Միջազգային հանդիպումների, պետական պաշտոնյաների արտասահմանյան այցերի ժամանակ ընդունող կողմը պարտավոր է ապահովել հրավիրյալ պաշտոնյաների, դիվանագետների անվտանգությունը, և ամբողջ աշխարհում սա ընդունված կարգ է: Թուրքիայում դա ծայրահեղության է հասնում: Սկզբնական շրջանում բավական դժվար է հաշտվել ամենուրեք քեզ ուղեկցող անպաշտոն, իբր ծպտյալ «թիկնապահների» հետ, որոնք բացի պահպանությունն ապահովելուց նաև հետևում են քո ամեն քայլին, գործելով համարյա բացահայտ, իսկ մերթ ընդ մերթ էլ ընդգծելով իրենց ներկայությունը:
 
Հարկ է նշել, որ սրանք նաև խնդիր ունեն շեղել ուշադրությունն արտաքին դիտման աշխատակիցներից, որոնց գործունեությունն իսկապես աննկատ է իրականացվում, օգտագործելով այդ «անշնորհակալ» գործի ժամանակակից բոլոր նվաճումները և տարբեր երկրների «առաջատար» փորձը:
 
Դեռևս օսմանյան ժամանակներից հայտնի է, որ Ստամբուլի փողոցներում կոշիկ մաքրողները, խորոված շագանակ, եգիպտացորեն, սիմիթ վաճառողները հիմնականում գաղտնի ոստիկանության աշխատակիցներ են: Սիմիթը ավանդական օղակաձև խմորեղեն է և Թուրքիայում ամենաշատ սպառվող ապրանքներից մեկն է համարվում: Թուրքական հետախուզության՝ ՄԻԹ-ի, աշխատակիցներին նաև «սիմիթչի» (siMITci) են անվանում:
 
Ստամբուլում տեղակայված Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Ներկայացուցչության մուտքից քիչ հեռու մշտապես «հերթապահում էր» սիմիթ վաճառող, մի-մի հատ էլ հայ դիվանագետների բնակարանների մոտ: Երբ Ներկայացուցչությունը պաշտոնական հյուրեր էր ունենում, սիմիթչիների թիվը բազմապատկվում էր:
 
Նախարարական և պաշտոնական այլ այցերի ժամանակ սիմիթչիներին ավելանում էին նաև խորոված շագանակ, քեբաբ կամ  քյոֆթե վաճառողները: ՀՀ ԱԳ նախարարը գտնվելով Ստամբուլում, բազմազբաղ օրվա մեջ միայն գիշերվա կեսին կարողացավ այցելել Ներկայացուցչություն: Այդ ուշ ժամին մուտքի մոտ հայտնվեցին երեք սիմիթ և մեկ քյոֆթե վաճառող, որոնք աղմուկով իրենց ոչ առաջին թարմության ապրանքն էին գովաբանում:
 
Տարբեր առիթներով Թուրքիա ժամանած հայ բարձրաստիճան պաշտոնատար անձիք մշտապես գտնվում էին թուրքական ոստիկանության և հատուկ ծառայությունների «անլուր» հսկողության ներքո, որը մերթ ընդ մերթ չափն անցնում էր: Մեր կողմից արտահայտված դժգոհության բոլոր դրսևորումների պատասխանը մեկն էր. դա արվում է հայ պաշտոնյաների անվտանգության ապահովման նկատառումներով:
 
Հերթական միջազգային հանդիպմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած հայ փոխնախարարներից մեկը աչքի էր ընկել լուսանկարվելու նկատմամբ իր անթաքույց սիրով: Նրանց խմբին կցված պաշտոնական լուսանկարիչը ուղղակի հիացած էր մեր փոխնախարարի այդ հատկությամբ և անընդհատ չխկացնում էր իր բազմաթիվ լուսանկարչական սարքերը, մանավանդ, երբ ակնարկվեց, որ լուսանկարները նույն օրը տրամադրելու դեպքում առատ բախշիշ կստանա: Լուսանկարչի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխնախարարի մեկնումից անմիջապես առաջ հանդիպել հյուրանոցում, ուր մեր պաշտոնյան կստանար իր արդեն տպագրված լուսանկարները: Հանդիպումը տեղի ունեցավ ուշ գիշերով, հյուրանոցի սպասասրահի մի անկյունում: Կողքից դիտողի համար իսկական «լրտեսական կրքեր» էին:
 
Փոխնախարարը ստացավ հաստ ծրարով լուսանկարներ, որոնք հպանցիկ նայելուց հետո զգուշությամբ տեղավորեց իր պայուսակում, իսկ լուսանկարիչը ստացավ իր վարձատրությունը և որպես երախտագիտության նշան, համարյա ծնկաչոք համբուրեց փոխնախարարի ձեռքը: Վերջինիս համար երախտագիտության այդ արտահայտությունը բավական անսովոր էր, սակայն ընդունվեց ազնվականի անտարբերությամբ: Կրկին շնորհակալություն հայտնելով լուսանկարիչը հեռացավ և այստեղ հայտնվեցին մեր «ուղեկցողները», որոնք հենց հյուրանոցի մուտքի մոտ ոլորեցին լուսանկարչի ձեռքերը և խցկեցին մոտեցած ավտոմեքենան: Խեղճ լուսանկարիչը երևի շատ փոշմանեց իր կողմնակի եկամուտի համար, իսկ թուրքական հատուկ ծառայություններն ամենայն հավանականությամբ գրանցեցին հայկական հերթական գործակալի բացահայտումը:
 
Մեկ այլ անգամ թուրքական կողմը թիկնապահներ տրամադրեց պաշտոնական այցով Ստամբուլ ժամանած Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչներին:  Մեր ոստիկաններին տրամադրված թիկնապահները զինված ուղեկցում էին նրանց ամենուր, այն աստիճան ցուցադրելով հայտնի ու անհայտ սպառնալիքներից պաշտպանելու իրենց պատրաստակամությունը, որ հարուցում էին շրջապատող մարդկանց վախն ու անհանգստությունը: Հատկապես աչքի էր ընկնում թուրք թիկնապահներից մեկը, որն ամենափոքր առիթով փողոցում հանում էր ատրճանակը և ցատկոտելով մեր ոստիկանների շուրջը շրջանաձև պաշտպանության հնարքներ էր ցուցադրում, սպառնալով անհայտ ահաբեկիչներին: Թիկնապահները մեր ոստիկաններին ուղեկցում էին նույնիսկ հասարակական տրանսպորտով երթևեկելիս: Կարո՞ղ եք պատկերացնել քաղաքային ավտոբուսում թիկնապահով երթևեկող անձնավորության: Ի վերջո, մեր ոստիկանները պահանջեցին սահմանափակել թիկնապահների  «խանդավառությունը», որը շրջապատի համար վտանգավոր բնույթ էր ստանում: Այս անգամ թուրքական կողմն առաջարկեց գրավոր դիմումով հրաժարվել թիկնապահներից: Ի պատիվ մեր ոստիկանների, հարկ է նշել, որ հասկանալով թուրքական խարդավանքը, նրանք նման վտանգավոր քայլի չգնացին և մի քանի օր ևս դիմացան թիկնապահների մշտարթուն ներկայությանը:
 
Զինված թիկնապահի ուղեկցությամբ կարճատև այցով Ստամբուլ ժամանեց ՀՀ ԱԳ նախարարը, որը նույն օրը երեկոյան մեկնելու էր այլ երկիր: Թիկնապահը մի քանի օր պետք է մնար Ստամբուլում, որպեսզի Երևան մեկներ ուղիղ չվերթով: Նախ պարզվեց, որ հսկայամարմին, քչախոս, համակրելի երիտասարդը որևէ օտար լեզվի չի տիրապետում, ինչը զգալի դժվարություններ ստեղծեց նրա աշխատանքում:
 
Ինչևէ, նախարարը բարեհաջող և անվտանգ մեկնեց և Հայաստանի Ներկայացուցչությունը ստիպված էր մի քանի օր զբաղեցնել զինված թիկնապահին: Ընդունված կարգի համաձայն, ընդունող երկրում ստանալով զենք կրելու թույլտվություն, նա պարտավոր էր այն կրել, ինչը միշտ լրացուցիչ  վտանգ է պարունակում: Թուրքիայի պարագայում արդեն առկա վտանգը բազմապատկվում է բազմաթիվ այլ հանգամանքներով: Բնականաբար նրան խնդրեցինք մեզ հանձնել զենքը, որպեսզի այն ապահով պահվեր ներկայացուցչության չհրկիզվող պահարանում:  Մի քանի օր անհանգիստ էինք և մեկնելուց առաջ զենքը վերադարձրինք և ուղեկցեցինք օդանավակայան:
 
Իսկական զավեշտը սկսվեց Ստամբուլի օդանավակայանում, երբ ճանապարհում էինք մեր հյուրին: Մետաղորսիչի տհաճ ձայնը օդանավակայանի հսկիչներին հուշեց, որ ուղևորը մետաղ է կրում, սակայն նրանց զարմանքը վախի վերածվեց, երբ տեսան, որ ուղևորը գրպանից հանգիստ հանում է ատրճանակն իր պահունակներով: Անմիջապես սրահ լցվեցին անվտանգության և ոստիկանության աշխատակիցները և շրջապատեցին նրան: Թիկնապահը լուռ ցույց տվեց թուրքական ոստիկանության կողմից իրեն տրված զենք կրելու ժամանակավոր թույլտվությունը: Ստիպված էինք միջամտել: Ոստիկանության աշխատակիցները հարց էին տալիս, ու՞ր է այն VIP անձնավորությունը, որին պաշտպանելու համար տրվել է զենքի թույլտվությունը: Նրանց բացատրում էինք, որ արդեն մեկնել է: Իսկ ինչու՞ է մեկնել առանց թիկնապահի, հարցը դառնում էր զուտ հռետորական: Կրկին նույն հարցը և նույն պատասխանը: Այս ամենը կատարվում էր օդակայանի սովորական սրահում,  որտեղ ոստիկանները հրահանգավորված չէին ինչպես պետք էր վարվել օրինական զենքի առկայության դեպքում և ցանկանում էին կալանել մեր հայրենակցին: Այս լարված իրավիճակում ամենահանգիստը մեր թիկնապահն էր, որը բավարարվում էր 15-20 րոպեն մեկ հարցնելով. «ինչ՞ են ասում»:
 
Ի վերջո, ոստիկանների գլխավորին առաջարկեցինք կապվել օդանավակայանի VIP սրահի իր պաշտոնակիցների հետ, որոնք կհուշեն ինչպես կարելի է դուրս գալ այդ իրավիճակից: Պետը տհաճությամբ համաձայնվեց և ևս կես ժամվա բանակցություններից հետո խնդիրը հարթվեց: Թիկնապահից վերցրին զենքն ու զինամթերքը և ընդունված կարգի համաձայն հանձնեցին օդանավի անձնակազմին, արդեն Երևանում նրան վերադարձնելու համար:
 
Փողոցում, ուր գտնվում էր բնակարանս, ապրում էր մի մուրացիկ, որն իր ժամանակը հիմնականում անց էր կացնում ռադիոյով երաժշտություն լսելով: Հարևանները նրան կերակուր, հին հագուստներ էին տալիս, շնորհակալությամբ ընդունում էր: Թաղամասը բավական բարեկեցիկ էր, և մուրացկաններ համարյա չկային: Պահակները քշում էին պատահմամբ հայտնվածներին, բայց այս մեկի նկատմամբ անտարբեր էին: Մուրացկանը հնամաշ շորերով էր, քնում էր ծակ ներքնակի վրա ու ծածկվում փալասներով, սակայն ծխում էր բավական թանկարժեք սիգարետներ: Ռադիոընդունիչը ևս բարձրակարգ էր: Առավոտները հարգանքով բարևում էր հարևաններին, մի քանի խոսք փոխանակում:  
 
Մի անգամ քաղաքի մեկ այլ մասում դեմ առ դեմ հանդիպեցի առանձնահատուկ շքեղությամբ հագնված մի պարոնի, որն ինձ տեսնելով մի տեսակ անակնկալի եկավ, շուռ տվեց դեմքը և նույնիսկ փորձեց փոխել ճանապարհը: Երկար ժամանակ մտածում էի, որտեղ կարող էի տեսած լինել, դեմքը շատ ծանոթ էր թվում, միաժամանակ չունեի այնպիսի ծանոթներ, որ ինձ տեսնելիս դեմքը շրջեին: Քիչ անց հիշողության փայլատակում եղավ՝ մեր փողոցի մուրացիկն էր:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
4270 reads | 20.05.2015
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com