ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»
(Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առիթով)

Քսաներկուերորդ սեպտեմբերի 21-ի նշումը Հայաստանի Հանրապետության ժամանակակից գերխնդիրների վրա է հրավիրում բոլորի ուշադրությունը: Պետք է անպայման արձանագրել, որ 22 տարին պատմության մեջ ակնթարթային ժամանակի հղացքը ունի. այսուհանդերձ ամենաբարդ պայմաններում, ապրելու, արարելու, զարգանալու, բայց մանավանդ սահման պաշտպանելու հրամայականները դժվար իրագործելի առաջադրանքներ են:

Այստեղ համեմատական տրամաբանությունն ինքն իրեն պարտադրում է իրադրությունների գնահատական կատարելու որեւէ փորձի դեպքում: Հայաստանի Հանրապետության զարգացման նշաձողի ապահոված արդյունքները դիտարկվում են երկու կարեւոր շրջագծերում: Առաջին համեմատությունը հետխորհրդային երկրների նկատմամբ է, երկրորդը` աշխարհագրական, ավելի ճիշտը տարածարջանային շրջագիծն է. իսկ այս դեպքում համեմատությունը պետք է նկատի ունենալ Հարավային Կովկասի հանրապետությունների նկատմամբ: Թվեր, աստիճանաչափեր, ներմուծման, արտահանման, արտադրողականության, ապրանքաշրջանառության եւ տնտեսական բարգավաճման ուղղություններն առանցքային նշանակություն ունեն նման ուսումնասիրությունների համար:

Համեմատական տրամաբանության նկատառումով մի հիմնական իրողություն առանձնացնում է մեր երկիրն ու Ադրբեջանը։ Դրանք հետխորհրդային երկու հանրապետություններ են, որտեղ շարունակվում է տիրել կիսապատերազմական վիճակը: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բանաձեւը ի զորու է դեռեվս, պարզ այն պատճառով որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն արգելակում է խաղաղ բանակցային գործընթացը, այլ նաեւ կոպտորեն խախտում է միջազգային երաշխավորությամբ համաձայնեցված հրադադարը: Մեր երկիրը ուրեմն միակն է, որը պարտավորվել է գերլարված իրավիճակում պաշտպանելու իր սահմանները անընդհատ ոտընձգության փորձ կատարող Բաքվի հարձակողապաշտության դիմաց:

Սա դեռ միակ առանձնահատկությունը չէ: Պատերազմի իբրեւ հետեւանք միայն Ադրբեջանը չէ, որ փակել է սահմանը Հայաստանի ուղղությամբ: Նույն պատրվակով ցամաքային կարեւոր հիմնական ուղին փակված է նաեւ Անկարայի կողմից: Հայաստանի Հանրապետությունը ուրեմն միակ հետխորհրդային հանրապետությունն է, որ մինչ այժմ կիսապատերազմական եւ կիսաշրջափակման տակ է: Ահա ա՛յս նկատառումներով պետք է համեմատական շրջագծի տրամաբանությունում դիտարկել զարգացման ուղղությունները, կշռույթները, տարողությունները եւ ապահովված արդյունքները:

Սակայն այս իրողությունը ունի մի այլ տրամաբանություն։ Կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող եւ կիսաշրջափակված Հայաստանը բոլոր պատճառներն ունի բարդ կացությունների եւ դրանցից բխած բոլոր հետեւանքների դեմ պայքարելու համար ձգտելու ներհայկական նպատակուղղվածության: Արտագաղթը միայն արտահայաստանյան շարժառիթներ չունի:

Ժողովրդագրական պատկերի ոչ փայլուն, չասելու համար անմխիթար իրականությունը եւ չկասեցվող արտահոսքը ստիպում են ուղղակի պետական եւ հասարակական ամբողջական կենտրոնացում` հակաճգնաժամային ծրագրերի շուրջ: Արտագաղթը հաղթահարելու հակաճգնաժամային ծրագիրը՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»-ը թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմադիր դաշտը իր շուրջ համախմբելու բոլոր նախադրյալներն է պարփակում: Իսկ այստեղ «մենք»-ը միայն հայաստանաբնակներին չի վերաբերում: Արտագաղթի կասեցման հակաճգնաժամային համազգային ծրագրում պետք է ներառել նաեւ հայրենադարձությունը, վերաբնակեցումը, մանավանդ, երբ դասական Սփյուռքի կարեւոր կռվանները այսօր հայտնված են ճգնաժամում: Սփյուռքահայ ուսանողության առջեւ Հայաստանի բարձրագույն ուսման դաշտը բացելու հնարավորություններից մինչեւ Միջին Արեւելքի հայության վերջնական կայարանի հեռանկարների ուրվագծումը եւ բնակեցման ու վերաբնակեցման առաջադրանքները իբրեւ հրամայական զանգվածային գործնականացման փուլ մտնելու անհետաձգելի հրամայականի առաջ են կանգնած։ 

Իհարկե, այս բոլորը համապետական-համազգային կենտրոնացման եւ նպատակուղղուածության հիման վրա համալիր ծրագրեր են ենթադրում: Ուշանալը համազգային շռայլանք է պարզապես եւ գալիք սերունդների առաջ հսկայական պատասխանատվություն: Այս առաջադրանքների մեկնակետը նախապայմանային մոտեցում ունի. ներքին արդարություն, օրենքի առաջ հավասարություն, իրավական պետության կայացում, ստվերի չեզոքացում եւ հարստապետության (պլուտոկրատիա) իսպառ վերացում: Հեռվից բարեփոխումներ ակնկակելը եւ հեռակա կարգով բարեփոխումներին հետեւելը արդարացված չէ իհարկե։ Միաժամանակ, սակայն արդար է ակնկալությունը, որ արտահայաստանյան հասարակության ներկայացուցչությունները մասնակից լինեն բարեփոխումների հետ կապված տարբեր գործընթացներին։

Ներքին քաղաքական կամքի վճռակամությունը՝ այս հրամայականները կյանքի կոչելու զգալի չափերով նպաստում է կիսապատերազմական եւ կիսաշրջափակման հետեւանքների վերացման աշխատանքներին: Եւ դրանցից գլխավորին՝ ժողովրդագրական «արյունահոսության» կասեցմանը:

Այո՛. «Մենք ապրելո՛ւ ենք մեր երկրում»:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
871 reads | 23.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com